Առաջին կինոդիտում
Կինո

Առաջին կինոդիտում

Հուշեր առաջին կինոթատրոնային փորձերից։

Տեքստը՝ Արա Պետրոսյանի

 

ԵՐԵՎԱՆ #2 | 2011

Մութ դահլիճ, իրենց տեղերը զբաղեցնող բազմաթիվ մարդիկ… Միանում է կինոէկրանը՝ այսուհետ դահլիճում սա միակ լույսի աղբյուրն է: Եվս մի քանի վայրկյան, և անհատը մնում է դեմ դիմաց՝ նորին մեծություն կինոյի հետ: Այս զգացողությունը (հատկապես եթե ցուցադրվող ֆիլմը բանի պետք է, անշուշտ) միշտ ուղեկցում է մեզ, երբ մենք որոշում ենք մի երկու ժամ անցկացնել կինոթատրոնում: Սակայն առաջին այցելությունը, առաջին մեծ հանդիպումը կինոյի հետ միշտ էլ թողնում է անմոռանալի տպավորություններ: Երևանցիների հուշերը՝ առաջին կինոդիտման մասին։

 

Խաչատուր Շահինյան

1986-ին առաջին անգամ գնացի կինո: «Հրազդանում» «Քինգ Կոնգը» նայեցի… Չնայած «նայելը» մի քիչ չափազանցված է, քանի որ հենց սկզբից էնքան վախեցա, որ 20 րոպե հետո շրջվեցի ու սկսեցի նայել պրոյեկտորին:

 

 

Քրիստինե Ասատրյան

1990 թե 91 թիվն էր, գնացել էինք «Հայրենիք» կինոթատրոն՝ հնդկական «Օվկիանոս» ֆիլմը դիտելու: Մի այլ տպավորություն էր՝ մինչև հիմա որոշ դրվագներ պարզ հիշում եմ: Ու լավ հիշում եմ, որ էնտեղ առաջին անգամ ջրային մոտոցիկլետ տեսա:

 

Ռուբեն Գյուլմիսարյան

60-ականների վերջն էր, հինգ թե վեց տարեկան էի, հայրիկիս հետ գնացինք կինո «Կոմիտաս»: Ինչ-որ հերթական միջնադարյան ֆրանսիական ֆիլմ էր՝ ասպետներ, մենամարտեր… Ամենից շատ զարմացել էի այն տեսարանների վրա, որտեղ սրով մարդ են սպանում՝ չէի հասկանում, թե ինչպես են նկարահանում: Երբ կինոթատրոնից դուրս եկանք, հայրս բացահայտեց, որ արյան փոխարեն տոմատ են օգտագործում, իսկ սրերը իսկական չեն և ռադիոյի անտենայի նման մարդուն հպվելուց ներս են մտնում:

 

Բորիս Պակով

Չորս տարեկան էի, քույրս ինձ տարավ կինո «Արագած»՝ «Ճակատագրի թմբուկները» ֆիլմին: Սաֆարիի մասին հոյակապ արկածային ֆիլմ էր: 46 տարի անցել է, բայց շատ լավ հիշում եմ և՛ այցելությունը, և՛ կինոնկարը: Հնարավորության դեպքում՝ նայեք: Չեք փոշմանի:

 

Արմեն Յոլյան

Տարին հստակ չեմ հիշում, 70-ականների վերջն էր, դեռ շատ փոքր էի: Մերոնց հետ քաղաքով քայլում էինք, ոնց որ թե ժամանակ էր պետք սպանել ու դրա համար մտանք կինո «Պիոներ»: էդ ժամին ցույց էին տալիս ճապոնական «Կոշկավոր կատուն» մուլտֆիլմը: Աչքերս չռած մեկուկես ժամ մի շնչով նայեցի: Դրանից հետո կինո գնալն ավանդույթ էր: Ընտանիքով էինք գնում, ընկերների հետ, լինում էր դասերից էինք փախչում…

 

 

Տիգրան Գալստյան

1990-ականներին էր՝ «մութ ու ցուրտ» էր, բայց կինոթատրոնում լույս կար ու բավական տաք էր: Ընտանիքով գնացինք «Հրազդան» կինոթատրոն: Հատուկ ցուցադրություն էր՝ «Զինվորն ու փիղը», Ֆրունզիկի ամենատպավորիչ դերերից մեկը… Հրաշք զգացողություններ էին, մինչև հիմա եղբորս հետ հիշելիս երջանիկ ժպտում ենք:

 

Վահան Բալասանյան

Ամենաառաջին կինոդիտումը դժվար հիշեմ, բայց ամենատպավորիչը 79-ին թե 80-ին էր: Մայրիկս տարավ ինձ կինո «Պիոներ»՝ ինչ-որ սարսափելի ճապոնական մուլտֆիլմի: Վերնագիրը չեմ հիշում, բայց այնտեղ կային հսկայական կրաբ-ռոբոտներ, որոնք մարդկանց վրա թթվուտ էին ցանում, ու իրենք գոլորշանում էին: Լավ վախեցել էի:

 

Էմմա Մոսեսովա

Չեմ հիշում՝ որն էր ամենավաղը, բայց մի քանի հիշողություն մանկությունից կինոյի վերաբերյալ կա: 70-ականների վերջն էր, մի անգամ հայրիկիս հետ գնացինք կինո «Կոմիտաս»՝ «Տարզանն» էին ցույց տալիս: Հույս ունեինք մի լավ արկածային ֆիլմ նայել… Էլի արկածային էր, բայց սև-սպիտակ «Տարզանն» էր՝ ռազմաավարային ֆոնդից, պատերազմից բերված: Մի անգամ էլ ընկերուհուս հետ գնացինք «Հրազդան»՝ Շվարցենեգերի «Կոմանդոն» նայելու: Բայց ֆիլմը սկսվեց ու պարզվեց, որ այն կոչվում է «Կոմանդոս»՝ հնդկական կինոյի մարգարիտներից:

