Երևանը ժենգյալ է բուրում
Թիկունք 2020

Երևանը ժենգյալ է բուրում

ԵՐԵՎԱՆը «ժենգյալային զբոսանք» է կատարել քաղաքով ու զրուցել ժենգյալով հաց պատրաստող արցախցի տիկնանց հետ։

Տեքստը՝ Ամալի Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #66 | 2021

 

 

#Թիկունք2020

Ինչպես Բրյուսելի փողոցներն են բուրում Բելգիայի ավանդական քաղցր վաֆըլի հոտով, այնպես էլ Երևանի կենտրոնն է սկսել բուրել ժենգյալով հացի անուշ բույրով։ Արցախյան երկրորդ պատերազմը, չնայած մի շարք ցավոտ կորուստների ու անդառնալի տրամադրությունների, Երևանին բերեց ժենգյալով հացի նոր մշակույթ։ Արցախից Հայաստան տեղափոխված կանայք մինչև հիմա կենտրոնի մի քանի հատվածներում պատրաստում ու երևանցիներին են վաճառում իրենց ավանդական ղարաբաղյան ժենգյալով հացը։

***
Աբովյան-Արամի խաչմերուկում հոկտեմբերի երրորդ շաբաթն է՝ բացվել է ժենգյալով հացի առաջին ու ամենահայտնի կետը։ Սկզբում թխողները երկուսն էին, հերթերը՝ անծայրածիր։ Պատերազմի ավարտից հետո այստեղ ժենգյալով հաց թխող արցախցի կանանց թիվը զգալիորեն մեծացել է, իսկ հերթերը՝ զգալիորեն քչացել։ 65-ամյա Լեսմոնյա Օհանջանյանը Ստեփանակերտի շուկայի հայտնի ժենգյալով հաց պատրաստողներից է։ 30 տարի նույն գործն է արել, նույն շուկայում։ Այժմ, միայն ժամանակավոր, տեղափոխվել է Երևան ու միացել Աբովյան փողոցի ժենգյալով հաց պատրաստող կանանց։ Ստեփանակերտ անպայման վերադառնալու է. սպասում է, որ գործերն այնտեղ գոնե մի քիչ լավանան։


Նկատելի է, որ Լեսմոնյան մեջներից ամենաակտիվն ու փորձառուն է այս գործում, նա այս կանանցից նաև միակն էր, որ ինձ հետ զրուցելու առաջարկը չմերժեց։ Երևանն ու երևանցիներին է շատ սիրել. քանի որ աշխատում է քաղաքի հենց կենտրոնում, հասցնում է շատերի հետ շփվել ու նորովի ճանաչել։ «Երևանցիների մասին միշտ լավ կարծիքի եմ եղել, իսկ հիմա բառ չեմ ճարում գրականության մեջ, որ նկարագրեմ իմ զգացմունքները ձեր մասին։ Ինչքան մարդ տեսնում եմ, բոլորը ղարաբաղցիների նկատմամբ շատ հոգատար են, շատ լավատես, շատ օրհնանքով,– ասում է Լեսմոնյան ու շարունակում խոսքը,– Այս գործն էլ մեզ է օգնում, որ մի քիչ ցրվենք մտքերից։ Գոնե սենց մարդ ենք տեսնում, խոսում ենք, մեզ լավ ենք զգում։ Եթե տունը լինես այս մտքերով, կխելագարվես»։

 

 

Աբովյան-Արամի խաչմերուկի ժենգյալը

 

Հետաքրքիր է, որ վերջին նախադասությունը մի քանի րոպե անց նույն բառերի ընտրությամբ ասում է նաև Լեսմոնյայի գործընկեր 60-ամյա Նովելլա Բալասանյանը. «Եթե այս գործը չլիներ, տանը նստած կխելագարվեի»։ Չնայած Նովելլայի խելագարվելու մտքերն ավելի սարսափելի են թվում։ Նա Հադրութի շրջանի Ուղտաձոր գյուղից է, մնացել է անօթևան, սպասում է պետությունների արձագանքին։ Հադրութի իրենց գյուղից տիկին Նովելլան ամենավերջինն է դուրս եկել։ «Հոկտեմբերի 25-ին տղաս դիրքերից զանգեց, ասաց՝ մեկ րոպե ժամանակ ունեմ գյուղից դուրս գալու համար. գյուղում այլևս կին չէր մնացել։ Դուրս եկա, երկու օր մնացի հարևան գյուղում, որտեղից էլ ինձ խաբելով բերեցին Երևան։ Ասացին՝ գյուղ ենք գնում, քշեցին Ստեփանակերտ, հետո Երևան»,– պատմում է հադրութցի կինը։ 

 

Թե դեռ ինչքան Նովելլան կաշխատի Երևանում ու մինչև երբ կգործի ժենգյալով հացի այս կետը, անորոշ է, ինչպես պատերազմին վերաբերող մյուս բոլոր հարցերը։ Արդեն մեկ շաբաթ կլրանա, ինչ Նովելլան այստեղ է աշխատում։ Ի տարբերություն Լեսմոնյայի՝ ինքը պրոֆեսիոնալ չէ, բայց պատրաստել շատ է սիրում։ «Տենց ղարաբաղցի չկա, որ ժենգյալով հաց պատրաստել չիմանա»,– վստահեցնում է Նովելլան ու շարունակում գրտնակելը՝ քաղաքավարությամբ հուշելով, որ բավական է խոսի։ 

 

Լեսմոնյա Օհանջանյանը Ստեփանակերտի շուկայի հայտնի ժենգյալով հաց պատրաստողներից է

 

***
Մոսկովյան փողոցի «ՊԻԵՐ 28» ռեստորանում ժենգյալով հացի կետը քաղաքում հայտնիությամբ զիջում է միայն Աբովյանի տաղավարին։ Այստեղ էլ հակառակն է՝ պատերազմի օրերին միանգամից մի քանի կին կարելի էր տեսնել՝ թխելու նույն գործողությունն անելիս, իսկ հիմա պատրաստողներից մեկ-երկու հոգի են մնացել։ Ստեփանակերտից 65-ամյա Ստելլա Ղուլյանին Մոսկովյանի այս ռեստորանում պատերազմի ավարտից առաջ՝ նոյեմբերի սկզբին էի հանդիպել։ Շաբաթներ անց նա դեռ նույն տեղում է, նույն ժպիտով նույն գործն է անում։

 

Տիկին Ստելլան շարունակում է մնալ Երևանում, որովհետև Ստեփանակերտ դեռ չի կարող վերադառնալ։ Միանշանակ վերադառնալու է. իր տունը կանգուն է մնացել։ Հիմա պարզապես սպասում է դպրոցական արձակուրդներին, քանի որ հոկտեմբերից Երևան տեղափոխվելուց հետո թոռնիկներն այստեղ սկսել են դպրոց հաճախել։ Ինչպես և առաջին, այդպես էլ մեր երկրորդ հանդիպման ժամանակ Ստելլան ինձ հետ խոսելու համար չի ընդհատում թխելը։ Հրավիրում է ինձ Ստեփանակերտ ու խոստանում այնտեղ էլ ժենգյալ թխել՝ արցախյան տասնյակ կանաչիներով, որոնք նա աճեցնում է Ստեփանակերտի՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի հետևում գտնվող իր սեփական հողամասում։ Այդ հողամասն իր տատիկից է ժառանգել, նույն տատիկից իրեն է մնացել նաև ժենգյալով հացի ավանդական բաղադրատոմսը։ Միայն մի քանի կանաչիներ են պակասում, սակայն կարևոր երկուսը ձեռքի տակ են՝ կնձմնձուկն ու ճռճռուկը։ «Ես տան կին եմ, ժենգյալով հաց պատրաստել եմ փոքր ժամանակվանից, սովորել եմ տատիկիցս, մայրիկիցս։ Հիմա էլ աղջիկներս են ինձնից սովորում, նաև տասնհինգ տարեկան թոռնիկս»,– ասում է նա։

 

Մոսկովյան փողոցի արցախյան ժենգյալը


Երևանում տիկին Ստելլան շատ անգամներ է եղել։ Իր ծնողների նման այս քաղաքը հատուկ սիրով է սիրում, հատկապես երիտասարդ տարիքում հաճախ է եկել ու օրերով զբոսնել։ Հարցիս՝ արդյոք հասցրե՞ց այս անգամ էլ քաղաքով զբոսնել, որևէ նոր բան տեսնել, տիկին Ստելլան պատասխանում է. «Ի՞նչ կմտածեն մարդիկ, եթե դուրս գամ քաղաքով զբոսնելու։ Ամոթ է։ Մարդիկ կասեն՝ Ստեփանակերտը թողել, եկել է Երևան, ուրախանում է։ Այս անգամ ես միայն տնից գործի, գործից տուն»։ 

 

 

«Ես տան կին եմ, ժենգյալով հաց պատրաստել եմ փոքր ժամանակվանից, սովորել եմ տատիկիցս, մայրիկիցս։ Հիմա էլ աղջիկներս են ինձնից սովորում, նաև տասնհինգ տարեկան թոռնիկս»


Չուզենալով երկար խանգարել տիկին Ստելլայի գործին՝ հրաժեշտ եմ տալիս։ Իսկ նա զարմանալի լավատեսությամբ վստահեցնում է ինձ, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու և հյուրասիրում է ժենգյալով հացերից մեկը։ Ջեռոցի վրայից հենց նոր վերցրած տաք հացը վառում է ձեռքերս, բայց ես շտապում եմ մի անկյուն գտնել ու այն արագ ուտել, որովհետև միայն տաք-տաք ուտելիս ես զգում, թե ինչպես են բերանումդ հալվում բոլոր կանաչիները։