Երևանի սպիտակ ռոյալը
Գործիք

Երևանի սպիտակ ռոյալը

Ինչպես հարյուր տարի առաջ Երևան բերվեց շքեղ գերմանական ռոյալը։

Տեքստը՝ Արամ Հարությունյան


Լուսանկարները՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Հարություն Մալխասյան

 

ԵՐԵՎԱՆ #68 | 2021

#ՀինԵրևան

Շնորհակալություն ենք հայտնում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Երաժշտության բաժնին, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի Երաժշտական գրականության ենթաբաժնի ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Երաժշտագիտական գրադարանի աշխատակիցներին՝ անհրաժեշտ նյութերի հայթայթման հարցում ցուցաբերած աջակցության համար:

 

 

Երևանի կոնսերվատորիայի առաջին շենքը

Տարեսկզբին Երևանում երկու դաշնամուրային պատմություն քննարկվեց։ Փետրվարի սկզբին քաղաք ժամանեց Yamaha համերգային ռոյալ, որն ընծա էր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Ճապոնիայի կառավարության կողմից (ի թիվս մի քանի այլ երաժշտական գործիքների): Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ «Դարի ղողանջ» հիմնադրամի նախագծի մասին՝ 105 ռոյալների միջոցով կնշվի Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը: Առաջին դաշնամուրները Երևանում հայտնվել են 19-րդ դարի երկրորդ կեսին, իսկ 1927-ին բերվեց թերևս ամենանշանավորը։ Հետևում ենք լեգենդար սպիտակ գործիքի անցած ուղուն։

 

Երևանի կոնսերվատորիայի դահլիճը, 1940-ական թվականներ

 

8 ռուբլի դաշնամուրը երկու անգամ տեղափոխելու համար

Ըստ պրոֆեսոր Շուշանիկ Ափոյանի հեղինակած «Հայկական դաշնամուրային արվեստի պատմություն» դասագրքի՝ երևանյան առաջին դաշնամուրների հանգրվանը 1850-ին հիմնադրված Հռիփսիմյան օրիորդաց վարժարանն էր։ Նախ պետք է նշել, որ դաշնամուրը մուտք էր գործել Այսրկովկաս դեռ 19-րդ դարասկզբին: Գործիքն ի սկզբանե տարածվել էր խոշոր մշակութային կենտրոն Թիֆլիսում, որտեղ, անշուշտ, համբավ ունեին նաև հայազգի երաժիշտները։ Ոգեշնչվելով տարածաշրջանում հետզհետե զարգացող երաժշտական անցուդարձից ու մտածելով հեռանկարների մասին՝ 1866-ից իրականացվող կրթական բարեփոխումների ընթացքում Հռիփսիմյան վարժարանը նախաձեռնում է ներմուծել նաև երաժշտական կրթական բաղադրիչ։ Այսպիսով, 1870-ականներին արդեն գործում էին դաշնամուրի կամընտրական դասընթացները՝ ուսանողուհիների խանդավառ ցանկությամբ ու իրենց իսկ նյութական միջոցներով։

 

 

 

Դաշնամուրային հայտարարություններ «Эриванские объявления» թերթում


1882-ի մայիսի 1-ին երևան է գալիս քաղաքում դաշնամուրի գոյությունը հաստատող առաջին տպագիր արձանագրությունը։ Կարիքավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով Երևանում հաճախ կազմակերպվող բարեգործական համերգներից մեկի մասին գրում է «Պսակ» թերթի 1882-ի 10-րդ համարը՝ բերելով կատարված դրամական ծախսերի մանրամասն ցուցակ: Վերջինս այսպիսի կետ է պարունակում. «Դաշնամուրի երկու անգամ տեղափոխուիլն 8 ր[ուբլի]»։ Իմիջիայլոց, Հռիփսիմյան վարժարանի 1898-ին կառուցված շենքը (ճարտարապետ՝ Իվան Վագապով, վերակառուցող՝ Վասիլի Միրզոյան [1905]), որ գտնվում է ներկայիս Ամիրյան փողոցում, Երևանում պահպանված 19-րդ դարի սակավաթիվ կոթողներից է, ու, ցավոք, այժմ անորոշ կարգավիճակ ունի։ 


Արմավենին ու խալիները՝ ներառյալ

Արդեն 20-րդ դարասկզբին դաշնամուրը վստահաբար երևանցիների շրջանում ամենից «հարգված» երաժշտական գործիքն էր։ Քաղաքում դաշնամուրի նկատմամբ ձևավորված  համընդհանուր հետաքրքրվածության մասին փաստում են «Эриванские объявления» թերթի 1906-1917 թվականների համարները (հայտարարությունների այդ թերթը լույս էր տեսնում 1883-1885 [հայերեն տարբերակը] և 1900-1917 թվականներին՝ շաբաթական 1-3 անգամ)։ Այդ համարները թերթելիս անընդհատ տեսնում ենք դաշնամուրների և ռոյալների առքուվաճառքին վերաբերող հայտարարություններ: Պարզ է դառնում, որ զգալիորեն աճել էր տներում պահվող գործիքների թիվը. վաճառքի էին հանվում «J. Becker», «C. M. Schröder», «F. Mühlbach», «Smidt & Wegener», «Diederichs Frères», «Offenbacher» ու այլ ֆիրմաների արտադրության դաշնամուրներ: 

 

Ի դեպ, այդ հայտարարություններից շատերն այսօր բավական զավեշտական են թվում. մի դեպքում գործիքի հետ մեկտեղ վաճառվում էր «մեծ արմավենի», մյուսում՝ «խալիներ», երրորդում, գուցե նկատի ունենալով ստեղնաշարային գործիքի հետ զուգահեռը, վաճառողը նշել էր՝ «դաշնամուր և գրամեքենա»:


Դաշնամուր լարող վարպետների և դաշնակահար-մանկավարժների շրջանակում էլ աստիճանաբար առաջացավ մրցակցային մթնոլորտ, թեև այդ մասնագետներից շատերի այցը Երևան կարծես թե դիպվածական բնույթի էր: Հաճախ միևնույն համարում զետեղված է գովազդային ոճի երկու տեղեկություն քաղաքում դաշնամուր լարող-նորոգող  վարպետների գտնվելու մասին (թիֆլիսցի և պետերբուրգցի) կամ երկու-երեք մանկավարժի հայտարարություն: Հետաքրքիր է Ռուդոլֆ Շպերլինգի գրությունը զուգահեռաբար դաշնամուրի, ջութակի, մանդոլինի, կիթառի ու բալալայկայի մասնավոր դասեր անցկացնելու մասին: Որոշ ուսուցիչներ լրացուցիչ վարձատրության դիմաց դասավանդում էին նաև օտար լեզուներ կամ երաժշտատեսական առարկաներ, մեկն անգամ «մեղր ու ընկույզի հրաշալի մուրաբա» էր վաճառում…


Դաշնամուրների Ստրադիվարին

1921-ին Հայաստանում թափ առավ ակադեմիական երաժշտական կրթությունը. Երևանում Ռոմանոս Մելիքյանը կազմավորեց երաժշտական ստուդիա, որը երկու տարի անց վերաճեց պետական կոնսերվատորիայի։ 1926-ին բարձրագույն հաստատության ռեկտոր դարձավ կոմպոզիտոր, հետագայում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Անուշավան Տեր-Ղևոնդյանը։ Նորանշանակ ղեկավարը 1927-ին կոնսերվատորիայի դահլիճի համար ձեռք բերեց նոր ռոյալ։ C. Bechstein էր… 

 

Նորին կայսերական մեծություն Նիկոլայ Միխայլովիչի պալատը, Բորժոմի

 

Bechstein-ի գովազդային բացիկ


Գերմանական այդ գործարանը թերևս աշխարհում լավագույնների եռյակում էր: Հանս ֆոն Բյուլովի կարծիքով՝ «Բեխշտայնը դաշնակահարների համար այն է, ինչ Ամատին ու Ստրադիվարին՝ ջութակահարների»: Բացումից շատ չանցած գործարանի արտադրանքի համակիր դարձան Ռիխարդ Վագներն ու Ֆերենց Լիստը, որին ամեն տարի նոր համերգային ռոյալ էին ընծայում, ապա նաև Էդվարդ Գրիգն ու Ալեքսանդր Սկրյաբինը… Կուռ հարաբերություններ ուներ գործարանը Ռուսական կայսերական տան հետ: Ու հատկանշական է, որ Երևանի նշանավոր Բեխշտայնը՝ ոսկեգույն մեդալիոններով ու երիզվածքով զարդարված սպիտակ ռոյալը, նախքան քաղաք տեղափոխվելն արդեն իսկ օժտված էր հարուստ կենսագրությամբ: Գործիքը պատկանել էր մեծ իշխան Նիկոլայ Միխայլովիչին (Նիկոլայ I-ի թոռն էր ու Նիկոլայ II-ի հորեղբայրը): Տեղակայված էր իշխանի համար կառուցված պալատի սրահներից մեկում: Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Լեոնտի Բենուայի նախագծած մավրիտանական ճարտարապետության այդ նմուշը Վրաստանում է՝ Բորժոմի քաղաքի արվարձանում գտնվող Լիկանի ավանում, Կուր գետի ափին (կառուցվել է 1892-1894 թվականներին):

 

Ամենայն հավանականությամբ պալատում անվանի երաժիշտների մասնակցությամբ միջոցառումները հազվադեպ չեն եղել։ Անդրեյ Վոզնեսենսկին մի քնարական բանաստեղծություն ունի Նիկոլայ Միխայլովիչի լիկանյան սիրավեպի մասին, որտեղ արտացոլված է իշխանի հակվածությունը հատկապես դաշնամուրային երաժշտության հանդեպ: Վոզնեսենսկու տողերում հիշատակվում է նաև Պյոտր Չայկովսկին, սակայն դա բանաստեղծական երևակայության արգասիք կարելի է համարել, քանի որ մեծանուն կոմպոզիտորը վախճանվել էր մինչ պալատի կառուցումը (1893-ին): 


1927-ից սպիտակ Բեխշտայնն այժմյան Արամի 44 հասցեում էր՝ կոնսերվատորիային պատկանող շենքի (որն ի սկզբանե մեծահարուստ գործարար Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունն էր) երկրորդ հարկի դահլիճում, ապա՝ նորակառույց երրորդ հարկի անկյունային մասում գտնվող դահլիճում: Այս տեղադրությունը երևում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից մեզ տրամադրված եզակի լուսանկարում՝ դահլիճի պատուհանների ուրվագծերը շենքի ճակատի հետ համեմատելիս:

 

Առնո Բաբաջանյանն ու սպիտակ Բեխշտայնը, 1951 թվական

 

Քննություն Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի ամբիոնում, 1939 թվական


Շքեղ տեսքով, հարթ ձայնով

Փաստորեն քաղաք էր ժամանել մի ռոյալ, որն ակներևաբար առանձնանում էր մնացած գործիքներից՝ մի քանի ցուցանիշներով։ Նախ և առաջ, անկասկած, տպավորիչ էին նրա գույնն ու շքեղ արտաքին տեսքը։ Բացի այդ, բացառիկ էր գործիքի ձայնային հատկությունների որակը. հնչողությունը հարթ էր, զուրկ անհարմարություն առաջացնող էֆեկտներից։ Բնականաբար տարբերվող գործիքն իսկույն շատերի համար ոգեշնչման աղբյուր դարձավ։


Այս առումով հետաքրքիր են դաշնակահար, մանկավարժ, պատկերազարդ ձվերի ճանաչված հավաքածուի հիմնադիր Յակով Զարգարյանի հուշերը։ Տասը տարեկանում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Յաշա Զարգարյանն առաջին անգամ այցելեց Երևանի կոնսերվատորիայի դահլիճ: Երաժիշտ-ուսանողների համերգն էր, ու Յաշան միանգամից սիրահարվեց սպիտակ ռոյալին։ Պատճառն իհարկե գործիքի անսովոր կերպարանքն էր. չէ՞ որ այն ամբողջությամբ սպիտակ էր, դե չհաշված սև ստեղները, ոսկեգույն զարդերն ու պեդալները… Այդ պահից Յաշան երազում էր հայտնվել ուսանողների տեղում ու դիպչել գործիքին։ Երկու անգամ նա ծածուկ ներխուժեց կոնսերվատորիայի շենք, բայց այդպես էլ ռոյալին չհասավ. սկզբում խոչընդոտեց մի օրիորդ, ապա՝ պարապող երաժիշտները, որոնց պատանին խանգարել էր աղմուկ առաջացնելով։ Երազանքն իրականություն դարձավ մի քանի տարի անց՝ 1939-ի ապրիլի 21-ին, երբ Յաշան մասնակցում էր կոնսերվատորիայի դահլիճում կայացած դպրոցական մրցույթին։ Բնական է, որ բաղձալի արդյունքին հասածի ոգևորությունը պետք է հաղթանակ բերեր. Զարգարյանը ճանաչվեց Մոցարտի սոնատի լավագույն կատարող։

 

 

   

 

Սպիտակ ռոյալն այսօր


Կոնսերվատորիայի աստղը

Կոնսերվատորիայի գլխավոր ռոյալը գործի էր դրվում քննությունների, տարատեսակ մրցույթների, նաև հատուկ միջոցառումների ժամանակ։ Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը կոնսերվատորիայի կոմսորգն էր (կոմերիտ-կազմակերպիչը) 1940-ականների վերջին։ Իր օրագրում Բալյանը պատմում է, թե այդ տարիներին ինչպես էր հաջողվում նախաձեռնել Երևան հյուրախաղերի եկած մի շարք նշանավոր դաշնակահարների այցը կոնսերվատորիա։ Արտիստները երբեմն հեշտ չէին համաձայնում ու համոզելու կարիք էր լինում: Այնուամենայնիվ հանդիպումները հետաքրքիր ու հաճելի էին թե՛ լսարանի, թե՛ կատարողի համար: Մարիա Գրինբերգի այցի ժամանակ աշխույժ մթնոլորտ էր. լեփ-լեցուն դահլիճում դաշնակահարուհին պատասխանում էր ուսանողների հարցերին, ապա երկար նվագում ու հանկարծ դադարում. «մոռացա՛»… Այսկերպ սպիտակ Բեխշտայնը նվագեցին Կոնստանտին Իգումնովը (1942-ին Իգումնովը տարհանվել էր Երևան ու մինչ 1943-ի նոյեմբերը դասավանդում էր Երևանի կոնսերվատորիայում), Հենրիխ Նեյհաուզը, Լեոպոլդ Մյունցերը, Լև Օբորինը, Յակով Ֆլիերը, Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսը, Վիկտոր Մերժանովը…


Այսօր Երևանում շատ են սպիտակ ռոյալները, բայց միայն մեկը՝ հարյուրամյակից ավելի ձգվող կենսափորձով ու անդադար հյուսվող լեգենդների կենտրոնում: Իսկ ժամանակի հետքը, ցավոք, անխուսափելի է: Բազում տասնամյակներ Երևանի կոնսերվատորիային ու հայ երաժշտական մշակույթին ծառայած սպիտակ Բեխշտայնն այժմ չի օգտագործվում ու պահպանվում է կոնսերվատորիայի ռեկտորի աշխատասենյակում: