Արտ-վարակ
Մեկուսացում

Արտ-վարակ

Վիզուալ արվեստի արձագանքը 2020-ի քովիդին ու մեկուսացմանը։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

 

#Մեկուսացում2020

Ինչպես և շատ այլ բաներ, համավարակի օրերին արվեստից ևս պահանջվեց լինել հասանելի, կարճ ասած՝ անցնել օնլայն ռեժիմի։ Առանց այն էլ ոչ այնքան ակտիվ մշակութային կյանքը ստիպված էր հարմարվել նոր իրականությանը։ Նախկինում հանդիսատեսի հետ ուղիղ շփման ձգտող արվեստը մեզ հասավ համակարգչի ու հեռախոսի էկրաններից, չնայած որ այնուամենայնիվ եղան մի քանի, համավարակից չվախեցող, «համարձակ» ցուցահանդեսներ։ Ուսումնասիրում ենք վիզուալ արվեստի արձագանքը 2020-ի քովիդին ու մեկուսացմանը։

 

Դավիթ Յուխանյան

 

Հակասական մոտեցումներ

Մի շարք գործերում ուղիղ կամ ոչ ուղիղ կերպով արտահայտվեց համավարակը։ Ժամանակակից արվեստագետներն ու հատկապես նկարազարդողները շարքեր սկսեցին՝ շոշափելով հենց համավարակի և կարանտինի թեմաները։ Դրանցում արտահայտված են կարանտինյան դիսկոմֆորտը, մենակությունը, անգործությունը, ձանձրույթն ու տհաճությունը։ Որոշ նկարազարդումներ էլ, ընդհակառակը, կոչ են անում մնալ տանն ու ցույց են տալիս, թե որքան հարմարավետ ու տաքուկ է տունն ու ինչքան լավ է տանը մնալն ու մյուսների կյանքը չվտանգելը։ Ի հայտ եկավ նոր քովիդյան պատկերագրություն՝ իր պարտադիր ատրիբուտներով. դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր, զուգարանի թղթեր, բարձ ու անկողին, ընտանի կենդանիներ, գրքեր ու էլի ինչ-որ բաներ, որ կարելի է տանն ունենալ ձեռքի տակ՝ չձանձրանալու համար։


Իր պոստերների ու հենց զուգարանի թղթի վրա արված գծանկարի մասին խոսելիս Վիլյամ Կարապետյանը նշում է. «Կան թեմաներ, որոնք թույլ են տալիս ստեղծագործել։ Նման թեմաները շատ են արժևորվում, դրանց մասին շատ է խոսվում, գալիս է մի պահ, որ եթե այդ թեմայով մի բան չանես, գիշերը չես կարողանա քնել։ Հատկապես այն ժամանակ, երբ սկսում են անտրամաբանական բաներ տեղի ունենալ, ինչպես, օրինակ, մեծ քանակությամբ զուգարանի թղթի գնումները, դիմակը դնչին կրելը և այլն, արդեն անհնար է դիմակայել ու չխորանալ թեմայի մեջ։ Հենց այդ անտրամաբանական երևույթների հանդեպ սարկազմն է, որ փորձեցի փոխանցել գործերովս»:

 

Նվարդ Երկանյան

 

Լիլիթ Ալթունյան

 

Հարություն Թումաղյան


Զուգարանի թղթի թեման շարունակեց «Ռամբալկոշե» գալերին՝ իր CORONART պրոյեկտով։ Անուշ Գուրգենյանի, Եվա Մուրադյանի, Արեգ Բալայանի, Վահագն Համալբաշյանի, Հարություն Թումաղյանի, Նունե Նինվե Խաչատրյանի, Սիրանուշ Մխիթարյանի և Միքայել Մարտիրոսյանի գործերի համար զուգարանի թուղթը դարձավ «կտավ»։


Այն որպես հիմնական նյութ ծառայեց նաև Սամվել Սաղաթելյանի «Հմայիլ – իմ սիրտը կփայլի նույնիսկ քաքի մեջ» շարքի համար։ Ըստ Սամվելի՝ համավարակն ի վերջո հարվածում է նախ և առաջ մարդուն ու նախ և առաջ մարմնին։ Կարևոր ու առանցքային է դառնում մարմինը, մարմնի դիմադրողականության ու խոցելիության չափը։ «Ո՞վ է մարդը», դարեր շարունակ արվեստի հիմքում ընկած այս հարցը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր պատասխաններ է ստացել։ Անտիկ շրջանում կարևորվում էր մարդու մարմինը, միջնադարում՝ հոգևորը, իսկ Վերածնունդը եկավ ու միավորեց այդ երկուսը։ Պատահական չէ, որ Վերածնունդը մարմնի հանդեպ այդ հիմնային վերաբերմունքը հետ բերեց հենց խոլերայի բռնկման շրջանում։ 20-րդ դարն էլ ցույց տվեց մարդու մտավոր՝ գաղափարական կողմը։ Ըստ Սամվելի՝ մարդու բոլոր այս հիմնային հատկանիշները միավորում է սերը՝ մարմնային ու հոգևոր։ Այս մտայնությունների արդյունքում, որպես մարմնի մշակույթի ցայտուն դրսևորում, արվեստագետն ընտրեց զուգարանի թուղթը, այն որպես մագաղաթ կիրառեց ու ստեղծեց իր՝ այսպես կոչված «հմայիլների» շարքը, որտեղ բարձրաձայնեց անձնային ու սոցիալքաղաքական թեմաներ։ 

 

