Քույրերի վերադարձը
Գյումրի

Քույրերի վերադարձը

Գյումրեցի նկարչուհի, արվեստաբան և էքսկուրսավար Գոհար Սմոյանը պատմում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի անասելի կարևորության, ինչպես նաև 21-րդ դարի Գյումրիում կին արվեստագետ լինելու մասին։

Տեքստը՝ Գոհար Սմոյանի

 

Լուսանկարները՝ Առնոս Մարտիրոսյանի

 

ԵՐԵՎԱՆ #57 | 2019

 

 

Գոհար Սմոյան

 

 

 

 

 

#Գյումրի

Ինձ միշտ հետաքրքրել է ոչ թե քույրերի բուն արվեստը, այլ կին արվեստգետ լինելու, մնալու և չկորելու փաստը, քանզի հիմա էլ այդ հարցում մենք՝ հայերս նորից, ցավոք, պատրիարխալ ընկալում ունենք տարբեր ոլորտների մասնագետների նկատմամբ։ Դրա համար պետք է լավ պատկերացնել, թե ինչ ճանապարհ են անցել Մարիամն ու Երանուհին։ Նրանք էլ հայրիշխանական հասարակության զավակներ էին: Ու քույրերը, հատկապես՝ Մարիամը, պետք է ձգտեին ապացուցել, որ ավանդապաշտ Ալեքսանդրապոլի կանայք կարող են հաղթահարել ոչ միայն հասարակության, այլև արվեստի մեջ մինչև այսօր գերակա պատրիարխատի միտումը: Սա է դարձել քույրերի արվեստի առանցքներից մեկը:

 

Դժվար կյանք, վառ արվեստ

Մարիամ և Երանուհի Ասլամազյանն քույրերը ծնվել են Կարսի նահանգի Բաշ-Շիրակ (ժամանակակից անվանումը՝ Երազգավորս) գյուղում: Ասլամազյան քույրերի հայրը մեծահարուստ ջրաղացպան էր, ճանապարհորդած մարդ, ինչի շնորհիվ առավել առաջադեմ հայացքների կրող էր: Այս փաստը բավական մեծ ազդեցություն է ունեցել Մարիամի և Երանուհու դաստիարակության ու հետագա կարիերայի վրա:

 

Լինելով արտոնյալ ընտանիքի զավակներ, քույրերը հնարավորություն են ունեցել կրթություն ստանալ Ալեքսանդրապոլի նկարչական ստուդիայում, իսկ հետո՝ Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (ներկայիս Փանոս Թերլեմեզյան անվան գեղարվեստի պետական քոլեջում): Հետագայում իրենց կրթությունը հնարավորություն են ունեցել շարունակել Մոսկվայում ու Լենինգրադում:

 

Չնայած նախկին կուլակի աղջիկներ լինելուն, Մարիամն ու Երանուհին արագ ընդունեցին սոցիալիստական գաղափարախոսությունն ու ընդունվեցին ԽՍՀՄ ղեկավարության կողմից: Ասլամազյանների օգտին էր աշխատում նաև իրենց սեռը. հովանավորելով նրանց առաջխաղացումը՝ ԽՍՀՄ-ը կարողանում էր ցույց տալ, թե գենդերային հավասարության իրենց մոդելն աշխատում է: Բարենպաստ քաղաքական ու սոցիալական պայմանները հնարավորություն տվեցին քույրերին պահպանել իրենց արտոնյալ դիրքը:

 

Հետհեղափոխական ռուսական հասարակությունը հայկականից խիստ տարբերվող մտածելակերպ ուներ, հատկապես կանանց հասարակության մեջ դերի ընկալման առումով, ինչն անշուշտ ազդել է Ասլամազյան քույրերի արվեստում կնոջ պատկերման վրա:

 

