Արդիության պահը․ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության հայաստանյան հետքը
Գիրք

Արդիության պահը․ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության հայաստանյան հետքը

Ինչպես ինստագրամյան լուսանկարներից ծնվեց հայ մոդեռնիստական ճարտարապետության մասին «Արդիության պահ» պատկերագիրքը․ ԵՐԵՎԱՆը շփվել է գրքի հեղինակ, արվեստաբան Վիգեն Գալստյանի հետ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

 

#Դիզայն #Ճարտարապետություն #ՔաղաքըԿարդումԷ

Ինստագրամից․․․

2016-ին հայկական սոցցանցային տիրույթում, ավելի ճիշտ՝ Ինստագրամում, հայտնվեց մի էջ՝ armenocontempo, որն այդ շրջանում տեղական արվեստի, ճարտարապետության ու ընթացիկ մշակութային իրադարձությունների մասին առաջին նմանօրինակ հարթակն էր և լավ փորձարկում՝ սոցցանցի ներուժն օգտագործելով հանրությանը նման բովադակություն մատուցելու տեսանկյունից։ Արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանի ստեղծած էջը հետզհետե համալրվեց 1960-1980-ական թվականների հայկական մոդեռնիստական ճարտարապետության պահպանված նմուշների՝ iphone-ով արված լուսանկարներով։ 

 

Սկզբում դա պարզապես էջ էր, որին հաստատ արժեր հետևել, բայց ժամանակի հետ այն ձեռք բերեց առավել մեծ՝ վավերագրական նշանակություն, հաշվի առնելով այն, որ էջում տեղ գտած կառույցներից որոշներն այժմ արդեն կանգուն չեն։ Այդ շրջանի ճարտարապետությունը վավերագրելու իր որոշման մասին խոսելիս Վիգենը մասնավորապես նշում է, որ երբ խոսք է գնում ազգային կամ հայկական ճարտարապետության մասին, բոլորը սովորաբար և անմիջապես մտաբերում են եկեղեցական ու միջնադարյան կառույցները, իսկ արդի շրջանի ճարտարապետությունը հիմնականում այդ ձևակերպումներից դուրս է մնում․ «Որպես արվեստաբան ես զբաղվում եմ հենց այդ շրջանի արվեստով ու, հետևաբար, ինձ հետաքրքրում էր ազգայնական գիտակցության կազմավորման ընթացքում, այսինքն՝ 19-րդ դարից ի վեր ստեղծված ճարտարապետությունն ու մշակույթն ընդհանրապես, դրա հետազոտումը և հանրահռչակումը։ Փաստացիորեն սա նաև մեր մշակութային ժառանգության այն շերտն է, որն առավել վտանգված է ու զարմանալիորեն քիչ վավերագրված, քանի որ դրա զգալի մասը չի բնորոշվում իբրև հանրային ու մշակութային արժեք»։ 

 

 

․․․Գիրք

Ի վերջո, էջը գրքի վերածելու գաղափար տվեցին ու պահանջեցին հենց իրենք՝ էջի հետևորդները։ Վիգենն ինքն էլ եկավ այն մտքին, որ ինստագրամյան էջից դուրս այս լուսանկարները կարող են բավական այլ, ավելի հղացական կերպով աշխատել։ Միտքը քննարկեց ձևավորող Նվարդ Երկանյանի հետ, ու 2018-ից սկսվեցին փորձարկումները։ Անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի հրատարակություն, որը կարող էր արդարացնել ու իմաստավորել լուսանկարների փոխադրումը վիրտուալ հարթակից դեպի տպագիր էջ։ Ստեղծվեց «Արդիության պահը»։ 

 

«Առաջին հերթին կար զուտ պրակտիկ բաց լրացնելու խնդիր. մինչ օրս ասպարեզում չկային խորհրդահայ, հետպատերազմյան շրջանը ամփոփող պատկերագրքեր։ Դրանք կամ ակադեմիական ուսումնասիրություններ էին, կամ ավելի նեղ թեմայի նվիրված հրատարակություններ, ինչպես, օրինակ՝ ուրբանլաբի՝ Մեծամորին նվիրված աշխատությունը։ Ես պատմագրության հարց չէի դրել իմ առջև և գրքի նպատակն ավելի շուտ խորհրդահայ մոդեռնիստական ճարտարապետության պատկերագրությունը տեսողական միջոցներով հասկանալու և դասակարգելու փորձն էր։ Սա շատ պարզ, բայց ըստ իս արդյունավետ միջոց էր համեմատական և համադրողական մեթոդով հասկանալու այն ընդհանրությունները, հետևողականություններն ու նաև հակասությունները, որոնք առկա էին 1960֊1980-ականների մեջ ճարտարապետական ու քաղաքաշինական դաշտում»,—ասում է Վիգենը։ 

 

Թվում էր, թե բավական հեշտ պետք է լիներ, կան լուսանկարներ, պետք էր ալբոմ ստեղծել, բայց իրականում  ամեն բան այդքան էլ հեշտ չէր։ Բավական երկար ժամանակ պահանջվեց, մինչ գծագրվեց գրքի բուն կառուցվածքը, կատարվեց լուսանկարների ընտրությունն ու համադրումը։ Բարդ էր նույնիսկ տարրական փաստեր պարզելը, օրինակ, թե ովքեր էին ճարտարապետները, երբ էր նախագծվել ու կառուցվել ու նույնիսկ, թե ինչ նախնական գործառույթ է ունեցել շենքը։ Այդ տվյալները ներկայացված են պատկերագրքի վերջում, Վիգենի՝ նախագիծը ամփոփող տեքստի հետ միասին։ 

 

Կարևոր է արձանագրել նաև, որ գիրքը ստեղծվել է չափազանց բարդ ժամանակահատվածում․ համաճարակ, պատերազմ, հետպատերազմյան անորոշություն։ «Ոչինչ չէր ստացվի, եթե կողքիս չլինեին սատարող մարդիկ, ինչպես Նվարդ Երկանյանը, Սանդրա Գորդոնը, Արեն Գասպարը, որոնք հավատում էին գրքի կարևորությանը և հորդորում էին ավարտին հասցնել նախագիծն ու նույնիսկ ներդրումներ են կատարել այդ նպատակին հասնելու համար», - խոստովանում է Վիգենը։ 

 

 

Գիրք՝ առանց գրի

Գիրքը թերթելիս տեքստերի գրեթե չենք հանդիպի։ Պատկերային հատվածը զերծ է տեքստերից, ինչը շեշտադրում է շենքերի ձևային «երկխոսությունները»։ Տեքստեր միայն գիրքը բաժանող գլուխների անվանումներն են, որոնք ակնարկում են տվյալ բաժիններում ներկայացված կառույցների հասարակական գործառույթները։ Օրինակ՝ «Ապրել» բաժնում ներկայացված են բնակելի շենքեր ու հանրախանութներ, իսկ «Ճամփորդել» բաժնում կգտնեք ավտոկայանների, գնացքի կայարանների, ավտոբուսների կանգառների և ճոպանուղիների լուսանկարները․ «Քանի որ խորհրդային քաղաքակրթությունը չափազանց ֆունկցիոնալիստական ու արտադրողական էր իր էության մեջ, կառույցների ձևերն արդեն իսկ պայմանավորված էին այդ ֆունկցիաներին ծառայելու սկզբունքով»,— ասում է Վիգենն ու խոստովանում, որ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էին հայ ճարտարապետներն աշխատել այդ պայմաններում և արդյոք նրանց հաջողվել է տրանսֆորմացնել որևէ գործառույթ ճարտարապետության միջոցով։

 

