Ձեռագրերի բժիշկները
Թանգարաններ

Ձեռագրերի բժիշկները

ԵՐԵՎԱՆ-ի թիմը պտտվել է մատենադարանի նոր մասնաշենքով, զրուցել վերականգնողական բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի և բաժնի այլ ձեռագրերի «բժիշկների» հետ։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Հրանտ Խաչատրյանի

 

ԵՐԵՎԱՆ #70 | 2021

#Թանգարաններ

Այստեղ ապրում է պատմությունը

Ես վեցերորդ դասարանի աշակերտ էի, երբ առաջին անգամ եղա Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կամ, ինչպես ասում էինք երեխաներով, «Մատենում»։ Հիշում եմ, որ չէի հասկանում, թե ինչի համար էր պետք ստիպել 26 երեխայի ճռճռան արևի տակ բարձրանալ այդ անվերջ թվացող աստիճանները, կանգնել մռայլ քարե քանդակների դիմաց, հետո անհասկանալի հանդիսավորությամբ մտնել մեծ փայտե դռներով, որոնց մասին դասղեկն ասաց. «Հենց այդ դռների հետևում ապրում է ձեր պատմությունը»։ Մյուս զարմանքն արդեն ներսում էր՝ բարձր սյուները, պատկերները, մարդկանց ձայների և քայլերի արձագանքները։ Բայց մի քանի րոպեից արդեն այնքան ցնցված էի տեսածովս, որ ամբողջ տարակուսանքս անցյալում մնաց։ Իսկապես դժվար էր չզգալը, որ հենց այստեղ էլ ապրում է մեր պատմությունը՝ մեծ ու փոքր ձեռագրերի և մագաղաթների մեջ, մանրանկարչության, գույների և զարմացնող ձեռագրերի մեջ։


Հաջորդ անգամ, երբ եղա Մատենադարանում, արդեն ավարտական դասարանում էի, սեփական աչքերով տեսա, թե ինչպես է այդ պատմությունը պահպանվում ու հասնում մեզ։ Վերականգնողական բաժինն ուներ մեծ պատուհաններ։ Այդ լուսավոր սենյակում ամենուր մագաղաթներ ու ձեռագրեր էին։ Սեղանների մոտ նստած և կենտրոնացած աշխատում էին մասնագետները բժշկական համազգեստ հիշեցնող խալաթներով, բայց նրանց «հիվանդը» մարդը չէր, այլ՝ գիրքը։

 

Եվ ահա ես վերադառնում եմ նոր մասնաշենքի այն կախարդական անկյունը, որտեղ տարիներով պատրաստված մասնագետները սեփական ձեռքերով բուժում են ձեռագրերն ու հոգատարությամբ պահպանում դարերի խորքից եկած պատմությունը։

 


Ձեռագրերի բժիշկները

«Վերականգնողական բաժնի աշխատանքի հիմքում չվնասելու գաղափարն է։ Մենք, ինչպես և բժիշկները, իրավունք չունենք սխալվելու, քանի որ կարող ենք կորցնել հիվանդին»,– ասում է բաժնի ղեկավար, գիտությունների թեկնածու Գայանե Էլիազյանը, որը ղեկավարում է Մատենադարանի վերականգնողական բաժինն արդեն ավելի քան երկու տասնամյակ։ Ընդ որում, դեպի ձեռագրեր անցումը կատարել է բնական գիտություններից. մասնագիտությամբ քիմիկոս է։ Նրա խոսքով՝ մինչ այստեղ աշխատելը Մատենադարանի մասին իր պատկերացումները սահմանափակվում էին դպրոցական տարիներին տեղի ունեցած մեկ կամ երկու այցերով։ Սակայն, երբ եկավ այստեղ և ծանոթացավ աշխատանքին, ամբողջությամբ ներքաշվեց։


Ասում է՝ թեև մասնագետները շատ բարձր վարձատրություն չեն ստանում, շատ քչերն են հեռանում իրենց մոտից, քանի որ ձեռագրերի հետ աշխատելիս մոռանում ես քո առօրյա հոգսերն ու դժվարությունները՝ բացելով «դռնակը» մեկ այլ՝ բոլորովին տարբեր մի աշխարհ։ Տեղի մասնագիտական բառարանում «դռնակ» է կոչվում կազմի այն հատվածը, որը ծածկում է թերթերը գրքի բացման հատվածից՝ պաշտպանելով դրանք։ Մասնագետներից մեկի՝ Լուսինե Մարգարյանի խոսքով, այդ «դռնակները» հոգևոր իմաստ ունեն՝ դրանք համարվում են դուռ դեպի դրախտ։ Հենց այդ դռնով էլ մասնագետները մուտք են գործում այլ իրականություն և ցանկանում են անընդհատ վերադառնալ այնտեղ։

 

 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան վերականգնողական բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը


Կիսելով փորձը

Այսօր ռեստավրացիոն բաժինն ինքնուրույն է վերապատրաստում իր մասնագետներին, բայց 1959 թվականին, երբ բաժինը դեռ նոր էր բացել իր դռները, մասնագետները վերապատրաստվում էին Մոսկվայում և Պետերբուրգում, իսկ արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո հնարավոր դարձավ մեկնել նաև Եվրոպա, Ամերիկա և վերապատրաստումն անցնել այնտեղ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ իր գործունեության տասնամյակների ընթացքում կառույցը ձևավորել է լուրջ մասնագիտական հիմք և գիտելիք՝ համեմված միջազգային փորձով։ Հենց այդ գործնական գիտելիքի հետևից են այսօր Մատենադարան վերապատրաստվելու գալիս մասնագետներ տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից և այլն։ Իրենց հերթին՝ Մատենադարանի մասնագետները մեկնում են այլ երկրներ սեփական գիտելիքը կիսելու նպատակով։


Ամենաուշագրավ այցերից մեկը, ինչպես նշում է տիկին Էլիազյանը, Սիրիայի Հալեպի առաջնորդարանում պատահական հայտնաբերված հայկական գրքերի հավաքածուի հետ էր կապված. «Շուրջ 70-80 տարի զմռսված է եղել Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցում։ Երբ որոշել էին վերանորոգել եկեղեցին, պատը քանդելիս ձեռագրերը դուրս էին թափվել։ Այդ ժամանակ մեզ կանչեցին։ Շատ վատ վիճակում էին գրքերը։ Մկներն ու բորբոսն իրենց գործն արել էին»։ Հայ մասնագետների թիմը տեղում սկսեց աշխատել, ախտահանեցին և նույնիսկ մասնակի նորոգեցին ձեռագրերը, սակայն Սիրիայում վրա հասավ պատերազմը և աշխատանքը մնաց կիսատ։


Բացի այդ, հնարավորություն եղավ Երուսաղեմի պատրիարքարանի աջակցությամբ ռեստավրացիոն բաժին հիմնել։ Մինչև քովիդային համավարակը, նրանք հաճախ էին լինում այնտեղ, սակայն գլոբալ մեկուսացումը թույլ չտվեց շարունակել աշխատանքը։ Այսօր շատ փոքր թիմով աշխատանքները Երուսաղեմում շարունակվում են։

 

Ձեռագրերի առաջնային և վերականգնված տարբերակները

 

Ռեստավրացիայի համար նախատեսված գործիքները


Քայլ առ քայլ

Երբ մտնում ես ռեստավրացիոն բաժնի լուսավոր սենյակը, քեզ թվում է՝ հայտնվել ես բժշկական լաբորատորիայում. սրվակներ, տարատեսակ նյութեր, գործիքներ, որոնք շատ հաճախ հիշեցնում են վիրահատական պինցետն ու լանցետը։ Մասնագետները՝ բժշկական խալաթները հագին, ընկղմված են աշխատանքի մեջ։ Բոլորի դեմքին կա դիմակ, բայց, ի տարբերություն մնացած մարդկանց, առաջին պատճառը ոչ թե համավարակային պայմաններն են, այլ ձեռագրին որևէ վնաս չհասցնելը. այստեղ դիմակներ կկրեն նաև քովիդից հետո։


Այսպիսով, ցանկացած ձեռագիր, որը գալիս է Մատենադարան, նախ և առաջ հայտնվում է ռեստավրացիայի բաժնում, որտեղ անցնում է «բժշկական զննություն»։

 

Առաջին գործնական քայլը կոնսերվացումն է՝ փոշեհանում, ախտահանում։ Մասնագետները սկսում են ուսումնասիրություններ կատարել, որպեսզի հասկանան՝ արդյոք նյութն ախտահարվա՞ծ է, թե ոչ, արդյոք թերթերի վրա հայտնվել են սնկեր կամ բակտերիաներ։


Տասնամյակների ընթացքում օգտվելով և վերծանելով Մատենադարանում առկա հնագույն ձեռագրերը՝ մասնագետները դուրս են բերել բնական բույսերից պատրաստված հականեխիչ և բուժիչ թուրմերի բանաձևեր (ու կրկին թվում է, թե խոսքը բժշկության ու կենսաբանության մասին է, ոչ թե հին ձեռագրերի)։ Ստացված թուրմերն օգտագործում են, օրինակ՝ սնկերի աճը կասեցնելու համար։ «Աշխարհում դեռ չկա մի նյութ, որն ընդհանրապես կվերացնի սնկերը և հաճախ սխալ պայմաններում պահելու հետևանքով նրանց աճն ակտիվանում է,– ասում է տիկին Էլիազյանը,– սակայն այս թուրմերի միջոցով հնարավոր է որոշակի չափով կասեցնել նրանց աճը։ Բնականաբար, մենք չենք խոսում Մատենադարանում պահվող գրքերի մասին, քանի որ այստեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները ճիշտ պահպանում իրականացնելու համար»։ Խոսքը Մատենադարանի ֆոնդ ներդրված նոր ձեռագրերի մասին է, որոնք մինչև բացահայտվելը վատ պայմաններում են գտնվել, որոշները եկեղեցիների պատերի մեջ, մարդկանց տներում, գոմերում և նույնիսկ ջրհորներում։ Կոնսերվացիայի փուլից հետո, եթե կրկին հայտնաբերվում են սնկեր, ապա ձեռագիրը թերթային բուժում է ստանում, այսինքն՝ էջ առ էջ, թերթ առ թերթ կրկին այդ թուրմերի միջոցով մաքրվում է։


Հաջորդ փուլն արդեն ձեռագրում օգտագործված թանաքի և ներկերի վիճակի ուսումնասիրությունն է, հատուկ մասնագիտացված մանրադիտակների միջոցով։ Ինչո՞վ է կա րևոր այս ուսումնասիրությունը։ Հաջորդ ամենամեծ խնդիրը թանաքների թթվակերությունն է։ Ձեռագրերը սխալ պայմաններում պահելու հետևանքով, խոնավությունից այդ թանաքները կարող են ակտիվանալ և աշխատել ի վնաս թղթի, «ուտել» նյութը և արդյունքում հնարավոր է տեքստերի հատվածներ կորսվեն։ «Նախկինում Մատենադարանը համապատասխան սարքավորումներ չի ունեցել և ստիպված պիգմենտների նմուշներն ուղարկվել են արտասահման, ինչը զգալիորեն դժվարացրել է աշխատանքը,– ասում է տիկին Էլիազյանը,– այսօր, ունենալով անհրաժեշտ գործիքակազմը, Մատենադարանն ինքն է ուսումնասիրում միջնադարյան ձեռագրերի ներկերը, պիգմենտները, թանաքները»։

 

 

Ձեռագրերը մաքրման ընթացքում


Վերածնունդ

«Բուժումից» հետո հասունանում է հենց վերականգման պահը։ Բաժնում մեր հայտնվելու պահին մասնագետներից մեկը հեռացնում էր հին սոսինձը, որպեսզի հետագայում հատուկ նախատեսված թղթով վերականգնի թերթերի կորուստները։ Ռեստավրացիոն աշխատանքում օգտագործվող թուղթը մեկ այլ պատմություն է։ Ամբողջ աշխարհում դրանք պատրաստվում են թթազգիների ծառերի ճյուղերի միջոցով։ Դա բավական թանկ հաճույք է և պարբերաբար դեֆիցիտ է առաջանում։


Մատենադարանն այդ թղթերը սովորաբար ձեռք է բերում Ճապոնիայից, վերջերս նաև գերմանական տարբերակ է հայտնվել։ Բացի այդ, բաժնի մասնագետները փորձել են հասարակ թթի ծառից ինքնուրույն ստանալ այդ թղթերից։ «Գերմանիայից ժամանած մասնագետը, որն այդ թղթերի պատրաստման մեկ շաբաթանոց վարպետության դասեր անցկացրեց մեր մասնագետների համար, ասաց, որ Մատենադարանն ունի բոլոր կարողությունները սեփական թղթեր պատրաստելու համար։ Այստեղ միակ խնդիրը ֆինանսական ներդրումն է»,- նշում է բաժնի ղեկավարը: Լրացվելուց և ռեստավրացիայից հետո գիրքը հավաքվում է նոր կազմով։ Կարևոր է նշել, որ մասնագետները պարտավոր են պահպանել ձեռագրի պատմական տեսքը, փոփոխություններ անել չի թույլատրվում։ Կազմի տախտակը, կարի ձևը, աստառը, գրքի միացումը տախտակների հետ՝ ամբողջը պետք է արվի նույնությամբ։ Հայկական կազմարվեստը շատ առանձնահատուկ մշակույթ է և շատ կարևոր է, որ ռեստավրացիայի ժամանակ այն չխախտվի։ «Սերունդները սովորում են իրենց նախնիներից, ու, եթե մենք սխալվենք, ինքնությունը կկորչի»,– ասում է տիկին Էլիազյանը։


Մասնագետները նաև չեն խառնվում ձեռագրերի գունային լուծումների մեջ, պարզապես ամրացնում են դրանք, որպեսզի այդ պահից սկսած գույնը չթափվի և մնա այնպիսին, ինչպիսին եղել է, երբ հայտնաբերվել է։


Երազանքի հետևից

Վերականգնողական բաժնի մասնագետ Լիլիթ Բաչաչյանի համար ռեստավրատոր դառնալն անհաս երազանքի նման մի բան էր։ Նա մասնագիտությամբ նկարչուհի է և հենց այդ ուղղվածությամբ էլ դասավանդել է, բայց միշտ երազել է մի օր «բարձրանալ վերև՝ Մատենադարան»։ Նրա խոսքով՝ այստեղ աշխատանքը երբևէ ձանձրալի չի լինում, քանի որ մի մասնագետը սկզբից մինչև վերջ տանում է ձեռագիրը՝ անցնելով բոլոր փուլերը։


Բնականաբար, իրական ձեռագրերի հետ աշխատելու համար պետք է բավարար ժամանակ անցնի, մասնագետը փորձ ձեռք բերի։ Գալով ռեստավրացիոն բաժին՝ նորաթուխ մասնագետը սկսում է իր աշխատանքը հասարակ գրքերից, հետո գուցե հնատիպ գրքերի անցնի, վավերագրերի և այլն։ Դա տևում է շուրջ երկու տարի, և մի պահից մասնագետին սկսում են վստահել հին ձեռագրերի տարբեր մասեր։ «Մեծ երջանկություն է, երբ վերջապես հասնում ես ձեռագրին,– ասում է Լիլիթը,– դա շատ պատասխանատու պահ է, սկսում ես գիտակցել, որ քեզ արդեն վստահում են»։ 

 

 

Տիկին Էլիազյանի խոսքով՝ ռեստավրացիայի մասնագետը պետք է գլուխ ունենա և խիղճ։ Ղեկավարը չի կարող անընդհատ կանգնել աշխատողի գլխին և գուցե նորաթուխ մասնագետը որոշի սեփական խմբագրումներն անել։ Բացի այդ, ձեռագրերում օգտագործվող թանաքները ջրալույծ են, ու եթե անփույթ աշխատես, դա կարող է բավական վատ ավարտ ունենալ։ Դրախտ տանող դռները Ներկայումս Լիլիթ Բաչաչյանն աշխատում է 17-րդ դարի ճաշոցի (եկեղեցական ծեսերի ընդհանուր բնութագիր) վրա, որը գրվել է Վանում՝ Աղթամար կղզում։ Լիլիթի նախնիներն էլ Վանից են, այնպես որ պատասխանատվությունը կրկնապատկվում է։ Նա արդեն ախտահանել և փոշեհանել է ձեռագիրը, անցել է կոնսերվացիայի բոլոր փուլերով և այժմ փազլի պես, էջ առ էջ վերականգնում է թերթերը։ Այնուհետև նյութը կհայտնվի հատուկ մամլիչի տակ, որտեղ կխոնավեցվի և կհարթեցվի, որպեսզի թերթերը միասեռ դառնան։ «Հետագայում գուցե գույնով զգացվի տարբերությունը, սակայն փակ աչքերով երբևէ չես հասկանա, որ դա այլ թղթի կտոր է»,– վստահեցնում է Լիլիթը։


Հաջորդ քայլը՝ կարն ու կազմը, արվում է միջնադարյան մեթոդով, հայկական ձեռագրերին բնորոշ ցորենահյուսքով։ Մամուլ առ մամուլ դրվում են ակոսի տեղերը, նշվում են հիմքի թելերի տեղադրման վայրերը, հետո ցորենահյուսով միացվում իրար՝ օգտագործելով վիրաբուժության մեջ կիրառվող կորաձև ասեղ։ Վերականգնվում են կազմն ու փայտե տախտակները, աստառը, կապիչները, դռնակը։ Եվ ահա, ձեռագիրը կրկին պատրաստ է բացել իր դռները դեպի դրախտ։

հավելյալ նյութեր