Աֆրիկյանների ակումբ | 2009-2014
SOS Երևան

Աֆրիկյանների ակումբ | 2009-2014

Ինչպես չհաջողվեց փրկել Աֆրիկյանների ակումբի շենքը։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի, Արեգ Դավթյանի


Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի

 

ԵՐԵՎԱՆ #68 | 2021

#SOSԵրևան

ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Երևանում բազմաթիվ հին շենքերի համար պայքարներից Տերյան 11 հասցեում գտնվող հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների ակումբի շենքի համար պայքարը թերևս ամենահիշարժանն ու ցավոտն էր։ Շենքն աչքի էր ընկնում ոչ միայն հնությամբ, մշակութային ու պատմական նշանակությամբ, այլև բացառիկ գեղեցկությամբ։ 


Աֆրիկյանների ակումբի շենքը կառուցվել է 19-րդ դարում քաղաքային դումայի անդամ, գործարանատեր, մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։ Հենց այս եղբայրների ջանքերով 1911-ին Երևանն առաջին անգամ ապահովվեց խմելու ջրով։ Մինչև խորհրդայնացումը շենքը եղել է քաղաքային ակումբ, որտեղ հավաքվել են քաղաքի նշանավոր մարդիկ։ 1926-ին Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է խորհրդային իշխանությունների կողմից և այս շենքը տրամադրվել է Ազգային անվտանգության ծառայությանը։ Ավելի ուշ այն վերածվել է  բազմաբնակարան շենքի, ուր բնակություն են հաստատել մոտ 30 ընտանիք։


Այն, ինչը հայտնի է որպես Աֆրիկյանների շենքի համար պայքար, իրականում այդ պայքարի ավարտն էր։ Շենքի համար պայքարը տևական է եղել։ Կառավարության որոշմամբ հուշարձան շենքը պետք է ապամոնտաժվեր և տեղափոխվեր, քանի որ Հին Երևան նախագիծը, որ հաստատվել էր դեռևս 2005-ին, նախատեսում էր իր մեջ ընդգրկել պատմամշակութային արժեք  հանդիսացող այն բոլոր շենքերը, որոնք այս տարիներին ապամոնտաժվել են Երևանում։ Շենքի ապամոնտաժման ծրագիրը նախագծի հեղինակի կողմից նախարարություն էր ներկայացվել 2012-ին, ինչից հետո երկու տարի պահանջվեց այն իրականացնելու համար։


Ի վերջո, չնայած շենքի բնակիչների ահազանգերին, քաղաքացիների բողոքներին և ակտիվիստների պայքարին, շենքն ապամոնտաժվեց։ Այն մինչ օրս վերակառուցված չէ։

 

 

ԱՐՍԵՆ ՇՈՒՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ճարտարապետ


Մտքովս չէր անցում, որ կարող է քանդեն։ Քանդեցին։


Ես փոքրուց հատուկ կապվածություն ունեի էդ շենքի հետ։ Հայրիկս մեր երևանյան զբոսանքների ժամանակ ինձ ցույց էր տալիս էդ տունը, ասում էր՝ «նայի, սա տարբերվում ա մնացած բոլոր շենքերից, ուրիշն ա»։


Էդպես տարիների ընթացքում գլխումս մի պատկերացում էր ձևավորվել, թե կան ինչ-որ արժեքներ, որոնք բացարձակ հասկանալի, ընդունելի են բոլորի համար, ով որ ապրում է իմ կողքին, իմ քաղաքում։ Էդպիսի արժեքներից էր, օրինակ, էդ շենքը։ Որ հնարավոր չի մեկի մտքով անցնի դրա վրա ձեռք բարձրացնել։ Բայց պարզվեց, որ ես իմ փուչիկի մեջ էի, իսկ փուչիկից դուրս լիքն են մարդիկ, որոնց համար Աֆրիկյանների ակումբը հեչ էլ արժեք չէր։ Ավելին, պարզվեց, որ մենք փոքրամասնություն ենք: Չկա սոցիալական պահանջ նորից պայքարելու ամեն քարի համար։ Սա լրիվ անիմաստ, անպետք պայքար էր։ Որովհետև պետք չէր ոչ մեկին։ Էն ժամանակ կային պատրանքներ, հիմա աչքերս բացվել են։

 

Ակտիվիստները փորձում են քանդել ցանկապատը

 

Իրազեկման միջոցառման մասնակիցները՝ ակումբի ներքին պատշգամբում


Մի անգամ էլ հուսահատության մի քայլի մասնակցեցի, երբ շենքի մոտ հավաքվածները քանդեցին շինհրապարակն անջատող ցանկապատը։ Մեքենայումս պլասկագուբցի ունեի, հանեցի ու բոլտերը հանեցի։ Տապալեցինք ցանկապատը։ Ջահելությունն էր շատ։ Էդ պահին ես էլ ինձ ջահել զգացի։ Բայց դե պարզ էր, որ արդեն որոշվել է։

 

Սա կարծես թե վերջին անգամն էր, որ բացի հետևելուց, գրելուց, մեկնաբանելուց նաև փողոց դուրս եկա։ Ֆիզիկապես մասնակցելը պետք է, բայց հնարավոր չի էդպես ամեն ինչի հետևից հասցնել։ Հնարավոր չի։ Ու ճիշտ չի։ Ու արդյունք էլ համարյա երբեք չի բերում։ Չիկագոյում պատմում էին, որ 19-րդ դարի գրադարանի շենքը պիտի քանդեին, մարդիկ դուրս եկան, բողոքեցին, բողոքեցին, ոչինչ չէր օգնում, մեկ էլ մի օր քաղաքապետի կինը եկավ, տեսավ, ասեց՝ վայ էս ինչ լավ շենք ա, գնաց ամուսնուն համոզեց, որ չքանդեն։ Մեկը մեկին՝ Տարոն ջան, սիրուն չի։ Այսինքն, Մաշտոցի պուրակն էլ ըստ էության պատահականություն էր, ոչ թե օրինաչափություն։

 

Շենքի քարերը համարակալվում են՝ հետագայում այլ տեղ վերակառուցվելու համար

 

 

ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վավերագրող ռեժիսոր


Վերջին ահազանգը

2014-ի ամռանը նորից ակտիվացան խոսակցությունները և գործողություններն Աֆրիկյանների շենքի շուրջ: Ակնհայտ էր, որ տարիներ տևած այդ խոսակցությունները և շենքի քանդման քնեցված հարցը գործնական փուլ էին մտնում։ Շենքի տարածքում արդեն շինարարական տեխնիկա էր հայտնվում։ Մի օր հանկարծ իմանում էինք, որ մի հատվածը քանդվել է կամ մետաղյա բազրիքներից որոշ հատված է կորել։


Շենքում մնացել էր ընդամենը երկու ընտանիք։ Մյուս ընտանիքները վաղուց արդեն ստացել էին որոշակի փոխհատուցում և դուրս եկել։ Մնացած երկու ընտանիքներն էլ ասում էին, որ ոչ մի պարագայում չեն լքելու այդ պատմական շենքը։ Ինչպես և շատ հաճախ լինում է, նման հուշարձանների քանդման հիմնական խոչընդոտը հենց բնակիչների իրավունքներն են։ Այսինքն՝ հուշարձանի պատմական, մշակութային կարևորության հենքով տարվող պայքարը, որպես կանոն, պարտվողական է, այդ ամենը շատ արագ երկրորդ պլան է մղվում և գործնականում քանդման միակ հիմնական խոչընդոտը մնում է բնակիչների իրավունքների հարցը։


Բնակիչներին էլ սովորաբար առաջարկում են մի ծիծաղելի գումար, բայց հասկանալի է, որ նրանք էլ են հոգնել անվերջ պայքարելուց, վերցնում են գումարն ու հեռանում։ Ինչպես միշտ, շահարկվում էր չարաբաստիկ «հանրության գերակա շահ»-ը. այս առումով օրենսդրական մեծ բացեր ունենք, որոնք թույլ են տվել վերջին տասնամյակներին հանրության շահի անվան տակ մարդկանց ունեզրկել ու հարստացնել առանձին կառուցապատողների։ Հանրության գերակա շահ կարող են համարվել կարևոր ենթակառուցվածքների կառուցումը, բայց, ինչպես շատ դեպքերում, Աֆրիկյանների տեղում էլ ընդամենը բիզնես շահն է օգտվել, արդյունքում հյուրանոց է կառուցվել, որից շահում են միայն առանձին մարդիկ։ Վերջին անգամ, երբ բնակիչները սկսեցին նորից ահազանգել, որ իրենց այցելում են, սպառնում, ստիպում համաձայնել առաջարկվող գումարին և հեռանալ, այն քաղաքացիները, որոնք մտահոգ էին, համախմբվեցին
և որոշակի ակցիաների շարք սկսվեց, որը միտված էր վեր հանելու արդեն լքված, քայքայված շենքի հմայքը, հնարավորություններն ու պատմական արժեքը։

 

 


Քաղաքի նոր բեմահարթակը

Մենք ակցիաներ սկսեցինք։ Տարածքը մաքրեցինք ու մշակութային միջոցառումներ սկսեցինք կազմակերպել։ Բակային հատվածը, ճիշտ է, մասամբ քանդված էր, բայց շատ կոլորիտային էր ու ներս ընկած մի խորություն կար, որ շատ հարմար էր որպես բեմ օգտագործելու համար։ Երաժիշտներն այդտեղ հանդես էին գալիս կատարումներով, տեղի էին ունենում հանրային քննարկումներ։ Այս բոլորն օգնեց հասարակության տարբեր շերտերի ներգրավել պայքարի մեջ։


Տարբեր սերունդների ներկայացուցիչներ էին գալիս։ Երեխեք կային, որ դասից հետո գալիս էին հերթափոխով հսկելու տարածքը։ Պատահում էր, որ մեկ էլ տեսնում էիր՝ էդ երեխեքը ոստիկանների հետ սահմանադրությունից մեջբերումներ անելով կռիվ են տալիս։ Միայն դա տեսնելն ամեն բան արժե։ Երբ տեսնում ես, որ քաղաքացիներն իսկապես գործարկում են իրենց քաղաքին տեր լինելու իրավունքը և բավականաչափ իրավագիտակից են։


Մի անգամ Տիգրան Համասյանը ելույթ ունեցավ, ինքն իր կատարումներով ամեն բան ասաց։ Դա թերևս ամենամարդաշատ օրն էր, և ինքն իր ներկայությամբ մեծ ուշադրություն գրավեց խնդրի հանդեպ։ Ճարտարապետ Սնխչյաններն իրենց ընկերների հետ միասին մի հետաքրքիր ակցիա իրականացրեցին՝ լվացք կախեցին, ցույց տալու համար, որ այդ շենքն ու բակը դեռ ապրելու ունակ միջավայր է։ Դա հնարավոր կյանքի խորհրդանիշն էր, որն արդեն գրեթե չկար այդ շենքում։


Հետո նաև նկարիչ Կարեն Օհանյանը շատ ազդեցիկ ակցիա իրականացրեց այնտեղ։ Քանի որ շենքի բոլոր քարերն արդեն համարակալված էին հռոմեական թվերով, Կարենը մի մեծ սպիտակ սավանի վրա նման մի հռոմեական թիվ գրեց ու այրեց այն։ Լինելիության ու չլինելիության շատ յուրահատուկ խորհրդանիշ էր դա։ Ահա այսպիսի մտքեր էին պարբերաբար գեներացվում այդ տարածքում։


Անշունչ բետոնը՝ 120 տարեկան շենքի փոխարեն

Զուգահեռաբար հանդիպումներ էին տեղի ունենում քաղաքապետարանի և մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, թղթեր էինք բերում-տանում։ Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության բաժնից ասում էին, որ իրենք չեն արտոնել քանդումը, քաղաքապետարանից էլ թե՝ քանդելու են։ Միշտ այդպես է, մի կողմն ասում է՝ այո, պիտի պահպանենք, բայց պարզվում է՝ դա ուղղակի խայծ է ու պահպանվելու են միայն ֆասադի համարակալված քարերը, իբր հետագայի՝ Հին Երևան նախագծի շրջանակում օգտագործելու համար։ Բայց այդ նախագիծն էլ ընդամենը հերթական անշունչ, բետոնե կոնստրուկցիաներով ճարտարապետություն է, որ պարզապես երեսպատվելու է հին շենքերի նմանությամբ։ Կեղծ ճարտարապետություն՝ ժամանակակից կենսամիջավայրով։ Սա պարզապես ծաղր է։ Քանդել շենքն ու այն իբր իջեցնել մեկ խաչմերուկ ներքև, բայց, իրականում, կառուցել հնի իմիտացիա, իսկ հին քարերը մինչ օրս կամ լցված են որևէ պահեստում, կամ, միգուցե, արդեն գոյություն էլ չունեն։


Իսկ ամենացավալին այն է, որ թե՛ քանդման աշխատանքների ղեկավարը, թե՛ Հին Երևան նախագծի ճարտարապետը և թե՛ Աֆրիկյանների շենքի տեղում այժմ կառուցվող շենքի հեղինակը, որքան տեղյակ եմ, միևնույն ճարտարապետն է՝ Լևոն Վարդանյանը։ Այսինքն՝ ընդամենը մի քանի մարդկանց ձեռքով նման խաղեր կարելի է խաղալ ու հանրությանը զրկել իր սեփականությունից։


Շենքը 120 տարեկան էր, այն յուրահատուկ որմնաքանդակներով ֆասադ ուներ։ Ոմանք ասում են՝ բորդել է եղել, ոմանք էլ, որ սրճարան է եղել, բայց, ամեն դեպքում, դա մի վայր է եղել, որտեղ շենքից ոչ հեռու գտնվող Հայֆիլմի առաջին, հին կինոստուդիայի շենքից (որը կրկին քանդվել է), հայ նշանավոր կինոգործիչներ են այցելել, երեկոներ անցկացրել, զրույցներ վարել։ Եվ մենք փաստորեն 20-րդ դարի առաջին կեսի համար այդքան կարևոր և հետաքրքիր կենսամիջավայր ունեցող թաղամասն ուղղակի հողին հավասարեցրինք, թողեցինք անշունչ բարձրահարկերի տակ։ Մենք հիշողության որևէ արժևորում չունենք, պատահական չի, որ բոլոր այս ոլորտներում անկում ենք գրանցում, որովհետև ունենք այսպիսի մերժողական, քանդողական քաղաքականություն հատկապես հիշողության հանդեպ։

 

Տիգրան Համասյանի ելույթը Աֆրիկյանների շենքի բակում

 


Կտրուկ գործողություններ

Ինչ-որ պահի արդեն բանվորներ հայտնվեցին, եկան, սկսեցին քար առ քար հանել։ Մենք էլ այդ ընթացքում այդ թիթեղներին հարվածելու ակցիան էինք անում։ Իհարկե, հասկանում էինք, որ տարածքի բնակիչներին խանգարում էինք այդ աղմուկով, բայց որևէ ակցիա չի կարող շատ հարմար լինել բոլորի համար։ Այդ աղմուկով հաջողեցրինք մի քանի անգամ դադարեցնել քանդման աշխատանքները։ Ոստիկաններն էլ գալիս, պահանջում էին դադարեցնել աղմուկը։ Մենք երթեր էինք անում, փողոցներում քաղաքացիներին իրազեկում էինք կատարվողի մասին, բայց հավանաբար առօրյա հոգսերի մեջ թաթախված մարդկանց համար այդ բառերը շատ լսելի չեն։ Եղավ նաև շենքի օկուպացիայի ակցիա, երբ մի քանի հոգի մտել էին շենքն ու հրաժարվում էին դուրս գալ այնտեղից՝ պնդելով, որ դա հանրային սեփականություն է։ Այնուամենայնիվ, նորից ոստիկանների միջամտությամբ ակտիվիստները հեռացվեցին։


Մի անգամ էլ շատ ռադիկալ քայլի դիմեցինք. սկսեցինք մաքրել քարերի համարակալումները։ Դե, գիտեինք, որ առանց համարակալման իրավունք չունեն շենքը քանդել։ Դա էլ մեծ աղմուկի առիթ հանդիսացավ, մի քանիսին բերման ենթարկեցին։ Ի վերջո աշխատանքներն ավարտին հասցրեցին, անգամ վստահ չեմ համարակալումները վերականգնեցին, թե ոչ, բայց շենքն այլևս գոյություն չունի։

 

 

 

Ակտիվիստ դարձնում է միջավայրը

Ըստ էության, մենք քաղաքացիներ ենք, որ անտարբեր չենք տեղի ունեցող անարդարության հանդեպ և այդ անարդարությունը թույլ տվող միջավայրն է մեզ դարձնում ակտիվիստ, ստիպում ինչ-որ բան ձեռնարկել, որովհետև անընդհատ բախվում ենք խնդիրների, որոնց հետ անհնար է համակերպվել, և որոնք համակարգային բնույթ ունեն։ Պետք է ուղղակի լինել ոչ անտարբեր քաղաքացի, դա է միակ նախապայմանը և միգուցե նաև չունենալ բավարար համբերություն։ Գուցե կան ոչ անտարբեր քաղաքացիներ, որոնք համբերում են կամ զիջումների գնում, բայց իրավունքի հարցում զիջումների գնալ՝ նշանակում է պարտվել, կարծում եմ՝ պետք է մի քիչ պակաս համբերատար լինել և փորձել տեսնել ու ուղղել խնդիրները, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Իհարկե, պայքարի ընթացքում կարելի է բազմաթիվ դժվարությունների հանդիպել. թե՛ իրավական, թե՛ հոգեբանական ու թե՛ նույնիսկ ֆիզիկական։ Բայց այդ բոլորից շատ ավելի ծանր է, երբ ինքդ մտահոգ ես ու ոչինչ չես կարողանում անել իրավիճակը փոխելու համար։

 

Ամեն մարդ ինքն է որոշում, թե որքան ակտիվ կարող է ներգրավվել պայքարում, բայց անտարբեր լինելը ոչ մի օգուտ չի տա։ 


Ես չեմ կարծում, որ անիմաստ է պայքարել, նույնիսկ եթե գիտես, որ պայքարը դատապարտված է պարտության։ Ցանկացած ազնիվ պայքար հանրության և հանրային փոխհարաբերությունների առողջացմանը միտված ազդակ է, և այդպիսի քայլերն ինչքան հաճախ լինեն, այնքան վարակիչ կլինի դա և ի վերջո կհանգեցնի այդ հանրության առողջացմանը։