Քրիստինա Վարդանյան․ «Ծառահատումները բնակչությանը հանգեցնելու են ջերմային սթրեսի»
Տևական ժամանակ է՝ Երևանի կենտրոնական փողոցներում թեղիները փոխարինվում են նոր ծառատեսակներով: Ի՞նչ է քաղաքային կանաչապատումը, ի՞նչ խնդիրներ է այն լուծում, ինչպիսի՞ն է Երևանի՝ որպես քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակը, ի՞նչ ազդեցություն կունենան նոր ծառատեսակները Երևանի և երևանցիների վրա, ի՞նչ են ասում գիտական փորձն ու օրենքը, բացատրում է ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի
Լուսանկարները՝ Քրիստինա Վարդանյանի, Արսեն Շուռ Կարապետյանի ֆբ-էջերից
Նախևառաջ, կանաչապատումը բնակչության առողջության ռիսկերի կառավարում է, որն ազդում է շրջակա միջավայրի բոլոր ցուցանիշների վրա: Հարավային քաղաքներում, ինչպիսին է նաև Երևանը, կանաչապատմամբ երկու կարևոր խնդիր պետք է լուծվի՝ բնակչությանը պաշտպանել ջերմային սթրեսից և զերծ պահել քաղցկեղածին ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Երևանում կան 30-ից ավել շահագործվող բաց հանք և շատ մեծ քանակի չկառավարվող շինարարություն. արդյունքում՝ փոշու սահմանային թույլատրելի խտությունը 2-3 անգամ գերազանցված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոշին անվանում է անտեսանելի գիր։ Ցավոք, Երևանում փոշին տեսանելի է. մենք դա զգում ենք մեր լորձաթաղանթների, սպիտակ հագուստի, մազերի, տան մակերեսների վրա: Կա նաև ահռելի քանակի ավտոտրանսպորտ, որի հետևանքով էլ ունենք ազոտի օքսիդի գերազանցումներ:
Երևանում չկան ջրային մակերեսներ: Գետ չունենք. Հրազդանը աղետալի վիճակում է, Գետառը ուղղակի փակել ենք թունելով։ Խոնավության մակերես ապահովող ոչինչ չունենք և մնում է միայն կանաչապատումը: Հիգիենիկ պահանջով՝ քաղաքի ծավալում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները պետք է կազմեն 20%. Երևանում այն ընդամենը 4% է՝ 5 անգամ պակաս:
Մեր թեղին, համաձայն գիտական աշխատանքների՝ բոլոր ծառատեսակների մեջ համարվում է ամենաբարձրերից մեկը, տերևը խորդուբորդ է, իսկ որքան ավելի խորդուբորդ է տերևը և ծառն էլ՝ լայնասաղարթ, միավոր մակերեսի վրա նստում է փոշու ավելի մեծ քանակ՝ այս դեպքում 5.58 գ թեղիից հետո մեր սոսի ծառատեսակն է: Բացի դրանից՝ թեղին ներկրված ծառատեսակ չէ, աբորիգեն՝ մեր ռեգիոնին բնորոշ ծառատեսակ է և լավ հարմարված է Երևանի շատ ծանր կլիմայական պայմաններին՝ չորադիմացկուն է, խնամքի նկատմամբ բացարձակ պահանջկոտ չէ:
Իհարկե, Երևանում թեղիներն ունեն խնդիր և դրա պատճառը տարիներ շարունակ իրականացված խոր էտն էր, որը թուլացրել էր թեղիների դիմադրողականությունը. ես բազմիցս այդ մասին խոսել եմ: Դրա համար տարիներ առաջ հարակից մասնագետների հետ Հալաբյան փողոցում մի պիլոտային նախագիծ իրականացրեցինք: Թեղիները, որոնք շատ ծանր վիճակում էին, մշտադիտարկման ենթարկեցինք՝ հատելով յուրաքանչյուր երրորդը և փոխարենը տնկեցինք հացենի, որը շատ լավ փոխարինում է թեղիին: Երեք տարվա մեր կատարած մշտադիտարկման արդյունքները բավական գոհացնող էին: Սխալ էր, երբ խորհրդային տարիներին միատար ծառատեսակներով կանաչապատվեցին փողոցները, որովհետև այսօր, երբ թեղիները վարակվեցին, ամբողջ փողոցով մեկ ունեցանք խնդիր։ Հիմա հանում ենք թեղիները և նորից միանման ծառատեսակով կանաչապատում: Այսինքն՝ 20 տարի հետո, եթե հուդայածառերը հանկարծ հիվանդանան, մենք կորցնելու ենք ամբողջ շարքը, նույնը ալբիցիայի և մյուս ծառերին է վերաբերում:
