Թեմատիկ տուրեր․ մեղր
Մենք մերոնցով

Թեմատիկ տուրեր․ մեղր

Քաղցրահամ ճամփորդություն

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Լուսանկարները՝ «Իմ Հայաստան» ծրագրի

 

ԵՐԵՎԱՆ #63 | 2020

 

#ՆերքինՏուրիզմ

Եթե ամենուր եղել եք և ամեն ինչ փորձել, նշանակում է պետք են նոր, անսպասելի ճամփաներ։ «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ պատրաստել ենք չորս թեմատիկ տուր, որոնք կօգնեն նորովի բացահայտել հայտնի տեղերը։

 

 

Տեսնել մեղվապահական պատմամշակութային հուշարձանը Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

Եղեգնաձորի թանգարանն ունի շուրջ 9000 նմուշ՝ նախնադարից մինչև 20-րդ հարյուրամյակ։ Դրանց մեծ մասն այս կամ այն կերպ ներկայացնում են տարածաշրջանի պատմությունը՝ բրոնզե և քարե դարի գործիքները, զարդեր, խեցեղեն, գորգեր և այլն։ Թանգարանի գլխավոր աստղը, թերևս, հռչակավոր Մոմիկի՝ 14-րդ դարի խաչքարն է։ Բայց ոչ պակաս ցնցող է նաև 19-րդ դարից պահպանված մեղվի փեթակը (տեղի բարբառով՝ մոլոզ)։ Ուռենու դալար ճյուղերից հյուսված այս փեթակը հայտնաբերվել է Շատին գյուղում։ Այստեղից էլ արժե սկսել մեղրային ճամփորդությունը։ 

 

Սեփական ձեռքերով հյուսել փեթակ «Եղեգում»

Վայոց ձորի Արփա գետի ափերին աճող ուռենու ճյուղերը վարպետ Արթուրի ձեռքերում փափկում և ճկվում են՝ դառնալով հյուսված զամբյուղներ։ Այս բնական հումքով պատրաստված զամբյուղները կարող են օգտագործվել ինչպես տան զարդարանքի համար, այնպես էլ կենցաղում՝ որպես կարասների և գինու շշերի կաղապարներ, հացամաններ կամ պահեստավորման դարակներ։


Արթուրը նաև հետաքրքրվում է, թե ինչպես է իր արհեստն օգտագործվել հին ժամանակներում։ Եղեգնաձորի թանգարանում նա տեսել և վերարտադրել է ճյուղագործ մեղվի փեթակները։ Եվ այժմ օգնում է բոլոր հյուրերին նույնպես յուրացնել այդ արհեստը։ Սեփական ձեռքերով հյուսված զամբյուղները, իհարկե, կարելի է տանել տուն։

 

 

Մեղրով փախլավա վայելել «Միրհավում»

Փախլավայի հայրենիքի կոչման համար արդեն դարեր շարունակ կռիվ են տալիս տարածաշրջանի շատ երկրներ։ Մեր կարծիքով կարևոր չէ, թե որտեղ են հորինել, այլ որտեղ են համեղ պատրաստում։ Եվ Գորիսն այս դեպքում հաստատ կլինի առաջատար դիրքերում։ 

«Միրհավ» հյուրանոց-ռեստորանի գլխավոր մենեջեր Գայանեն հյուրասիրում է գյուղում ապրող իր մորաքրոջից ստացած բաղադրատոմսով պատրաստվող փախլավան։ Հաջողությունն այնքան մեծ է, որ «Միրհավը» շատերը ճանաչում են հենց այս ֆիրմային քաղցրավենիքով: Կարելի է ենթադրել, որ շռնդալից հաջողության գրավականներից մեկը Գորիսի սարերում արտադրվող բնական մեղրն է։  

Եվ որ ամենակարևորն է, այս փախլավան կարելի է ոչ միայն պատվիրել, այլև պատրաստել սեփական ձեռքերով (հետո անպայման ուտել)։

 

Մեղրամոմով ձեռքի քսուկ պատրաստել Եղեվնուտում 

Մեղվապահության հետ կապվող ժողովրդական ավանդույթների մի մեծ փունջ կապվում է մեղրամոմի օգտագործման առողջապահական հատկանիշների հետ: Դարեր շարունակ այն օգտագործել են ամենատարբեր առողջական խնդիրների դեմ պայքարելիս։ Դրանք շատ լավ հիշում է 50 տարվա փորձ ունեցող մեղվապահ Գրիշա պապը։ Իսկ նրա հարս Անուշը, հենվելով վերքերի ու մաշկի ճաքերի բուժման համար մեղրամոմի գործածման ժողովրդական ավանդույթի վրա, ստեղծել է մի քսուկ, որը զգալի արդյունավետությամբ գործածվում է ոտքի թաթի տարբեր հատվածների բուժման համար: 

 

 

Ժամանակին մեղրամոմը հալեցրել են ու կաթեցրել մաշկի վրա բացված ճաքերի վրա, ինչը բավական ցավոտ է եղել: Իսկ Անուշը կատարելագործել է այդ եղանակը: Նա հալեցրած մեղմամոմին ավելացնում է արևածաղկի և ձիթապտղի ձեթեր, չիչխանի կամ այլ եթերայուղեր: Դրանք օգնում են, որ մեղրամոմը փափկի ու ձեռք բերի մածուցիկ հատկություն: Այս քսուկը շատ ավելի հարմար է գործածելը: Նախ, չի ցավեցնում բուժվող վերքը և ավելի արդյունավետ է բուժական առումով: Քսուկը կարելի է օգտագործել նաև մաշկի խմանքի նպատակով: Այն մաքրում է մաշկը և տալիս դրան թավշյա փափկություն։

 

Մեղրամոմի կիրառմամբ կավագործությամբ զբաղվել «Սիսիան կերամիքսում»

«Սիսիան Կերամիքսը» հիմնադրել են կավագործ վարպետ Վահագն Համբարձումյանը և նրա կինը՝ նկարչուհի Զարա Գասպարյանը։ Այսօր նրանք աշխատում են միասին Հայաստանի հարավում՝ զարգացնելով և պահպանելով կավագործության հայկական մշակութային ժառանգությունը։ «Սիսիան Կերամիքսն» ուսումնասիրում է հայ խեցեգործության արմատները, հնագույն տեխնոլոգիաները և դեկորատիվ արվեստի տեսակները։ 

Արհեստանոցի այցելուները կարող են տեսնել, թե ինչպես է Վահագնը կավե իրը տաքացնում 100-120 աստիճան, նույն ջերմաստիճանում հալեցնում նաև մեղրամոմը, բարակ շերտով քսում է վրան, իսկ ներսից լցնում ու արագ դատարկում է: Նպատակն առարկան ջրադիմացկուն դարձնելն է ու ոչ միայն. մեղրամոմը կանխում է կավի ներծծող հատկությունը և ավելի գեղեցիկ դարձնում իրը։ Բացի այդ, մեղրամոմով ծածկված իրն ավելի հեշտ է լվացվում։

 

Մեղվանման զարդեղեն գնել

Եվ վերջում կարելի է տուն վերադառնալ՝ այցելելով Ռինդ գյուղ և գնելով Վարազդատ Ասատրյանի՝ մեղվաբների կառուցվածքից ոգեշնչված զարդերը։ Պատահական չէ, որ նրա ստեղծած բրենդի անվանումը կարելի է թարգմանել որպես «Մեղվարվեստ»։ Bee Art Exclusive-ի հավաքածուների մեջ զուգորդվում են այնպիսի բնական նյութեր, ինչպիսիք են փայտը, թանկարժեք քարերն ու մետաղները։ Արդյունքը՝ համահունչ համադրված յուրօրինակ մատանիները, օղերն ու կախազարդերն են։