100 տարվա հավաքչություն
Թանգարաններ

100 տարվա հավաքչություն

Ուսումնասիրել ենք Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հարստագույն ֆոնդը, որտեղ միլիոնից ավելի նյութ կա։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #70 | 2021

#Թանգարաններ

Եղիշե Չարենցի անվան գրականությանև արվեստի թանգարան

Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն ստեղծվել է իբրև Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երևանում ստեղծված պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժին: Առաջին ղեկավարը եղել է պատմաբան Երվանդ Շահազիզը (1856-1951), որը Նոր Նախիջևանից Երևան էր բերել և թանգարանին հանձնել Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի և ուրիշների արխիվները, հնատիպ գրքեր և այլ նյութեր: Դրան զուգահեռ Հովհաննես Թումանյանի միջոցով թանգարանին էր հանձնվել Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը։ 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը: 1977-ին թանգարանում հանգրվանեցին նաև հայ կինոարվեստին վերաբերող ֆոնդերը։ Այժմ թանգարանում պահվում և ցուցադրվում են 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները և այդ շրջանում գործած մշակութային և կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուներ:

Պատկերացրեք մի թանգարան, որն այս տարի արդեն ուղիղ 100 տարեկան է, որը գրեթե ամեն օր համալրում է իր հավաքածուն և որի ֆոնդապահոցներում մեկ միլիոնից ավելի նյութ կա։ Ու դա միանգամայն հնարավոր է, ավելին՝ հենց Երևանում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն է։ Հավաքածուի համալրման, նվիրատվությունների ու միջթանգարանային սոլիդարության մասին ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է թանգարանի տնօրեն, գրող և գրականագետ Կարո Վարդանյանի և գլխավոր ֆոնդապահ Օֆելյա Կարապետյանի հետ։

 

Հավաքչական բաժինն էլ չկա

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աչքի է ընկնում հավաքածուի հաճախակի համալրումներով։ Դա եղել և մնում է թանգարանի թերևս ամենակարևոր և ակտիվ իրականացվող գործառույթներից մեկը։ Դա պայմանավորված է ոչ միայն թանգարանի բնույթով, այլև տարիների ընթացքում ձևավորված ավանդույթներով ու աշխատակիցների սրտացավ աշխատանքով։ 


Խորհրդային շրջանում թանգարանն ուներ առանձին հավաքչական բաժին, որի գործառույթը նոր նմուշներ գտնելն ու թանգարան բերելն էր։ Դա իրականացվում էր տարբեր կերպ։ Տնօրեն Կարո Վարդանյանը նշում է, որ այդ տարիներին պետական աջակցությունը մեծ էր, թանգարանի բյուջեում մի պատկառելի գումար նախատեսված էր լինում արխիվային նյութեր ձեռք բերելու համար։ Որպես կանոն՝ բաժինը կապ էր հաստատում արվեստի ոլորտի երևելիների կամ նրանց ընտանիքների հետ, համոզում, որ արխիվի պահպանության համար ճիշտ հասցեն հենց թանգարանն է, հավաստիացնում, որ նյութերը լավագույնս պահպանվում են։


Հին աշխատողներից Գոհար Ազնավուրյանը, օրինակ, մեծ վստահություն էր վայելում Սփյուռքում։ Հենց նա էր, որ կարողացավ Գրիգոր Զոհրապի դստերը՝ Դոլորեսին, համոզել ԱՄՆ-ից Երևան ուղարկել գրողի ողջ արխիվը, այդ կերպ թանգարանում իր տեղը գտավ նաև Դանիել Վարուժանի արխիվը։ Թանգարանում պահպանել են այդ բոլոր նամակագրությունները, որտեղ թանգարանի աշխատակիցները բանակցում են Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, համոզում, բացատրում արխիվը թանգարան տեղափոխելու կարևորությունը։ Թանգարանի հին աշխատակիցներից Հովակիմյանն էլ, օրինակ, ամեն անգամ որևէ բեմադրության պրեմիերայի կամ գրքի շնորհանդեսի այցելելով, թանգարան էր բերում պաստառ, աֆիշ, հրավիրատոմս կամ գիրք։ Որոշ աշխատակիցներ էլ արտերկիր մեկնելու հնարավորության դեպքում հետդարձի ճամպրուկը նվերների ու իրենց համար կատարված գնումների փոխարեն լցնում էին այս ու այն տեղից գտնված արխիվային նյութերով։

 

Սայաթ-Նովայի «Դավթարը»

 

Եղիշե Չարենցի ձեռագիր «Սոման»


Այժմ ֆոնդապահոցները գնման ճանապարհով համալրելու հնարավորություն թանգարանը, ցավոք, չունի, չկա նաև հավաքչական բաժինը և դրա բացակայության պարագայում թանգարանի բոլոր աշխատակիցներն էլ անում են ամեն ինչ թանգարանի հավաքածուն համալրելու համար։ Դա անընդհատ ու անվերջ աշխատանք է։


Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Օֆելյա Կարապետյանը հպարտությամբ է նշում, որ թանգարանում պահվող նյութերի քանակն արդեն անցել է մեկ միլիոնը, հետո արագ գտնում է ցուցակներն ու կարդում, որ 2019-ին հավաքածուն համալրվել է 2713, իսկ 2020-ին՝ 1663 նմուշով։ Իսկ 2021-ի առաջին եռամսյակն ընդհանրապես ռեկորդային է եղել, տարին դեռ նոր է սկսվել, բայց արդեն 1580 համալրում կա։ Ուրախությամբ է նշում, որ այս տարի Մհեր Մկրտչյանի արխիվն են ստացել նրա տիկնոջ՝ Թամար Հովհաննիսյանի կողմից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից Կոստան Զարյանի, Հակոբ Կարապենցի, Խաչիկ Խաչերի ձեռագրերից, Ջոն Տեր-Թադևոսյանի և Կարապետ Փոլադյանի արխիվային նյութերից ու էլի շատ բաներ։

 

Դրանց մի մասը հավաքվել է աշխարհի տարբեր ծայրերից ոչ միայն թանգարանի աշխատակիցների, այլև հայ մշակույթի պահպանության համար մտահոգ մարդկանց շնորհիվ։ Այսպես՝ Եգիպտոսում մի հայ  բժիշկ շուկայում նկատել է, որ մի արաբ վաճառում է հայերեն ձեռագրեր։ Պարզվել է՝ Դանիել Վարուժանի և Ավետիք Իսահակյանի ձեռագրերն են։ Գնել է և ուղարկել թանգարան։ Իսկ Լոնդոնի ազգային գրադարանի աշխատակից Վրեժ Ներսիսյանը զբաղվում է ակտիվ հավաքչությամբ ու գտածոներն ուղարկում Երևան։


Միջթանգարանային սոլիդարություն

Թանգարանների մասին օրենքը Հայաստանում չի կարգավորում թանգարան հանձնվող նյութերի համապատասխանությունը տվյալ թանգարանին։ Երբեմն նյութերը հայտնվում են այնտեղ, որտեղ չպետք է հայտնվեին։ Այդ դեպքերում շատ կարևոր է, որ թանգարանի աշխատակիցներն իրենք չընդունեն նյութն ու նվիրատուին ուղղորդեն այն թանգարան, որն առավել համապատասխան է։


Օրինակ՝ տարիներ առաջ ԳԱԹ-ը, չընդունելով Վարդգես Սուրենյանցի արխիվը, ուղղորդեց այն Ազգային պատկերասրահ։ Ցավոք, բոլորը չէ, որ այդպես են վարվել։ Այսպես, օրինակ՝ Եղիշե Չարենցի ձեռագրերի մի մեծ հավաքածու հայտնվել է Մատենադարանում, Սերո Խանզադյանի արխիվը՝ Ազգային արխիվում, մինչդեռ այդ արխիվների ճիշտ հասցեն հենց ԳԱԹ-ն է։ Իզուր չէ, որ Չարենցը հենց ինքն է ստեղծել իր արխիվն այս թանգարանում հեռավոր 30-ականներին՝ թանգարանին հանձնելով «Սոմայի» ինքնագիրը, երբ թանգարանը դեռ Գրական թանգարան էր կոչվում։ Հետո էլ յուրաքանչյուր գործի մամուլում կամ առանձին տպվելուց հետո Չարենցն ինքն էր ձեռագիրը թանգարանին հանձնում։ Նույն կերպ վարվում էին շատ-շատերը։

 

Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Օֆելյա Կարապետյանը


Անհանգիստ նվիրատուներն ու նվիրատվության կարևորությունը

Շատ նյութեր թանգարանում հայտնվում են մշակույթի գործիչների կտակի հիման վրա, կամ էլ հետնորդների նախաձեռնությամբ։ Կլինի ընդամենը մեկ թերթ ձեռագիր, թե մի ամբողջ ճամպրուկ, մարդիկ հաճախ ցանկանում են նախ տեսնել, թե ի՞նչ պայմաններում է պահպանվելու իրենց կողմից թանգարանին վստահված նյութը։ Երբեմն նախօրոք այցելում են ու խնդրում ցուցադրել ֆոնդապահոցները, ցանկություն հայտնում ծանոթանալու թանգարանի հավաքածուին։


Սա միանգամայն հասկանալի ցանկություն է և թանգարանի աշխատակիցներն ամեն անգամ մեծ ուրախությամբ են ուղեկցում հյուրերին, պատմում, թե հայ մեծանուն գրողներից, երաժշտարվեստի, թատերարվեստի ու կինոյի գործիչներից, որոնց արխիվներն են պահպանվում թանգարանում։ Լինում են նաև այնպիսի նվիրատուներ, ովքեր ժամանակ առ ժամանակ նույնիսկ Սփյուռքից այցելում կամ զանգահարում են իմանալու իրենց կատարած նվիրատվության որպիսությունը։ Ու կրկին բոլորը բավարարված են լինում լսածով ու տեսածով։ 


Այժմ թանգարանը ջանք չի խնայում հայ, այդ թվում և սփյուռքահայ հասարակությանը իրազեկելու, որ Գրականության և արվեստի թանգարանն ուրախ է հյուրընկալել հայ երևելիների արխիվները և որ շատ կարևոր է, որ այդ նյութերը գտնեն իրենց պահպանության ճիշտ տեղը։ Կարո Վարդանյանը նշում է, որ հատկապես հիմա, երբ Սփյուռքում շատերի արդեն 4-րդ սերունդն է բնակվում, կարևոր է արխիվային նյութերը բերել Հայաստան։


«Եթե նրանց ծնողների, տատերի ու պապերի համար այդ արխիվներն արժեք էին, ապա նոր սերնդից ոչ բոլորն են գիտակցում, թե ինչ մեծ կարևորություն ունի այն ճամպրուկը, որն իրենց համար բեռ է դարձել,– բացատրում է նա։– Ցավոք, այս հարցի հանդեպ մեր երկրում պետական մոտեցում չկա»։ Տնօրենը ցավով նշում է, որ ոլորտը չի համակարգվում, կապեր չեն հաստատվում Սփյուռքի հայ համայնքների հետ այս հարցով ու, առավել ևս, նվիրատվություն կատարելու կամք հայտնելու պարագայում չի հոգվում ճանապարհածախսը։

 

 


Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծության ձեռագիրը

 


Նոր ցուցանմուշն ու ֆոնդապահը

ԳԱԹ-ն ունի գրական, թատերական, երաժշտական ֆոնդեր, կինոֆոնդ, ինչպես նաև տեսաձայնադարան ու գրադարան։ Նախքան այդ ֆոնդերից որևէ մեկում իր տեղը գտնելը յուրաքանչյուր նոր նյութ ցուցակագրվում և մանրամասն ուսումնասիրվում է։ Ձեռագրերն ընթերցվում են, արձանագրվում է դրանց բովանդակությունը, նյութը, թվագրությունը և այլն։ Այս բոլոր ընթացակարգերից հետո միայն նյութը դրվում է հանրության առջև։


Սա պատասխանատու, միևնույն ժամանակ սրտացավություն և ուշադրություն պահանջող աշխատանք է։ Իսկ որ ամենակարևորն է՝ այս աշխատանքը շատ սեր է պահանջում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Տիկին Օֆելյան, որ թանգարանում է աշխատում 1978-ից, այսպես է բնութագրում իր աշխատանքը. «Ես միշտ ասում եմ՝ ձեռագրատունը մեր սրբության սրբոցն է։ Եթե մեկ անգամ ձեռքդ վերցնես Թումանյանի ձեռագիրն ու երկյուղ զգաս, այլևս չես կարողանա հեռու լինել դրանից։ Հիվանդության նման մի բան է։ Հայտնի փաստ է, մեզ մոտ թանգարաններում աշխատավարձերը ցածր են և այլ տեղ աշխատելու գայթակղությունը միշտ մեծ է եղել, բայց ես այլ կերպ ուղղակի չէի կարող, չէի կարող հեռու մնալ այս ամենից։ Ամեն անգամ, երբ պատկերացնում եմ, թե օրինակ մեր եղեռնամահ գրողների ձեռագրերն ինչեր են տեսել նախքան իմ ձեռքում հայտնվելը, մարմնովս սարսուռ է անցնում»։