Ինչպիսի՞ն է ստացվել «Ավատար․ ջրի ուղին» բլոքբասթերը
Կինո

Ինչպիսի՞ն է ստացվել «Ավատար․ ջրի ուղին» բլոքբասթերը

Երևանի կինոթատրոններում կարող եք դիտել Ջեյմս Քեմերոնի նոր՝ «Ավատար. ջրի ուղին» ֆիլմը, որին սպասում էին տասներեք տարի։ Կինոքննադատ Յուրի Միխայիլինը կարծում է, որ ֆիլմի փիլիսոփայության մեծ մասն արտահայտված է ոչ թե սյուժեում ու կոնցեպտում, այլ հենց դրա գեղեցկության մեջ։

Տեքստը՝ Յուրի Միխայլինի

 

На русском

#Կինո

Ջեյմս Քեմերոնը ստեղծում է բացարձակ ատրակցիոն, որը կարծես իր մեջ ներառում է նրա նախորդ ֆիլմերը. այստեղ կա և Սիգուրնի Ուիվերը («Օտար»), և հետաքրքիր ռոբոտներ` կարծես «Տերմինատորի» տիեզերքից, և մարմնի ու արհեստականորեն ստեղծված էակի հարաբերությունները, և իրավիճակ, որում կյանքը երկրի վրա անհնար է դարձել, և խորտակվող նավ, որից պետք է փախչել։ Գումարած լավագույնն այլ ատրակցիոն ֆիլմերից ընդհուպ մինչև սփիլբերգյան պլանը ջրի տակից՝ շնաձկան տեսանկյունից։ Քեմերոնը մեծ վարպետ է, որը տարված է կատարյալ ֆիլմ նկարահանելու երազանքով՝ առավելագույնս օգտվելով կինոյի հասանելի բոլոր միջոցներից և լրացուցիչ զարգացնելով նրանք, որոնք դեռևս պակասում են։

 

Նման երազանքի համար տասներեք տարին ժամկետ չէ, հատկապես, որ ռեժիսորը ստեղծում է ոչ թե մեկ, այլ միանգամից չորս ֆիլմ (առաջինի հետ կստացվի հինգը), որոնք կապված են ընդհանուր պատմությամբ՝ մի մեծ կտավ, որում բոլոր դետալները պիտի մշակված լինեն (նկարահանումները չեն սկսվել, քանի դեռ բոլոր սցենարները պատրաստ չեն եղել)։

 

Երկրորդ ֆիլմը շատ անգամներ հետաձգվել է և արդյունքում հասել 2022 թվականին։ Համընկնումը գրեթե հարյուր տոկոսանոց է․ «Ավատարը» մարմնավորում է վերջին ամիսներին բազմիցս հնչած միտքը՝ «Տվե՜ք մեզ նոր մոլորակ» (կարելի է ավելացնել՝ «մենք այն նույնպես կփչացնենք»)։ 

 

 

Պանդորան իսկապես նոր աշխարհ է: Ասում են, որ դրա ստեղծման համար ներգրավվել է գիտնականների խումբ, որը մշակել է մոլորակի մոդելներ տարբերվող ձգողականությամբ, մթնոլորտի խտությամբ և այլ բաներով, որոնց պատճառով բույսերն ու կենդանիները հենց այդպիսին են ձևավորվել։ Հորինել են նաև կրոնն ու նավիների լեզուն։ Ես չգիտեմ, թե որքանով է սա ճիշտ, բայց հավանական է թվում. ֆիլմի աշխարհը շատ համոզիչ է:

 

«Ջրի ուղին» դիպչում է մեր իրականության շատ ցավոտ կետերի։ Հիացնում է նույնիսկ շատ պարզ, խաղաղ երջանկության տեսարանը ֆիլմի սկզբում․ տան, ընտանիքի զգացողությունը, վառ լուսավորությունն ու կանաչ գույնը։ Իսկ հերոսի խոսքերը կադրի հետևից (թերեւս ֆիլմի ամենաթույլ որոշումը, բայց Քեմերոնը սիրում է այդ հնարքը), թե ամեն ինչ կարող է փոխվել մեկ վայրկյանում, այլևս այդքան պարզունակ չեն թվում։

 

Երկրորդ մասի գլխավոր թեմաներից է օտարության մեջ թափառելը և նոր տուն գտնելու փորձերը։ Սա պատմություն է փախստականների մի ընտանիքի մասին, որոնք փորձում են թաքնվել պատերազմից, բայց պատերազմը գտնում է նրանց։ Այստեղ կա նաև ընտանիք-ամրոցի թեման, որը կարող է մասնակիորեն վերականգնել տունը նոր վայրում։

 

Հետաքրքիր է, որ Քեմերոնի մոտ կանայք ավելի արագ են հարմարվում: Նաև օգնում են հետաքրքրասիրությունը, գիտելիքի ծարավը, սովորելու պատրաստակամությունը, իսկ վտարվածության զգացումը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ ուրիշներին, ինչը շատ առումներով փրկում է։ Ամեն դեպքում նորն ու անծանոթը (այդ թվում նաև օտարներին) ընդունելու թեման մի քիչ մակերեսորեն է բացահայտված։ 

 

Ցեղերը չափազանց նման են. նրանք խոսում են նույն լեզվով, ունեն նույն հավատալիքները: Հերոսները շատ արագ են սովորում (առաջին մասում սա ավելի նուրբ էր խաղարկվում): Զարմանալի է, որ նոր միջավայրն ընդունվում է գրեթե ակնթարթորեն, իսկ կարոտն արտահայտվում է գրեթե սխեմատիկ՝ մի երկու տողով։

 

Ծովային ցեղի առաջնորդի դուստրը նոր ընկերներին սովորեցնում է ապրել ջրի տարերքում։ «Ջրի ուղին» հակադրված է վախի ուղուն, որը մղում է հերոսներին. ոմանց դեպքում վախ ընտանիքի համար (որը կուրացնում և տանում է դեպի կործանում), ոմանց դեպքում՝ մերժված լինելու և ակնկալիքները չարդարացնելու վախը կամ պատերազմի վաղը։ Ծովային ցեղի գլխավորն ասում է՝ «Մենք չենք կարող թույլ տալ, որ ձեր պատերազմը բերեք այստեղ»: Բայց «Ավատարի» աշխարհում օտարների պատերազմներ չկան։ Այս տիեզերքի հիմնական գաղափարներից մեկն այն է, որ Պանդորան մեկ օրգանիզմ է․ բոլոր կենդանի էակներն կապված են միմյանց հետ, և առանձին չեն կարող։ Հնարավոր չէ մեկին մեկուսացնել կամ կտրել: Օտարները ավելին են տեսնում, քան մյուսները, իսկ ինչ-որ մեկին բացառելու փորձը հանգեցնում է հասարակության թուլացմանն ու մահվանը։ Օտարի պատերազմը նաև քո պատերազմն է, չես կարող փախչել դրանից։ Երկրագնդի վրա կյանքը փրկելը հնարավոր է միայն իրապես ներառական և էկոլոգիական ճանապարհով։

 

«Ավատարի» գաղափարն ու աշխարհընկալումը մեծապես մարմնավորված են հենց ստեղծված աշխարհում, որտեղ բնակվում են տարբեր՝ գեղեցիկ և սարսափելի կենդանի էակներ։

 

 

Պանդորայի աշխարհը բաղկացած է լույսից և սկսվել է դրանից։ Քեմերոնը պատմում է, թե ինչպես տասնչորս տարեկում նա երազում տեսնում էր բնապատկերներ, որտեղ հոսում էին լույսի գետեր, իսկ ծառերից կախված էին լուսարձակող լիանաներ։ Ֆիլմի կադրերի մեծ մասը հիմնված է տարբեր տարրերում լույսի բեկման վրա։ Մոլորակը ծածկող ջունգլիներում տերևները խոցված են լույսով: Պանդորայի կենդանի էակներից շատերը կիսաթափանցիկ են, կամ փայլում են ներսից, կամ լույս են բաց թողնում։ Նավիները նույնպես կարծես լուսավորված լինեն կապույտ կամ կանաչ գույներով: Լույսը Էյվա պաշտամունքի էներգիան է, որը միավորում է ամեն ինչ։ Նույնիսկ նավիների փոքր-ինչ հոգնեցրած «Ես տեսնում եմ քեզ» ողջույնի խոսքը նկարագրում է օպտիկական երևույթ: Ի հակադրություն՝ արհեստական ​​լույսը, տիեզերանավերի լուսարձակները, ռոբոտների լամպերը, ավերածությունների են բերում։ Ինչպես և հրդեհից եկող լույսը։ 

 

Տասներեք տարի առաջ առաջին «Ավատարը» հայտնագործություն էր և՛ տեխնոլոգիական, և՛ մասամբ փիլիսոփայական: Որոշ առումներով հակադրվելով «Տերմինատորին», քանի որ խոսքը ոչ թե մեքենայի, այլ նոր օրգանիզմի ստեղծման մասին էր, այն հնարավորություն տվեց նոր ձևով նայել աշխարհին։ Մարմին-ավատարը հնարք էր, որը ստեղծում էր հեռավորություն, թույլ էր տալիս աշխարհը տեսնել բառացիորեն նոր աչքերով, և պետք է նորից սովորեիր քայլել, խոսել, թռչել: Ավատարը, ինչպես և նավիները, նման է մարդուն, բայց տարբերվում է՝ ցույց տալով, որ այդ տեսակետը շատ անգամ պայմանավորված է մարմնի կառուցվածքով և ընդգծելով այս տեսակետի սահմանափակումները։

 

Երկրորդ «Ավատարը» հակադրվում է սրան․ նախկին գիտակցության տեղադրումը նոր մարմնում պարտադիր չէ, որ օգնի տեսնել նորը, այլ կարող է նպաստել կործանմանը, որին հակադրվում է ոչ այնքան ուժը (թեև դա նույնպես), որքան հիացմունքը ստեղծված աշխարհի գեղեցկությամբ և նրա փխրունության գիտակցումը:

 

Քեմերոնը ոգեշնչում է՝ ցույց տալով, որ կինոյի պերֆեկցիոնիստները դեռ կան և չեն վախենում մեծ գաղափարներ կյանքի կոչելուց։

հավելյալ նյութեր