Թեմատիկ տուրեր․ բուրդ
Մենք մերոնցով

Թեմատիկ տուրեր․ բուրդ

Ոչխարի բրդից մինչև նրբագեղ գորգեր:

Տեքստը՝ Արեգ Դավթյանի
 

Լուսանկարները՝ «Իմ Հայաստան» ծրագրի

 

ԵՐԵՎԱՆ #63 | 2020

#ՆերքինՏուրիզմ

Եթե ամենուր եղել եք և ամեն ինչ փորձել, նշանակում է պետք են նոր, անսպասելի ճամփաներ։ «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ պատրաստել ենք չորս թեմատիկ տուր, որոնք կօգնեն նորովի բացահայտել հայտնի տեղերը։

 

 

Տեսնել բրդից կարպետ կերպարանափոխումը Շինուհայրում

«Բրդից կարպետ»-ը Կանանց զարգացման Ռեսուրս Կենտրոն հիմնադրամի սոցիալական նախաձեռնություններից մեկն է, որն իրականացվում է Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում։ Տեղի 43 կանայք ներգրավված են բրդի և թելի մշակման, կարպետագործության, և բրդյա աքսեսուարների ու տան պարագաների ստեղծման աշխատանքներում։ Օգտագործելով բրդի բնական երանգները՝ կանանց խումբը վերականգնում է հին հայկական նախշերն ու նմուշները։

 

Հյուրերը, բնականաբար, ոչ միայն կարող են հետևել ընթացքին, այլև ինքնուրույն մասնակցել կարպետագործությանը։ Դա նաև ընդգրկում է բուրդ չփխելու մոգական գործողությունը:

 

Հիանալ Գորիսի երկրագիտական թանգարանի գորգերով

Սյունիքի մարզի առաջին թանգարանը, որ բացվել է 1948-ին (այն ժամանակ՝ լքված եկեղեցու շենքում), այժմ գտնվում է Գորիսի կենտրոնում՝ գլխավոր հրապարակին հարակից տարածքում։ Գողտրիկ շենքը կարող է չնկատվել առաջին փորձից, բայց թանգարանի հավաքածուն միանշանակ արժե տեսնել։ Ֆոնդերի զարդերն են խորհրդային կենցաղի հավաքածուն և վաղ բրոնզե դարից մի քանի տպավորիչ նմուշ՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի հնգադեմ կուռքը և մ.թ.ա. 7-րդ դարի բրոնզե առյուծը։ 

 

 

Բայց բրդուղու կոնտեքստում մեզ առաջին հերթին հետաքրքրում են գորգերը։ Թանգարանում կա շուրջ երեք տասնյակ նմուշ՝ 18-20-րդ դարերից։ Հատկանշական է, որ Սյունիքը մինչ օրս հայաստանյան գորգագործության կենտրոններից է։ Ի դեպ, համավարակի օրերին թանգարանի գորգերից մի քանիսը դուրս էին բերվել փողոց, որպեսզի արտակարգ դրության պատճառով փակված դռները չխանգարեն դրանք տեսնելուն։

 

Ոչխարներ խուզել հռչակավոր փառատոնի շրջանակում

Երբ մի քանի տարի առաջ Հայաստանի մարզերում մեկը մյուսի հետևից սկսեցին անցկացվել տարատեսական փառատոներ, այս մեկը չէր կարող չառանձնանալ արդեն իսկ իր գաղափարով. անհավանական էր թվում, որ կարելի է տոնի վերածել ոչխարների սովորական խուզումը։ Բարեբախտաբար, շատ չանցած հենց ոչխարների խուզման փառատոնը դարձավ Հայաստանի փառատոնային տարվա զարդերից մեկը։ Այստեղ՝ Խոտ գյուղում՝ տոնական միջավայրում, կարելի է տեսնել, թե որտեղից է ստացվում այն բուրդը, որ հետագայում վերածվում է գորգի կամ կենցաղային այլ նշանակություն ստանում։ Ամենադիտարժանը, թերևս, խուզման մրցույթն է, որն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և հյուրասիրությամբ՝ տեղացի արտադրողներից։

 

Մանածագործություն սովորել Խաչիկ գյուղում

Սոնա Մակարյանը կարպետագործ և գորգագործ վարպետ է Խաչիկ գյուղից: Նա այն քչերից է, ով տիրապետում է մանածագործության և գորգագործության բոլոր փուլերին: Սոնան այս հմտությունները սովորել է իր տատիկից և մայրիկից, ինչը ձեռագործ հմտությունների՝ սերնդեսերունդ փոխանցման ավանդական ձևն է եղել: Այսօր Սոնան ջանում է պահպանել այս ավանդական արհեստը՝ դասավանդելով տեղի և հարևան համայնքների կանանց ու երեխաներին:

 

Սոնան նաև հմտացել է բնական նյութերից ստացված ներկերով թելերի ներկման գործում։ Երբ դպրոցում էր դասավանդում երեխաներին սովորեցնում էր այս հմտությունը, որն արդեն իսկ դարձել էր իր հոբբին։ Ներկերը ստանում է արմատներից, կեղևներից, ծաղիկներից։