Գիտահանրամատչելի դեմքեր

Գիտահանրամատչելի դեմքեր

ԵՐԵՎԱՆը զրուցել է ժամանակակից հայ գիտության յոթ խոստումնալից ներկայացուցիչների հետ, որոնք վերջին երկու տարիներին եղել են EIF-ի և PMI Science-ի համատեղ ասպիրանտական աջակցության ծրագրի մասնակիցները:

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Արթուր Լյումեն Գևորգյանի

 

ԵՐԵՎԱՆ #65 | 2020

 

#Գիտություն

Կիրակի, օրվա առաջին կես։ Մի քիչ կիսաքուն, բայց արդեն թեյի բաժակը ձեռքումս վստահ պահելով՝ միացնում եմ համակարգիչը։ Հատհատ բացում եմ դեռ չընթերցված նամակներս։ Ու երրորդ նամակում տեսնում եմ հաջորդ հոդվածիս հերոսների անունները։ Նրանք յոթ երիտասարդ գիտնականներ են, ովքեր ասպիրանտական նախագծեր են իրականացնում գիտական՝ իրարից բացառապես տարբեր, բայց հավասար հետաքրքիր ոլորտներում` սկսած քվանտային օպտիկայից, ավարտած 40 հազար տարի առաջ մեր երկրում եղած հնագույն կենդանիների ուսումնասիրությունով։ Նամակում նաև նշված են նրանց նախագծերի վերնագրերը։ Առնվազն երկու անգամ այդ անվանումները լայն բացված աչքերով կարդալով և որոշակի մասնագիտական շոկ ապրելուց հետո՝ դիմում եմ գուգլի օգնությանը, որպեսզի հարցազրույցի ընթացքում խելոք դեմքով ես ինքս մի քանի բառ մեջբերեմ։


Երկուշաբթի, օրվա երկրորդ կես։ Տնից վազելով դուրս եմ թռչում, մեկ անգամ էլ վերադառնում դիմակի հետևից և ուղևորվում դեպի Փի Էմ Այ Սայենս հետազոտությունների և մշակումների կենտրոն՝ Պոլիտեխնիկի 13-րդ մասնաշենքում։ Հասնում եմ տեղ, մի քիչ պտտվում ենք, ուսումնասիրում, մինչև հասնում է իմ առաջին զրուցակիցը։


Երկուշաբթի, երեկո։ Պարզվում է՝ կյանքի բերումով բոլոր զրուցակիցներս բազմիցս ստիպված են եղել բացատրել այդ բարդագույն ոլորտները թեմայից շատ հեռու մարդկանց։

 

 

Տաթեվիկ Բաղդասարյան


Գիտական ոլորտ
Արդյունաբերական ինժեներիա 

 

Հետազոտական աշխատանք 

Պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Նպատակ
Առաջին անգամ Հայաստանում պոչամբարների աղտոտվածության քարտեզագրում, հասկանալու համար՝ ինչպիսի հեռավորության վրա են անվտանգ դառնում այդ տեղանքի հողը, ջուրը, որտեղ մարդիկ կարող են հանգիստ բնակվել, և առհասարակ ինչպես կարելի է նվազեցնել պոչամբարների վտանգը շրջակա միջավայրի համար։ 

 

