Քաղաքից դուրս․ Հայաստանի բերդերը
Ներքին տուրիզմ

Քաղաքից դուրս․ Հայաստանի բերդերը

ԵՐԵՎԱՆի խնդրանքով բլոգեր-ճանապարհորդ Լիլիթ Խաչատուրյանը պատմում է Հայաստանի ամենահետաքրքիր բերդերի մասին, որոնք արժե տեսնել մոտակա հանգստյան օրերին (կամ հետո)։

Տեքստը՝ Լիլիթ Խաչատուրյանի

 

 

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյան/ArmGeo 

#ՆերքինՏուրիզմ

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Ամբերդ, Արագածոտն

Երբ կանգնես հզոր ամրոցի՝ Ամբերդի առջև, նրան կնմանեցնես հաղթանդամ ու չպարտվող ծերունու, որին միայն տարիքն է խեղճացնում։ Երբ քայլես դեպի ամրոցը, ալեհեր ու վիրավոր ծերունու ներկայությունն ավելի կզգաս։ Հիացմունքի բացականչություններ։ Որպես բերդ-ամրոց՝ Ամբերդը հատկապես հայտնի էր հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։ Որոշ աղբյուրներ նշում են, որ դղյակը և պարսպի որոշ մասերը կառուցվել են 7-րդ դ., Կամսարականների օրոք։ Այն եղել է հայոց թագավորների ու իշխանների ամառային նստավայրը։ 

 

Կարելի է միայն ենթադրել, որ դղյակն ունեցել է հարուստ հարդարանք՝ պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոների վառ վկայությամբ։ 

 

Հալիձոր բերդ, Սյունիք

Ճանապարհորդությունը շարունակվում է Սյունյաց խրոխտ պատմության հետքերով։ Հալիձորի բերդի աշխարհագրական դիրքի, ուշադրություն գրավող բնության գեղեցիկ տեսարանների շնորհիվ ճանապարհը երկար չի թվում: Բերդը կառուցվել է 17 դարի 1-ին կեսին, որպես անապատ, իսկ 18-րդ դարում Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ 

 

Այստեղ է Դավիթ Բեկը շրջափակված եղել, իսկ Պարսից շահի զորքերը ինչքան կռվում են, չեն կարողանում գրավել այն։ Մելիք Ֆրանգյուլը, նույն ինքը՝ Շուն Ֆրանգյուլը (քանի որ ուրացող ու դավաճան էր), պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Թշնամին գնում, կտրում է ջուրը։ Պաշարվածները ծարավից թուլանում են։ Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից։ Պարսից շահը հարձակվելով՝ գրավում է դատարկ բերդը։ 

 

Սմբատաբերդ, Վայոց ձոր

Հայաստանի գեղեցկություններից մեկն էլ Սմբատաբերդն է։ «Հայկական չինական մեծ պարիսպ»․ այցելուների առաջին արձագանքը այսպիսինն է։ Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին, անառիկ և խոշոր ամրոցներից է: Հավանական է, որ այն գոյություն ունեցած լինի նույնիսկ 5-րդ դարից էլ առաջ։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։ Սյունյաց Վասակյան իշխանները Եղեգիսը դարձնելով իրենց վաչաքաղաքական կենտրոնը՝ հավանաբար ռազմական հենակետ են դարձրել հենց այս ամրոցը։ Իսկ Օրբելյանների ժամանակ Սմբատաբերդն ավելի է ամրացվել։ 

 

 

Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անունը, ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներից մեկը` Սմբատ թագավորը, որ գուցե և վերակառուցել է բերդը, բայց ավելի հավանական է, որ կոչվելիս լինի 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունով:

 

Կաչաղակաբերդ, Արցախ

Պարտադիր այցելության վայր, երբ ճանապարհները բացվեն ու նորից կարողանանք գնալ Արցախ։

 

 

Բարձր անտառապատ բլրի վրա անհնար է չնկատել կտրուկ վեր խոյացող մի լեռան գագաթ: Բերդի ընդգրկած տարածքը հեռվից նայելիս փոքր կթվա, բայց իրականում բավականաչափ մեծ է: Ամրոցի տարածքը բավական ընդարձակ է: Մինչ օրս պահպանվել են ամրոցի որոշ սրահները, ժայռերի մեջ փորած գաղտնամուտքերը և պահեստները, ինչպես նաև հրակնատները, որտեղից քարկոծում էին թշնամիներին: 

 

Բազմիցս Կաչաղակաբերդը պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին: Համաձայն Մովսես Կաղանկատվացու՝ 9-րդ դարում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած աղջկան, հաղթահարելով երկար գիշերային ուղին, պաշտպանվում է Խաչենի ամրոցում»: Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ, բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի: Պատահական չէ, որ ժողովուրդը ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին: 

 

Տափի բերդ, Արարատ

Ուրցաձոր գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը: 10-րդ դարում կառուցված բերդը շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով:

 

Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան 10-13-րդ դարերում կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ: Պարսպի ներսում է գտնվում նաև 12-րդ դարի եկեղեցին, որի հյուսիսային պատին՝ 1256 թվականի փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը: Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով 12-13-րդ դարերի մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ 15-16-րդ դարերի Թադևոսի տապանաքարն է: Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ: Որպես գրչօջախ՝ Տափի եկեղեցին հիշատակվում է 1496 թվականին: Այս եկեղեցում Բարսեղ գրչի ձեռքով գրչագրվել է մի «Սաղմոսարան»:

 

Մանթաշաբերդ, Տավուշ

Իջևանի շրջանի բերդերն են՝ Աղջկաբերդը (Կըզ կալա), Մանթաշաբերդը (Կարա կալա), Մահկանաբերդը (Բերդաքարը) և մի քանի այլ փոքրիկ բերդաշինություններ։ Մի ավանդություն կա կապված Աղջկաբերդի և Մանթաշաբերդի հետ։ Ասում են, որ ժամանակին մի շատ գեղեցիկ իշխանուհի է եղել։ Իշխանները, հմայված նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, սակայն բոլորն էլ մերժման են արժանացել և փորձել ուժով տիրել։

 

 

Այդժամ աղջիկը, հավաքելով իր զորքը, մի ամրոց է կառուցել և պատսպարվել այնտեղ։ Մանթաշ անունով մի իշխան, բոցավառվելով աղջկա համառությամբ, աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը։ Անհաջողությամբ ավարտված մի քանի հարձակումից հետո, նա հաշտություն է խնդրում։ Վերջիվերջո, ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են մի բաղնիք, որն էլ լինում է նրանց ժամադրությունների վայրը։

 

Մանթաշաբերդի պատերը սև քարից են, և հենց այդ պատճառով օտար նվաճողներն ամրոցն անվանել են Ղարա Ղարա, որը թարգմանաբար նշանակում է Սև բերդ։ Հետագայում կիրառության մեջ է մտել նաև Կարա Կալա անվանումը։ Ամրոցը պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։ Այն նաև անվանում են Աշոտ Երկաթի բերդ։

 

Բերդավանի կամ Ղալինջաքարի բերդ, Տավուշ

Այնուհետև, մեր ճանապարհը կշարունակենք միջնադարյան ամենատպավորիչ հայկական բերդերից Բերդավանի կամ Ղալինջաքարի բերդ, որը մեր օրերում մեզ է ներկայանում հրաշալի ու տպավորիչ տեսքով: Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարերի մեծ հավաքածու: Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար (Ղալինջաքար) ամրոցը: Գրավոր աղբյուրներում Ղալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թվականին: Հավանական է, որ ուշ միջնադարում ենթարկվել է նորոգության: 1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը: 

 

 

Պատմում են, որ Աշոտ Երկաթ Բագրատունի թագավորը իր երթերից մեկի ժամանակ մի քանի օր կանգ է առել Բերդ ամրոցում։

 

Մեղրիի բերդ, Սյունիք

Հայկական միջնադարյան ճարտարապետության պաշտպանական կառույցների մեջ, իր հատակագծային-ծավալային հորինվածքով, առանձնակի տեղ ունի Մեղրիի բերդ-ամրոցը: Հիմնովին վերակառուցվել է 18-րդ դարի սկզբում։ Մեղրու բերդի առաջին կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ հայկական ճարտարապետության մեջ միակ պաշտպանական կառույցն է, որը կառուցվել է հաշվի առնելով թշնամու կողմից հրազենի օգտագործումը: Երկրորդ առանձնահատկությունը, որ այն կազմված է առանձին աշտարակներից՝ առանց պարսպապատերի։ Լեռնաշղթայի գագաթներին կանգուն վեց երկհարկանի աշտարակները կառուցված են գրանիտից, ընդ որում՝ սրանցից չորսը կլոր են, իսկ երկուսը`   ուղղանկյունաձև: Կլոր աշտարակները մոտ 5,5 մետր տրամագծով հիմք ունեն: Կաղնու փայտն օգտագործվել է ներսից  աշտարակները երկրաշարժերից պաշտպանելու համար: Միջնադարում աշտարակներում կառուցված էին կրակակետեր, որտեղից հնարավոր էր կրակի ենթարկել ներքևում գտնվող թշնամական դիրքերը: Քաղաքի հարավային մասը պաշտպանվում է Մեղրիի գետով և դրա կողքի աշտարակաձև տները, որոնք պատնեշի դեր են ունեցել:

 

 

Դաշտադեմի ամրոց, Արագածոտն

Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական դղյակ է՝ իր պաշտպանական բոլոր կառույցներով։

 

 

Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն։ Թ. Թորամանյանը, ուսումնասիրելով բերդը, հաստատապես եզրակացրել է, որ այն կառուցվել է ուրարտական բերդի պարիսպների վրա։ Հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։

հավելյալ նյութեր