Պատճառն այն է, որ 2022-ից հետո կանաչապատման համար որևէ մասնագիտացված տեխնիկա չի գնվել: Բույսերի պաշտպանության բնագավառում արդյունավետ աշխատանքի համար բոլոր վարչական շրջաններում բուժական աշխատանքները պետք է արվեն միաժամանակ. հակառակ դեպքում միջատը միգրացիայի է ենթարկվում: Հիմա ամեն վարչական շրջանում մասնագիտացված տրակտորը մնում է 3-4 օր և մինչև առաջին վարչական շրջանից հասնում է 12-րդը, անցնում է 50 օր. դա ահռելի ժամանակ է միջատի համար, որ կարողանա որպես վնասատու գործել: Ծառերը հատելով՝ խնդիրը չի լուծվելու, պետք է առնվազն ձեռք բերել 2 նման տեխնիկա: Այս տարի 360.000 դոլարի եվրոպական ծառատեսակ է ներկրվել և ընդամենը 49 տոկոսով կատարվել է ոռոգման ցանցերի բարեկարգման աշխատանք. իրականում, հակառակը պետք է լիներ: Նորերը՝ հուդայածառը, լենքորանյան ալբիցան, դիակասկը խնամքի նկատմամբ շատ պահանջկոտ ծառատեսակներ են և կյանքի ավելի կարճ տևողություն ունեն, քան թեղին:
Հուդայածառը գարնանը շատ գեղեցիկ ծաղկում է, հետո ամբողջ ընթացքում այն այլևս դեկորատիվ տեսք չի ունենում և մինչև սեպտեմբերի կեսերի շոգ օրերը ստվերի խնդիրը լուծում են բարձրաբուն սոսիները, որոնք ասֆալտի մակերեսը և շենքերի ճակատներն ամբողջությամբ պաշտպանում են արևից: Չի կարելի ծառերը փոխարինել այնպես, որ ծառի սանիտարահիգիենիկ ֆունկցիան փոխվի, որովհեետև որքան ավելի բարձր և լայնասաղարթ է ծառը, այնքան մեծ է ստվերի մակերեսը:
Լենքորանյան ալբիցիայի ծաղկման շրջանը տևում է երկու ամիս, հետո երկար ժամանակ ծաղկաթափ է տեղի ունենում. փողոցի համար սա հավելյալ խնդիրներ է բերելու: Կիևում, որտեղ դիակասկը քաղաքի բրենդն է համարվում, այսօր ստիպված են փոխարինել, որովհետև այն շոգին չի դիմանում, խեղճանում է, ծայրային նեկրոզ է սկսվում: Ցեցի մի տեսակ կա, որն ամբողջ Եվրոպայում վնասում է դիակասկերին, և մեր տարածաշրջան բերել մի բույս, որը սեփական արեալում չի կարողանում ապրել և այդ փորձը անել երևանցիների առոջղության հաշվին, նպատակը ո՞րն է:
Երևանում այս նոր ծառատեսակները խորհրդային միության ժամանակ հատուկենտ տնկվել են քամուց պաշտպանված ինչ-որ այգեպուրակային տարածքներում, որովհետև դրանք ընդամենը դեկորատիվ էֆեկտիվություն ունեին: Բայց եթե Երևանում նույնիսկ խորհրդային տարիներին նման տեխնոլոգիա իրականացվել է, այսօրվա Երևանը և 50 տարի առաջվա Երևանը բոլորովին տարբեր քաղաքներ են: Այն ժամանակ եղել է Երևանյան լիճը, Կոմիտասում՝ ներկայիս եկեղեցու տարածքում կար ջրավազան, ամենուրեք աշխատում էին շատրվանները, այսինքն՝ կար բավարար խոնավություն ապահովող միջավայր:
