Թրևագիր Վայոց ձորի գինուղուց
Մենք մերոնցով

Թրևագիր Վայոց ձորի գինուղուց

ԵՐԵՎԱՆի խնդրանքով պատմաբան և գինու մեծ գիտակ Տիգրան Զաքարյանը մի ամբողջ օր նվիրել է Վայոց ձորի գինու ուղուն և այցելել վեց գինետուն։

Տեքստը՝ Տիգրան Զաքարյանի    🍇


Լուսանկարները՝ Իմ Հայաստան ծրագիր


ԵՐԵՎԱՆ #63 | 2020

 

Հավելյալ տեղեկությունների համար՝
www.vayotsdzorwineroute.com

 


 

#ՆերքինՏուրիզմ

Image for post

 

Կապ

«Արենի»

areniwines@gmail.com
+374 94 42 44 02,
+374 94 42 44 27
Գյուղ Արենի, Վայոց ձորի մարզ, Հայաստան

 

«Գետնատուն»

info@getnatoun.am,
getnatoun@mail.ru
+374 93 41 75 44,
+374 91 41 75 44
getnatoun.am

 

«Հին Արենի»

info@hinareniwine.am;
visit@hinareniwine.am
+37441234111
hinareniwine.am
Գյուղ Արենի, Վայոց ձորի մարզ, Հայաստան

 

«Հին Կամուրջ»

info@oldbridgewinery.com
+374 91 80 02 40,
+374 93 21 97 56
oldbridgewinery.com
Երևանյան մայրուղի 1, քաղաք Եղեգնաձոր, Վայոց ձորի մարզ, Հայաստան

 

«Տրինիտի կանյոն այգիներ»

info@trinitycv.com
+374 55 22 73 37
trinitycv.com
Գյուղ Աղավնաձոր, 1-ին փողոց, 115 շենք, Վայոց ձորի մարզ, Հայաստան

 

«Մոմիկ»

374 95 48 04 50,
+374 93 48 04 50
facebook.com/MomikWines
Արենի համայնք, Վայոց ձորի մարզ, Հայաստան

Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հին քաղաքակրթությունների անբաժանելի ուղեկիցն է եղել գինին դեռ նախապատմական ժամանակներից։ Հայաստանը, որտեղ գինու արտադրության մեզ հայտնի հնագույն հետքը 6100 տարեկան է, իրավամբ հավակնում է գինու բնօրրանի տիտղոսին։

 

Հայաստանը գինու օրրան է ըստ մեկ այլ՝ ոչ այնքան գիտական տեսության, համաձայն որի մարդկության նահապետ Նոյը, ով Աստվածաշնչյան տվյալներով ամենաբազմազան և յուրօրինակ կենդանիների հետ միասին տապանի վրա ապաստանեց Արարատի գագաթին և փրկվելով ջրհեղեղից՝ որոշեց Արարատի ստորոտին հիմնել խաղողի այգի և որից նա ստեղծեց առաջին գինին և մինչև իսկ արբեց դրանից։ Երկար դարեր մարդկությունը համարել է, որ Նոյը ջրհեղեղից հետո բնակվել է և մահացել ու թաղվել Նախճավանում։

 
Image for post

 

Դե քանի դեռ Աստվածաշունչն ու գիտությունը գինու ծննդավայրի հարցում համաձայնության են եկել, ի՞նչն է մեզ խանգարում մի փոքր թրևել Վայոց ձորի գինեգործական ձեռնարկություններով՝ Նոյի այգիներին մոտ և գինու առաջին մառանին ընդառաջ։ Իսկապես՝ հայոց գինուն մոտիկից ծանոթանալու համար պետք է այն սկսել իր օրրանից՝ Վայոց ձորից։ Դե գնացինք։

 

Ուղու սկիզբը

Մինչ ճանապարհն անցնում է Արարատյան արևաշող դաշտով, հիշենք, որ Հայաստանը հնի և նորի անհավանական խաչաձևումների երկիր է, մի տեղ, որտեղ հպարտանում են երեկ չէ առաջին օրով, նեղվում այսօրից, հույսեր կապում վաղվա հետ և… մոռանում երեկը։ Գինու դեպքում էլ այդպես է։ Մենք փաստորեն բավական աղքատիկ տեղեկություններ ունենք Հայաստանում գինու մշակույթի մասին միջին դարերում, իսկ խորհրդային տարիներին այդ մշակույթը հիմնահատակ խարխլվեց՝ փոխարինվելով օտարամուտ ցածրօրակ օղի խմելու սովորությամբ։ Այսօր արդեն աստիճանաբար Հայաստանը վերականգնում է երբեմնի գինու մշակույթը, ոչ միայն և ոչ այնքան խորհրդային ժամանակ գոյություն ունեցած գործարանների, որքան նորաստեղծ բազմաթիվ մանր ու միջին, հաճախ ընտանեկան ձեռնարկությունների շնորհիվ։ Դրանցից առավել աչքի ընկնողներն էլ կկազմեն մեր այսօրվա «գինուղու» հանգրվանները։

 

Ահա Արարատյան դաշտից դեպի Վայոց ձոր շարժվելիս նկատելի է դառնում, թե ինչպես հարթ տեղանքին գալիս են փոխարինելու սկզբում ցածր բլուրները, ապա ավելի ու ավելի բարձր սարերը՝ շիկակարմրավուն հողով ու տեղ-տեղ հողից վեր ցցվող ժայռերով։ Շուտով արդեն հասնում ենք մեր առաջին կանգառին, որ գտնվում է Արենի գյուղի հարավային եզրին, ծովի մակերևույթից մոտ 1000 մետր բարձրության վրա։ Այստեղ մեզ սպասում են երկու գինեգործական ձեռնարկություններ՝ կողք կողքի տեղադրված «Արենի» գործարանն ու «Հին Արենին»։

 

Հինն ու նորը

«Արենի» գործարանը գյուղի ամենահին գինեգործական ձեռնարկությունն է՝ հիմնադրվել է 1994-ին իբրև Սիմոնյան ընտանիքի ընտանեկան ձեռնարկություն։ Ներկայումս գործարանի արտադրանքի ծավալը տպավորիչ է՝ տարեկան մինչև 200,000 շիշ՝ լայն ընտրանիով, որում կան ինչպես սպիտակ և կարմիր խաղողի, այնպես էլ մրգային բազմատեսակ գինիներ։

 

2013-ից գոյություն ունեցող գինու սրահին լրացնելու է գալիս ընդարձակ ռեստորանը, ուր կարելի կլինի ճաշակել ավանդական և ժամանակակից խորտիկները գործարանի գինու ուղեկցությամբ։

 
Image for post

 

Գործարանում արտադրվող Արենի տեսակի գինու հումքը, որից ստացվում է կարմիր չոր, կիսաչոր և կիսաքաղցր գինիներ, հիմնականում գալիս է հարևան Աղավնաձորից։ Մրգային գինիներից «Արենի» գործարանն առաջարկում է նռան, բալի, սերկևիլի, մոշի, մորու և այլ մրգերից։ Նուռը գալիս է Արցախից՝ Մարտակերտից, միրգը հիմնականում շրջակա գյուղերից է, իսկ հատապտուղները Լոռիից են։ Դրանցում իբրև բաղադրիչ այս կամ այն չափով օգտագործվում է նաև Արենի կիսաքաղցր գինենյութը, որը հավելում են խմորման ընթացքում։

 

Հաջորդը մեր ցուցակում «Հին Արենին» է՝ տպավորիչ մի վայր, ուր գինեգործական ավանդույթները համադրված են ժամանակակից սարքավորումների հետ՝ նախագծված հայտնի արգենտինացի մասնագետ Մարիո Խապասի կողմից։ «Հին Արենի» գինիներին հատուկ տոկուն կառուցվածք և արտահայտիչ բուրային փունջն արդյունք է ապարանստվածքային հարուստ հրաբխային հողի, վառ արևի և ավելի քան 1200 բարձրության վրա գտնվող այգիների միկրոկլիմայի:

 

Գործարանը բավական մեծ ծավալի արտադրանք է տալիս՝ մշակելով տարեկան մոտ 250 տոննա խաղող։ Տեսականին մեծ չէ, բայց այդ գինիները՝ Ռոզեն (վարդագույն), Ոսկեհատը և Արենին, ունեն անկրկնելի բնորոշ հատկանիշներ, որոնք Հայաստանում և արտերկրում գտել են և շարունակում են գտնել նորանոր երկրպագուներ։

 

Գետափի տունը

Բայց մեզ սպասում են այլ գինեմառաններ էլ հարևան տարածքներում, այնպես որ շարունակենք մեր գինուղին ու մի քիչ թրևենք Եղեգնաձորում։ Ճանապարհը հազիվ 20 րոպե է, սակայն շատ դիտարժան՝ նախ Արենիի նշանավոր քարանձավն արժի դիտել, ապա վայելել Արփայի կանաչ կիրճը, որն այնքան տարբերվում է ամառային բարկ արևից, ոսկեգույն երանգ ստացած լեռնալանջերից ու լերկ ժայռերից։

 

Քիչ անց, դեպի Սիսիան և հարավ տանող ճանապարհի ձախ կողմում արդեն տեսնում ենք «Գետնատուն» գինեգործարանը։ Նախկինում ծխախոտի գործարան ծառայող տարածքը 1999-ից դարձել է գինեգործարան և տարեցտարի ընդլայնվել (չենք կարող չհիանալ գործարանի այսչափ դրական կերպարանափոխմամբ)։

 

Շնորհիվ մոտ նախալեռնային տարածության և՛ 1400–1600 մետր բարձրության, և՛ ավազա-կավճային հողի վրա գտնվող խաղողի այգիների, և՛ արևային կլիմայի, և՛ ցերեկ-գիշեր ջերմաստիճանային մեծ տարբերության մրգի մեջ Վերնաշենում գտնող մոտ 8 հա այգիների բերքում բարձր է լինում քաղցրության և թթվության պարունակությունը՝ հանգամանք, որը շատ կարևոր է բալանսավորված գինի ստեղծելու համար։

 

Անզուգական է Գետնատան նռան կիսաքաղցր գինին իր յուրօրինակ բույրով և բալանսավորված համով, ուր կա և՛ թթվություն, և՛ որոշակի քաղցրություն՝ հագեցած չափավոր տտիպությամբ։ Գերհասունացած, հաճախ ճաքած նուռը՝ բացառապես կարմիր գույնի, գալիս է Մեղրիից կամ Արցախից։

 

Իսկ սեփական մրգերից «Գետնատունը» պատրաստում է նաև խնձորի, ծիրանի և սալորի բարձրակարգ մրգօղիներ՝ բրենդիներ, որոնք հնեցվում են 7 և ավելի տարի։ «Գետնատունն» ունի նաև ռեզերվ՝ հնեցված գինիներ, որոնք նախքան վաճառքի հանելն առնվազն 4 տարի պահվում են սկզբում կաղնե տակառներում, ապա՝ շշի մեջ։

 

Մետաքսի ճանապարհի հին կամուրջը

Բռնենք տունդարձի ճանապարհը, բայց ոչ այդքան արագ։ Եղեգնաձորից հենց եզրին՝ դեպի Երևան ճանապարհի աջ կողմում, մեզ է դիմավորում հյուրընկալ մի օջախ, ուր կա ամեն ինչ՝ և՛ գինու մառան, և՛ խոհանոցով համտեսի սրահ, և՛ հանգստանալու տարածք, և՛ վերջապես հյուրատուն։

 

«Հին կամուրջն» է դա՝ անվանակոչված հավանաբար 13-րդ դարի սկզբին կառուցված և բազմիցս վերանորոգված միակ սրածայր կամարով կամրջի անունով, որը ժամանակին գտնվել է հին Մետաքսի ճանապարհի վրա։

 

Հիմա «Հին կամուրջը» միացնում է արևմտյան և հայկական գինեգործական ավանդույթները՝ լայնորեն ներկայացնելով Հայաստանը և մասնավորապես Վայոց ձորն աշխարհին։

 

1998-ին հիմնված Խալաթյանների ընտանեկան ձեռնարկությունը գինիների շատ մեծ ընտրանի չունի՝ կա միայն Արենի խաղողից պատրաստված ռեզերվ և Ոսկեհատից սպիտակ գինի, սակայն որակի պահպանման և բարձրացման ջանքերն անդադար են։

 

Ռեզերվ կարմիրը հնեցվում է Արցախի կաղնու փայտից տակառներում, ուր այն մնում է 18–24 ամիս՝ պատմում է Մուշեղը, ով Շվեդիայից վերադարձել է հայրենիք՝ օգնելու ծնողներին առաջ տանելու ընտանեկան ձեռնարկությունը։ «Արենին ամեն տեսակ կաղնե տակառում լավ արդյունք չի տա. այն բարդ բնավորությամբ գինի է, հեշտ չէ ընտելացնել, բայց հեշտ է փչացնել»,– ասում է նա։ Կաղնե տակառից գինին շշալցվում է և մի քանի շաբաթ «հանգստանում» շշալցման «ստրեսից», որպեսզի խմելիս այն արտահայտի իր ամբողջ բույրային ու համային հատկանիշները։

 

Image for post

 

«Հին կամուրջը» խաղողի մնացորդներից թունդ օղի՝ գրապպա է պատրաստում՝ կրկնակի թորմամբ, որի ֆիլտրացիայում օգտագործվում է կաթ։ Այդ խմիչքը նույնպես հնեցնում են կաղնե տակառներում չորս տարի շարունակ։

 

Սակայն «Հին կամուրջը» միայն գինի և մրգօղիով չի, որ կարող է զարմացնել հյուրին։ Շատ հաճելի անակնկալ էր տեղական պանիրների տեսականին՝ մասնավորապես այծի կաթից պատրաստված և գինու հետ մատուցվող այլ ակրատները։ Ամենատպավորիչը երեք տեսակի հայկական ձիթապտուղն էր և ձիթայուղը, որն ապշեցրեց իր համի ու բույրի հարստությամբ՝ այն ոչնչով չի զիջում ձիթապտղի հայտնի վայրերից Հայաստան ներմուծած ձիթապտղին կամ ձիթայուղին։

 

Ջազն ու գինին

Գինուղու վերջին հանգրվանը «Տրինիտի կանյոն այգիներն» է, որը գտնվում է դեպի Երևան ճանապարհին՝ Աղավնաձորում։ Մայրուղուց փոքր-ինչ ներս ենք գնում և դարպասից մեր առաջ է բացվում խորհրդավոր և զարմանահրաշ մի այգի՝ փոքրիկ սրահով, ուր կարելի է փորձել ընկերության զանազան գինիները և տեղական արտադրության ակրատները՝ պանրեղենը, չրեղենը և այլն։

 

«Տրինիտին» համեմատաբար նորաստեղծ է՝ գործում է 2009 թվականից՝ հիմնադրվելով գինու երեք սիրահարների կողմից։ Երբեմնի ամերիկաբնակ և ծննդավայր վերադարձած Հովակիմ Սաղաթելյանը, ով նրանցից մեկն է, պատմում է, որ «Տրինիտիի» հիմքում օրգանական գինու գաղափարն է՝ կարևորելով ոչ թե քանակը, այլ որակը՝ չկիրառելով ժամանակակից մասսայական արտադրությանը բնորոշ տեխնոլոգիաներ։

 

Image for post

 

«Տրինիտի Կանյոնը» գինու իր փիլիսոփայությունն ունի՝ այն ավելին է, քան պարզապես խմիչքը, այն կենսակերպ է, խորհրդավոր մի ըմպելիք, որը կապում է մարդուն և տիեզերքը։ «Ամեն ինչ մենք անում ենք սիրով»,– ասում է Հովակիմը։

 

Ոչ սովորական մոտեցման ևս մի ցուցանիշ է այն, որ «Տրինիտին» իր գինեգործներին փորձարկումների լայն դաշտ է տրամադրում. այդ նպատակով հատուկ մի էքսպերիմենտալ արտադրական գիծ կա «Ջազ» անունով։

 

Ընդհանրապես, «Տրինիտին» մի վայր է, ուր կարելի է տեղեկանալ, ծանոթանալ ու սիրահարվել գինուն։ Սա մի վայր է, ուր ոչ միայն խմում են գինին, այլև տեսնում են խաղողն այգիներում, ականատես լինում խաղողը ճզմելուն և երբեմն էլ մասնակցում գինի պատրաստելու որոշ փուլերին, շփվում գինեգործների հետ։

 

Ճարտարապետի հիշատակին

«Մոմիկն» ընտանեկան ձեռնարկություն է։ Գյուղամիջում մեզ դիմավորում է Նվերը, ով մեզ ուղեկցում է դեպի այգիները։ Դեպի այգիներ ճանապարհի ձախ՝ բարձրադիր կողմում վեր է հառնում Արենի գյուղի հպարտությունը՝ անզուգական մանրանկարիչ և ճարտարապետ Մոմիկի 1321թ. կառուցած սբ. Աստվածածին եկեղեցին։ Այստեղից էլ ձեռնարկության անունն է։

 
Image for post

Եթե Մոմիկը հայտնի է արդեն յոթ դար, ապա շշալցված «Մոմիկի» տարիքը շատ ավելի համեստ է, գոյություն ունի 2017-ից։ Նվերը պատմում է, որ մեծացել է խաղողագործի ընտանիքում և իր կյանքում առաջին խաղողը տնկել է հոր օգնությամբ՝ երեք տարեկանում։ Հիմա արդեն 45-ամյա վազը կարող է տալ մինչև 650 կիլոգրամ խաղող։

 

Վերջապես հողածածկ ճանապարհով հասնում ենք «Մոմիկի»՝ առայժմ ընդամենը երկու հեկտար տարածությամբ այգին, որ գտնվում է կանաչապատ հովտում, որը երկարում է մինչև հեռվում ցածր թվացող դեղնավուն լեռները, իսկ մյուս կողմը դեպի սահման նայող բարձր լեռներն են՝ լերկ ժայռերով։ Այգում կա նոր կառուցված և ամեն հարմարություններով փոքրիկ տաղավարը՝ համտեսի սրահը, ուր ինչպես ներսում, այնպես էլ դուրսը՝ ամպհովանու ստվերում նստած, կարելի է վայելել զարմանահրաշ գինիները և դիտողի աչքերն իր վրա գամող տեսարանը։

 

Մենք միշտ սիրում ենք ասել, որ հայը քարից հաց քամող ժողովուրդ է, սակայն պարզվում է քարից ոչ միայն հաց է քամվում։ Քարքարոտ և կավային, դեղնավուն հողը, որի վրա թվում է՝ առանձնապես կարևոր ոչինչ չի կարող աճել, գումարված Վայոց ձորի կենսատու արևին՝ տալիս է դրախտային զգացողություններ առաջին իսկ հոտոտելիս և առաջին իսկ ումպից։

 

Հիմնականում Արենի և սպիտակ Խարջի խաղողատեսակներով այգիները մինչև 45 տարեկան են և իրենց բերքով ապահովում են տարեկան մոտ ավելի քան 4000 շիշ գինու արտադրությունը։

 

Մեր այս ճանապարհորդությունն էլ գինուղիով իր ավարտին հասավ այս անգամվա ավարտին։ Կլինի նոր բերք, կլինի նոր գինուղի և նորից կթրևենք դրա երկայնքով։

 
Image for post