Ֆիրդուս | 2017-2020
SOS Երևան

Ֆիրդուս | 2017-2020

Ինչու չի կարելի քանդել Երևանի կենտրոնի վերջին վերնակուլյար թաղամասը։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Լուսանկարները՝ Տիգրան Ամիրյանի, Սեդա Գրիգորյանի, Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #68 | 2021

 

Տիգրան Ամիրյան

#Ֆիրդուս

ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Ֆիրդուսը (պաշտոնական անվանումը՝ 33 թաղամաս) Երևանի կենտրոնի եզակի պատմական թաղամասերից է։ Տեղակայված լինելով խորհրդային տարիներին ձևավորված Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Ֆիրդուսը ձևավորվել է դեռ 18-րդ դարի վերջերից ու ձևափոխվել, կառուցապատվել մինչև 21-րդ դարասկիզբը։ Թաղամասի յուրահատկությունն իր անդադար գոյությունն ու կոլեկտիվ հիշողության ժառանգությունն են։ Այն ոչ միայն դարեր շարունակ պահպանել է իր անվանումն ու տեղի մշտական համայնքը, այլև բացառիկ է իր վերնակուլյար ճարտարապետությամբ. ինքնաբուխ կառուցված մեկ-երկու հարկանի տներ, բերքատու ծառերով այգիներ, առևտրային տաղավարներ։ Վերջինը հատկապես կարևոր է, քանի որ իր ձևավորման սկզբից Ֆիրդուսի գլխավոր բաղադրիչներից է եղել շուկան։ Մյուս կողմից՝ թաղամասը շրջապատված է 19-րդ դարում կառուցված հուշարձան շենքերով, որոնք նույնպես մտնում են Ֆիրդուսի տարածքի մեջ։


Բնակչության տեսանկյունից թաղամասի համար շրջադարձային են եղել երկու պատմական փուլեր. 1915-ից մինչև 1920-ականների ընթացքում այստեղ ձևավորվեց միջէթնիկ միջավայր, իսկ 1990-ականներին բնակչության մեծ մասը ներգրավվեց արևելյան շուկայի աշխատանքներին։ Սակայն դեռ խորհրդային տարիներից Ֆիրդուսը, ինչպես մի քանի այլ պատմական թաղեր, ապրել են «պլանի տակ» գտնվող տներում. այդպես են կոչվում այն շինությունները, որոնք պլանավորվում էին քանդել, իսկ մարդկանց տեղափոխել նույն տեղում կամ այլուր նոր կառուցվող պետական բնակարաններ։ 2008 թվականից սկսվում է Երևանի կենտրոնում գտնվող թաղամասի տարածքի օտարման գործընթացը։ Հյուսիսարևմտյան և արևելյան հատվածների տների մի մասը քանդվում է։

 


2015-ին առաջարկվում է ամբողջովին քանդել թաղամասի պատմական տարածքը և տեղում կառուցել նոր համալիր։ Տարածքը ճանաչվում է պետական գերակա շահ, կառուցապատողները սկսում են գնել բնակիչներից իրենց տները։ 2017-ին ապամոնտաժվեց հայտնի շուկան, որի շնորհիվ բնակիչները գոյատևել էին բարդ 1990-ականներին, հետագայում վերականգվել է միայն մասնակիորեն։ Ֆիրդուսի մասին քննարկումներն ի վերջո ակտիվանում են արդեն 2020-ին, երբ քանդվում են 19-րդ դարավերջի 20-րդ դարակսզբի երկու շինություն։


Lույս է տեսնում Տիգրան Ամիրյանի «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գիտական աշխատությունը, որտեղ հավաքվում են Ֆիրդուսի բնակիչների բանավոր հուշերը, իսկ մասնագետները բացատրում են թաղամասի ուրբանիստական կարևորության, այդ թվում՝ վերնակուլյար ճարտարապետության պահպանման անհրաժեշտության մասին։ Մի խումբ քաղաքացիներ և մասնագետներ բարձրաձայնում են այս մոտեցման անթույլատրելիության մասին, նրանց միանում են բնակիչներից ոմանք։ Նույն ժամանակ ձևավորվում է Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, որը, ի թիվս այլ խնդիրների, կենտրոնացնում է ուժերը նաև Ֆիրդուսի խնդրի շուրջ։ Այս պահի դրությամբ դեռ շարունակվում են թաղամասի ապագայի շուրջ հանրային քննարկումները, դրան զուգահեռ քաղաքային իշխանությունները պնդում են նոր կառուցապատման անհրաժեշտության մասին։ Արդեն հաստատված նախագծով (հեղինակ՝ Նարեկ Սարգսյան) պահպանվելու են թաղամասի սահմաններում գտնվող մի քանի պատմական շինություններ, բայց ոչնչացվելու են վերնակուլյար շենքերը՝ տեղը զիջելով բարձրահարկ համալիրին։ Առանձնահատուկ տեղ է հատկացված թաղամասի բիզնես կոմպոնենտին։


Ակտիվիստներն ու բնակիչները շարունակում են պայքարել։

 

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐՅԱՆ

Բանասեր, հիշողության ակտիվիստ

2017 թիվն էր, Ֆիրդուսը դեռ ուշադրության կենտրոնում չէր, բայց արդեն վտանգված էր։ Ամառվա կեսին բուլդոզերներով եկել էին Ֆիրդուսի շուկան ու տների կցակառույցները քանդելու, իսկ երկու քայլ էն կողմ, ՀԲԸՄ շենքում մի բոհեմական միջոցառում էր՝ Երևանի տրիենալեի ցուցահանդեսներից մեկը։ Երեկոյան հագուստով ուրախ մարդիկ, գինի, արվեստ, արվեստագետներ, պաշտոնյաներ և այլն։

 

Մի պարզ շապիկ առա, վրան գրեցի Je Suis Firdus, ու գնացի միացա էդ միջոցառմանը։ Էդ օրվանից, երևի թե, ես գիտնականից դարձա գիտնական-ակտիվիստ։

 

Վերնակուլյար արժեք

Շատ կարևոր է հասկանալ, որ Ֆիրդուսի նշանակությունն այսպես կոչված սիրուն հին շենքերը չեն։ Որովհետև շենքերը կարող են լինել ոչ շատ սիրուն, բայց շատ ավելի կարևոր։ Ավելին, մի շենքը Ֆիրդուսի դեպքում էդքան կարևոր չէ, որքան ինքը որպես ամբողջական փողոց, թաղ ու միջավայր։ Ֆիրդուսը Երևանի կենտրոնի վերջին վերնակուլյար բնակելի թաղամասն է, և դա գլխավոր արժեքներից մեկն է, որի համար մենք հիմա պայքարում ենք։

 

Վերնակուլյար ասելով հասկանում ենք ինքնաշեն, ոչ պաշտոնական ճարտարապետության կողմից կառուցված շենքեր։ Ֆիրդուսում ես վերհանում եմ երեք վերնակուլյար ձև։ Առաջինը, ամենատարածվածն ամբողջովին ինքնաշեն կառույցներն են՝ ծղոտից, հողից, ցեխից, որոնք մարդիկ կառուցել են իրենց պատկերացումներով, իրենց համար։ Երկրորդն այն շենքերն են, որ Ֆիրդուսում ունեն ճարտարապետներ՝ մի քանի բազմաբնակարաններ, որոնք հիմա պատկանում են մեկ կամ երկու ընտանիքի, բայց դրանք էլ վերնակուլյարի մեջ են մտնում, որովհետև ճարտարապետները եղել են տեղացի ֆիրդուսաբնակներ, և նրանք էլ հաշվի են առել տեղի առանձնահատկությունները։ Երրորդ ձևը՝ մի քանի շենք ընդամենը, որոնք նախագծվել են պաշտոնապես, բայց կառուցապատման ընթացքում ակտիվ ներգրավվել են տեղացիները, որոնք հետո պիտի մեջն ապրեին։ Ամբողջ թաղամասը ժողովրդական ճարտարապետության, վարպետների շնորհքի մի դասագիրք է, այստեղ տեղը կառուցել են տեղացիներն իրենց ձեռքերով:

 


Ինչի համար է պայքարը

Ակտիվիստները տարբեր են, տարբեր խմբեր տարբեր բաների վրա են ուշադրություն դարձնում։ Մարդիկ կան, որ ուշադրության կենտրոնում են պահում ճարտարապետական ժառանգությունը, իսկ ինձ համար Ֆիրդուսի ոչ նյութական մշակութային ժառանգությունը նյութականի, ուրբանիստականի հետ նույն կարևորությունն ունեն: Եթե ակտիվիզմի մասին ենք խոսում, ապա ես զբաղվում եմ այսպես կոչված հիշողության ակտիվիզմով։ Կարող է տարօրինակ հնչել, բայց memory activism-ը շատ վաղուց գոյություն ունեցող եզր ու երևույթ է աշխարհում:

 

Հիշողությունը մարդու իրավունքների մեջ հատուկ տեղ է զբաղեցնում։ Դա մեզ մոտ երբեք բացարձակապես հաշվի չի առնվում, չի ենթադրվում, որ մարդու համար կարևոր է ոչ միայն պարզապես կենցաղը, այլ տեղի հետ կապված պատմությունը։ Սա Սովետի ժառանգությունն է, երբ հեշտությամբ տեղափոխում ու տեղահանում էին մարդկանց ու ամբողջ ազգեր։ Իսկ Ֆիրդուսը Երևանի բացառիկ վայրերից է, որտեղ ընտանիքներով շարունակում են հարյուր ու ավելի տարիներ ապրել նույն տեղում Սաֆարյանները, որ Պարսկաստանից են գաղթել մինչև Սովետը, վանեցի Փխրիկյանները 19-րդ դարից, ճարտարապետ Կիրակոսյանի ընտանիքը և շատ ուրիշները։ Նույնիսկ Կոնդում չեն պահպանվել այդքան շատ արմատավորված ընտանեկան պատմություններ։

 


Ներքին սահմանների գծագրում

Հիմա Ֆիրդուսում շարունակվում է էն, ինչ սկսվել էր դեռ մի քանի տարի առաջ ու հատկապես թափ առավ համավարակի ամիսներին, պարզապես հիմա կան կոնկրետ որոշումներ՝  առավարության, Քաղշինի և այլ տեղերից։ Հենց այս օրերին ըստ կարգի անցկացնում են որոշակի փորձագիտական հետազոտություններ, օրինակ՝ ստորգետնյա ջրերի մասով, որովհետև պլանավորում են ոչ միայն բարձրահարկ շենքեր, այլև ստորգետնյա փարքինգ՝ մի քանի հարկ խորությամբ։ Այլ կերպ ասած՝ Նարեկ Սարգսյանի ներկայացված նախագիծը շարունակում է մնալ ուժի մեջ։


Հետպատերազմյան քաոսում եղան որոշումներ։ Դա սարսափելի էր։ Հենց էն օրերին, երբ մենք չենք հասկանում, թե որտեղ են մեր սահմանները, ինչպես է փոխվում մեր ինքնությունը, ինչ են անելու հազարավոր տեղահանվածները, իսկ նրանք եկել ու քաղաքի կենտրոնում իրենց սահմաններն են գծում, էդ մարդկանց են տեղահանում։ Էդ ագահության էնպիսի աստիճան է, որ ոչ մի ակտիվիստ չի կարողանա դեմն առնել։ 

 

Նաև հիմա մի նոր, ցինիկ մեխանիզմ են մշակել. բնակչին հավելյալ գումար են հատկացնում, որ բնակիչը գնալուց իր ձեռքով քանդի շենքը, բնակիչներին ատելություն են քարոզում ակտիվիստների ու հետազոտողների դեմ:


Այլընտրանքային մրցույթ

Մի քանի ամիս առաջ մենք մի խմբով որոշեցինք ներկայացնել այդ նախագծին մի այլընտրանք։ Դրա համար urbanlab-ի մեր գործընկերներն անցկացրեցին միջազգային մրցույթ՝ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիով, բազմաթիվ հետաքրքիր մասնակիցներով ու շատ հետաքրքիր հաղթողով։ Վիետնամից ստացված նախագիծ էր, որը հաշվի է առնում տեղի կարիքները, պատմությունը, հիշողությունը։ Պահպանվում է հարկայնությունը, պահպանվում են պատմամշակութային շենքերը, կատարվում են վերականգնողական աշխատանքներ։ Եվ հատուկ հաշվի է առնվել բիզնես-կոմպոնենտը, քանի որ «ընտրված» տեղական նախագիծը մեր աչքը մտցնելիս հատուկ նշվում էր, թե որքան գումար այն կբերի բյուջե, այնպես որ այս վիետնամական աշխատանքն էլ հաշվի է առնում այդ ամենը։

 


Այս մրցույթը պետք է աներ մեր պետությունը։ Փոխարենը արվեց ինչպես միշտ։ Եթե մի քիչ ուռճացնեմ, կլինի էսպես. Հ1-ով վազող տողով գրվում է հայտարարություն մրցույթի մասին, դեդլայնը՝ երեք ժամ, հաջորդ օրը հայտարարվում է, որ Նարեկ Սարգսյանն է հաղթում։ Իսկ մենք ցույց տվեցինք, թե ինչպիսին պետք է լինի ազատ, բաց, լավ մտածված ու թափանցիկ մրցույթը։ Եթե ամեն ինչ արվեր էդպես, հիմա քաղաքում բոլորովին այլ իրավիճակ կլիներ։


Մրցույթի արդյունքները փաթեթով որպես խորհուրդ urbanlab-ը և Ժառանգության կոմիտեն պիտի ներկայացնեին կառավարությանը, բայց սկսվեց պատերազմը։ Իսկ իշխանությունները կանգ չէին առնում ոչ քովիդի ժամանակ, ոչ պատերազմի։ Քովիդի ժամանակ Ալավերդյանի կողմից քանդման աշխատանքներ տարան։ Սև տուֆից բազմանկյուն շենքը հողին հավասարվեց, կարմիր աղյուսե շենքն էդ օրերին լուրջ վնասվեց ու արդյունքում դարձավ շարժման խորհրդանիշը։ Իրականում ամբողջ թաղամասը, ոչ միայն այսպես կոչված սիրուն շենքերը, ունեն կարևորություն ու պատմություն։

 


Հանդիպումը քաղաքապետարանում

Հանդիպումն ավագանիում՝ գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի ու ակտիվիստների մասնակցությամբ, երկխոսության փորձ էր։ Մինչև էդ ես երկար ժամանակ ինձ մենակ էի զգում։ Տարիներով ուսումնասիրում էի թաղամասը, գիտական հետազոտություններ էի անում, բնակիչների հետ էի ընկերանում։ Ազդակը եղավ կարմիր շենքի քանդումը, երբ հավաքվեցին մեծ փորձ ունեցողներ ակտիվիստները։ Դա կարևոր էր, որովհետև հանրությունը վերջապես հասկացավ, որ սա ոչ թե մի ընտանիքի կամ մի շենքի պատմության մասին է, այլ բոլորիս վերաբերող խնդիր։ Քաղաքապետարանի քննարկումը շատ բան պարզաբանեց մարդկանց համար։ 

 

Բացի դրանից, ես վերջապես հասկացա, թե ինչպես են տասնամյակներ շարունակ մեր հանրության աչքին թոզ փչում ու ըստ էության խաբում։ Երբ գլխավոր ճարտարապետ Մեսչյանն ասաց. «Հը՞ն, տղերք, կառուցելու ե՞նք Ֆիրդուսը»։ Ախր Ֆիրդուսն արդեն վաղուց կառուցվա՜ծ է։ Իրական հարցը պիտի հնչեր՝ «Քանդելու ե՞նք»։

 

Ու էսքան ժամանակ մեզ անընդհատ համոզել են, որ Հյուսիսային պողոտան սարքում են, որ Ֆիրդուսը սարքում են, որ Հին Երևանը սարքում են, որ մյուսը ու մյուսը սարքում են, բայց սարքելը կլիներ, եթե էդ ամեն ինչ անեին դատարկ դաշտում։ Իրականում քանդում են էն, ինչ արդեն կառուցված է։


Նման վերաբերմունքի պատճառներից մեկը, իմ համոզմամբ, այն է, որ էդ մարմիններում շատ են սովետական մտածելակերպով մարդիկ, որոնք ատում են իրենց անցյալը։ Իսկ Ֆիրդուսն ու Կոնդը մեր խոր անցյալն են։ Այս ամենն ինքնատելության արդյունք է նաև։ Իրենց թվում է, որ իրենց անցյալը բավարար լավը չի, ու պետք է եվրոպատուհան դնել։ Անցյալը մանկությունն է։ Իրենք մինչև հիմա նեղվում են իրենց սովետական դժգույն մանկությունից։ Իսկ ֆիրդուսցիները փոքր ժամանակ եղել են երջանիկ, ունեցել են այգիներ ու ֆանտաններ, իսկ 90-ականներին շատ լավ ապրել են շուկայի շնորհիվ։ Բայց հիմա էդ նեղ սովետական բնակարաններում մեծացածները գալիս են քանդելու ու եվրոպատուհան դնելու այս յուրահատուկ օազիսում:

 


Ի՞նչ մնաց պաշտպանելու

Իրականում, Ֆիրդուսը կարող էր ոչնչացված լինել դեռ վաղուց։ Հիշում եմ, 2017 թվականին մենակ ես էի ու լրագրողները։ Ու բուլդոզերն ուղղակի գալիս էր մեր վրա ասֆալտը քանդելով։ Երբ 2020-ին վրա հասավ ակտիվիստական համայնքը, իրավիճակը փոխվեց։ Չլուծվեց ամբողջությամբ, բայց փոխվեց։


Հյուսիսային պողոտան քանդած է վաղուց, բայց կան մարդիկ, որ դեռ դրսում են, ու կան մեր հիշողությունները, թե ինչ անմարդկային ձևով էին մարդկանց տեղահանում։ Էսօր կքանդեն Ֆիրդուսը, վաղը կգան քանդելու իմ տունը։ Հասել ենք էն վիճակի, որ շուտով 80-ականների սովետական շենքերը կդառնան մեր համար ամենապատմական շերտը։ Ես գնում եմ միջազգային կոնֆերանսների, տարածաշրջանից մարդիկ գալիս են, ինձ տեսնում են ու խղճահարությամբ ասում են՝ դե ձեր քաղաքում էլ բան չի մնացել պահպանելու, ինչի՞ մասին կարող ես խոսել։ Գետինն եմ մտնում, որովհետև ճիշտ են ասում։

հավելյալ նյութեր