Վերհիշելով անկախության ճանապարհը․ շապիկ
Անկախություն 29

Վերհիշելով անկախության ճանապարհը․ շապիկ

Նկարիչ Խորեն Մաթևոսյանը փորձում է բացատրել, թե ինչ է պատկերել տոնական թողարկման շապիկին։

ԵՐԵՎԱՆ #64 | 2020

 

Խորեն Մաթևոսյանը ծնվել է 1995 թվականին։ 2017-ին ավարտել է Երևանի ճարտարապետության ու շինարարության ազգային համալսարանը։ 2018-ին Արեգ Մովսիսյանի ու Անի Առաքելյանի հետ համատեղ ստեղծել է Kupikazu արտ-միավորումը։ Եռյակի աշխատանքները մի անգամ ներկայացվել են համանուն ցուցահանդեսում։ Խորենն այժմ դասավանդում է Թումոյում և շարունակում աշխատանքները Kupikazu-ի կազմում։
Սա հեղինակի երկրորդ շապիկն է ԵՐԵՎԱՆի համար. առաջինը զարդարել էր 2017 թվականի դիզայներական թողարկման 5 շապիկներից մեկը։

Բնութագրությունը հասանալի չէ

#Շապիկ #Դիզայն

Անկախության մասին գրելն ավելի հեշտ է, քան այն պատկերելը: Խորհրդանիշերը շատ են, բայց ոչ մեկն էլ ամբողջական չի արտահայտում անկախության գաղափարը: Իմ ասոցիացիաներում կա շեփոր նվագողը, կան բռունցքները երկինք պարզած հազարավոր հայեր, կա խառը օրերի Երևանն ու բարձրախոսներով հրապարակներում անկախության մասին առաջին անգամ խոսող մարդիկ: Ես ինքս անկախությունը պատկերելու համար օգտագործել եմ տիեզերքի ամենապարզ ֆիգուրը` գունդը: Այն երկբևեռ է` կարող է ճառագել լույս ու սփռել բարին, կարող է նաև փտել ու որդնել` տարածելով գաղջ ու մութ. ամեն ինչ կախված է նրանից` ում ձեռքերում կհայտնվի իմ անկախությունը, մեր անկախությունը: Գաղափարը լավագույնս արտահայտեց երեք գույն. սպիտակը` որպես մաքուր թուղթ, որը դրեցին մեր առջև 1991-ին, սևը` որպես ֆոն ու անցյալի բեռ, ինչ-որ տեղ` նաև դաս, ու դեղինը` որպես լույսի ու արևի, ջերմության ու բարության խորհրդանիշ, որի նույնիսկ փոքր քանակը դրական տրամադրություն է ստեղծում: