Կենսաբազմազանություն
Արևորդի 2024

Կենսաբազմազանություն

Շատ մասնագետների պնդմամբ՝ մարդկությունն այժմ ոչ միայն ականատեսը, այլև ակտիվ նպաստողն է մոլորակի կենսաբազմազանության 6-րդ զանգվածային ոչնչացման։ Բայց քանի դեռ ամեն ինչ կորսված չէ, բացատրում ենք, թե ինչ է կենսաբազմազանությունը և ինչու է պետք այն ամեն գնով փրկել։

Տեքստը՝ Ծովինար Հովհաննիսյանի


Լուսանկարները՝ FPWC
 

Ինչ է կենսաբազմազանությունը

Կենսաբազմազանություն եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 1985 թվականին։ Ի՞նչ է կենսաբազմազանությունը։ Այն երկրի վրա կյանքի բազմազանությունն է իր բոլոր դրսևորումներով՝ մանրէներից մինչև արևադարձային անտառներ, ջրիմուռներից մինչև բարձրակարգ պրիմատներ, ինչպես նաև այդ բոլոր ձևերի փոխազդումը միմյանց հետ: Ըստ էության, դա այն մեմբրանն է, որը պահում է մոլորակը և նրա վրա գտնվող յուրաքանչյուր կյանք: 

 

Ինչ է այն ներառում

Կենսաբազմազանությունը ներառում է մոլորակի մոտ 8 մլն տեսակ՝ բույսերից և կենդանիներից մինչև սնկեր և բակտերիաներ, և այն էկոհամակարգերը, որոնցում այդ տեսակները գտնվում են՝ օվկիանոսները, անտառները, լեռնային միջավայրերը և կորալային խութերը: Նրանցից շուրջ 1 մլնը կանգնած է անհետացման վտանգի առաջ։ Դա նշանակում է, որ մենք կանգնած ենք կենսաբազմազանության 6-րդ զանգվածային ոչնչացման եզրին։

 

 

Ինչու է այն վտանգված

Զանգվածային ոչնչացումը երկրաբանական ժամանակի կարճ ժամանակաշրջան է, որի ընթացքում ոչնչանում է կենսաբազմազանության կամ առանձին տեսակների ամենամեծ տոկոսը՝ բակտերիաներ, սնկեր, բույսեր, կաթնասուններ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ, ձկներ, անողնաշարավորներ: Այս սահմանման մեջ կարևոր է հասկանալ, որ երկրաբանական ժամանակաշրջանում «կարճ» ժամանակահատվածը կարող է տևել հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր տարիներ: Մոլորակը նախկինում  ականատես է եղել զանգվածային ոչնչացման հինգ իրադարձության, վերջինը տեղի է ունեցել 65,5 մլն տարի առաջ, երբ Երկրի վրայից վերացել են դինոզավրերը։ Փորձագետներն այժմ կարծում են, որ մենք գտնվում ենք վեցերորդ զանգվածային ոչնչացման շրջանում:

 

Ինչով է այս ոչնչացումը տարբերվում նախորդներից

Ի տարբերություն բնական երևույթների հետևանքով առաջացած նախորդ ոչնչացման դեպքերի՝ վեցերորդ զանգվածային անհետացումը պայմանավորված է նաև մարդկային գործունեությամբ՝ հիմնականում հողի, ջրի և էներգիայի անկայուն օգտագործմամբ և կլիմայի փոփոխության հետևանքներով: Ներկայումս Երկիր մոլորակի ամբողջ հողային շերտի 40%-ը փոխակերպվել է սննդամթերքի արտադրության համար։ Գյուղատնտեսությունը պատասխանատու է նաև գլոբալ անտառահատումների 90%-ի և մոլորակի քաղցրահամ ջրերի օգտագործման 70%-ի համար՝ ոչնչացնելով այդ միջավայրում ապրող տեսակներին, զգալիորեն փոխելով նրանց ապրելավայրերը: .

 

 

Ինչու է վտանգված նաև մարդկանց ապագան

Տեսակները փոխկապակցված են. մի տեսակը փոխազդում է մյուսների հետ տարբեր կերպ՝ նպաստելով օդի և ջրի մաքրմանը, հողի պարարտացմանն ու հարստացմանը: Երբ մի տեսակն անհետանում է էկոհամակարգում կամ նրա թվաքանակն այնքան է նվազում, որ այլևս չի կարողանում պահպանել իր գործառույթը, դա ազդում է էկոհամակարգի գործառնության վրա, իսկ մյուս տեսակների անհետացման հավանականությունը մեծանում է: Ներկայումս տեսակների ոչնչացման ցուցանիշը գնահատվում է 1,000-ից 10,000 անգամ ավելի բարձր, քան բնական անհետացման տեմպերը, ինչը մարդու կենսագործունեության արդյունք է։ Տեսակների անհետացման արագությունը, որը տեղի կունենար, եթե մենք՝ մարդիկ, չնպաստեինք մեր կենսագործունեությամբ: Ներկայիս տեմպերն անհամեմատ բարձր են և սպառնում են մարդու գոյությանը Երկիր մոլորակի վրա։ 

