⏰ Ժամը ժամից անցավ
Գործարան

⏰ Ժամը ժամից անցավ

Խոսուն փաստ. ժամացույցի 15 հսկայական գործարան ունեցող ԽՍՀՄ ամբողջ տարածում միայն երկու քաղաք կարող էին հպարտանալ մեկից ավելին ունենալու պատվով՝ Մոսկվան ու Երևանը: ԵՐԵՎԱՆի 2015 թվականի հոդվածը Երևանի Ժամացույցի գործարանի մասին։

Տեքստը՝ Էմմա Հարությունյանի

 

Լուսանկարները՝ Արամ Կիրակոսյանի

 

ԵՐԵՎԱՆ #34 | 2015

Ժամացույցի գործարանի նախկին աշխատակից և արտադրական բաժնի պետ պարոն Գագիկը հպարտությամբ է նշում, որ Հայաստանից Չինաստան ընկած տարածքում այլևս ոչ մի ժամացույցի գործարան չկար, հետո նայում կողքերը և ցավով արձանագրում.


— Հիմա միայն սա է մնացել: 


Տարեկան 5 միլիոն արտադրանք թողարկող և 2500 աշխատակից ունեցող այս գործարանի ժամանակակից տեսքը խոր ափսոսանքից բացի ոչինչ չի առաջացնում: Գործարանի համար կառուցված 11 շինություններն այսօր հիմնականում դատարկ են, բացառությամբ մի քանիսի, որոնք հանձնված են վարձակալության մասնավոր անձանց: 


Դատարկ պատերի մեջ անկանոն դասավորված հսկայական վառարանների ու հաստոցների շարքի վերջում՝ ապակու տակ խնամքով դասավորված պարգևները գործարանի լավագույն ժամանակներից պահպանված միակ վկաներն են, որոնք, ի դեպ, այստեղ չէին էլ լինի, եթե աշխատակիցները չհսկեին վերջիններիս ապահովությունը: 

 

Գործարանի տեխնոլոգ Ջոնիկ Սերգեյիչը

 

Սերդոբսկից ու Լենինգրադից հետո հաջորդը

1945 թվականին կայացվեց որոշում, որով Սերդոբսկ և Լենինգրադ քաղաքներից բացի թույլ էր տրվում նաև Երևանում ունենալ զարթուցիչների արտադրության վրա կենտրոնացած գործարան: 1950-ականներից գործարանն արդեն մեծ արտադրանք էր տալիս, դառնալով առաջատարներից մեկը այս ասպարեզում: Արտադրանքը թողարկվում էր «Սևանի» («Севани») և «ԵԺԳ» («ЕЧЗ») ապրանքանշանների ներքո: Գործարանը շահագործում էր լավագույն հաստոցներն ու վառարանները, որոնց մի մասն այժմ էլ սարքին են և կարող են դեռ երկար ծառայել:


Բացի զանգվածային սպառման զարթուցիչներից և պատի ժամացույցներից, գործարանը թողարկում էր նաև հոբելյանական ժամացույցներ՝ նվիրված երկրի համար կարևոր իրադարձություններին: Դրանցից էին Կոմիտասի հարյուրամյակին նվիրված ծիրանի փայտից, Լենինի հարյուրամյակին ընդառաջ՝ հայկական տուֆից, տեղական տուֆից պատյանով և հայկական այբուբենի և Մատենադարանի շենքի փորագրությամբ արված ժամացույցները: 


Գործարանի առանձնահատկություններից էր նաև այն, որ այնտեղ էին պատրաստվում ժամացույցի համար անհրաժեշտ բոլոր դետալները. մաքուր հումքը մտնում էր գործարան, իսկ մնացած ամբողջ աշխատանքը՝ արդեն տեղում: Նման երջանկությամբ չեն կարող հպարտանալ անգամ ժամանակակից ամենացնցող ժամացույցների գործարանները: 

 

 

Չիլիից Վյետնամ 

Հինգ միլիոն հայկական «Սևանի» զարթուցիչների նվազագույնը 25 տոկոսը զնգզնգում էր Խորհրդային Միությունից կիլոմետրեր հեռու՝ Մեծ Բրիտանիա, Չիլի, Ուրուգվայ, Կուբա (որը, ի դեպ, ամենաոգևորող պահանջարկն ուներ), Իսպանիա, Գերմանիա և այլն, և այլն: Ու պատվիրատուների և արտասահման ուղարկվող ժամացույցների քանակը տարեցտարի ավելանում էր:

 

Ճշգրտություն ամենուրեք

«Սևանի» զարթուցիչների բամբ ձայնը քնած չէր թողնի ոչ մի՝ անգամ ամենախոր երազասերներին, ամենաանկոտրում քնապաշտներին: Լավ զարթուցիչ, հետևաբար պարտաճանաչ աշխատող. իսկական սովետական մարդ: Մի խոսքով, ուժեղ մեխանիզմ էր, բրուտալ, հստակ, որի մասին, անգամ, բանաստեղծություններ էին հյուսվում:


