Alteration
Ռեյվ

Alteration

Ինչպես կինո «Ռոսիան» ընդունեց Հայաստանի պատմության խոշորագույն փառատոներից մեկը։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Լուսանկարները՝ Դավիթ Գալստյանի

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

#Ճարտարապետություն #Ռեյվ


Փառատոնի համարյա երեք շաբաթների ընթացքում խելքի բերված «Այրարատում» ելույթ ունեցավ 116 տեղացի և օտարերկրացի արվեստագետ ու երաժիշտ, այդ թվում էլեկտրոնային երաժշտության կարկառունները՝ տեխնո թագուհի Նինա Կրավիցը և կենդանի լեգենդ Ռիկարդո Վիյալոբոսը։ Մյուսները թվային արտի գազաններ էին՝ ռուսական Sila Sveta և «Сетап» ստուդիաները, որոնք ներկայացան իրենց լուսային և վիզուալ նախագծերով: Ընդ որում, երաժշտությունն ամենատարբեր ուղղվածության էր․ հայկական ռոք, փոփ, էքսպերիմենտալ («Դասական և էլեկտրո ֆյուժն» համերգը շատերի համար փառատոնի գլխավոր զարդն էր): Ընդհանուր առմամբ, փառատոնի հանդիսատեսի թիվը հասել է մոտ 2500-ի, այդ թվում՝ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և եվրոպական տարբեր երկրներից։

Այս տարվա մայիսի 30-ից հունիսի 18-ը Երևանում անցկացվեց Alteration երաժշտության և արվեստի միջազգային փառատոնը։ Էլեկտրոնային ուղղվածություն ունեցող, Հայաստանի համար աննախադեպ խոշոր միջոցառման գլխավոր հարթակն «Այրարատ» կինոթատրոնն էր (նույն ինքը՝ կինո «Ռոսիան»)։ Փառատոնի օրերից մեկի ժամանակ ԵՐԵՎԱՆի թղթակիցը շրջել է տարածքում ու ծանոթացել այնտեղ տիրող նոր միջավայրի հետ։

 

 

 

Ոգեշնչել երիտասարդներին

Մայիսի 30-ին հավաքվում են ընկերներով, զույգերով, ավելի տխուր դեպքերում՝ լրիվ միայնակ ու զուգված-զարդարված ուղիղ համերգի դահլիճ։ Հետն էլ տեղը տեղին ուրախանում, որովհետև Alteration երաժշտական փառատոնի մեկնարկը տալիս է տեխնո թագուհի Նինա Կրավիցը՝ չտեսնված ծավալուն փառատոնի առաջին հռչակավոր հեդլայները։ Կազմակերպիչներն ասում են, որ այս ամենի գլխավոր նպատակներից մեկը հետպատերազմյան Հայաստանում երիտասարդների բարոյահոգեբանական վիճակի բարձրացումն է, որ պետք է «ոգեշնչել նրանց ապրելու, ստեղծագործելու, ստեղծելու հասարակական արժեքներ»։ Ես էլ, որպես երևանյան ջահելության կարկառուն ներկայացուցիչ, որին պետք է ոգեշնչել, կարգին զուգվում-զարդարվում եմ ու ուղղությունս «Այրարատ», նույն ինքը «Կինո Ռոսիա»։

 

Ճանապարհվում եմ մետրոյով և միայն իմ կանգառ հասնելիս մտաբերում, իհարկե ամոթով, որ հստակ չգիտեմ կինոթատրոնի շենքը (շատ կներեք, բայց այն դադարել է գործել իմ ծնվելուց տարիներ առաջ)։ Շուտով տնտղում եմ մոլի տարածքն ու հայտնվում լեգենդար կինոթատրոնի կախովի ծածկի տակ, որն ինչպես հետո համացանցից պարզեցի, 70-ականներին դեռ չլսված կայմաճոպանային ծածկ մոդեռնիստական լուծումն է։ 

 

Աստիճաններով դեպի կինոթատրոնի մուտք եմ շտապում, որտեղից էլ սկսվում է համերգին սպասող մարդկանց հերթը։ Ճիշտ և ճիշտ իմ նկարագրածի պես, երբ հավաքվածների դեմքից էլ կարդում ես, թե եկել են կարգին երաժշտություն լսելու, չնայած կարգինն էն խոսքը չէ՝ փառատոնի այդ օրվա ցուցակում հայկական ռոքն է՝ Լավ Էլին, Կաթիլը, Ներման, Ռոզեն Թալը, իսկ հատուկ հյուրը բեյրութցի Գուրումիրանն է։ 

 

Տարածքը տնտղելու անհրաժեշտությունն ինձ հանեց երևանյան կարգին ջահելների շարքերից՝ զգաստացնելով, թե վերջիվերջո այստեղ եմ որպես ԵՐԵՎԱՆ ամսագրի լրագրող և նախևառաջ պետք է ավարտել հարցազրույցը փառատոնի կազմակերպիչներից մեկի՝ Ազոյան Հովհաննեսի հետ, հետո Գուրումիրանը, գարեջուրը և մնացած բաները։ 

 

Արդարության վերականգնում

Առաջին հարցը, որ տալիս եմ, կապված է տարածքի անվանման հետ։ Խոսքի մեջ բոլորն այն գիտեն որպես «Ռոսիա», բայց Alteration-ին վերաբերող տեքստերում նշվում է «Այրարատը»։ Որպեսզի կասկածներ չմնան, դահլիճի պատերից մեկին այդ բառով հսկայական գրաֆիտի է պատկերվել։ Պարզվում է, որ սա պատմական արդարության վերականգնում է․ երբ կինոթատրոնը դեռ նոր պիտի բացվեր, նախատեսվում էր այն կոչել հենց «Այրարատ» կամ «Նոյյան տապան»։ Բայց վերջին պահին որոշում կայացվեց հաճոյանալու կայսրության կենտրոնին։ Այդպես, կինո «Մոսկվայից» քիչ հեռու բացվեց կինո «Ռոսիան»։ 

 

Ինչևէ, անկախացումից հետո կինոթատրոնը պաշտոնապես անվանվեց «Այրարատ», բայց քանի որ պատերազմի տարիներին կինո գնացող առանձնապես չկար, մարդկանց հուշերում շենքը, որ արդեն ավելի շատ տոնավաճառ էր, քան մշակութային կենտրոն, այդպես էլ մնաց կինո «Ռոսիա»։ Alteration-ով փորձ է արվում վերականգնել արդարությունը։ Եվ այս առաջին քայլն իրոք տպավորիչ է։ 

 

 

 

Սենյակներում թաքնված արվեստ

Հենց երաժշտական բեմի կողքին էլ իմացա՝ գլխավոր փոփոխությունն այս դահլիճում եղել է երբեմնի կինոթատրոնի աթոռներից ազատվելը։ Հատուկ փառատոնի համար հարմարեցված բարի սեղանիկին հենված մի պահ փորձեցի պատկերացնել՝ ինչպիսին էր այս դահլիճը, երբ հսկա կինոսրահ էր՝ 1600 նստատեղով։ 

 

«Ռոսիայի» շենքի՝ երբեմնի մշակութային կենտրոնի փայլը վերադարձնելու աշխատանքները սկսվել են դեռևս երկու տարի առաջ։ Այժմ այդ մասին Հովհաննեսը պատմում է կինոթատրոնի հետնամասի սրահներից մեկում, որը ներկայումս ծառայում է որպես սրճարան։ Այստեղ հասնելու համար պետք է բարձրանալ դեպի վերև տանող աստիճաններով, որը կարող եք նկատել նախքան մեծ դահլիճ մտնելը։ Ապա անցնել անմիջապես բեմին հարող սրահով, որտեղ ևս կարելի է կանգ առնել, մի բաժակ գարեջուր խմել և հետևել, թե ինչ է կատարվում առաջին հարկում։ Սակայն ի տարբերություն այս սրահի՝ ներսում գտնվող սենյակները համեմատաբար ձայնամեկուսացված են, լուսավորությունը՝ կարմիր-նեոնային։ 

 