 

Արտավազդ Եղիազարյան

97 թվին աշխարհին տիրեց «Տիտանիկը»։ Էնքան, որ նույնիսկ հասավ Երևան։ Կինո «Մոսկվայում» էին ցույց տալիս։ Գնացինք մեծ կազմով՝ ես, քույրս, մայրիկս, քրոջս ընկերուհին, ընկերուհու մայրիկը, քույրիկը ու քույրիկի ընկերուհին։ Հիշում եմ՝ ապշեցուցիչ տպավորություն թողեց ժապավենային հստակ պատկերը, ու ֆիլմն էլ նախատեսված էր մեծ էկրանով դիտելու համար։ Վերջում էլ առաջին անգամ զգացի դահլիճում երկու հարյուր պատահական մարդու հետ կինո դիտելու հաճույքը․ խորտակվող նավում տարբեր տհաճ մահերի ժամանակ հնչող խինդն ու ծիծաղը։ Վերջում մեր խմբի մեծ մասը, իհարկե, հուզված էր։ Եթե չեմ սխալվում, վարձույթն էնքան հաջող անցավ, որ կինոթատրոնը երկարաձգեց ցուցադրությունները, իսկ հետո վերանորոգեցին դահլիճները։ 2000-ին եղավ վերաբացումը՝ «Գլադիատորով»։ Տատիկիս հետ գնացի, էլի ահավոր տպավորվեցի ու էդ ժամանակից դարձա ստաբիլ կինո գնացող։ 

 

Արթուր Ամիրխանյան

Ութ թե ինը տարեկան էի, կարծեմ կինո «Մոսկվայում» «Լեդի կարատեի վերադարձը» հոնկոնգյան մարտաֆիլմն էին ցույց տալիս: Քաղաքում իսկական իրարանցում էր: Տոմսարկղում տոմս գտնելն անհնար էր, իսկ ձեռքից շատ թանկ էին վաճառում, մինչև քսանհինգ ռուբլի: Բայց ինձ բախտ վիճակվեց լինել դահլիճում: Ֆիլմով ուղղակի հիացած էի: Հետո դեռ մի քանի շաբաթ տանը փորձում էի կրկնել այդ տիկնոջ հնարքները:

 

 


 

Համո Բեկնազարյանի հուշերից

«Իլյուզիոնը» լեփ-լեցուն էր: Հասարակ՝ փայտյա նստարանների վրա տեղավորվել էին երեխաներ ու մեծահասակներ: Բոլորն էլ ինձ պես հուզված էին: Դույլը ձեռքին մի մարդ երևաց և սկսեց կտավե էկրանի վրա ջուր լցնել: Դա արվում էր, ինչպես հետագայում իմացա, որպեսզի պատկերը կտավի վրա ավելի պարզ երևա: Լույսը մարեց: Թաց կտավի վրա սկսեցին պարել ստվերները: Ինչ-որ մակագրությունից հետո երևաց գետի և կամրջի պատկեր, և հանկարծ, կադրի խորքից, շոգեքարշը սրըթնաց շարժվեց դեպի հանդիսատեսը: Դահլիճում իրարանցում սկսվեց: Թվում էր, ուր որ է հսկա հրեշը բոլորին կճզմի: Շատերը տեղերից վեր թռան: Մի կին գոռալով դահլիճից դուրս փախավ, ասելով, որ դա սատանայի տեսիլք է:

 

 

Բայց շոգեքարշը ոչ ոքի չճզմեց: Կողքից անցավ: Նրա հետևից սլացան մի քանի վագոններ: Վերջին վագոնից ցած թռավ մի մարդ: Վազեց դեպի գետակն ու սուզվեց ջրում: Նրան հետապնդում էին մեծ ատրճանակներով զինված երկու ոստիկաններ: Նրանցից մեկը շորերով նետվեց ջուրը և սկսեց թփրտալ: Մյուսը դժվարությամբ նրան ափ հանեց: Հանդիսատեսները, մոռանալով վախը, բարձրաձայն ծիծաղում էին ձախորդ ոստիկանի վրա:

 

Դրան հաջորդեց տեսարանային մի պատկեր: Հիշում եմ, թե ինչպես ինձ ապշեցրեց ալեկոծվող ծովը, որ ես կյանքում առաջին անգամ էի տեսնում:

 

Առաջին կինոդտիման ազդագիրը

 

Սեանսից հետո ես այսպիսի խոսակցություններ էի լսում. «Այստեղ մի կեղծիք կա, չի կարող պատահել, որ մարդը պատի վրայով ման գա…»: Իսկ այն կինը, որը շոգեքարշի երևալուց հետո դահլիճից դուրս էր փախել, բոլորի վրա գոռում էր, որ այդ ամենը Ազրաիլի՝ չար ոգու մեքենայություններն են և պահանջում էր վառել «իլյուզիոնը»: Բայց այդ խոսակցությունները միայն գրգռում էին մարդկանց հետաքրքրությունը, և դահլիճն արագ լցվեց նոր հանդիսատեսներով…

հավելյալ նյութեր