Այս շեկ մազերով և ժպտերես աղջկան առաջին հայացքից չես կապի հանքարդյունաբերական պոչամբարների ուսումնասիրության հետ, բայց իր խոսելու առաջին իսկ պահից հասկանում ես, որ նա իր ընտրության մեջ վստահ է։ Քիմիկոս-էկոլոգ Տաթևիկն ասում է, որ գիտությունը կողքից կարող է շատ բարդ թվալ, բայց այն գործընթացների շարք է, որոնք պետք է քայլ առ քայլ համբերատար ու նվիրումով կատարես, որպեսզի կարողանաս հասնել քո ուզած արդյունքին։ Այս գիտահետազոտական նախագծի պիլոտը Տաթևիկն ու իր գիտական ղեկավարն իրականացրին Սյունիքի մարզում, քանի որ այնտեղ պոչամբարների կենտրոնացվածությունը շատ է, ինչը, մեղմ ասած, բարդացնում է տեղացիների կյանքը։ Այս պահին երկու նոր գյուտերի վրա են աշխատում։ Մեկն առաջարկում է պոչամբարների մակերեսը պատել հատուկ նյութով, որը կնվազեցնի գոլորշիացումը և ծանր մետաղները կկուտակվեն այդ նյութի մեջ, իսկ երկրորդ գյուտը, որն արդեն հրապարակվելու ընթացքում է, նախատեսում է պոչամբարների հարևանությամբ գտնվող հողերը պատել հատուկ էմուլսիոն շերտով, որը թույլ չի տալիս քամիների միջոցով տարածել տոքսինները և հեռու է պահում դրանք ստորգետնյա ջրերից։ «Չի լինում այնպես, որ մեկ էլ հանկարծ ուղեղդ ճառագի և մի գյուտ հայտնվի։ Երկար քրտնաջան աշխատանքի շնորհիվ թվերը համեմատելով մեկ էլ մի նոր բան ես տեսնում, և հենց այդտեղ էլ ծնվում է քո գյուտը»,– ասում է Տաթևիկը։


Պոլիտեխնիկական համալսարան Տաթևիկն ընդունվել է ծնողների հորդորով, չնայած որ այլ ուղղվածության մասին էլ էր մտածում, բայց չփոշմանեց և որոշ ժամանակ անց հասկացավ, որ հենց գիտությամբ էլ ուզում է զբաղվել։ Միևնույն է, իր երազանքն էլ չմոռացավ. այդ ընթացքում հաջողեցրեց նաև ավարտել Թատերական համալսարանի ռեժիսուրայի մագիստրատուրան, բայց ևս մեկ անգամ համոզվեց գիտությամբ զբաղվելու իր ընտրության մեջ։ Նրա խոսքով՝ Հայաստանում գիտությամբ զբաղվելը հեշտ չէ՝ չկան համապատասխան պայմաններ, լաբորատորիաներ աշխատանքն ամբողջ թափով իրականացնելու համար։ Գործը մի քիչ հեշտացել է գրանտային տարբեր ծրագրերի շնորհիվ, որոնք թույլ են տալիս հանգիստ նվիրվել գիտությանը։ Ասում է՝ այսօր գիտնականների աշխատանքն ավելի գնահատված է, քեզ բացահայտում են ու աջակցում, ստեղծվում են նոր հեռանկարներ։ 

 

Հեղինե Գեվորգյան

 

Գիտական ոլորտ
Արդյունաբերական ինժեներիա 

 

Հետազոտական աշխատանք 

«Escherichia coli բակտերիաների կամ աղիքային ցուպիկի թաղանթակապ ֆերմենտների և սպիտակուցների փոխազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունն և դրա կիրառությունը մոլեկուլային ջրածնի արտադրության մեջ»


Նպատակ
Մոլեկուլյար ջրածինն այսօր համարվում է այլընտրանքային վերականգնվող էներգիայի աղբյուր, այդ իսկ պատճառով Հեղինեն ուսումնասիրում է ֆերմենտների և սպիտակուցների փոխազդեցության մեխանիզմները, որոնք պատասխանատու են ջրածնի արտադրության համար։

 

 

Կենսաքիմիկոս Հեղինեի աշխատանքի թեման հետևյալն է՝ «Escherichia coli բակտերիաների կամ աղիքային ցուպիկի թաղանթակապ ֆերմենտների և սպիտակուցների փոխազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունն և դրա կիրառությունը մոլեկուլային ջրածնի արտադրության մեջ»։ Եվ այս՝ առաջին հայացքից վախեցնող անվանումով թեմայի ուսումնասիրությունն իր վրա է վերցրել մի նրբիկ աղջիկ, ով շատ հանգիստ և պարզ տարբերակով ինձ պատմեց, թե ինչն ինչոց է։

 

Հեղինեի խոսքով՝ մոլեկուլյար ջրածինը հիմա համարվում է այլընտրանքային վերականգնվող էներգիայի աղբյուր, և իր աշխատանքն է ուսումնասիրել այն ֆերմենտների և սպիտակուցների փոխազդեցությունը, որոնք պատասխանատու են ջրածնի արտադրության համար կամ փոխազդում են այն ֆերմենտների հետ, որոնք պատասխանատու են ջրածնի արտադրության համար։ Ինձ վստահեցրեց, որ այս տեխնոլոգիայով մոլեկուլային ջրածնի արտադրությունը թունավոր գազերի արտանետման չի հանգեցնում։ Պարզ ասած՝ էկոլոգիապես մաքուր է։


Փաստացի ի՞նչ է ստացվում։ Կենսատեխնոլոգիական ճանապարհով բակտերիաները, սնվելով ածխածնի խառնուրդներով կամ թափոններով, որոնք իրենց մեջ պարունակում են ածխածնի աղբյուրներ, կարող են արտադրել մոլեկուլային ջրածին։ Հեղինեն հասցրել է մի շարք հոդվածներ տպագրել միջազգային ամսագրերում, իսկ մյուս տարվանից կսկսի պատրաստվել պաշտպանությանը։ Նրա ոգևորվածությունից ակնհայտ էր, որ սերն այդ ուղղվածության նկատմամբ մանկուց է եկել։ Պարզվում է՝ դեռ շատ փոքր տարիքից մանրադիտակ է ունեցել, որի օգնությամբ ուսումնասիրել է տերևների և այլ բույսերի կառուցվածքները։ Նրան ամենաշատը հետաքրքրում էին կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող գործընթացները, և այդ պատճառով էլ ընդունվեց կենսաբանության ֆակուլտետ, իսկ հենց բակտերիաների հետ աշխատելու հանդեպ սերը տարավ իր ասպիրանտական թեմային։


«Միշտ սիրել եմ մտածել մի բան, որը հնարավոր է, որ տեղի ունենա ու հետո ապացուցել՝ կարող է լինել թե չէ,– ասում է Հեղինեն,– կենդանի համակարգերը ֆիզիկայից տարբերվում են, կան օրենքներ, ըստ որոնց դրանք աճում են և բազմանում, և այդ գործընթացներում էլ խնդիր դնելն ու այդ նպատակին հասնելն է ինձ ստիպում գիտությամբ զբաղվել»։ Մյուսների պես Հեղինեն նույնպես փաստում է, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելն ամենահեշտ բանը չէ։ 

 

Բայց այսօր նախորդ տարիների ֆինանսավորման լուրջ խնդիրները սկսում են նահանջել։ Բավական լավ ծրագրեր են ի հայտ եկել, որոնք խթան են հանդիսանում ոլորտի համար։ «Անկախ դժվարություններից՝ Հայաստանի պայմաններն ինձ թույլ են տվել զբաղվել նրանով, ինչ ես սիրում եմ, և ես ամեն օր արթնանում եմ և հաճույքով գնում աշխատանքի»։

 

 

Մհեր Դավթյան


Գիտական ոլորտ
Նյութագիտություն 

 

Հետազոտական աշխատանք
Ռեֆրակցիոն ինդեքսի պրոֆիլների և համապատասխան նյութի իրականացման ուսումնասիրություններ, որոնք օգտագործվում են «թիկնոցային էֆեկտ» ստանալու համար


Նպատակ
Ինչպես կիրառել «թիկնոցային էֆեկտ» երևույթը սեյսմիկ ալիքների դեպքում:

 

 

Անտեսանելիության երևույթը հասարակ ականջի համար շատ տարօրինակ է թվում, կարծես գիտաֆանտաստիկ գրքից վերցված արտահայտություն լինի, բայց հենց այդ պատճառով էլ գիտնականները որոշում են այդ ոլորտով զբաղվել։ Սկսենք սկզբից։ Մհերը զբաղվում է քվանտային օպտիկայով։ Ավելի հստակ, նա ուսումնասիրում է այն երևույթները, որոնք առաջանում են, երբ (այստեղից ուշադիր) միջավայրի բեկման ցուցիչն ինչ-որ բարդ ֆունկցիա է՝ կախված տարածությունից։


Պարզ ասած՝ տեսած կլինեք, երբ ջրի միջով անցնող պատկերը շեղված է լինում, պատճառը հենց այդ բեկման ցուցիչի տարբերությունն է՝ այսպես կոչված ռեֆրակցիոն ինդեքսը։ Ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել այս ամենը։ Երբ լույսն անցնում է նման միջավայրով, բավական հետաքրքիր երևույթներ են առաջանում և Մհերն ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է կիրառել այդ իրավիճակում ստեղծված երևույթները՝ բնականաբար դրանց ավելի կոմպլեքս տարբերակները սեյսմիկ ալիքների դեպքում։

 

Այդ շեղումների շարքից է «թիկնոցային էֆեկտ» կոչվածը, երբ որոշակի պայմաններում օբյեկտը, գտնվելով այդ «թիկնոցային» զոնայում, գործնականում դառնում է անտեսանելի։ Պատկերացնենք, որ օբյեկտները շենքերն են, իսկ ալիքները՝ երկրաշարժը, այսինքն ավերածությունները կարող են չլինել կամ զգալիորեն նվազել։ Օրինակ՝ բրիտանացի գիտնականները (այս անգամ լուրջ գիտնականներ) ստեղծել են այդ զոնան բնական ճանապարհով՝ գտնելով ծառերի որոշակի կոնֆիգուրացիա, որի շնորհիվ սեյսմիկ ալիքները կարող են շրջանցել այդ հատվածը։


Մհերի կարծիքով այլ մասնագիտություններում շատ բարդ է նորամուծություն անելը, իսկ գիտությունը թույլ է տալիս տեսնել ու բացահայտել նորը։ Հայաստանում գիտությամբ զբաղվելու հեռանկարներում ավելի շատ լավն է տեսնում, քան վատը. «Մենք ունենք մեծ գիտական ժառանգություն, հատկապես բարձրակարգ մասնագետների առումով։ Մենք զիջում ենք աշխարհին փորձարարական լաբորատոր պոտենցիալով, քանի որ տեսական ֆիզիկայով զբաղվելու համար բավարար է ունենալ թուղթ, գրիչ ու համացանց, բայց փորձարարական գիտության համար ատ ավելին է պետք, և դա անմիջական կապ ունի ֆինանսավորման հետ»։


Մհերը խնդիրը պետության և ինստիտուտների կապի թուլության մեջ է տեսնում։ Ասում է, որ, օրինակ, անօդաչու թռչուններ ստեղծելու հարցում մեր աերոնավտիկայի մասնագետները բավական լավն են, սակայն ինստիտուտների ցածր թափը թույլ չի տալիս ամբողջ ուժով իրականացնել նմանօրինակ նախագծերը։

 

 

Նաղաշ Միրաքյան


Գիտական ոլորտ
Պոլիմերային քիմիա

 

Հետազոտական աշխատանք
էլեկտրահաղորդիչ և կիսահաղորդիչ պոլիմերների ուսումնասիրություն և սինթեզ


Նպատակ
Ստանալ նոր կառուցվածքի, ֆիզիկական ու քիմիական նոր հատկություններով էլեկտրահաղորդիչ պոլիմերներ։ 

 

 

Նաղաշը քիմիկոս է, ասում է՝ մասնագիտությունը թույլ է տալիս երբեմն ինքն իրեն ալքիմիկոս զգալ և այդ ամենը ԵՊՀ-ի լաբորատորիաներում։ Նա աշխատում է որպես քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի Բարձրամոլեկուլային միացությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող և համատեղությամբ ուսումնական լաբորատորիայի վարիչ։


Նրանց հետազոտական խումբը զբաղվում է կիսահաղորդիչ պոլիմերների ուսումնասիրությամբ և սինթեզով։ Այս պոլիմերներին մենք հաճախ առնչվում ենք ամենօրյա կյանքում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են շրջապատում գտնվող բոլոր էլեկտրական սարքերում։ Օրինակ՝ LCD մոնիտորներում, արևային մարտկոցներում, նաև կարող են օգտագործվել որպես հակակոռոզիոն թաղանթ։ Նաղաշը և իր գործընկերներն իրենց առջև նպատակ են դրել ստանալ նոր կառուցվածքի, ֆիզիկական ու քիմիական նոր հատկություններով էլեկտրահաղորդիչ պոլիմերներ։ Նաղաշը միշտ սիրել է քիմիան և ուսումը սկսել է էկոլոգիական քիմիա ուղղվածությամբ։ Երբ եկավ թեզ գրելու ժամանակը, ուսանողները պետք է գիտական ղեկավար ընտրեին և որևէ լաբորատորիայում աշխատանքի անցնեին, այդպես նա հայտնվեց մի խմբում, որն արդեն զբաղվում էր պոլիմերների հետազոտությամբ։ «Քիմիան թույլ է տալիս վերցնել շատ էժան հումք, դրանից ստանալ թանկ՝ այլ ֆազային վիճակում գտնվող մի նյութ,– ասում է Նաղաշը,– Երբ զգում ես, որ արածդ աշխատանքը պետքական է, դրանից ավելի լավ զգացողություն չի կարող լինել»։ Բայց նշում է, որ պետք է պատրաստ լինես, համբերություն պահպանես, քանի որ քիմիայում արագ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Ասում է՝ արագ ես հասել նպատակիդ, ուրեմն մի բան այն չես արել։


Նաղաշը վստահ է, որ եթե գիտությունը չսիրես, չես կարող դրանով զբաղվել։ Ասում է՝ Հայաստանում գիտությամբ զբաղվելը բարդ է, նյութական բազան հնամաշ է, աշխատավարձը՝ մինիմալ, ուստի լավ ֆինանսավորման դերը շատ կարևոր է, բայց միևնույն է, միայն այն, որ դու առաջ ես շարժում գիտությունը հենց քո երկրում, արդեն իսկ հաճելի է, չէ՞ որ երկրի շարժիչ ուժը գիտությունը պիտի լինի։

 

 

Հայկ Պետրոսյան


Գիտական ոլորտ
Կենսատեխնոլոգիա, դեղագործություն, քիմիա


Հետազոտական աշխատանք
Բուժական յուղերի երկրորդական արգասիքներից կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատում և վերջիններիս կենսաբանական գործունեության ուսումնասիրություն:

 

Նպատակ
Արցախում և Հայաստանում վայրի աճող, քիչ ուսումնասիրված կամ ընդհանրապես չուսումնասիրված դեղաբույսերի կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ միացությունների անջատում և դրանցից տարբեր դեղապատրաստուկներ ստանալու հնարավորությունների ուսումնասիրում։

 

 

Հայաստանի բուսականության բուժիչ ուժի մասին շատերս ենք լսել մեր մեծերից՝ ուրցով ու դաղձով թեյն անպակաս, բայց գիտական տեսանկյունից տեղական դեղաբույսերը դեռ շատ չբացահայտված կողմեր ունեն։ Գիտական լեզվով ասած՝ Հայկը զբաղվում է Արցախում և Հայաստանում վայրի աճող, քիչ ուսումնասիրված կամ ընդհանրապես չուսումնասիրված դեղաբույսերի ուսումնասիրությամբ, վերջիններից կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ միացությունների անջատմամբ և դրանցից տարբեր դեղապատրաստուկներ ստանալու հնարավորությունների տարբերակների հետազոտմամբ։


Աշխատանքն իրականացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայկենսատեխնոլոգիա ինստիտուտի «Հալենային և նորհալենային դեղապատրաստուկների» լաբորատորիայում։ Մոտակա ժամանակներս նախատեսում են որոշ բուսատեսակներից էքստրակտներ ստանալ և դրանք ներկայացնել Հայաստանի դեղատներին՝ վաճառքի ներկայացնելու նպատակով։ Հայկն առաջին մասնագիտությամբ քիմիկոս է, բայց այնուհետև ընդունվել է դեղագիտության բաժին և գիտության մեջ իր ուղին շարունակել է դեղագիտության ոլորտում։ Նրա համար ապագա մասնագիտության որոշման հարցում մեծ դեր է ունեցել ուսուցիչը, ով իր մեջ մեծ սեր է ներդրել բնական գիտությունների և մասնավորապես՝ քիմիայի նկատմամբ։


Հայկի համար ամենահաճելին աշխատանքի մեջ գիտական հետազոտություններ անելն ու վերջիններիս կիրառական արդյունքը տեսնելն ու զարգացնելն է: Իսկ երբ այդ ամենն արվում է սեփական հայրենիքի բուսատեսակների հետազոտմամբ և կիրառմամբ, ապա հաճույքը կրկնապատկվում է։ Հայկի խոսքով, բնականաբար ամեն ինչ այդքան հեշտ չէ և ֆինանսավորման սակավությունը երբեմն բերում է նրան, որ շատ երիտասարդ գիտնականներ մեկնում են երկրից։ Նա ասում է. «Մեր գիտնականները շատ լուրջ ներուժ ունեն, պարզապես պիտի լինեն համապատասխան պայմաններ, որպեսզի երիտասարդ գիտնականները ցանկանան մնալ և աշխատել հայրենիքում»։

 

Մարիա Անտոնոսյան


Գիտական ոլորտ
Մոլեկուլային հնէաբանություն


Հետազոտական աշխատանք
Արցախի, Հարավային Կովկասի ուշ պլեիստոցենի կլիմայի փոփոխության գենետիկ վկայություն:


Նպատակ
Արցախի տարածքի հնէաէկոլոգիայի և հնագույն կենսաբազմազանության մոլեկուլային վերականգնումը:

 

 

Մարիան հետ է բերում անցյալը, պատմում հնագույն կենդանիների, կլիմայի ու շատ այլ կարևոր երևույթների մասին։ Նա զբաղվում է մոլեկուլային հնէաբանությամբ, որն իրենից ներկայացնում է հնագույն կենդանական նյութի մոլեկուլային հետազոտությունը։


Նա արդեն շուրջ հինգ տարի աշխատում է Լևոն Եպիսկոպոսյանի արշավախմբի հետ և նրանք աշխատանքներն անցկացնում են Արցախի Քարինտակ գյուղի համանուն քարանձավում։ Այդ քարանձավը հարավկովկասյան տարածաշրջանում դեռ միակ հայտնաբերված վայրն է, որտեղ պահպանվել են հնագույն մոլեկուլները։ Քարանձավը զետեղում է տասնյակ հազարավոր տարիների նստվածքաշերտեր։ Դա եզակի երևույթ է ամբողջ աշխարհում, քանի որ նման էֆեկտի համար հատուկ պայմաններ են պետք, իսկ Քարինտակը կարծես մթության մեջ ընկղմված սառնարան լինի, ինչը նպաստում է կենսամոլեկուլների պահպանմանը։


Մարիան զբաղվում է հենց հնագույն կենդանիների ուսումնասիրությամբ, բայց այդ քարանձավում պեղումների արդյունքում գտնվել են 6-40 հազար տարվա թե՛ մարդկային, թե՛ կենդանական և բուսական բազմաթիվ մնացորդներ։ Պարզելով անցյալում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների նկատմամբ հնագույն կենդանիների և մարդկանց արձագանքը՝ հնարավորություն կընձեռվի նաև կանխատեսել գալիք կլիմայական փոփոխության հետևանքները: Քարանձավի նստվածքաշերտերի տարիքը համընկնում է վերջին սառցապատման հետ, և գիտնականները վարկած ունեն, որ այդ ժամանակահատվածում մեր տարածաշրջանը ծառայել է որպես բնական ապաստարան (ռեֆուգիալ գոտի) ջերմասեր տեսակների համար։ Այսինքն՝ տաք է մնացել ու ջերմասեր կենդանիները գաղթել և ապաստան են գտել հենց այստեղ։ Թերևս այս հարցն առ այսօր մնում է վիճահարույց, սակայն Մարիայի և իր գործընկերների կատարած աշխատանքը թույլ է տալիս փաստերի վրա հիմնվելով խոսել այդ մասին։ «Ես միշտ հետաքրքրված եմ եղել հնէաբանությամբ և հնակենդանաբանությամբ, դեռ մանկուց հատուկ սեր եմ ունեցել եգիպտագիտության նկատմամբ»,– պատմում է Մարիան։ 


Սովորելով կենսաբանություն՝ նա հասկացել է, որ իրեն հետաքրքիր է հենց անցյալը, մասնավորապես՝ հնագույն կենդանիների ուսումնասիրությունը։ Հասցրել է ոլորտին վերաբերող մի շարք հաստատություններում կամավորություն անել։ Մի օր էլ շատ պատահական իր հետ կապվում են և ասում, որ նման խումբ կա ու այնտեղ կենսաբաններ են փնտրում։


Մարիայի խոսքով՝ գիտության մեջ նոր բան ասելը շատ բարդ է, սակայն հնագույն աշխարհն ուսումնասիրելով՝ ամեն օր նոր բացահայտում կարող ես անել։ Ինչ վերաբերում է ընդհանրապես գիտական ոլորտին, ապա, ըստ նրա, վերջին տարիներին իրեն ավելի գնահատված է զգում որպես գիտնական։ Պատմում է, որ անկախ դժվարություններից, դեռ մանկուց իրեն պատկերացրել է այս ոլորտում։ Ի դեպ, սրանում մեծ դեր է խաղացել նաև ավագ քույրիկի ֆիզիկոս լինելը. աչքի առաջ միշտ դրական օրինակ է եղել։ Ի դեպ, եթե չլիներ գիտությունը, Մարիան հավանաբար կմասնագիտանար ինտերիեր-դիզայնում։ Վստահեցնում է, որ իր այդ սերը միևնույն է նկատելի է իր լաբորատորիայում. գիտությունը պետք է հաճելի միջավայրում ապրի։ 

 

 

Մարիա Նիկողոսյան


Գիտական ոլորտ
կենսաինֆորմատիկա, մեքենայական ուսուցում


Հետազոտական աշխատանք
Մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով մարդու բազմագործոն հիվանդությունների զարգացման կանխատեսում


Նպատակ
Ուսումնասիրելով մարդու գենոմում առկա գենետիկանան տարբերակները՝ գնահատել բազմագործոն հիվանդությունների զարգացման ռիսկը և կանխատեսել, թե որքան է հավանական նմանօրինակ հիվանդությունների ի հայտ գալը։

 

 

 

