Անկախություն 29․ տոնական ծրագիր
Անկախություն 29

Անկախություն 29․ տոնական ծրագիր

Այն ամենը, ինչ պետք է իմանալ այս տարվա՝ հայտնի պատճառներով առցանց ձևաչափով անցկացվող միջոցառման մասին։

 

#ՄերՀայրենիք

ԳԱՂԱՓԱՐ

Միջոցառումների նշանաբանն է «Մեր հայրենիք», ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված միջոցառում ների զգալի մասը կլինի առցանց հարթակում։ Սա հնարավորություն է միավորելու բոլորին նաև Հայաստանի սահմաններից դուրս, կարևորելու Մեր Հայրենիքի՝ հավասարապես բոլորինը լինելու զգացումը: 

Միջոցառում ների ծրագիրը բաղկացած է ՀՀ տարբեր մարզերում նկարահանած համերգներից, մեր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ապրող հայերի պատմություններից, հայերի ցանկությունների ու երազանքների մասին տեսանյութերից, սահմանում ապրող մարդկանց ու այդ սահմանը պահող զինվորների ողջույններից ու այլ դրվագներից:

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Սեպտեմբերի 21-ին Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոյի և այլ հարթակներում հայերը կպատմեն անկախության իրական արժեքի մասին, կներկայացնեն հայրենիքը սիրելու հայկական բանաձևն ու իրենց կենսափորձը: Անկախության սերնդի տաղանդավոր երաժիշտները կնվագեն Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում հատուկ առանձնացված 11 տարածքներում, որտեղ լավագույնս համադրվում են մեղեդին ու մեր հայրենիքի դիտարժան կոլորիտը: Հայտնի հայերի հետ նույն հարթակում իրենց պատկերացումները հայրենիքի մասին կկիսեն առօրյա կյանքում իմաստնացած հայերը: Սեպտեմբերի 21-ին անկախության սերնդի դերասանները կընթերցեն հայ ժամանակակիցների լավագույն տողերը՝ գրված Հայաստանի անկախացումից ի վեր:


2020 թվականին աշխարհի՝ թերևս միակ ձեռքբերումն անցումն էր օնլայն ռեժիմին, ինչի շնորհիվ էլ երկրագնդի բոլոր հայերը կկարողանան մասնակցել Անկախության 29-ամյակին: Սոցիալական հեռավորության պահպանման պահանջին զուգահեռ՝ համավարակն ակամայից ջնջեց բոլոր սահմանները՝ պարգևելով եզակի հնարավորություն լինել միմյանց առավելագույնս ոտ: 

ՀԱՐԹԱԿՆԵՐ

Համացանցային հարթակներից առաջնայինը Ֆեյսբուք սոցցանցում բացված էջն է, որտեղ առանձին իվենթ հարթակում կտեղադրվեն միջոցառումների մասին տեղեկատվությունը, Սեպտեմբերի 21-ին Առաջին ալիքի ուղիղ միացմանը հետևելու կոչերը։ Բացի այդ, այս էջը կդառնա արդյունավետ միջոց սեպտեմբերի 1-ից սկսած ամեն օր անկախության մասին խոսելու, ֆոտո պատմություններով կիսվելու, տոնի նախատրամադրություն ստեղծելու։ Հանրային ռադիոյի միջոցով կհեռարձակվեն ՀՀ 10 մարզերում և Երևանում նկարահանված 20 րոպեանոց համերգների ձայնագրությունները։


Անկախության օրն Առաջին ալիքի եթերում 7 ժամ շարունակ կլինի հեռարձակում՝ բաղկացած վերոնշյալ խորագրերից։ Ծրագրի նպատակն է միավորել հայերին ու ցույց տալ Մեր Հայրենիքն իր մարդկային պատմություններով, բնության ու ճարտարապետության յուրահատկություններով, վերաաժևորել ու վերագտնել իրական հայրենիքի գաղափարը։

ԲԱԺԻՆՆԵՐ

 

Մեր երգը

Հայաստանի 10 մարզերում, ու նաև Երևանում առանձնացնել այն հետաքրքիր վայրերը, որոնք դառնալու են յուրահատուկ «բեմահարթակ» տաղանդավոր խմբերի և անհատների կատարումների համար։ Օրինակ, Երևանում՝ Օպերայի տանիքը, Արագածոտնի մարզում՝ Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը, Արարատի մարզում՝ Դժոխքի ձորը, Սյունիքում՝ Հին Խոտ գյուղը, և շատ այլ վայրեր միջոց են երաժշտության ու վիզուալի համադրությամբ ցույց տալու Մեր Հայրենիքի 11 հայտնի ու դեռևս անհայտ անկյունները:


Մեր հողերը

Նպատակն է առաջին անգամ ոչ միայն ցույց տալ հայկական ճարտարապետության, մշակույթի, բնության դետալային գեղեցկությունը, այլև դրանց ազդեցիկ լինելը մեծ մասշտաբների մեջ։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված նկարահանումները կհաստատեն ծավալի, աշխատանքի ու կատարողական արվեստի պատմական ֆենոմենը։ Տեսախցիկը ֆիքսելու է ամենը՝ թե՛ կորուսյալ մատուռները, բազմադարյա եկեղեցիներն ու ամրոցները, և թե՛ բնության ինքնիշխան ստեղծագործությունները՝ կարկատանանման դաշտավայրերը, հպարտ լեռներն ու անդնդախոր վիհերը:


Մեր տղեքը

Անկախությունն առաջին հերթին սահմանի ու սահմանը պահող զինվորի մասին է, մեր տղերքի, հայոց մարտունակ բանակի, նրա շնորհիվ նվաճած ու պահպանվող խաղաղության մասին է: Խորագրի նպատակն է շրջել սահմանային զորամասերով, հավաքել զինվորների պատմությունները, նրանց սրտանց ողջույններն ու բարեմաղթանքները` ստանալով անկեղծ կադրեր, ուր երևում է նրանց պարզ ու անմիջական առօրյան:



Մեր խոսքը

Անկախության սերնդի հետ կենսափորձով կկիսվեն այն պատկառելի ու հարգանք վայելող հայ մեծերը, որոնք իրապես գիտեն անկախության արժեքը, դերն ու նշանակությունը։ Նրանք կխոսեն ազատ, ինքնիշխան երկիր ունենալու ու հայրենիքը սիրելու մասին, կտան ապրելու բանաձևեր, որոնք արդեն ենթարկվել են ժամանակի փորձությանը, կընդգծեն քաղաքացի լինելու կարևորությունն ու գիտակից ապրելու անհրաժեշտությունը։ Նրանց իմաստուն խոսքը կհնչի թանգարաններում այն մարդկանց, ովքեր արդեն թողել են իրենց կարևոր հետքը հայ ժողովրդի կյանքում:



Մեր գործերը

Այն մարդիկ կամ թիմերը որոնք հաջողության են հասել հայրենիքում, իրենց ազնիվ աշխատանքի արդյունքում բերել նոր մոտեցումներ ու արժեքվոր փոփոխություններ, ունեն բացարձակ իրավունք տեղ գտնելու Հայաաստանի գերագույն տոնին նվիրված եթերում։ Նպատակը ոչ թե մարդկանց մասին խոսելն է, այլ հենց աշխատանքի՝ բծախնդիր ու պահանջկոտ մոտեցումների ու անսահման նվիրվածության: Ու որքան առավել տարբեր բնագավառներ ընդգրկվեն այդ մարդկանց տեսադաշտում, այնքան արագընթաց տեղի կունենա երկրի զարգացումը:

 

Մեր տաղերը

Արդեն 2-րդ տարին է, ինչ Անկախության տոնի գերխնդիրներից է միջոցառումների ապակենտրոնացումը։ 2020-ին տոնը նախանշված էր անցկացնել Վանաձորում՝ բացահայտելով քաղաքը որպես կարևոր տուրիստական երթուղի: Հետևելով այդ նպատակին՝ այս տարի Անկախության օրը երիտասարդ, տաղանդավոր դերասանները Վանաձորի տեսարժան ու կոլորիտային 8 վայրերում կասմունքեն անկախության տարիների ընթացքում գրված գործերը։ Անկախության սերնդի մտքերն ու ստեղծած պոեզիան կտարածվի Վանաձորի մթնոլորտում՝ հաղորդելով քաղաքին տոնական գույներ։



Մեր հայերը

Գալահամերգն ամբողջ միջոցառման տրամաբանական հանրագումարն ու ամփոփումն է, որի նպատակն է ցույց տալ Սփյուռքի, Արցախի ու Հայաստանի եռամիասնությունը: Աշխարհի տարբեր անկյուններից հայերը կուղարկեն հայկական որևէ ստեղծագործության իրենց կատարումը: Մեկ ընդհանուր եթերով ցուցադրվելով՝ դրանք իրար կկապեն աշխարհի անկյուններն ու մատնացույց կանեն հայերի ապակենտրոնացման հզոր ուժը: Հայտնի հայերի շարքում կլինեն Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Սերգեյ Խաչատրյանը, Ալեքսիս Օհանյանը և այլն:



Մեր օրհներգը

«Մեր Հայրենիք» խորագրի ներքո կհամախմբվեն ու մեկտեղվեն նաև հայերի ձայները: Նախապես կհավաքագրվեն օրհներգի կատարումներ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս։ Ձայնագրությունները կսինքրոնացվեն, ինչի շնորհիվ հազարավոր հայերի կատարմամբ եթերում կհնչի անկախության խորհրդանիշ, պետական հիմն «Մեր Հայրենիքը»։