Ինքնուրույն արվեստի առարկա

Վիգենը և Նվարդը ի սկզբանե ցանկանում էին ստեղծել գիրք, որն ինքնին կարող էր ընկալվել որպես արվեստի/դիզայնի առարկա․ «Հենց սկզբից էլ որոշվեց, որ այն պետք է փոքր լինի, այլ ոչ թե մեծադիր մի ալբոմ։ Դրանով լուծում էինք երկու խնդիր․ նախ՝ այֆոնային լուսանկարների որակային սահմանափակումները թույլ չէին տալիս մեծադիր վերատպություններ, և ես ուզում էի այս մոնումենտալ, հաճախ բրուտալիստական ոճի ճարտարպետությանը հաղորդել ավելի մտերմիկ, անմիջական զգացողություն։ Շատ կարևոր էր ճիշտ տպագրության հանգամանքը, ինչը Հայաստանում հաճախ բարդ է ստանալ։ Ինստագրամյան լուսանկարները շատ պերճ ու հագեցած են ստացվում օգտագործվող ֆիլտրների հաշվին։ Ես ուզում էի, որ այդ գերբնական պերճությունը փոխանցվեր, միևնույն ժամանակ վերատպությունները լինեին միաժամանակ նաև թվային, փոքր-ինչ խամրած ու աղոտ՝ կարծես անհետացման շեմին կանգնած։ Ի վերջո, գիրքն այս ահռելի պատմական ու մշակութային փորձառության աղոտ ու մասնակի հետքը միայն կարող է լինել, ինչի մասին ակնարկում է վերնագիրը։ Գրեթե բոլոր լուսանկարները շենքերի հատվածներ են ներկայացնում. գաղափարն այն է, որ գրքի միջոցով դրանց միասնությունը կազմելու է մի մեծ, բայց և «չամբողջացնող» պատկերագրական խճանկար/քարտեզագրում»,—պատմում է Վիգենը։ 

 

 

Առաջին կարգի անհրաժեշտություն

Ի դեպ, այս «Արդիության պահը» նաև շարժառիթ հանդիսացավ հայ արվեստին նվիրված «ՄանԲան» անկախ հրատարակչությունը հիմնելու համար։ Ըստ Վիգենի՝ արդի շրջանի մեր մշակույթն ու արվեստը չափազանց հարուստ են, սակայն տեղական հրատարակչական ոլորտը հետևողականորեն չի անդրադառնում այդ ժառանգությանը և դրա հետ կապված տեսական ու պատմական խնդիրներին, և վաղուց արդեն ժամանակն է, որ Հայաստանում ևս լինի արդի ու ժամանակակից արվեստին, ճարտարապետությանը, լուսանկարչությանը և կինոյին նվիրված մասնագիտական հրատարակչություն։ 

 

«Լինելով գրքամոլ, ինձ համար նման աշխատանքը գերագույն հաճույք է, որը ես դիտարկում եմ նաև որպես առաջին կարգի անհրաժեշտություն, քանզի հայկական մշակույթի հանրահռչակումն այսօր քաղաքական լուրջ առաջնահերթություն է դարձել։ Մենք կենտրոնանալու ենք այն կարգի բովանդակության վրա, որը սովորաբար մնում է անտեսված․ կլինեն հայ լուսանկարիչներին ու կին արվեստագետներին նվիրված առանձին շարքեր, ինչպես նաև հայկական դիզայնին առնչվող հրատարակություններ», — ասում է Վիգենը։ 

 

Արդեն այս տարի «ՄանԲան» անկախ հրատարակչությունը պատրաստում է թողարկել Նվարդ Երկանյանի գրաֆիկական նկարազարդումների ալբոմը, Կամո Նիգարյանի պաստառների կատալոգը, Մերի Յուզբաշյանի կինոգիտական հոդվածների ժողովածուն, Ռուդոլֆ Վաթինյանի լուսանկարների պատկերագիրքը, ինչպես նաև ստալինյան շրջանի հայկական ճարտարապետությանը նվիրված ֆոտոգիրքը։ 

 

Իսկ մինչ այդ, «Արդիության պահը» հնարավոր է գտնել «Էպիգրաֆ» գրախանութների ցանցում։ 

 

հավելյալ նյութեր