Երգող պատկերներ
Պարզվում է ասեղնագործ պատկերները ձայներ ունեն, որոնք կյանք են ստանում փողոցային երգեհոնի միջոցով։ Երաժիշտ (կամ, ավելի ստույգ՝ սաունդ արտիստ) Ալեքսիս Փոլը իր նախագծի մասին։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Joaquim Mora, Fernando Carqueja, Arnaud Picollier
Շարմանկա,փոքր երգեհոն, երգեհոնիկ
Մեխանիկական փողային նվագարան (գործիք), առանց ստեղնային մեխանիզմի, կազմված է արկղից, որի մեջ զետեղված են հնչափողեր, փուքս և գլանիկներ, որոնք շարժման մեջ են դրվում բռնակը պտտեցնելու միջոցով։
Անծանոթի երգեհոնը
Ալեքսիս Փոլը, ով այս պահին խորացված ուսումնասիրում է փողոցային երգեհոնը, առաջին անգամ Ֆրանսիայից եկավ Հայաստան 2016 թվականին։ Նա երաժիշտ է, բայց իր նպատակը երաժշտությունը չէ։ Ալեքսիսը դիտարկում է երաժշտությունը որպես գործիք աշխարհի պոետիկ և արվեստին մոտ ընկալումը արտահայտելու համար։
Նա փոքրուց նվագել է տարբեր գործիքներ։ Առաջինը շեփորն էր, իսկ մեծ տարիքում նույնիսկ ռոք խմբում կիթառ է նվագել։ Բայց մի քանի տարի անց որոշեց իր ուշադրությունը կենտրոնացել փողոցային երգեհոնի վրա։
«L'Orgue de Barbarie» ինչպես այն անվանում են Ֆրանսիայում, բառացիորեն նշանակում է անծանոթի երգեհոնը։ Եվ այդպես էլ կա, այդ գործիքը գեղեցիկ էր հնչում նույնիսկ հասարակ անցորդի, թափառաշրջիկի ձեռքում։ Ալեքսիսի խոսքով՝ այն գործիք է ոչ երաժիշտների համար և իրեն հենց դա էր հետաքրքիր, թե ինչպես, լինելով երաժիշտ, կարող է կիրառել մի գործիք ստեղծված ոչ երաժիշտների համար և ստանալ արվեստ։
Դա էր պատճառը, որ նա որոշեց իրականացնել մի նախագիծը, որը անմիջական կապ կունենար այդ հնագույն երաժշտական գործիքի հետ։ Փողոցային երգեհոնը ժողովրդական գործիք է։ Հասարակ երգեհոնը մենք տեսել ենք եկեղեցում, իսկ այստեղ այն դուրս է բերվել եկեղոցուց և դառել հանրային կյանքի մի մաս։ Ալեքսիսի կարծիոքվ՝ Դա երաժշտության «ժողովրդավարականացման» փորձի նման մի բան էր։
«Փողոցային երգեհոնը շատ հին գործիք է և շատ մեծ պատմություն ունի, բայց ես չէի ցանկանում կենտրոնանալ միայն անցյալի վրա և փորձեցի գնտել ճանապարհ այս գործիքը կրկին ապրեցնելու և ապագայի հետ կապելու համար», - ասում է երաժիշտը։ Երբ Ալեքսիսը նոր էր սկսում նախագիծը, հասկացավ, որ պետք է ընդլայնել աշխարհագրությունը, հեռու գնալով Եվրոպայից, քանի որ այս գործիքը ամենևին էլ եվրոպական չէ։ Նաև որոշեց, որ պետք է համագործակցել տարբեր մշակույթներ կրող ֆոլկ երաժիշտների հետ, և գուցե ստացվի անսպասելի կապեր հայտնաբերել միասին։
Վերջին տարիներին, պահելով փողոցային երգոհոնին վերաբերող նախագծի գաղափարը իր մտքում, մեկ այլ նախագծով Ալեքսիսը եղավ շուրջ տասը երկրում, որոնցից մեկը Հայաստանն էր։ Նա այդ բոլոր երկրներում ֆրանսիական ռադիոյի համար ձայնային փոդքասթներ էր ստեղծում աշխատելով տեղացի երաժիշտների հետ։ Վերադառնալով Ֆրանսիա՝ նա նորից սկսեց ուսումնասիրել երգեհոնը, բայց արդեն ավելի պարզ պատկերացնելով, թե որտեղ պիտի փնտրի իր ուզած պատասխանները։
Պատկերների օրինաչափությունը
Գործիքի ներսում բավական բարդ մեխանիզմ է, մի ամբողջ աշխարհ։ Նրա մեջ ներդրվում է թղթե ժապավեն, որի վրա հատուկ ծակոտիներ կան՝ նոտաներն են։ Ծանոթանալով և տեսնելով այդ ամբողջ կառուցվածքը Ալեքսիսը մտածեց, որ կարելի է որոշակի կապ գտնել երաժշտության և ժողովրդական վիզուալ արվեստի միջև։ Նրա ընտրությունը կանգնեց ասեղնագործ պատկերների վրա։ Դա էլ է ժողովրդական արվեստ, որն իր մեջ պահում է որոշակի ռիթմեր և օրինաչափություններ, այսպես ասած՝ մեդիտատիվ հերթականություն։
Այդ պահից գաղափարը հստակ էր՝ գտնել կապ ասեղնագործ պատկերների և երգեհոնի մեջ ներդրվող նոտաների միջև՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով կրկնվող պատկերների վրա։ Անցկացնել դրանք երաժշտական թղթե ժապավենի վրա, լազերի օգնությամբ հատուկ ծակոտիներ ստեղծելով, և ստանալ ձայներ։ Հետագայում նա պետք է հասկանար, թե ինչպես դարձնել այդ ձայները հնչեղ և հետաքրքիր։
«ժողովրդական արվեստը մարդկանց կյանքերի մասին է, այն ճանապարհ է մշակույթը և այդ մշակույթը կրող մարդկանց հասկանալու համար։ Ասեղնագործությունը ևս հիշողության պահպանման ձև է, պարզապես ես դրա հետ աշխատում եմ ժամանակակից մոտեցմամբ,- ասում է Ալեքսիսը,- Այն օրինաչափությունները, որոնք կարելի է հանդիպել ասեղնագործության մեջ, հաճախ է հանդիպում նաև երաժշտության մեջ, հատկապես այն երաժշտության, որը ես եմ ստեղծում»։
Ալեքսիս նախատեսում է իրականացնել այս նախագիծը չորս երկրում ՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Պակիստանում և Հայաստանում, քանի որ հենց այս երկրներում է առավել տարածված եղել ասեղնագործ պատկերները։ «Երբ մարդիկասեղնագործում էին, նրանք դա անում էինք որոշակի միտք ներդնելով, ցանկություն, գաղաթար։ Նրանք ստեղծում էին այդ պատկերները ոգեշնչվելով իրենց ամուսնու, երեխայի կամ ծնողի հանդեպ ունեցած սիրուց,- ասում է Ալեքսիսը,- Հիմա այդ ներդրված զգացմունքներն ու մտքերը կարող են հնչել բարձր, դառնալ մեղեդի»։
Նորովի
Այսօր հնարավոր է այդ թղթե ժապավենները վերարտադրելու երկու տարբերակ։ Տեղադրել այն երգեհոնի մեջ կամ օպտիկական համակարգի օգտնությամբ, «կարդալ» այդ ասեղնագործ պատկերների հիման վրա ստեղծված ծակոտիների համադրությունից ստացվող ձայները համակարգչի միջոցով և այդ հասարակ ձայներից ստանալ երաժշտություն։ Հենց դրան էլ տանում է Ալեքսիսի նախագիծը։
Այս պահին նա Հայաստանում է որպեսզի ուսումնասիրություններ անցկացնի, հանդիպի մասնագետների, նյութեր հավաքագրի և առհասարակ պատմի այս նախագծի մասին։ Հետո նա կվերադառնա Ֆրանսիա փորձարկումներ անելու համար։ Նա պլանավորում է կրկին գալ Հայաստան եկող տարի, որպեսզի իր ստացածի արդյունքը ներկայացնի, կատարի ստեղծագործություններ ակուստիկ և էլեկտրոնային երաժշտության հետ համադրելով։
Ալեքսիսը նաև պլանավորում է վարպետաց դասեր անցկացնել այս թեմայով ։«Ինձ համար այս ուսումնասիրությունը շատ կարևոր է , քանի որ փողոցային երգեհոնը բացառիկ է, նույնիսկ կարող ենք ասել՝ վերացող,- բացատրում է Ալեքսիսը,- Ես ուզում եմ պահպանել այն, հայելային էֆեկտ ստանալ։ Եթե ես սկսեմ նվագել, այն կապրի»։