Իսկ գործարանի խոսող հաստոցների բաց նամակը գլխավոր մեխանիկին ինձ զվարճացրեց և ստիպեց հավատալ այս կոպիտ, մազութապատ և ծանր հաստոցների հոգատարությանը և գործարանի աշխատակիցների անվրդով հումորին:


«Հարգելի ընկերներ: Ներեցեք, որ հիվանդության պատճառով չկարողացանք Ձեզ անձամբ շնորհավորել Նոր տարվա առթիվ: Թեև հին ծանոթներ ենք, բայց, ըստ երևույթին, դուք մեզ ամենևին մոռացել եք: Գալիս եք գործիքային արտադրամաս, անտարբեր անցնում մեր կողքով: Մեկիս ձայնն է խռպոտել, մյուսը՝ «հոդացավ», սրտից բողոքող կա, մի խոսքով, բոլորս էլ ծանր հիվանդ ենք, չենք կարողանում աշխատել: Հանուն մեր հին բարեկամության, խնդրում ենք այցի գալ մեզ: Համոզված ենք, որ Ձեր մի խոսքը բավական է, որպեսզի մեզ բուժեն և վերականգնվի մեր աշխատունակությունը: Կարոտալի բարևներով գործիքային արտադրամասի 2 Б -118, А-125, ДУП-58, С-25 և այլ գալիկոնող և ֆրեզերող հաստոցներ»: 

 

 

Գործարանի առաջավոր բանվորուհիները

 

Տղերքի վիճակը վատ էր

Տղամադկանց հեշտ չէ աշխատել մի կոլեկտիվում, որտեղ ճնշող մեծամասնությունը կանայք են: Ժամացույցի գործարանի տղամարդիկ էլ ունեին այս խնդիրը: Գործարանի հավաքման արտադրամասում աշխատում էին միայն կանայք, իսկ տեխնիկները երբեմն շունչները պահած գործնական այցեր էին կատարում և ինչպես նշում են գործարանի նախկին տղամարդ աշխատակիցները. «…աղջիկների կատակներից նոկաուտ եղած դուրս գալիս»:

 


Այս տեսարանը շատ տպավորիչ ներկայացված է «Արևիկ» ֆիլմում, որը նկարված է Երևանի ժամացույցի գործարանում: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Սոֆիկո Ճիաուրելին ամեն հնարավոր ձևերով բարկացնում է տեխնիկ Մարտունին.


— Կգտնվի՞ գոնե մեկը, ով կարող է ասել ժամը քանիսն է: 


— Մարտունը թող ասի, գոնե մի բան նա ի վիճակի է անել:


Խեղճ Մարտուն, լավ է արտադրական մարմնամարզության ժամն ընդմիջում է հարյուրավոր կանանց անվերջ կատակները:

 

Մեղավորը ես եմ

Մենք էլ գիտենք բաց հասարակարգում ենք ապրում: Յուրաքանչյուր երևույթ հեռու չէր մնում ղեկավարության աչքերից, իսկ աշխատողները հենց իրենք էլ մեծ հաճույքով էին պատմում արար աշխարհին իրենց հուզող հարցերի մասին: Տեսե՛ք ինչ անվրդով ձևով է արձագանքում աշխատակցուհիներից մեկը անարդարության դեմ.


«Ինձ ասացին, որ հաշվապահությանը պետք է հայտարարություն տամ այն մասին, որ ամուսնացած չեմ: Իսկ այդ հայտարարությունը բավական է, որպեսզի աշխատավարձիցս պահումներ չկատարեն: Ինձ համար դա շատ ցավալի է: Արդյոք հաշվապահության ընկերները գիտե՞ն, որ թե քանի-քանի երիտասարդ տղաներ են թակել մեր դուռը և սրտները կոտրած գնացել: Եթե նրանց կարծիքը հաշվի առնեին, ինձանից քառապատիկ, գուցե և ավելի պահումներ կանեին: Իսկ իրականում ինձ ներում են այն բանի համար, որ իբր տղաները ինձ չեն հավանում, դրա համար էլ ամուսնացած չեմ: Դա վիրավորական է ինձ համար: Որոշել եմ հայտարարություն չտալ, թող պահումներ կատարեն, թե չէ մեղավորը ես եմ»: 

 

 

Իրավունք ունենք հանգստի

Ժամացույցի գործարանը երևի ամենաուրախ և նախաձեռնող անձնակազմն է ունեցել, քանզի բոլորը, ով խոսում է գործարանի մասին, անկեղծ նոստալգիայով է վերհիշում իրենց անցկացրած լավ օրերը՝ միջարտադրական խմբերի թեժ ֆուտբոլային խաղերը, հայկական առատ ճաշկերույթները: Բացի երեկույթներից, կամ, ավելի ճիշտ, ցերեկույթներից, գործարանի աշխատակիցները իրենց և իրենց երեխաների հանգիստը լավագույնս կազմակերպելու հոյակապ հնարավորություն ունեին: Գործարանին կից գործում էր պարային անսամբլ, մանկական պարի խումբ, դաշնամուրի խմբակ, կինոսերների ակումբ և ինտելեկտուալ հանգիստ բավարարելու մի շարք այլ խմբակներ և ակումբներ: 


Զվարճանալուց բացի գործարանի ակտիվիստները իրենց լուման և հոգատարությունն էին ներդնում գործարանի տարածքը ավելի բարեկարգ և ներկայանալի դարձնելու համար՝ հաճախ զոհելով անձնական ազատ ժամանակը: Աշխատակիցների խոսքերով «մութ ու ցուրտ» տարիներին նրանք ամբողջ կոլեկտիվով ձմեռները հսկում էին, որպեսզի գործարանի տարածքում և ոչ մի ծառ չհատվի: 

 

 

Դիփ Փառփլն ու Թոքմաջյանները

Գործարանի տեխնոլոգ Ջոնիկ Սերգեյիչն իր վրա է վերցրել գործարանի թանգարանի կազմակերպման հարցը: Նա իր երկար տարիների աշխատանքի ընթացքում ձեռնարկել է գործարանի արտադրած գրեթե բոլոր նմուշներից հավաքածու ստեղծելու գործը, որի մասին մանրամասն և հափշտակությամբ պատմում էր, կարծես երեկ էր եղել: Հիշում էր յուրաքանչյուր ժամացույցի հետ կապված պատմությունը, անունները՝ «Փոթորիկ», «Թեյնիկ», «Հայաստան»: Այս սենյակում մենք տեսանք նաև գործարանի արտադրած 125 միլիոներորդ զարթուցիչը: Հաճախ այս նմուշները ձեռք բերելու համար պետք էր հնարքների դիմել, ինչը նոր անեկդոտների թեմա էր դառնում:


Ժամացույցներ հավաքելուց զատ, Ջոնիկ Սերգեյիչն ունի նաև մեկ այլ հոբբի՝ երաժշտությունը: Փոքրիկ սենյակում առանց հատուկ կենտրոնացման կարելի է նկատել մի քանի տասնյակ տարվա պատմություն ունեցող ձայնարկիչը, որտեղից, օ՜ զարմանք, հնչում էր Deep Purple-ի Perfect Strangers-ը: Պարզվում է` պարոն Սերգեյիչը ինքնաբուխ և ամենաանկեղծ ոգևորությունն էր ապրում հենց այս ձայնասկավառակներին անդրադառնալիս: 


Բայց այս բազմապրոֆիլ աշխատասենյակում ևս մեկ հիշարժան բան կար. այն է՝ Թոքմաջյան քանդակագործ ընտանիքի պատը, որտեղ կախված է կոնֆետի տուփի վրա Լևոն Թոքմաջյանի արած գեղանկարը և մի քանի քանդակ: Թոքմաջյանների ընտանիքը արվեստանոց ունի գործարանի տարածքում, և հաճախ քանդակագործները հյուր են գալիս հուշերի սենյակ, սուրճ խմում և զրուցում պարոն Ջոնիկի հետ: 
 

 

 

Ժամացույցը կանգնեց

Շատ ու շատ գործարանների նման Խորհրդային Միության անկումից հետո այս մեկն էլ չդիմացավ կառավարության օր օրի աճող ճնշումներին և, հումքի և սպառման խնդիրների պատճառով սկսեց զիջել դիրքերը: Աշխատակիցների ջանքերով «Սևանի» ժամացույցների գործարանը մի քանի տարի էլ է երկարաձգում իր գոյությունը և անգամ պատրաստակամություն հայտնում փոխել աշխատանքի տիպը և զբաղվել հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում կենսական նշանակություն ունեցող զինամթերքի վերանորոգմամբ, քանի որ գործարանի տարածքում պահվում էր վերջինիս անձեռնմխելի պաշարը, որը գործարանի համար ամենածայրահեղ պահերին անգամ թույլ չէր տրվում օգտագործել: Սակայն ջանքերը մնում են ապարդյուն. այս մասշտաբների գործարանի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար սրտացավ վերաբերմունքը բավական չէր: 


Այժմ տարբեր հավաքածուներում, հին բնակարաններում և մի քանի թանգարաններում պահվող նմուշներից բացի ոչինչ չի հիշեցնում Երևանի ամենածաղկուն և հարուստ գործարաններից մեկի հնչեղ անվան մասին: 

հավելյալ նյութեր