Ատոմ Էգոյան․ «Հերոսների միջև կար ապշեցուցիչ էրոտիկ էներգիա»
Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը կբացի այս տարվա Ոսկե Ծիրանը։ Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը դիտել է «Յոթ շղարշ» դրաման (գործողություններն ընթանում են «Սալոմե» օպերայի բեմադրության ֆոնին) Բեռլինի միջազգային կինոփառատոնում, որտեղ էլ հանդիպել է Էգոյանին ու քննարկել ֆիլմը։
Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի
Այս ֆիլմում ևս, ինչպես իմ սիրելի «Էկզոտիկայում» կամ ոչ պակաս հայտնի «Քլոեում», նկատելի է ինչ-որ հոգեսեքսուալ բարդ ըմբնռելի թրիգեր, որը տեղափոխվում է Ձեր մի ֆիլմից մյուսը…
Հիշու՞մ ես այն տեսարանը, երբ Ամանդա Սեյֆրիդի կերպարը նայում է «Սալոմեի» հին բեմադրության կադրերը և տեսնում երգչին, որը շարժում է մատները։ Այդ տեսանյութը վերցրած է քսան տարի առաջ իմ արած բեմադրությունից։ Այդ երկու հերոսների միջև կար ապշեցուցիչ էրոտիկ էներգիա, չէի կարողանում հավատալ այն ամենին, ինչին ներկա էի… Ես բռնացրեցի դա իմ տեսախցիկով, ու մտածեցի՝ սա, հավանաբար, ամենաէրոտիկ բանն է, ինչ ես երբևիցե կնկարեմ, նույնիսկ ավելի էրոտիկ, քան «Էկզոտիկան», քան «Որտե՞ղ է թաքնված ճշնարտությունը», ավելին, քան այդ բոլոր ֆիլմերը։ Եվ ինչ-որ իմաստով գիտակցում էի, որ այդ էրոտիկ էներգիան մասամբ նրանից էր, որ ես նկարահանում էի այն, տեսախցիկս կենտրոնանում էր շարժումների վրա և ես դա ֆետիշացնում էի։
Կարծես male gaze-ի դասական օրինակ լինի․․․
Այո, կարծում եմ, որ այս պատմության մեջ շատ է այդ երևույթի ուսումնասիրությունը, այն գաղափարը, որ տղամարդը նայում է կնոջը և ակնկալում, որ վերջինս գործի որոշակի կերպ: Եվ լարումը, թե ինչ է պարտադրվում ինչ-որ մեկին և թե ինչ են իրենք զգում օրգանապես սեփական մարմինների նկատմամբ։ Ու այս կինը բավական խանգարվել է իրեն շրջապատող տղամարդկանց շնորհիվ կամ պատճառով. մենթորի, որը մահացել է, ամուսնու, որն ակնհայտ դավաճանում է իրեն և հոր հետ տեղի ունեցած պատմության պատճառով։ Այնքան շատ բան կա, որոնք նա փորձում է գլուխ բերել…
Հիշեցնում է «Էկզոտիկայի» հերոսուհուն․․․
Ես իսկապես շատ հետաքրքրված եմ նմանատիպ փոխհատումների մեջ, օրինակ՝ այն փաստի, որ արդյո՞ք «Էկզոտիկայի» մեջ մերկապարուհի Քրիսթինան հզորացնում է իրեն՝ կրելով սպանված դպրոցականի համազգեստը, թե՞ ինչ… Կարծում եմ, մենք հաճախ չգիտենք, թե ինչ ենք ձևացնում… Եվ դա մեր սեքսուալության էությունն է, եթե մենք կարողանայինք ռացիոնալիզացնել այն, ապա, հավանաբար, այլևս կարիք չի լինի այն բավարարել, ավելի խոր տեղից է գալիս, չէ՞…
Իսկ ի՞նչ եք ասում քննադատներին, երբ ասում են, որ դուք կրկնվում եք։
Վախենամ, թե այս ֆիլմի դեպքում իսկապես հնչի այդ միտքը։ Ես իսկապես արդեն անդրադարձել եմ այդ թեմաներին, բայց իրականում «Սալոմեի» օպերային բեմադրությունն ինքս արել եմ, երբ 30-ն անց էի՝ «Էկզոտիկայի» ու «Լուսավոր գալիքի» արանքում, և դա այն իմ էմոցոնալ հոգեվիճակի արդյունքն է, այն ամենի, ինչի մեջ էի այդ ժամանակ։ Այսպիսով, ես վերցնում եմ իմ 30-ականների առարկան ու հիմա ես 60-ի մեջ եմ ու հետազոտում եմ այն բոլորովին նոր դիտանկյունից։
Ատոմ Էգոյանը՝ նկարահանող խմբի հետ | լուսանկարը՝ IMDB
Կարելի՞ է սա որոշակի առումով վուայերիզմ կամ գուցե kink անվանել…
Այո, իհարկե, այդպես է. այդ զգացումն առկա էր ստեղծման մեջ, դուք չեք տեսել ֆիլմի ստեղծումը, բայց այն լրիվ վուայերիստական էր, այդ տարածքը, պալատը, որտեղ և ինչպես այն անդադար նկարահանվում էր, դա կարելի է տեսնել անգամ Հովհաննես Մկրտչի շուրթերին նայելիս, ինչպես նաև պրոյեկցիան, այդ տարօրինակ քիմիային, որն առկա է, երբ գործողություններն աբսուրդի ժանրից են, դու դիտարկում ես մի բան, և այն փոխում է իր դինամիկան, իր էներգիան, միանշանակ այդպես է։
Ֆիլմում առկա է սեռական ոտնձգությունների թեման, բոլորս գիտենք վերջին տարիների ակտիվությունն ու պայքարը դրա շուրջ, բայց գաղտնիք չէ, որ շատ հաճախ ոտնձգությունների արժանացած կինն է մեղադրվում և քարկոծվում, ոչ թե ոտնձգող կողմը, հատկապես Հայաստանում։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքն այս հարցի շուրջ։
Գիտես, հետաքրքիր է, որ նշեցիր սա, քանի որ վախենում եմ, որ երբ ցուցադրենք ֆիլմը Հայաստանում, շատերը կարող են մտածել, որ ֆիլմի այդ հերոսուհին սադրել է տղամարդուն, և մենք պետք է խոսենք դրա մասին, չէ՞… Կինը սրբություն է, քանի որ մայր է, և կարծես մենք միայն այդ կերպարն ենք ուզում ունենալ, դրան գումարվում են բաներ, որոնք մայրերն անում են զոհաբերության տեսանկյունից, ու հետևաբար մենք դա ենք ակնկալում մեր կանանցից։ Ես դա տեսել եմ, տեսել ծնողներիս ամուսնության մեջ, ասենք՝ անգամ փոքր վիճաբանությունների ու անհամաձայնությունների ժամանակ քեռիներս գալիս ու ասում էին մայրիկիս, որ նա պետք է ընդունի իրողությունը, դա մշակութային կոդ է, տղամարդիկ գիտեն, որ կանայք դա անում են…
Իսկ ինչպե՞ս կարող է արվեստը այս իրավիճակի վրա ազդել։ Եվ կարո՞ղ է ընդհանրապես։
Ուզու՞մ ես իմ անկեղծ կարծիքը՝ որպես արվեստագետ ես կարող եմ պատասխանել հարցին կերտելով այս ֆիլմի հերոսին և ներկայացնել օպերայի նոր փրոդաքշնը Ամանդայի հերոսուհու կերպարի աչքերով, և նա կլինի այդ ամենի ավատարը։ Ես Չարլզը՝ այդ հերոսուհու մենթորը չեմ, ոչ մի սիրավեպ չեմ ունեցել, բայց օժտել եմ իրեն դրանով, իսկ երբ Չարլզն ասել է, որ ուզում է իրեն տեսնել ռեժիսորի կարգավիճակում՝ դա պատի՞ժ է, թե՞ օրհնանք… Ու անգամ եթե ինստիտուտները ղեկավարվում են կանանց կողմից, դա դեռ չի նշանակում, որ իշխանության դինամիկան գնում է այդ կողմ, չէ՞ որ նրանք ժառանգել են որոշակի կաղապարներ, վարքային մոդելներ։ Ու այն ամենն, ինչ ես կարող եմ անել, որպես արվեստագետ դա ներկայացնելն է, ես չունեմ լուծումներ, բայց ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է բազմազան մասնակցություն։