Հին կինո, նոր ազդագիր
Կինո

Հին կինո, նոր ազդագիր

Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում «Ահա» կոլեկտիվն ու «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվը համատեղ ուժերով փորձել են վերականգնել պատմական անարդարությունը՝ ազդագիր չունեցող հայկական 25 կինոնկարների համար ստեղծելով բոլորովին նոր պաստառներ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի


Նկարազարդումները՝ ԱՀԱ կոլեկտիվի

 

ԵՐԵՎԱՆ #80 | 2023



 

#Դիզայն #Արվեստ #Կինո

Վիգեն Գալստյան

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Հայ կինոն 100 տարեկան է, իսկ սա նշանակում է, որ 100 տարին բոլորում է նաև հայ կինոյի պաստառային արվեստը։ Այս առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած մի շարք ծրագրերի շարքում է նաև դասական ֆիլմերի համար նոր պաստառների ստեղծումը: Նախագծի շրջանակում ընտրվել են 1920-1990-ականներին արտադրված 25 կինոնկար, որոնք, չնայած իրենց գեղարվեստական կամ մշակութային նշանակությանը, այս կամ այն պատճառով չեն ունեցել գովազդային պաստառներ իրենց թողարկման ժամանակ։ Շնորհիվ այս նախագծի՝ դրանք կունենան պաստառներ՝ ստեղծված հայ ժամանակակից նկարիչների և գրաֆիկական դիզայներների կողմից։ 


Ցուցահանդեսում կներկայացվեն նաև հայ կինոարդյունաբերությանն առնչվող եզակի ու չհրապարակված փաստաթղթեր և լուսանկարներ Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվի հավաքածուից։ Ցուցադրության մեկնարկը կտրվի նախագահական նստավայրում, ապա ավելի երկարաժամկետ ձևաչափով կներկայացվի Հենրիկ Իգիթյանի անվան Երևանի գեղագիտության կենտրոնում։ Ցուցադրության խմբագիրը Նվարդ Երկանյանն է, համադրողները՝ Նայիրի Խաչատուրեանը և Վիգեն Գալստյանն են։


Նախագծի մասին հարցուփորձ արեցինք հենց Վիգենից, որը մասնագիտացած է արդի լուսանկարչության, կինոյի և հայկական արվեստի բնագավառներում։

 

«Մենք ենք, մեր սարերը» | Նկարիչ՝ Վիլյամ Կարապետյան
 

«Սիրամարգի ճիչը» | Նկարիչ՝ Kupikazu
 

 

Անպաստառները 

Պաստառը կամ կինոազդագիրը, ըստ Վիգենի, ֆիլմերի մշտական ուղեկիցն ու ներկայացուցիչն է եղել կինոյի ծննդից սկսած մինչ մեր օրերը և ինչ-որ առումով պաստառը կարելի է համարել ֆիլմի «անձնագիրը» և նրա «դեսպանը» հանրային տիրույթում։ 


Այսօր դասական ֆիլմերի պաստառների վերաթողարկումը Վիգենը համարում է անհրաժեշտություն, քանի որ հատկապես միջազգային կինոփառատոներում կամ հոսքային (սթրիմինգ) հարթակներում ֆիլմերը ներկայացնելիս խնդիր է առաջանում։ Ֆիլմերը չեն ունենում համապատասխան գովազդային փաթեթներ՝ սինոփսիսներ, թրեյլերներ ու առավել ևս՝ պաստառներ։ Իսկ սա, ըստ Վիգենի, իրական խոչընդոտ է այդ ֆիլմերի հանրայնացման գործընթացում։ 


Վիգենը համոզված է, որ նախագիծը կօգնի երիտասարդներին նոր հայացքով դիտել հայկական կինոն. «Մենք ապրում ենք պատկերային դարաշրջանում, երբ մարդիկ հարաբերվում են աշխարհի հետ ամփոփ տեսողական կոդերով, որոնք գտնվում են անդադար շարժման մեջ։ Իսկ խորհրդային շրջանի հայկական կինոն այնքան պատմական ու մշակութային շերտեր և նրբություններ ունի, որ ժամանակակից հանդիսատեսը կարող է դրանք հեշտությամբ չտեսնել, չհասկանալ կամ արհամարհել, որպես հնամաշ մի արտեֆակտ։ Իսկ արվեստագետի կողմից ստեղծված ժամանակակից պաստառը կարող է երևակել ու շեշտադրել այն, ինչ առանցքային է մեզ համար այդ ֆիլմերում հենց այսօր ու ներկայացնել դրանք արդի, «ակտուալ» պատկերային լեզվով, որը յուրահատուկ կամուրջ է ստեղծում մեր ու այդ ֆիլմերի վաղեմի իրականությունների միջև։ Դրա փայլուն օրինակ է ֆրանսահայ նկարիչ Մայդա Չավակի պաստառն Ամասի Մարտիրոսյանի 1932 թվականի «Քրդեր եզդիներ» համր ֆիլմի համար։ Չավակի ձևավորումը վերածվում է հինավուրց ժողովրդի քոչվորային կենցաղը ներկայացնող այս ազգագրական-պրոպագանդիստական ֆիլմի բովանդակությունը սոցիալական ցանցերում գործածվող էմոջիներ հիշեցնող պատկերանշանների պարզ, բայց շատ արտահայտիչ մի «քարտեզի»։

 

«Վերջին նետում» | Նկարիչ՝ Գարեգին Մարտիրոսյան
 

«Տերն ու ծառան» | Նկարիչ՝ Դավիթ Քոչունց
 

«Պատանդներ» | նկարիչ՝ Անուշ Դավթյան
 

 

Դժվար ընտրության մասին

Նախագծում մասնակցող արվեստագետների ընտրությունը բարդ էր։ Համադրողները հիմնականում առաջնորդվել են հիմնվելով նախորդ փորձի վրա՝ դիտարկելով այն արվեստագետներին, որոնք արդեն որոշակի աշխատանք տարել էին այս ոլորտում՝ Վիլյամ Կարապետյանը, Էդիկ Պողոսյանը, Վահրամ Մուրադեանը, օրինակ։ Նրանց հետ մեկտեղ ուշադրություն են դարձրել այն՝ հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների վրա, որոնց ստեղծագործական հայացքը հետաքրքիր էր փորձարկել պաստառային արվեստի համատեքստում։ 

 

Ինչո՞ւ չունեին

Զարմանալի է,  բայց ընտրված 25 ֆիլմերից այս շարքում ներառված են ոչ միայն քիչ հայտնի կամ մոռացված ֆիլմեր, բայց և այնպիսի մեծանուն գործեր, ինչպիսիք են, օրինակ՝ «Ոսկե ցլիկը», «Տերն ու ծառան» և «Մենք ենք, մեր սարերը»։ Պատճառներն ըստ Վիգենի՝ շատ տարբեր են. կարճամետրաժ ֆիլմերը, օրինակ, առանձին չէին թողարկվում էկրանին և խորհրդային տարիներին հազվադեպ են արժանացել ազդագրերի, իսկ որոշ ֆիլմերի պարագայում, պաստառներն արվել են ձեռքով, հենց կինոթատրոնների կողմից, ուստի ցուցադրությունից հետո դրանք ոչնչացվել են։ 


Կան ֆիլմեր, որոնք մեծ էկրան ընդհանրապես չեն էլ բարձրացել, ինչպես պատահել է Ստեփան Կևորկովի «Նրա երևակայությունը» ֆիլմի հետ։ Իսկ հեռուստատեսային ֆիլմերի պարագայում պաստառային գովազդի անհրաժեշտություն ընդհանրապես չի եղել, հետևաբար, մի շարք դասականներ, այդ թվում Վիլեն Զախարյանի «Վերջին նետումը» մնացել է «անպաստառ»։ Որոշ դեպքերում էլ ֆիլմերի ազդագրեր անկասկած եղել են, ինչպես, օրինակ՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դեպքում է, որի ազդագրերի հետքն իսպառ կորել է և ոչ մի նմուշ չի հայտնաբերվել։

 

«Քրդեր ու եզդիներ» | Նկարիչ՝ Մայդա Շավաք
 

«Կիկոս» | Նկարիչ՝ Վահրամ Մուրադյան
 

«Կվարտետ» | Նկարիչ՝ Շամիրամ Խաչատրյան

 

Ինչպե՞ս վերաիմաստավորել

Եվ չնայած այս ամենին, նախագծի նպատակը միայն «արտադրական» չէ։ Սա նաև մշակութային ու արվեստային խնդրի անդրադարձ է. «1980-ականներից հետո պաստառային արվեստը թե՛ մեզ մոտ, և թե՛ արտերկրում կտրուկ անկում ապրեց ու այսօր հիմնականում իրականացվում է ոչ այնքան արվեստագետների կողմից, որքան մարկետինգային խմբերի միջոցով։ Հետևաբար, այն կարևորագույն հղացական ու գեղագիտական գործոնները, որոնք արվեստագետը կարող էր ներդնել նույնիսկ ամենապարզ թվացող պաստառներում, ընդհանրապես բացակայում են ժամանակակից պաստառի «իլյուստրատիվ» ու ճանաչողական բնույթ կրող ձևաչափերում։ Ուստի մեր խնդիրն էր նաև խթանել պաստառային արվեստի (վերա)զարգացումը մեր համատեքստում, ինչի համար հրավիրել էինք արվեստագետների ու գրաֆիկական դիզայներների տարբեր սերնդների ներկայացուցիչների Հայաստանից և սփյուռքից։ Նրանց մեծամասնությունն առաջին անգամ էր դիմում այս միջոցին, և դա կանխամտածված էր։ Մենք ցանկանում էինք, որ արվեստագետները ոչ միայն թարմ, ժամանակակից հայացքով մեկնաբանեին արդեն ուրիշ դարաշրջան ներկայացնող ֆիլմերը, բայց և վերաիմաստավորեին թե ինչ կարող է դառնալ կինոպաստառ ընդհանրապես»,– խոստովանում է Վիգենը։

հավելյալ նյութեր