Թեմատիկ տուրեր․ մանկական
Մենք մերոնցով

Թեմատիկ տուրեր․ մանկական

Ինչով զբաղեցնել երեխաներին ճամփորդության ժամանակ։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի


Լուսանկարները՝ «Իմ Հայաստան» ծրագրի

 

ԵՐԵՎԱՆ #63 | 2020

 

Հավելյալ տեղեկությունների համար՝ 
www.myarmenia.si.edu
 

Եթե ամենուր եղել եք և ամեն ինչ փորձել, նշանակում է պետք են նոր, անսպասելի ճամփաներ։ «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ պատրաստել ենք չորս թեմատիկ տուր, որոնք կօգնեն նորովի բացահայտել հայտնի տեղերը։

 

Ֆռռիկի հմտություններ, Գյումրի, Շիրակ

 

Ժամանակին ֆռռիկը (նույն ինքը՝ հոլը) բոլոր երեխաներին ծանոթ երևույթ էր, այսօր արդեն՝ պատմության խորքերից եկող փորձառություն։ 2017 թվականին գյումրեցի ընկերներ Արսեն Վարդանյանը և Գագիկ Մխիթարյանը միավորվեցին իրենց քաղաքի մոռացված խաղերի և ավանդույթների վերականգնման գաղափարի շուրջ։ Ֆռռիկը, բնականաբար, դրանցից մեկն է։ Արսենն ու Գագիկը ջանք չեն խնայում երեխաներին ավանդական խաղերով լի մանկություն պարգևելու, և նաև հայկական ապրանքանիշերն աշխարհին ճանաչելի դարձնելու համար։ Արսենը միշտ ուրախությամբ է դիմավորում երեխաներին և կարող է ոչ միայն օգնել ընտրել հոլը, այսինքն՝ ֆռռիկը, նաև սովորեցնել, թե ինչպես պետք է այն քցել (իսկ դա այդքան հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից)։

 

Կավագործություն, Արենի, Վայոց Ձոր

Մեծերն Արենիում մոտիկից կարող են շփվել գինու հետ, իսկ փոքրե՞րը։ Փոքրերի համար կա «Արհեստանոց» ստուդիան։ Ընդ որում, շենքն ինքնին հետաքրքրաշարժ է. 17-րդ դարում եղել է եկեղեցի, խորհրդային տարիներին վերածվել մշակույթի կենտրոնի, ապա պահեստի, 90-ականներին ծառայել է որպես սրճարան, իսկ 2019-ի ամռանն Արփինեն այն վերածեց արհեստանոցի։ Այժմ այստեղ 5-13 տարեկան հինգ տասնյակ երեխաներին սովորեցնում է կավագործություն, նկարչություն և հելունագործություն։ Հենց նրանց կարող են միանալ այս կողմերում հանգստացող երեխաները։ 


Բոլոր փորձառությունները կապված են կավի հետ՝ կավի կտորներով զարդերի պատրաստում, կավե մոմակալի նկարազարդում, կավագործության վարպետաց դաս։ Արփինեն պատմում է կավի մասին, որն օգտագործում է իր աշխատանքում. որտեղից է ձեռք բերում կավը և որոնք են Արենիի կավի և Հայաստանի այլ կավերի հիմնական տարբերությունները։

 

Տիկնիկագործություն, Վայոց ձոր


«Մոշ» ստուդիան համատեղում է հիմնադիր Արմինե Աղաջանյանի սերը դեպի Վայոց ձորի գեղեցիկ լանդշաֆտը, ճարտարապետությունն ու նորաձևությունը։ Ստուդիայի այցելուները կարող են մասնակցել տիկնիկագործության վարպետաց դասի։ Տիկնիկների պատրաստումը բավական պարզ է և նորաձև, իսկ նշանակությունը երազանքների կատարումն է։

 

Թումանյանի տուն-թանգարան, Դսեղ, Լոռու մարզ

Թումանյանի հեքիաթները բոլոր երեխաներին էլ ծանոթ կլինեն, այդ պատճառով նրա տուն-թանգարանն առավել հետաքրքիր կլինի նրանց։ Տեսնել, թե որտեղ է ապրել սիրված գրողը, ինչպիսի տանն է մեծացել և ինչպիսի բնությամբ և ապրելակերպով է ոգեշնչվել։ 

Բնութագրությունը հասանալի չէ

 

Թելագործություն, Տավուշ


Մի քիչ էլ ստեղծագործական փորձառությունների մասին։ 2017 թվականին Տավուշի թեմի և «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի աջակցությամբ կանանց մի խումբ միավորվեց օգտագործելու իրենց ասեղնագործական, կարի, հելունագործության և այլ հմտություններն Իջևանում եկամտի նոր աղբյուր ստեղծելու համար։ Ահա, թե ինչ է առաջարկում «Թելիկ» կենտրոնը պատանիների համար. ասեղնագործություն, կարպետագործություն, մանրանկարչություն՝ ըստ ցանկության։

 

 

Մի ուրիշ քարտաշություն, Վանաձոր

Իսկ ահա Բոգդան Հովհաննիսյանն աշխատում է Վանաձորում։ Իր վանաձորյան արհեստանոցում նա աշակերտների հետ միասին շարունակում է խաչքարագործության դարավոր ավանդույթը։ Վարպետ Բոգդանը նաև ստեղծում է գրակազմեր և դեկորատիվ մանրանկարներ, որոնք ոգեշնչված են Մատենադարանի մանրանկարչական հավաքածուից։ Արհեստանոցում կարելի է հետևել նրա մոգական աշխատանքին, փորձել սեփական ուժերը քարի փորագրության բարդ գործում, ինչպես նաև գնումներ կատարել։ 

Բնութագրությունը հասանալի չէ

 

Տարազով ֆոտոնկարահանում, Գյումրի, Շիրակ


Կերպարանափոխումները միշտ զվարճալի են, իսկ «Զանան Տարազ» ստուդիայում երեխաների հետ կարելի է կերպարանափոխվել հին ժամանակներին համահունչ։ Ֆոտոստուդիայում կարելի է ոչ միայն լուսանկարվել տարբեր ժամանակների ու շրջանների հայկական տարազներով, այլև սովորել տարազների մշակույթի, Գյումրիի դերձակության ու լուսանկարչության ավանդույթների մասին։

Բնութագրությունը հասանալի չէ

 

Քարե փազլ


Առաջին հայացքից «մեծական» թվացող այս փորձառությունը երեխաներին մեծ հաճույք կպատճառի։ Հովհաննես Մարգարյանի հյուրատունը, որի բոլոր անկյուններն այսպես թե այնպես նվիրված են քարին, ցույց կտա, թե որքան հարուստ, բազմազան ու գեղեցիկ է տուֆը։


Փորձառության համար երեխաների հետ հյուրերը կարող են ընտրել Արարատի տեսքով խճանկարի պատրաստումը՝ տարատեսակ տուֆի կտորներով: Վարպետը ցույց կտա խճապատկերի ավելի մեծ օրինակը, որը կհեշտացնի հյուրերի աշխատանքը: Նա յուրաքանչյուրին կտրամադրի հարթ քարի կտոր, որը կդառնա խճապատկերի հիմքը: