Ֆիրդուս․ անիմացիոն ֆիլմ
Ֆիրդուս

Ֆիրդուս․ անիմացիոն ֆիլմ

Նաիրա Մուրադյանի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ Ֆիրդուսի մասին իր մանկական հուշերի հիման վրա։

#Ֆիրդուս

Անցած շաբաթ նկարզարդող, անիմատոր Նաիրա Մուրադյանը հրապարակել է իր կարճամետրաժ անիամացիոն ֆիլմը, որը հիմնված է Ֆիրդուսում անցկացրած իր մանկության հուշերի վրա։

 

Image for post

 

Նախագծի մասին հեղինակը պատմում է․ «Իրականում, եթե չլիներ քանդվելու պատմությունը, դժվար թե ֆիլմ դառնար։ Սա իմ կյանքի առաջին հինգ տարիներն են՝ պահածո դառած, սպասում էի, որ հենց ուժ ու հավես զգամ, բացեմ։ Իհարկե, արդյունքում ավելի շատ բան դուրս մանց, քան պատմվեց՝ Ջոջ Աղեն, ցախանոցում դիաֆիլմ դիտելը, շքերթ դիտելը բեռնատարի տակից, կոճի թելից հայտպվող օճառի պղպջակները, ու էլի լիքը բան․․․ Անցած տարի եմ վերջին անգամ գնացել Ֆիրդուս, մեր տունը դեռ կա, բայց շարքում վերջինն ա։ Հետո ցանկապատ ա, իսկ հետևում՝ մեծ փոս»։

 

 


Ֆիրդուսի մարդիկ․ Նաիրա Մուրադյան

Հատված «Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքից

 
Image for post
Նաիրա Մուրադյանը՝ Ֆիրդուսում | Ֆիրդուս. տեղի հիշողությունը

 

Մանկությունս անցել է Ֆիրդուսում. այնտեղ ապրել ենք մինչև 1966 թվականը, բայց ամեն ինչ շատ պարզ հիշում եմ: Ապրում էինք փողոցի վերջում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում: Հարևաններին լավ եմ հիշում: Մի անգամ կատվի քայլվածքով գաղտագողի անցա հարևանի բակը: Ջոջ Աղայի տունն էր: Նրանից բոլոր երեխաները վախենում էին, բայց ես խախտեցի արգելքը, որովհետև շատ էի ուզում տեսնել ճագարներին, որ նրանք պահում էին իրենց այգում:

 

Երբ փոքր ենք, մեզ ամեն ինչ մեծ ու զարմանալի է թվում: Ու նրանց տան կցակառույցներից մեկի փայտե ցանկապատի ճեղքերն ինձ համար մեծ էկրաններ էին: Ես տեսա, թե ինչպես էր նա հաշվում իր ոսկիները, որ իրար վրա էին դարսված: Ինչ–որ տեղից նրա վրա լույս էր ընկնում, շողքն ընկնում էր ուղիղ ոսկու շարքերի ու նրա ձեռքերի վրա: Օդում կանգնած փոշին ու ոսկիների փայլը… Այնքա՜ն գեղեցիկ էր: Այդ տեսարանը ընդմիշտ մնաց հիշողությանս մեջ:

 
Image for post

 

Առաջ այնտեղ ծառերի միջև առվակներ էին հոսում. ընկերներով գնում էինք, ձեռքներս փայտ վերցնում ու կանգնում առվակի գլխին, իբրև թե ձուկ ենք որսում: Այսպես մանկության տարիներին Ֆիրդուսում երևակայում ու գիտակցությանս մեջ դաջում էի տարբեր կերպարներ ու սյուժեներ, որ ծնվում էին իրական առօրյայից: Ծնողներս նկարիչներ են. հայրս ու մայրս նկարում էին, մինչ մենք իրար գլխի էինք հավաքվում հարևանի տան տանիքին. մեր տունը գնել էինք Բագր անունով ադրբեջանցուց:

 

Երբեմն մաման նկարում էր բակի քարերին նստած, ու փողոցի բոլոր երեխաները հավաքվում էին՝ նայելու, թե ինչպես են նրա շտրիխներից ծնվում տարբեր կերպարներ: Հավանաբար այդ ժամանակ ես էլ փողոցից հավաքում էի պատկերներ ու կերպարներ՝ ծակ փորով տղամարդ, կերոսին վաճառող կին, գեղեցիկ վարսերով, գլխաշոր կապած աղջիկ: Նրանք միշտ ինձ հետ են, և երբեմն ես նկարում եմ նրանց իմ նոթատետրերում:

հավելյալ նյութեր