Տարածքը ժամանակակից մշակութային կենտրոնի վերածելու գաղափարն իրականացրել են հինգ ընկերներով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։ Հիմնական նպատակը ոչ միայն նոր շունչ հաղորդելն է եղել «Այրարատին», այլև հարթակ ստեղծելը՝ մշակութային տարբեր միջոցառումներ իրականացնելու համար և խթանել Երևանում մշակութային կյանքի զարգացումը։ Այս մասին խոսելիս Հովհաննեսն հիշում է փառատոնի բացման առաջին օրը, երբ այս շենքն իր հարկի տակ ընդունեց 1500 հոգու, ովքեր շրջում էին երբեմնի կինոթատրոնի տարածքով և ցնցված գրանցում կատարված փոփոխությունները։ 

 

Մենք անցնում ենք նեղ միջանցքով, որի պատերին մեծ ու փոքր չափերով տեղ են գտել հայ ժամանակակից նկարիչների աշխատանքները։ Կինոթատրոնի երկրորդ և երրորդ հարկերում ներկայացված են շուրջ 40 աշխատանքներ և յուրաքանչյուրին անդրադառնալու համար հարկավոր է անցնել բոլոր սրահներով, քանի որ դրանք փակցված են ամբողջ տարածքում, անգամ միջանցքներում։ Ներկայացված ցուցանմուշների ընտրությանը, ինչպես պատմում է Հովհաննեսը, իրենք չեն մասնակցել՝ միայն առաջարկել են և ընտրությունը թողել նկարիչներին։ 

 

 

 

 

Այս կանաչ կարմիր աշխարհը

Շուտով մենք անցնում ենք նեղ միջանցքով, Հովհաննեսը զուգահեռ բացում է դռներից մեկն ու հայտնվում կինոմեխանիկների սենյակում։ Ահա այստեղից 1970-ականներին անջատվում էր մեծ կինոդահլիճի լուսավորությունը, կինոժապավենը հայտնվում էր պրոյեկտորի մեջ և լույսն ընկնում էր կինոէկրանին։ Ու սկսվում էր կինոն։ 

 

Մենք առաջանում ենք կինոյի ցուցադրման սենյակից և անցնում հաջորդ սրահ, որի չորս պատերին էլ 70-ականների «Այրարատում» ցուցադրված ֆիլմերի պաստառներն են։ Այստեղ ինձ ներկայացնում են մի նորամուծություն, որի մասին երազել անգամ չէին կարող «Ռոսիայի» երբեմնի այցելուները․ պաստառները կկենդանանան և հնարավորություն կունենաք տեղում դիտելու ֆիլմերը ՝ շնորհիվ հատուկ QR կոդերի, որոնք ձեր հեռախոսներում կառաջարկեն ֆիլմերի յութուբյան տարբերակները։ Իհարկե, եկել հասել էի՝ պետք էր փորձարկել։ Եվ շուտով «Այրարատի» կինոէկրանից «Այս կանաչ կարմիր աշխարհը» ֆիլմը հայտնվում է իմ հեռախոսի էկրանին, սակայն դիտել դեռ կհասցնեի՝ պետք էր անցնել մյուս սրահներով։ 

 

 

Մեկը մյուսի հետևից բացվում և փակվում էին սրահների դռները՝ մինչ այդ ներքևում հայկական ռոքը խառնվում էր նեոնային լուսավորությանը և գարեջրով միմյանց ողջունելուն։ Ես էլ երկրորդ հարկի բարում հետևում էի, թե ինչպես է պատրաստվում իմ անսովոր հյութը՝ սովորական ձմերուկով։ Միանշանակ, երբ այստեղ այցելեք, քայլեք ուղիղ բաց սրահի բարը և խնդրեք ձեզ համար պատրաստեն նույն ձմերուկի հյութը, հետո անցեք նույն ճանապարհով, ինչ ես՝ արկածախնդրությամբ բացելով յուրաքանչյուր դուռ։ 

 

Մենք դուրս ենք գալիս բարից, անցնելով նույն ճանապարհը դեպի սկիզբ՝ նեղ աստիճաններով դեպի մեծ դահլիճ, ուր կանաչ կարմիր մեծ աշխարհն է։ 

հավելյալ նյութեր