«Արայիկնոցի շրջանավարտները»․ դրամահավաք
reArmenia հարթակում մեկնարկել է դրամահավաք՝ Արա Միսակյանի ֆոտո ստուդիայի և դրա այցելուների մասին պատմող անիմացիոն վավերագրական ֆիլմի համար։ Պատմում ենք՝ ինչի մասին է ապագա ֆիլմը և ինչու արժե դրան աջակցել։
24.03.2025Ի՞նչ էր Արայիկնոցը
1980-ականների վերջից մինչև 90-ականների կեսերը Մարշալ Բաղրամյան 2 հասցեում գործում էր Արա Միսակյանի ֆոտոստուդիան, ավելի հայտնի որպես «Արայիկնոց»։ Դա ոչ թե պարզապես լուսանկարվելու վայր էր, այլ ռոք երաժշտության, ազատության ու հույսի մի ամբողջ աշխարհ: Արայիկնոց գալիս էին չճարվող կասետներ ձայնագրելու, սիրելի աստղերի ֆոտո-քարտերը վերատպելու, ռոք-աստղերի կերպարներով լուսանկարվելու ու ընդհանրապես՝ համախոհների հետ ժամանակ անցկացնելու համար։
Ինչպես հիշում է «շրջանավարտներից» մեկը, «Խորհրդային Միության ու հետխորհրդային ծանր տարիներին Արայիկնոցն ու ռոք երաժշտությունն ասոցացվում էին ազատության մասին երազանքի ու պայծառ ապագայի հավատքի հետ»։
Աջակցել ֆիլմին reArmenia հարթակում
Ինչի՞ մասին է լինելու ֆիլմը
«Արայիկնոցի շրջանավարտները» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է լինելու, ոտեղ հռչակավոր ֆոտո ստուդիայի մասին կպատմեն դրա միջով անցած մի քանի հերոսներ։ Ըստ հեղինակների, սա առաջին հերթին ստեղծագործական ասելիք է, ինչպես նաև՝ հարգանքի տուրք Արա Միսակյանին և այն սերնդին, որը չէր ուզում մոխրագույն պատի աղյուսներից մեկը լինել։ Սա նաև անդրադարձ է 80-ականների վերջի, 90-ականների սկզբի դարաշրջանին, երբ Երևանը և ամբողջ Հայաստանն անցան բարդ պատմական գործընթացների միջով, որոնք ազեցին մեր երկրի և մեր ինքնության ձևավորման վրա։
Ի՞նչ է անիմադոկը
Անիմադոկը համեմատաբար նոր և արագ զարգացող ուղղություն է անիմացիայում։ Դա փաստագրական նյութի՝ արխիվային տեսանյութերի, լուսանկարների կամ հարցազրույցների վրա հիմնված անիմացիոն ֆիլմ է։ Վերջին տարիների նշանավոր անիմադոկներից է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը»՝ հիմնված այդ իրադարձությունների ականատես Արշալույս Մարդիգանյանի հարցազրույցի վրա։ «Արայիկնոցի շրջանավարտները» նույնպես կառուցվելու է մի քանի հարցազրույցների հիման վրա, իսկ տեսաշարում ակտիվորն կօգտագործվեն հենց Միսակյանի ստուդիայում արված արխիվային լուսանկարները։
Թիմը և դրամահավաքի ակնկալիքները
Ռեժիսորը Սուրեն Թադևոսյանն է՝ Հայաստանի ամենապահանջված կինոօպերատորներից մեկը, որն ունի մեծ փորձ անիմացիայի ոլորտում, սակայն այս նախագծում առաջին անգամ հանդես կգա որպես ռեժիսոր։ Սցենարը գրել է ԵՐԵՎԱՆ ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը՝ Invisible Friends անիմացիայի դպրոցի դասավանդող Սերգեյ Կապկովի կուրսի ընթացքում։ Նկարիչը Աննա Հակոբյանն է, արտ-տնօրենը՝ Օլեսյա Տիխովան, իսկ արտադրությամբ զբաղվում է Skyline ստուդիան, պրոդյուսեր Գուրգեն Պարոնյանի ղեկավարությամբ։
Նախապատրաստական փուլում ստեղծագործական տեսլականն իրականացնելու համար թիմն ակնկալում է աջակիցներից 25,000$, իսկ մնացած անհրաժեշտ գումարը կհայթայթվի զանազան կինոհիմնադրամների միջոցով և այլ աղբյուրներից։