Օրենքով, եթե ծառերի փոխարինում է իրականացվում, պետք է փոխարինումը կատարել կամ նույնանման ֆունկցիա ունեցող ծառերով կամ ավելի բարձր: Այն, ինչը հիմա արվում է, ճիշտ չէ ո՛չ Երևանի փողոցների և ո՛չ էլ երևանցիների համար: Շատ կարևոր է, որ 21-րդ դարի կանաչապատման մեջ լինի միջավայրի կայունության առաջնահերթություն, իսկ միջավայրը կայուն է, երբ կան տարբեր ծառատեսակների համակցումենր. այս կերպ կապահովվի նաև կենսաբազմազանությունը: Ժամանակակից կանաչապատման մեջ պետք է համակցվի բույսերի սանիտարահիգիենիկ և հոգեհիգիենիկ նշանակությունը, իսկ եթե չունենք ընտրության հնարավորություն, նախընտրությունը պետք է տրվի սանիտարահիգիենիկ նշանակությանը, որովհետև փողոցը պաշտպանության առաջին շերտն է:
Մերգելյանի պուրակի ծառահատումների ընթացքոը
Արդյունքում՝ ծառահատումները բնակչությանը հանգեցնելու են ջերմային սթրեսի՝ այն է ջրազրկում, արյան մակարդելիության բարձրացում, որի հետևանքով առաջանում են տրոմբոզներ, ինֆարկտներ, ինսուլտներ. այսինքն՝ այսպիսի հավելյար դեպքեր ենք ունենալու: Ասֆալտի մակերսը Երևանում տաքանում է մինչև 70 աստիճան, իսկ շիկացած ասֆալտից անջատվում է քաղցկեղածին գուդրոն կոչվող նյութը: ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում կատարված գիտական աշխատանքն ապացուցել է, որ Երևանում 60%-ով ավելացել է քաղցկեղի տարածվածությունը և 67%-ով՝ դրանից տարեկան մահացությունը: Ամբիոնի ևս մեկ գիտական աշխատանք էլ փաստում է, որ վերջին 30 տարում Երևանում ջերմային ալիքները տևողությամբ և հաճախականությամբ ավելացել են. այսինքն՝ շոգ օրերն ավելի շատացել են, իսկ Երևանում ֆասադային ջերմաստիճանը բարձրանում է մինչև 50-60 աստիճան, հետևաբար, շենքերի ճակատները տաքացումից պետք է պաշտպանվեն ծառերով: Կանաչապատումը 8-10 դեցիբելով իջեցնում է աղմուկի մակարդակը, իսկ 5 դեցիբելի փոփոխությունը 4%-ով ավելացնում է մահացելիությունը: Կտրելով ծառերը՝ չենք ունենալու օդը ֆիլտրող և ուղղորդող աէրացիոն ռեժիմ և քամիապաշտպան շերտ, քանի որ փողոցները հանդիսանում են նաև օդափոխության միջանցքներ: Բարձրաբուն ծառերին փոխարինած ցածրաբուն ծառերի վրա թռչունները չեն նստելու, որովհետև նրանց համար այդ բարձրությունը վտանգավոր է համարվում, իրենց ապահով չեն զգում, իսկ ծառատեսակը նաև կենսաբազմազանության համար սննդի բազա է:
Պետո Պողոսյանի նկարը
Կարելի է փողոցի երկու կողմերում հայելանման հատել ամեն երրորդ ծառը, այսինքն՝ անել այնպես, որ միջավայրը մնա պաշտպանված և որևէ պարագայում ինտրոդուկցված ծառատեսակներով, որոնք ռիսկային են Երևանի պայմաններում, չանել այդ փոխարինումը: Բայց, հանուն արդարության՝ սաֆորա ծառատեսակը սանիտարական հատկանիշներով շատ լավ համապատասխանում է Երևանի բնակլիմայական պայմաններին. այս ծառատեսակն ընտրվել է Բագրատունյաց փողոցի համար: Ամբողջ Արշակունյաց պողոտայում նախկինում սաֆորաներ տնկվել են և այդ ընտրությունը արդարացված է: Իսկ գերկառուցապատված կենտրոնի Թումանյան, Ալեք Մանուկյան, Ուլնեցի, Մոսկովյան փողոցների ճակատագիրը վտանգված է: