Դիսքոչարի
Վինիլ

Դիսքոչարի

Ինչպես էլեկտրոնային երաժիշտներ Զաք Ասդուրյանը Լոս Անջելեսից ու Անաիս Գյուլբուդաղյանը Երևանից միավորեցին ուժերն ու սկսեցին պեղել ձայնագրված, բայց գրեթե կորսված ու մոռացված հայկական երաժշտությունը։ ԵՐԵՎԱՆը խնդրել է նրանց ավելի մանրամասն պատմել նախագծի մասին։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի

 

Լուսանկարները՝ Անաիս Գյուլբուդաղյանի արխիվ

#Արվեստ

Զաք

Անցած տարվա փետրվարին եկա Հայաստան ու հանդիպեցի հայ երաժիշտներին, ում հետ մինչ այդ պահը միայն համացանցով էի շփվել։ Ամենավառ տպավորությունս ունեցա Անաիսից։ Երկուսս էլ մեծ ցանկություն ու կիրք ունեինք (հիմա էլ ունենք) կորսված երաժշտություն, թերագնահատված հայկական ձայնագրություններ գտնելու և հավաքելու հանդեպ։ Երկուսս էլ կարծում ենք, որ կա կարիք այդ ձայնագրություններն ավելի հանրամատչելի ու հասանելի դարձնելու։ 

 

Սկսել էինք հավաքել այնպիսի բաներ, որոնք անգամ համացանցում չկան, տեղեկություն հավաքել ձայնագրությունների մասին, հրապարակել YouTube-ում և Soundcloud-ում։ Սրա միջոցով կարելի է նորովի խոսել հայկական մշակույթի մասին՝ լուսաբանելով այն առաջադեմ պարբերականներում, որոնք գրում են արվեստի, երաժշտության, կինոյի մասին։ Քանի որ իմ Critique լեյբլն արդեն կար, բայց զբաղվում էր էլեկտրոնային երաժշտությամբ՝ ոչ միայն հայկական, մտածեցինք՝ ինչու՞ չստեղծել ենթալեյբլ, որը կզբաղվի հայկական ու գուցե հետագային մերձավորարևելայն երաժշտության թողարկմամբ։  

 

 

Ես Հարավային Կալիֆոռնիայից եմ, Անաիսը՝ Երևանից, մենք մեծացել ենք, տեղեկանալով իրարից շատ տարբեր հայ արտիստների մասին։ Մինչև վերջերս ես չգիտեի խորհրդային ժամանակաշրջանի երաժիշտների մասին, իսկ Անաիսը՝ հայտնվելով այստեղ ու այցելելով ձայնագրությունների կետեր, բացահայտել է Սփյուռքի  արտիստներին, որոնց մասին չգիտեր։ Այսպիսով, մենք երկուսս միասին ուզում ենք, որ Դիսքոչարին լինի ամբողջ աշխարհով ստեղծված հայկական երաժշտության արտացոլումը։

 

Ժամանակին EMI-ն ու Philips-ը՝ ձայնագրման ինդուստրիայի հսկաները, Բեյրութում ստուդիաներ ունեին, որտեղ ձայնագվրող լիբանանցի արտիստները (այդ թվում՝ հայազգի) թողարկում էին անգլերեն, ֆրանսերեն, երբեմն էլ իրենց մայրենի լեզուներով կատարումներ։ Դա, փաստորեն, Արևմուտքի ու Արևելքի միջև մի գեղեցիկ մշակութային կամրջակ էր, որի վկայություններն այսօր շատ հետաքրքիր է բացահայտել։ 

 

Նաև շատերը կարող են չիմանալ, որ հայկական պնակներ են թողարկվել են նաև Ստամբուլում։ Dedefon լեյբլում, օրինակ, 70-ականներին ձայնագրվել են Ադիս Հարմանդյանն ու Ջեք Բոշնաղյանը, և շատ ուրիշներ։ Հենց այս օրերին սպասում ենք այդ պնակներից շատերի ժամանմանը։ Ընդհանրապես, հայկական երաժշտությունը շատ ավելի տարածված էր, քան մենք պատկերացնում ենք, քանի որ շատերս մեծանում ենք անտեղյակ լինելով, թե ինչպիսի արտիստիկ հարստություն ունենք։

 

 

Շատ հազվագյուտ ձայնագրություն Ուրուգվայից, 1972թ․

 

Սովորաբար, երբ սկավառակներ ենք գնում, լինում են դեպքեր, երբ հենց դրանցից արդեն ունենում ենք, սակայն երկրորդն էլ ենք ձեռք բերում՝ դրանք մաքրելու և հետաքրքրվողներին հասցնելու համար, որպեսզի պարզապես չմնան խանութում ու փոշի հավաքեն։ Երբեմն այստեղ՝ LA-ում, ինչ-որ անլույս վայրերում պեղում ենք սկավառակներ, որոնք թաքնված են եղել ինչ-որ բանի արանքում, որտեղ ոչ ոք չի էլ փնտրում։ Այդպես Սան Ֆրանցիսկոյում գտանք Կոմիտասի հիանալի ձայնագրություն, որը թողարկված էր Նյու Յորքում՝ հատուկ իր 100-ամյակի կապակցությամբ։ Գտել ենք ներքևի դարակներում, որտեղ մնացել էր շատ երկար, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչ թանկարժեք բան է այդտեղ թաքնված։ 

 

Մենք մեզ չենք սահմանափակելու լեզվով, այլ կենտրոնանալու ենք առհասարակ հայկական երաժշտության վրա. եթե արտիստը հայ է և ստեղծել է Հայաստանի հետ կապ ունեցող երաժշտություն՝ կապ չունի հայերենով է, թե անգլերենով՝ մեզ հետաքրքիր է։ Մենք հայերերենից զատ մի քանի լեզու գիտենք, այնպես որ այս դեպքում լեզուն մեզ ոչ թե սահմանափակելու է, այլ օգնելու է առաջ շարժվել։ 

 

Դիսքոչարիի առաջին մեծ սեթը՝ բաղկացած զանազան հայկական վինիլներից

 

Անաիս

Եկել ենք այս նախաձեռնության գաղափարին, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան լսել այն երաժշտությունը, որը ժամանակին կորցրել ենք։ Շատերն ուզում են գտնել ու լսել, բայց չգիտեն, որտեղ փնտրել. այսօր Youtube-ում շատ բան չես գտնի, պետք է հստակ իմանաս երաժիշտի անունը կամ երգի անվանումը, որպեսզի գտնես այն (եթե այն այդտեղ, իհարկե, կա): Կամ էլ ընկերների ու երաժշտական խանութների միջոցով փնտրում ես կոնկրետ կատարում։ Մենք ուզում ենք օգնել այդ հարցում, դարձնել այն թվային ու հասանելի։ 

 

Ամեն սկավառակ ձայնագրվելուց ու թողարկվելուց զատ ունի իր նախապատմությունը, որի ուսումնասիրությունը նույնպես շատ հետաքրքիր է։ Բացի նրանից, որ մենք հավաքագրում ենք հնարավոր հասանելի տեղեկությունը՝ կարևոր է նաև տեխնիկական մասը․ խելքի բերել պնակները որքան հնարավոր է, թվայնացնել, տարածել երաժշտությունն այն տեսքով, որով որ նախատեսում ենք։ Նաև ունենալ հարթակ, որտեղ գալիք սերունդները կկարողանան իմանալ այս ամենի մասին։ Դիջեյների համար որոշ կատարումներ կունենան ազատ ներբեռնելու տարբերակ, ինչպես Մարթեն Յորգանցի «Սուդ է, սուդ է»-ն։ 

 

Մարթեն Յորգանցը սփյուռքահայ դիսկոյի հերոսներից է

 

Ամառը Երևանում ենք լինելու, պլանավորում ենք Դիսքոչարի գիշերներ կազմակերպել։ Դեռ հստակ մանրամասները չգիտենք, բայց միանշանակ սպասվում են միջոցառումներ, որոնց հնարավոր կլինի ֆիզիկապես ներկա գտնվել, շփվել։ 

 

Եվ իհարկե պլանավորում ենք էլի ճամփորդել, հետազոտել տարբեր երկրներում հայկական երաժշտությունը՝ գրքերից ու համացանցից դուրս։ Հուսամ, որ կկարողանանք շփվել կարևոր ու նշանակալից երաժիշտների, կատարողների, արտիստների ընտանիքի անդամների, ժառանգների հետ, գտնել այն ամենը, ինչ մնացել է նեղ շրջանակներում ու նոր շունչ տալ այդ ժառանգությանը։