Մարիայի նախագիծը կենսաինֆորմատիկայի ոլորտում է։ Այստեղ միաձուլվում են մեքենայական ուսուցման ալգորիթմերն ու մարդը։ Եթե կարճ, ուսումնասիրելով մարդու գենետիկական տարբերակները՝ Մարիան և այն խումբը, որի հետ նրանք իրականացնում են այս նախագիծը, փորձում են ռիսկերի գնահատում անցկացնել մարդկային բազմագործոն հիվանդությունների վերաբերյալ, օրինակ՝ քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների կամ շաքարային դիաբետի դեպքում։ Այսինքն՝ փորձում են հասկանալ, ըստ գենետիկական տարբերակների առկայության, ինչքանով է հավանական հետազոտվող մարդու մոտ նմանօրինակ հիվանդության ի հայտ գալը։


Փաստացի մարդու մոտ որոշակի գենետիկական տարբերակների առկայության դեպքում աճում է հիվանդության զարգացման գենետիկական ռիսկը, որը կոմբինացվում է ապրելակերպի, շրջակա միջավայրի հետ, և դրա հիման վրա կարելի է բավական հստակ գնահատել հիվանդության զարգացման հավանականությունը։ Նաև կարևոր է այն, որ գենետիկական տարբերակների ազդեցությունը կարող է փոփոխվել պոպուլյացիայից պոպուլյացիա։ Այսինքն՝ երկու տարբեր պոպուլյացիաների պատկանող մարդիկ կարող են ունենալ նույն գենետիկական տարբերակները, սակայն դրանց ազդեցությունը հիվանդության զարգացման վրա կարող է բավական տարբերվել յուրաքանչյուրի համար: Ի դեպ այս նախագծում հետաքրքիր էր այն, որ ուսումնասիրվեց հիվանդությունների զարգացման գենետիկական ռիսկը նաև հայկական պոպուլյացիայում, որը շատ հաճախ շրջանցվել է։ Աշխատանքում կիրառում են մեքենայական ուսուցման տարբեր ալգորիթմներ։


«Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչքան ճշգրիտ կարող ենք գնահատել հիվանդության զարգացման ռիսկը՝ իմանալով մեկ մարդու ամբողջ գենոմում առկա գենետիկական տարբերակները,– ասում է Մարիան,– Արդյոք կարո՞ղ ենք ճշգրիտ կանխատեսել հիվանդության զարգացումը՝ հաշվի առնելով, որ պոպուլյացիային է պատկանում մարդը»:


Խոստովանում է, որ երբ դեռ դպրոցում ընտրություն կատարեց կենսաինֆորմատիկայի օգտին, ամբողջական պատկերացում չուներ, թե ոլորտն իրենից ինչ է ներկայացնում։ Նրա մաթեմատիկայի ուսուցիչը, իմանալով Մարիայի կենսաբանության հանդեպ ունեցած հետաքրքրության մասին, առաջարկեց նրան ուսումնասիրել ու ցանկության դեպքում անպայման դիմել։


Մարիայի խոսքով՝ չի լինում գրեթե մի օր, որ մի նոր բան չբացահայտես. «Ահռելի շատ ինֆորմացիա կա ու եթե դու ուզում ես լավ մասնագետ լինել, պիտի այդ ամենի հետևից հասցնես, անընդհատ կարդաս, կրթվես։ Ինքդ քո վրա զգում ես, որ մի տեղում չես մնում, անընդհատ առաջ ես շարժվում»։


Նրա համար Հայաստանում գիտությամբ զբաղվելը նախ և առաջ ազատություն է։ Նա իրեն ազատ է զգում իր ոլորտում և կարող է իր աշխատանքային խմբում առաջ քաշել սեփական գաղափարներն ու առաջարկները։ Կարևորն այն է, որ այդ առաջարկները լսվում և իրականացվում են։ Կա մեկ բարդություն. «Մարդիկ ուզում են արագ արդյունքներ տեսնել, բայց մեր ոլորտում պիտի երկար աշխատես, որպեսզի աշխատանքդ կիրառականի հասցնես»։