📼 Ի՞նչ լավ կինո ունես
1980-ականների երկրորդ կեսից մինչև 90-ականների ավարտը իսկական արարողակարգ էր բազմաթիվ կիսաօրինական վիդեոսալոններից անորակ VHS տեսաերիզների հայթայթումը կամ էլ՝ մասսայական կինոդիտումն այն ընկերոջ մոտ, ում տանը կար կաբելային հեռուստատեսություն: Երևանցիները նոստալգիայով վերհիշում են այդ ռոմանտիկ փորձառությունը:
Տեքստը՝ Արեգ Դավթյանի
ԵՐԵՎԱՆ #3 | 2013
2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։
Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag
Չակնորիսը
Արմեն, 33 տարեկան
1980-ականների վերջն էր. մեր բակի ամենամեծ իրադարձությունը «վիդեոյի ավտոբուսի» ժամանումն էր: Սովորական ավտոբուս էր, բայց վարորդի նստարանի վերևում մի հեռուստացույց էր կախած, տակն էլ՝ մագը: Սեանսը արժեր 3 ռուբլի՝ տալիս ես, մտնում ես ու նայում ես հերթական բաևիկը: Անմեղ կռիվ-կինոներ էին, էրոտիկա կամ պոռնոգրաֆիա չկար: Մեզ էլ երջանկության համար կռիվ-կինոյից ավել բան պետք չէր: Հենց էդ տարիներին սկսեցին տարածվել սև-սպիտակ քարտերը՝ ռեմբոներով ու կառատեիստներով արտասահմանյան պլակատների վերատպումները ծախում էին, եթե ճիշտ եմ հիշում, մի հիսուն կոպեկով: Քանի որ վարձույթը անձնագրով էր, երեխեքից մեկը պետք ա ամեծ ախպեր ունենար, որը կհամաձայնվեր իրա անձնագրով գնար սալոն: Դրանից հետո բակ մի հատ շքերթ էր մտնում՝ երեխեքը երկու դիպլոմատներով: Մեկի մեջ մագն էր, մյուսի մեջ՝ կասետները: Իսկական ծիսակատարություն էր: Մագը սովետական արծաթագույն «Էլեկտրոնիկա» էր, մի օրվա համար կարծեմ տասը ռուբլի էին տալիս:
«Էլեկտրոնիկան» մի շատ կարևոր առավելություն ուներ՝ եթե երեխեքը թաքուն պոռնո էին նայում, ու լույսերը հանկարծ գնում էին, կարելի էր կասետը հանել՝ «էջեքթը» մեխանիկական էր: Բակի ընկերներիս հետ հաճախ էինք տանը կինոսեանսներ կազմակերպում: Շատ էինք սիրում սարսափներ նայել՝ կարգին սարսափում էինք, Ջեկի Չանի գլուխգործոցները, Բրյուս Լին, Վան Դամը, Չակ Նորիսն ու զանազան նինջաները՝ անպակաս:
Նարեկ, 29 տարեկան
Լավ կինոները միշտ ձեռի վրա էին, դրա համար կոնկրետ ֆիլմ ոչ մեկ չէր էլ փնտրում, ուղղակի հարցնում էին՝ «ի՞նչ լավ կինո ունես»: Ցանկացած արտասահմանյան ֆիլմ արդեն համարվում էր «լավ կինո»: Շատ խոխմ էր, որ երբ երկրորդ ֆիլմը վերջանում էր, տակից գրած մուլտի կամ կինոյի վերջն էիր տեսնում ու ափսոսում էիր, որ ամբողջությամբ էլի մի ֆիլմ չես կարող նայել: Էդ նույն շարքից. քանի մեր համար վիդեոմագնիտոֆոնն էր հրաշք, զարգացած աշխարհում արդեն 1980-ականների վերջից լազերային դիսկեր էին արտադրում: Ու պատահում էր, որ ֆիլմերը VHS-ի վրա տեսագրել են սկավառակից, դրա համար կինոն կարող էր մի պահ կտրվերու էկրանին գրվեր Insert Disk 2: Խառնվում էինք իրար, թե էդ ի՞նչ կարող ա լինի:
Մեկ էլ շատ հաճախ հանդիպում էին ֆիլմեր շվեդական սուբտիտրերով: Ամեն անգամ փորձում էինք ջոկել էդ անտերը ինչ լեզվով ա, բայց ով՞ կմտածեր՝ շվեդերեն: Ով լավ պրոկատ ուներ բակում, հնարավորություն ուներ կաբելայինով կպնել իրանց հեռուստացույցին: Ինչ-որ գումարի դիմաց ընտրած կասետները պրոկատից պտտում էին, մարդիկ էլ իրանց տանը նայում էին: Մի անգամ, հիշում եմ, Շաոլինի վանքի մասին տասը սերիանոց տուրուդմբոց էին ցույց տալիս՝ մի քանի օր կոնկրետ ժամին բակի երեխեքով հավաքվում-նայում էինք:
Վիդեոսալոն գնալուց բուն կինոյից բացի էլի մի լավ առիթ կար՝ պլակատները: Տկլոր աղջիկներ էին, մեկ էլ ռեմբոյա-վանդամա-տերմինատորները:
Ամենատարածվածը Ստալոնեի «Կոբրան» էր: Ու ես էն երջանիկներից էի, որ մի օրինակ էլ տանը ունեի, սենյակումս: Պապաս էր ինչ-որ տեղից ճարել՝ շատ հպարտ էի, երբ որ բակի երեխեքը տեսնում, զարմանում էին: Հետո մենք տեղափոխվեցինք Մոսկվա ու մինչև վերադարձանք, բակային սալոնների ոլորտը փակվել-գնացել էր:
Լիանա, 30 տարեկան
Երբ որ շատ փոքր էի, կաբելային ունեինք: Չռած աչքերով նայում էի Բրյուս Լիի խփոցիները՝ իմ համար ամենալավն էր: Հատկապես իրա դեմքն էի սիրում՝ էն որ խփելուց առաջ ծամածռում էր: 90-ականներին արդեն սկսեցին ցույց տալ թեթև էրոտիկ տեսարաններով ֆիլմեր ու սարսափներ՝ էն ժամանակ լրիվ նորություն էր: Ամենամեծ տպավորություններից մեկը Սթիվեն Քինգի «Оно»-ն էր՝ մինչև հիմա հիշում-վախենում եմ: Մեկ էլ շատ-շատ հետաքրքիր էին չինական պատմական ֆիլմերը: Բայց ամենակարևոր ֆիլմը իմ կյանքում, որ տեսել եմ կաբելայինով՝ Կոպպոլայի «Քոթըն Քլաբն» էր: Էդ կինոյի պատճառով սիրահարվեցի կաբարեական ջազին ու շեփորին: Ճիշտ ա, հետո մի հազար տարի փնտրել եմ, որովհետև էն ժամանակ կեսից էի նայել ու վերնագրի կամ հեղինակների մասին գաղափար չունեի բնականաբար: VHS ֆորմատի հետ ընկերացա բակի ընկերուհուս պապիկի շնորհիվ: Ձյաձ Յուրան շատ բարի մարդ էր, Պոլիտեխնիկի լավ դասախոսներից էր: 1987 թվին արդեն վիդեոմագնիտոֆոն ուներ՝ մեր բակում առաջիններից մեկը:
Ուսանողները իրան կասետներ էին տալիս, ինքն էլ հավաքում էր բակի բոլոր երեխեքին, ու մենք ժամերով նստած նայում էինք Ջեկի Չանի ու Վան Դամի կինոները կամ Դիսնեյի մուլտերը:
Վիդեոսալոններից սկսեցի օգտվել, երբ որ առաջին կուրս էի, աշխատում էի, ու ինքս էի գրպանի փող վաստակում՝ 98-ին: Էդ ժամանակ արդեն բացվել էր Կասկադի հայտնի վարձույթի սրահը:Վերցնում էի մանկությանս ֆիլմերը՝ առաջին հերթին, իհարկե, Բրյուս Լիի գլուխգործոցները: Նույնիսկ, երբ նորմալ ինտերնետ հայտնվեցու քաշելու հնարավորություն կար՝ մեկ ա, իրանցից էի վերցնում: Աշխատողներն արդեն գիտեին ես ինչ եմ սիրում, լավ ընկերացել էինք: Հիշում եմ, մի օր մտա, պարզվեց՝ DVD-ներ են բերել առաջին անգամ: Տղերքից մեկը ասեց՝ «տես ինչ ունենք»: Ու առաջարկեց մի սկավառակ, որի վրա Բրյուս Լիի տասը ֆիլմ կար: Կյանքիս ամենաուրախ օրերից մեկն էր:
Էդուարդ, 41 տարեկան
Վարձույթի բոլոր կետերում պատից կախված էր հայտարարություն, որտեղ շատ ջղային կերպով ասվում էր, որ խստորեն արգելվում է մաքրել մագի գլխիկը: Որովհետև շատ հաճախ մարդիկ մաքրում էին օդեկոլոնով ու հերը անիծում էին: Տուգանքն էլ լուրջ էր՝ 25 ռուբլի: Վիդեոմագնիտոֆոնը վարձով վերցնելիս պետք էր տրամադրվել քսանչորսժամյա կինոդիտումների, թե չէ ափսոս էր պահը կորցնել: Մի անգամ եղբորս հետ էդպես մի քանի կասետ վերցրեցինք: Առավոտվա հինգին բոլոր ֆիլմերը նայել էինք, մնացել էր կասետներից մեկի վրայի երկրորդ ֆիլմը: Չէինք ուզում նայել, որովհետև փակագծերի մեջ ժանրի տեղը գրված էր «жизненни»: Իսկ մենք մի տեսակ «ժիզնեննի» լուրջ կինոների հավես չունեինք: Բայց դե միացրեցինք ու մի երեք րոպե հետո հասկացանք, որ նայում էինք աշխարհի ամենածիծաղալու պարոդիաներից մեկը՝ Ցուկեր եղբայրների Top Secret-ը:
Կասետների վրա գրված անվանումներն ու ժանրերը լրիվ ուրիշ պատմություն են:
Օրինակ՝ «Кровавым спорт»: Ինչքան ձանձրալի կինո կար, որտեղ հիմնականում խոսում էին, անցնում էր «Остросюжентый» պիտակով, որովհետև իրանց պատկերացմամբ՝ սուր սյուժեն երկար ու խորիմաստ զրույցներն են: Մի անգամ էլ եղբորս հետ որոշեցինք պոռնո նայել: Պաշտոնական, ոչ «լևի» կետերում պոռնոն արգելված էր: Իսկ «լևի» կետերում, որտեղէդ ժանրի կինոները սովորական ֆիլմերից երկու անգամ թանկ էին,քեզ պետք ա ճանաչեին: Ախպերս մեկին գիտեր: Գնացինք, Մերգելյան ինստիտուտի կողմերն էր: Դուռը բացեց: Ինքն էր ու շունը՝ երկուսն էլ բուլտերիերի դեմքով: Տան պատերը չէին երևում՝ սաղ կասետ էր: Ինքը խոհանոցում էր ապրում: Ասեցինք, որ կինո ենք ուզում: Սուսուփուս գնաց դարանում փորփրելու: Հարցրեցի եղբորս՝ «բա ին՞չ հասկացավ՝ ինչ կինո ենք ուզում»: Պարզվեց, որ էդ մարդը ուրիշ բան չունի՝ սաղ տունը պոռնո էր լցրած: Բայց ամենացնցողը մանրամասնող հարցն էր՝ «ձեզ ին՞չ ձևի ա պետք՝ կլիպեր, լիամետրաժ, սյուժեով, առանց սյուժեի, հին, նոր, կոմեդիա»: Չգիտեմ ինչի՝ մուլտ ուզեցինք: Բերեց էն հայտնի գործը «Սպիտակաձյունիկի ու յոթ թզուկների» մոտիվներով: Անմոռանալի էր:
Վահան, 36 տարեկան
Մինչև պաշտոնապես վարձույթի սալոնների տարածումը, կար վիդեոմոլների ընկերական ցանց՝ մարդիկ իրար հետ առանց կոմերցիայի ֆիլմերը փոխանակում-նայում էին: Մեր ծանոթների մեջ, օրինակ, մի ընտանիք կար՝ մարդ ու կին, որոնք ուղղակի գիտեին, թե ով ինչ կասետ ունի: Հենց մի բան պետք էր՝ իրանց միջոցով ճարում էինք: Եթե նոր հետաքրքիր ֆիլմ էր հայտնվում, զանգում հրավիրում էին՝ մի քանի ընտանիքներով հավաքվում, նայում էինք: Էդ ամեն ինչ 80-ականների երկրորդ կեսին էր: Ես երեխա էի, դրա համար հիմնականում բաևիկներ էի սիրում, չնայած պատահում էր, որ մեծերի հետ բարձր կինոարվեստին էի ծանոթանում: Մերոնց հետ տեսածներից Կուբրիկի «Փայլն» էր, Կոպպոլայի «Մեր օրերի ապոկալիպսիսը» ու էլի էդ շարքից ինչ-որ բաներ:
Մեր տան առաջին վիդեոմագը ես եմ գնել, երբ որ արդեն սկսեցի քիչ-քիչ աշխատել: Էդ ժամանակ էր, որ իմ համար բացահայտեցի Կասկադի վարձույթի կետը: Մի պահ ամբողջ քաղաքով ընկած Տակեշի Կիտանոյի ֆիլմերից մեկն էի փնտրում: Ուր հարցնում էի՝ էնպես էին վրաս նայում, ոնց որ գիժ եմ: Հուսահատ մտա Կասկադի սրահը, հարցրեցի՝ պարզվեց՝ տերը շատ լավ էլ ճանաչում ա Կիտանոյին: Փնտրածս գործը ոչ միայն ուներ լավ որակով, մի բան էլ առաջարկեց իրա մյուս ֆիլմերից: Էդ պահին ես հասկացա, որ սրանից հետո մենակ էստեղ եմ գալու: Շատ շուտով ընկերացանք տիրոջ հետ, որովհետև մեր ճաշակները կինոյի հարցում համընկնում էին: Իմ համար նույնիսկ հատուկ հաշիվ էրբացված՝ կարող էի ուզածիս չափ կասետներ վերցնել ու վճարել, երբ հարմար լիներ: Վարձույթի տերն էլ հենց մի լավ նոր ֆիլմէր բերում՝ ինձ իմաց էր տալիս: Ես սովորական հաճախորդ չէի,իրան մեկ չէր, թե ես ինչ եմ նայում: Եթե նույնիսկ ասեի՝ «տվեք մի հատ բաևիկ, մի բան էլ կնոջս համար», հաստատ կտային էն, ինչ որ պետք ա: