Երբ գարունը ծաղկեց
Շապիկ

Երբ գարունը ծաղկեց

1967-ին բացված «Գարուն» ամսագրի համար ժամանակին աշխատել են ամենահայտնի ու ստեղծարար դիզայներները, գեղարվեստական ձևավորողներն ու լրագրողները: «Գարունը» բացառիկ էր ոչ միայն բովանդակությամբ, առանձին կարևորություն ունեին ամսագրի շապիկները: Վիզուալ միջոցներով ասելիքը տեղ հասցնելու մասին ԵՐԵՎԱՆը զրուցել է «Գարունի» նախկին գեղարվեստական ղեկավար Գրիգոր Խաչատրյանի և նկարիչ Արտակ Բաղդասարյանի հետ:

Տեքստը՝ Արմեն Մուրադյանի


ԵՐԵՎԱՆ #44 | 2017

#Դիզայն #Արվեստ

 

«Գարունի» անդրանիկ թողարկման շապիկը, 1967

 

 

«Գարուն» գրական, գեղարվեստական, մշակութային, հասարակական ամսագիրը տպագրվում է 1967 թվականից (անդրանիկ համարի տպաքանակը՝ 14.867 օրինակ): Մինչև 1991-ը եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի, Հայաստանի գրողների միության հրատարակությունը, այնուհետև եղել է անկախ պարբերական։ Առաջին գլխավոր խմբագիրը եղել է արձակագիր, ԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանը, 2016 թվականից՝ մի քանի տարվա ընդմիջումից հետո վերաբացված ամսագրի ղեկավարն է բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը:

Հաղթանակի մեխած ձեռքը

«Գարուն» ամսագիրը հայաստանյան նորագույն պատմության խոսափողներից էր՝ պլակատային ու համարձակ: Ճիշտը՝ սխալից, լավը՝ վատից, իմաստը՝ անիմաստությունից, արվեստը՝ պրոպագանդայից փորձելով տարբերել՝ «Գարունը» 1967 թվականից սկսած տպագրում է ժամանակակից ամենաազդեցիկ հեղինակների, արվեստի ներկայացուցիչների, լրագրողների նյութերը: Նույնիսկ նրանց, ովքեր արգելված էին ԽՍՀՄ-ում: Օրինակ՝ 1990-ին առաջին անգամ ամբողջ Խորհրդային Միության պաշտոնական մամուլում տպագրվեցին Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» վեպից հատվածներ:

 

 

 

Արտակ Բաղդասարյանն ու Գրիգոր Խաչատրյանը գլխավորեցին ամսագրի գեղարվեստական մասը 1987-ի կեսերից: Հենց այդ ժամանակ էլ «Գարունը» մի փոքր թեքվեց դեպի ակտիվ քաղաքական օրակարգ: Այսինքն՝ այնքան, ինչքան դա թույլ էր տալիս արվեստը: Գրաքննությունը, ովքեր չեն հիշում, այդ տարիներին դեռ բավական ակտիվ էր: Սակայն դա չխանգարեց Գրիգորին ու Արտակին «Գարունի» շապիկին տեղադրել մի ձեռք, որը մատներով հաղթանակի նշանն է անում: Արտակ Բաղդասարյանի խոսքով, ի սկզբանե ձեռքը մեխած էր և արյունահոսում էր, իսկ մեխի սուր ծայրը դուրս էր եկած ամսագրի վերջին էջից: Բնականաբար, գրաքննության հետ ընդհանրապես հաշվի չնստել դեռ հնարավոր չէր։

 

Նմանատիպ փոխզիջումի հարկադրաբար գնաց նաև Հայաստանի քարտեզը, որը պետք է հայտնվեր շապիկին՝ Արցախն ու Նախիջևանը Հայաստանի կազմում: Հասկանալի պատճառներով դա թույլ չտրվեց և Հայաստանը հայտնվեց շապիկին՝ Արցախի ու Նախիջևանի սահմանները բաց թողնված: Այսպիսի ակնարկային, բաց սահմաններով քարտեզ ստացվեց

 

Արտակ Բաղդասարյանն ու Գրիգոր Խաչատրյանը՝ աշխատանքի ընթացքում, 1987 | Լուսանկարը՝ Գագիկ Հարությունյանի

 

Էկա՝ Էկա, չէկա՝ չէկա

Այն ժամանակվա գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը ամեն օր «Տիզբոն»՝ ԿենտԿոմ գնալիս կիսահումորով-կիսալուրջ ասում էր. «Տղերք, գնացի, Էկա՝ Էկա, չէկա՝ չէկա»: Ցանկացած նոր համարի շապիկի համար կռիվ էր տրվում իշխանության ներկայացուցիչների հետ: «Ես չեմ հիշում այնպիսի դեպք, — ասում է Գրիգոր Խաչատրյանը, — որ ես կամ Արտակը բավարարված մնայինք շապիկի վերջնական արդյունքից»: Պատճառը ոչ միայն խորհրդային գրաքննությունն էր, այլ նաև տեխնիկական հնարավորությունները:

 

Տպագրության որակի մակարդակը ցենզուրայից ոչ պակաս էր թելադրում շապիկի վերջնական տեսքը: Ստիպված գնում էին մինիմալիզմի ճանապարհով՝ մեծ գաղափարը տեղավորելով ասկետիկ հաղորդագրությունում: Այդպիսի լուծում էր Լենին պապիկի արձանը շապիկի վրա՝ իր հայտնի բարձրացրած ձեռքով ու գրառումով՝ «Էդ ու՞մ վրա ես ձեռք բարձրացրել»:

 

 

 

 

Մեկ սխալ կետ կամ սխալ ընտրված գույն, և հարյուր հազարը գերազանցող տպաքանակը հարկավոր էր նորից տպագրել՝ տպարանի հնարավորությունները թույլ չէին տալիս ռիսկերը նախօրոք գնահատել: «Շատ էինք այն ժամանակ խմում: Ալկոհոլն ու սուրճը մեր քննարկումների անբաժանելի մասն էին», — հիշում է Գրիգոր Խաչատրյանը: Ոգեշնչման աղբյուր էին նաև արտասահմանյան ամսագրերը, որոնք, սակայն, տպագրվում էին ավելի լավ տեխնիկական հնարավորություններով: Մինչդեռ Հայաստանում համակարգչով ձևավորումը առնվազն ուտոպիստական էր: Ամբողջն արվում էր ձեռքով՝ ճաշակի ու հմտության օգնությամբ:

 

 

 

 

Պլակատային մտածողություն

 

Մինչ «Գարունը», Արտակն ու Գրիգորը աշխատում էին Ժամանակակից արվեստի թանգարանում, նաև պատրաստում էին ցուցափեղկեր երևանյան հայտնի բրենդային (այդ բառն այն ժամանակ դեռ չկար, իհարկե) խանութների համար: «Գարուն» տեղափոխվելու մասին Գրիգորը հիշում է. «Մեր մտածողությունը պլակատային էր և դա, բարեբախտաբար, համընկավ այդ ժամանակվա քաղաքական անցուդարձներին, ստվերելով մեր պոլիգրաֆաէսթետիկական բացթողումները»: Հենց այդպիսի մտածողությունը օգնեց ստեղծել հայտնի «Թուղթ ու գիր» շապիկը: Շատ տարբեր մարդիկ գրեցին շապիկի վրա իրենց մաղթանքները՝ թուղթ ու գիրը: Եվ հենց այդպես՝ տարբեր մարդկանց ցանկություն մաղթանքներով էլ շապիկի վրա ծնվեց նոր համարը: Գրիգորի գրած «Անկախ ու միացյալ Հայաստանը» գլավլիտը թույլ չտվեց տեղավորել շապիկի վրա, պարզաբանելով՝ «սա դաշնակցական լոզունգ է»:

 

Ամեն դեպքում, այդ տարիները անցան, և մեզ մնացին անհավանական համարձակ, ստեղծարար ու խոսուն շապիկներ, որոնք անկասկած կարելի է դասել հայկական դիզայնի ամենավառ օրինակների շարքում։ Թե Արտակ Բաղդասարյանը, և թե Գրիգոր Խաչատրյանը վստահ են, որ այդպիսի բարձր մակարդակի «մեղավորները» ոչ միայն իրենք էին, այլ նաև այն մթնոլորտը, որում ապրում էին ամսագիրն ու Հայաստանը։

 

հավելյալ նյութեր