Լուսինե Մելքոնյան, ԹՈՒՄՈ
 

«Ռամբալկոշե» գալերի, «CORONART» պրոյեկտ. Վահագն Համալբաշյան, Անուշ Գուրգենյան, Միքայել Մարտիրոսյան

 

Արեգ Բալայան


Սարկազմի հակառակ կողմը՝ տանը մնալու հարմարավետության ու կյանքեր փրկելու մասին կոչերն էին։ Այսպես՝ Լիլիթ Ալթունյանը ստեղծեց շարք՝ ոգեշնչվելով իր սև կատվից։ Նկարազարդումների շարքում այդ «Սուպեր կատուն» լիքը հավես բաներ է գտնում, որ կարելի է տանն անել ու չձանձրանալ. «Ուզում էի ցույց տալ, որ մեծ բան չի, կարելի է մնալ տանը, վայելել ու դրանով նաև մեծ ու կարևոր բան արած կլինենք։ Ինքս էլ խստորեն պահում էի կարանտինը, իհարկե, կային վախեր ու սթրեսներ, բայց ստեղծագործական առումով պրոդուկտիվ շրջան էր»,– ասում է Լիլիթը։


Բոլորովին այլ կերպ էր տեսնում իրավիճակը Պետո Պողոսյանը։ Թերևս ավելի իրապաշտական հայացք էր կատարվողին։ Դեռևս համավարակի սկզբում Պետոն կանխազգացել էր, որ քաղաքին մի բոլորովին նոր իրավիճակ է սպասվում։ Եվ, ինչպես միշտ, վճռել էր, որ պետք է արձանագրել ու վերլուծել նոր իրավիճակը, փոխհարաբերությունները, կերպարները, որպեսզի հնարավոր լինի ապրել այդ նոր իրավիճակում, նոր հոգեվիճակում, որն ամենայն հավանականությամբ երկար էր տևելու, որպեսզի հնարավոր լիներ հասկանալ նոր մոտեցումները, շփման ու վարքագծային նոր կանոնները: «Ես մնում էի տանը, փորձում էի աշխատել, բայց նաև շատ էի դուրս գալիս, իհարկե պաշտպանված, զինված, էքստրեմալ սպորտի էր նման, փորձում էի իրական ռեժիմով տեսնել, թե ինչ է կատարվում քաղաքում, այդ ամենը որսալ, դուրս բերել ու հետո համադրել նկարում ու մատուցել բոլորին»,— ասում է Պետոն ու զարմանքով նշում ցանկացած վայրում ուզածդ ինֆորմացիան ստանալու ազատության, բայց ուզածդ տեղում գտնվելու դժվարության մասին։

 

Պետո Պողոսյան


Արևիկ Արոյան

 

Արման Գրիգորյան

 

Վիլյամ Կարապետյան

 

Հակավարակ

2020-ի սեպտեմբերի 18-ին Երևանի նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց «Հակավարակ /Antivirus» ցուցահանդեսը, որը 2020-ի թերևս ամենամասշտաբային ցուցա-
հանդեսն էր։


Ցուցահանդեսում ներկայացված էին Սոնա Աբգարյանի, Դիանա Հակոբյանի, Հրաչ Վարդանյանի, Ավետիք Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Լևոն Ֆլջյանի, Արման Գրիգորյանի, Գևորգ Գրիգորյանի, Էդ Թադևոսյանի, Արա Պետրոսյանի, Արմինե Շահբազյանի, Տիգրան Հակոբյանի, Մկրտիչ Տոնոյանի, Արմեն Անտոնյանի, Լուսինե Նավասարդյանի,  Նարեկ Բաբումյանի, Արփա Հակոբյանի, Սամվել Սաղաթելյանի, Վահան Ստեփանյանի, Freedom Is Expensive (F.I.X.)-ի, Վիլյամ Կարապետյանի, Արա Ասլանյանի, Արամ Պարունակյանի, Ազատ Պետրոսյանի և Աշոտ Գրիգորյանի աշխատանքները։


Ցուցահանդեսի համադրող Վահագն Համալբաշյանը նշում է, որ ցուցահանդես համադրելու հրավեր ՆՓԱԿ-ից ստացել էր դեռևս մինչ համավարակը, բայց տարին թելադրեց իր կոնցեպտը։ Ցուցահանդեսը հավակնում էր լինել անտիվիրուս, հիմքում պայքարն էր վիրուսի դեմ՝ հոգևոր ու մտավոր դաշտում ու փորձ էր ցույց տալ, թե ինչ դրական բաներ կան դրանից այն կողմ։ 

 

Սամվել Սաղաթելյան

 

Լևոն Ֆլջյան

 

Կարեն Բարսեղյան, Ազատ Պետրոսյան

 

Ներկայացված գործերի մի մասն անմիջական, մյուս մասն էլ ոչ անմիջական կապ ունեին համավարակի հետ, սակայն բոլորն էլ արվել էին հենց կարանտինի ընթացքում։ «Հակավարակ» նախագիծը փորձ էր հանրությանը ներկայացնելու այդ ամբողջ ընթացքում արվեստագետի մոտ կուտակված ասելիքը՝ առաջարկելով սեփական հակաթույնը ճգնաժամի դեմ պայքարի համար՝ ստեղծելով մենթալ իմունիտետ։ Ըստ Վահագնի՝ արվեստագետը կարող է զգալի դեր խաղալ ստեղծված լարված իրավիճակը մեղմելու, և եթե չբուժելու բուն վարակից, ապա հանդիսանալու բավական էֆեկտիվ դեղամիջոց մտավոր և հոգևոր վարակի դեմ պայքարի համար։

 

հավելյալ նյութեր