Ասլամազյաններն ապրել են շատ բարդ ժամանակ, Ռուսական կայսրության անկում ու Հոկտեմբերյան հեղափոխություն, կուլակաթափություն, Ստալինյան բռնություններ, Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ իրադարձություններ, որոնք անճանաչելիորեն փոխել են աշխարհը: Ասլամազյան քույրերի արվեստը մարմնավորում է փոփոխությունը: Եթե առավել վաղ շրջանում նկարչուհիները սոցռեալիզմի տիպիկ ներկայացուցիչներ են, ապա ուշ շրջանում, կարծես որպես բողոք սովետական «երկաթաբետոնե» էսթետիկայի դեմ, սկսում են գերակշռել օրիենտալիզմը, էկզոտիկան ու էթնոգրաֆիկ նորաոճությունը: Հայկական արվեստում այս ուղղության հիմնադիրներից է Մարտիրոս Սարյանը, որի ազդեցությունը զգալի է նաև Ասլամազյանների արվեստի մեջ:

 

 

Վերադարձ 

Ասլամազյան քույրերը թե՛ ստեղծագործելիս, թե՛ ճանապարհորդելիս գրեթե միշտ միասին են եղել: Հաճախ ասվում է, որ նրանք մեկը մյուսին լրացնում են: Իհարկե, Մարիամի արվեստը սովորաբար դոմինանտ է, ու նա Երանուհուն թողնում է ստվերում: Ու, բնականաբար, սա բերել է որոշակի լարվածության քույրերի միջև: Ինչևէ, Երանուհին էլ է եղել ուժեղ անհատականություն ու չի դարձել քրոջ կրկնօրինակը՝ պահպանելով իր ձեռագրային առանձնահատկությունը: Եվ վերջապես, նրանք միասին վերադարձան իրենց հայրենի քաղաք՝ համատեղ թանգարան բացելու համար․ 1987 թվականին Ասլամազյան քույրերն այցելել են Լենինական ու քաղաքի ղեկավարության հետ համաձայնության եկել՝ պատկերասրահ բացել ու քաղաքին նվիրաբերել իրենց 620 աշխատանքներ: Ցավոք՝ 1988-ի երկրաշարժի պատճառով պատկերասրահը չի գործել մինչև 2004 թիվը:

 

Արդյոք ո՞րն էր պատճառը, որ քույրերն իրենց բնօրինակ աշխատանքների ամենաամբողջական հավաքածուն նվիրատվություն արեցին Գյումրի քաղաքին, չնայած կարող էին դա անել Մոսկվայում, Լենինգրադում կամ Երևանում. ծննդավա՞յրն էր, թե՞ ուրիշ պատճառներ կային՝ դժվար է ասել: Բայց արդյունքում ավանդապահ Գյումրիում, որտեղ կինը տղամարդու կողմից «օսնավանի» է համարվում մայրական գործառույթների կոնտեքստում հիմնականում, պատկերասրահ բացելը, ճիշտ տեղում ճիշտ ռազմավարություն էր: Ասլամազյան քույրերը դիվանագետ կանայք են եղել, իմացել են՝ ինչ, որտեղ, երբ: Իրենց այդ որոշման շնորհիվ հայ կերպարվեստի պատմության մեջ Գյումրին դարձել է միակ քաղաքը, որտեղ պետական մակարդակով ցուցադրվում են միայն կին արվեստագետների աշխատանքներ:

 

Երանուհու կերամիկական թեյնիկների շարքը

 

Ու չնայած մինչև 2000-ականները Ասլամազյանների արվեստն ընկալվում էր միայն հայրենասիրական-թեմատիկ «տանձ-խնձոր», «գեղեցիկ հայուհի» ու «Հայաստանի սար ու ձոր» կոնտեքստում, մարդիկ սկսել են նկատել, որ «տանձն ու խնձորը» կոդային տողատակեր ունեն: Հատկապես ուշադրություն են դարձնում հայ կնոջ կերպարի ընկալմանը նկարչուհիների կողմից:

 

Աշխատելով Ասլամազյան քույրերի պատկերասրահում, ես թե՛ տեխնիկապես, թե՛ բովանդակային առումով վերանայում եմ քույրերի աշխատանքները՝ փորձելով հասկանալ դրանց հետևում կանգնած կնոջ ասելիքը: Ինքս ինձ նույնիսկ պատգամել եմ հատկապես փոքր տարիքի աղջիկ այցելուներին սովորեցնել, թե ինչպես ճիշտ մտածել, ինչպես ճիշտ ընկալել նկարները, ինչպես ոգեշնչվել Մարիամի օրինակով, որպեսզի իրենց մեջ դաստիարակվի ուժ, կամք և ինքնավստահություն:

 

Որպես էքսկուրսավար ինձ հաճախ հարցնում են, արդյոք Ասլամազյանների նկարներում կնոջ մարմնի նկատմամբ վերաբերմունքը, ուժեղ, հյութեղ, ջլապինդ կանանց պատկերումը նշան է, որ քույրերը լեսբի են եղել: Բայց կնոջ պատկերումը դեռևս չի նշանակում առնական հայացքով զննել կնոջը։ Ես ինքս նկարիչ-արվեստաբան եմ, և հասկանում եմ նկարիչների համար, անկախ սեռային պատկանելությունից, ավելի գրավիչ է նկարել կնոջը։ Մարիամի ջլապինդ, ուժեղ կանանց պատկերումը ինչ-որ առումով Մարիամի ընդվզումն է հայրիշխանական հասարակությանը․ ուժեղ, բնական կանայք՝ վառ արտահայտված՝ անգամ գրոտեսկին հասնող դիմագծերով ավելի են շեշտում արևելցի կնոջ, հայ կնոջ դերի կարևորությունը։ Իզուր չէ, որ պատկերել է բաշ-ապարանցի հայուհուն, զանգեզուրի հայուհուն՝ այսինքն ուժեղ, մարտնչող կանանաց։ Իհարկե լինելով էսթետ, իր ծագումը հաշվի առնելով՝ չէր կարող Խորհրդային Միության ժամանակ ընդունված մուժիկ-կնոջ կերպար պատեկերել, ինչը տարածված էր սոցռեալիզմի ժամանակ։ 

 

 

Ես կին եմ, և ստեղծագործում եմ

Իմ արվեստը չի բխում մեր իմացած ցարական շրջանի Գյումրու՝ բոլորի կողմից սիրված մեծահարուստների պատվերով իրականացրած ճաշակով, բայց և գլամուր արվեստից։ Ես այդ ոճի կրողն ու շարունակողը չեմ, որքան էլ որ այսօր զբոսաշրջիկին հենց դա է դուր գալիս։ Ինձ համար իմ քաղաքի ու երկրի արվեստի ազգայինը այդ իսկ ժամանակաշրջանի կոլորիտն է՝ խնդիրներով հանդերձ։ Ես 90-ականներից հետոյի միջավայրի արդյունք եմ, ուստի իմ արվեստն էլ այդ ժամանակն է ֆիքսում՝ հետերկրաշարժ, սոցիալ-հոգեբանական բարդույթներ, տնտեսական ճգնաժամ, մարդու իրավունքի և բարոյականության ընկալման խնդիրներ և այլն։ Ֆեմինիզմի մասին չպետք է «պատմել» արվեստում, կամ լացկանություն դրսևորել հասարակության մեջ։ Ես  կին եմ, ապրում եմ, ստեղծագործում եմ ՝ ուրեմն բարձրաձայնում եմ, որ կամ իմ ապրելակերպով և գործառույթներով և չեմ փորձում համեմատվել տղամարդու հետ․ եթե արվեստը թույլ է, դա սեռի խնդիր չէ, այլ պակաս շնորհքի կամ նվիրվածության։

 

Գյումրին իր պարադոքսներով, հարուստ իրականությամբ արվեստագետի համար «մուրազ» է, ոգեշնչման աղբյուր: Խնդիրները գաղափարապես օգնում են արվեստագետին զարգացնել ստեղծագործական միտքը: Օգնում են չկոտրվել՝ հաղթահարելով կենցաղավարությունը, քանի որ կին արվեստագետի աշխատանքն ավելի քիչ է արժանանում իրական, լուրջ քաջալերման, քան տղամարդ արվեստագետինը: Վստահ եմ, տարիներ առաջ Գյումրին նույն կերպ օգնել է նաև Ասլամազյան քույրերին։