 

Ինչպիսին է Հայաստանի կենսաբազմազանությունը

Կենսաբազմազանության տեսանկյունից Կովկասի էկոտարածաշրջանն աշխարհի ամենահարուստ և ամենավտանգված ցամաքային էկոհամակարգերից մեկն է՝ համաշխարհայնորեն ճանաչված 200 էկոտարածաշրջանի ցանցի մի մասը և եվրոպական էնդեմիկ թռչունների երեք տարածքներից մեկը: Այն նաև համարվում է ագրոկենսաբազմազանության համաշխարհային կենտրոն, ենթադրվում է, որ այստեղ են ընտելացվել կենդանիների և բույսերի բազմաթիվ տեսակներ: 


Հայաստանը, գտնվելով Կովկասյան էկոտարածաշրջանում, աչքի է ընկնում լանդշաֆտային բազմազանությամբ և առանձնահատկություններով, որոնք էլ պայմանավորում են երկրի հարուստ բուսական և կենդանական բազմազանությունը: Կենսաբազմազանությունը բացառիկ է ավելի քան 200 ուտելի բուսատեսակով, 40 ուտելի սնկերի տեսակներով, ավելի քան 1000 կերային բույսերով, 350 տեսակի մեղրատու բույսերով, 350 եթերակիր բույսերով, 120 ներկանյութ հանդիսացող բույսերով, 100 վիտամիններ արտադրող բույսերով և 60 կաուչուկային բույսերով։ Հայաստանում բուսական աշխարհի մոտ 10%-ը համարվում է բուժական նշանակություն ունեցող։ Սահմանափակ՝ մոտ 30 հզ կմ2 տարածքի վրա հանդիպում են շուրջ 3800 տեսակ անոթավոր բույսեր, 428 տեսակ ջրիմուռներ, 399 տեսակ մամուռներ, 4207 տեսակ սնկեր, 464 տեսակ քարաքոսեր, 549 տեսակ ողնաշարավորներ և շուրջ 17200 տեսակ անողնաշարավորներ։ Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում բարձր էնդեմիզմով՝ ֆաունայի 500 տեսակ (կենդանական աշխարհի մոտ 3%-ը) և բուսական աշխարհի 144 տեսակ (ընդհանուր ֆլորայի 3,8%-ը) համարվում է էնդեմիկ՝ ինչը նշանակում է, որ աշխարհի որևէ այլ կետում տվյալ կենդանին կամ բույսը չի հանդիպում։

 

 

Ինչպես է Հայաստանը մասնակցում կենսաբազմազանության փրկությանը

200 երկրների շարքում Հայաստանը նույնպես համաձայնվել և պարտավորվել է մինչև 2030 թ.-ը պահպանել և վերականգնել Երկրի բացառիկ բնական ժառանգությունը՝ պահպանելով Հայաստանի տարածքի մինչև 30%-ը, վերականգնելով դեգրադացված տարածքների մինչև 30%-ը, բացառելով և կանխելով վտանգված տեսակների ոչնչացումը և այլն։


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը ԲՊՄՄ անդամ կազմակերպություն է Հայաստանում, հետամուտ է կենսաբազմազանության և նրանց կենսամիջավայրերի պահպանությանը։ Հիմնադրամը մասնավոր կերպով պահպանում է Հայաստանի տարածքի 1%-ը՝ նպաստելով պարսկական հովազի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի, կովկասյան լուսանի, եվրասիական ջրասամույրի, հայկական իժի, մորուքավոր, սև և սպիտակագլուխ անգղերի կենսամիջավայրերի պահպանմանը և թվաքանակի ավելացմանը։ Շնորհիվ հիմնադրամի ջանքերի՝ պարսկական հովազը վերադարձել և ազատ տեղաշարժվում է Հայաստանի կենտրոնական հատվածում։ Լինելով վտանգված տեսակ Հայաստանում՝ հիմնադրամի կողմից պահպանության և արհեստական կերակրման շնորհիվ սև անգղը, որպես տեսակ, միտումներ է ցուցադրում մեծացնելու թվաքանակն ու բնադրման տարածքը։ 


ԲՊՄՄ-ն վտանգված տեսակների Կարմիր ցուցակն ամրապնդում է լավատեսության հիմքերը՝ փաստելով, որ տեսակների անհետացման վտանգի միտումներն առնվազն 20%-ով ավելի վատ կլինեին, եթե չլինեին բնապահպանական միջոցառումները:

հավելյալ նյութեր