Մատանիների տիրակալի եղբայրությունը
Միջնաշխարհ

Մատանիների տիրակալի եղբայրությունը

«Մատանիների տիրակալի» վերադարձը երևանյան մեծ էկրաններ։

Տեքստը՝ Արթուր Աթայանի


Լուսանկարները՝ J.R.R. Tolkien Fans of Armenia ՖԲ-խմբից

 

💍 💍 💍

 

 

Առաջին գրքի առաջին հրատարակությունը, 1954

 

«Հոբիթի» առաջին հայերեն հրատարակությունը

 

Ջ․Ռ․Ռ․ Թոլքինը

 

 

 

 

Նոյեմբերի 24-25-26-ին «Մոսկվա» կինոթատրոնում #artpokaz-ի շրջանակում կցուցադրվի լեգենդար «Մատանիների տիրակալը» եռապատումը։ Այդ կապակցությամբ ԵՐԵՎԱՆը խնդրել է Հայաստանի թոլքինիստների ակումբի համահիմնադիր Արթուր Աթայանին պատմել, թե ովքեր են սագայի ամենամեծ երկրպագուները Երևանում և ինչպես են նրանք ամեն տարի նշում Բիլբո և Ֆրոդո Բեգգինսների ծննդյան օրը։ 

 

2000-ականների սկիզբ, ես 11-12 տարեկան եմ: Հերթական մանկական անգինայի ժամանակ տանը գտնում եմ «Хранители» («Պահապաններ») խորհրդավոր գրությամբ ու ոչ պակաս խորհրդավոր պատկերներով մի գիրք: Հիշելով, որ հայրս ասել էր՝ դեռ փոքր ես սա կարդալու համար, բնականաբար, վճռականորեն բացում եմ գիրքն ու բացահայտում, որ դա «Հոբիթի»՝ իմ սիրելի հեքիաթի շարունակությունն է: Այդ պահից կյանքս անվերադարձ փոխվում է:

 

Այսօր հաճախ կլսեք, որ «Մատանիների տիրակալի» սկիզբը շատերի համար ձանձրալի է թվում. 111 տարեկան դարձած Բիլբո Բեգգինսը ոչ ավել, ոչ պակաս 30 էջ շարունակ ծնունդ է նշում, սյուժեն դանդաղ ու անշտապ է ծավալվում, և առաջին մի քանի գլուխը լի է ընդհանուր սյուժեի համեմատ անկարևոր թվացող իրադարձություններով: Սակայն ես առաջին իսկ տողից այնպես սուզվեցի, որ ընդամենը երեք օրվա մեջ Ֆրոդոյի և մյուսների հետ անցա Հոբիթոնից մինչև Անդուին գետի ափը, և ուրախությանս սահման չկար, երբ դարակում գտա երկրորդ հատորը: Այդ ժամանակ ես չգիտեի, որ Մուրավյովի և Կիստյակովսկու` այսօր դասական համարվող թարգմանության մեջ բազմաթիվ անճշտություններ կային, որ Պիտեր Ջեքսոնն արդեն էկրանավորել էր առաջին գիրքը, և նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ տարիներ անց Թոլքինի այլ սիրահարների հետ հայ թոլքինիստների խմբակ կկազմենք:

 

 

Հոբիթների արկածները Խորհրդային Միությունում

Մեր տան գրադարակում «Մատանիների տիրակալը» հայտնվել էր 1980-ականների վերջին, բայց ռուսերեն թարգմանելու առաջին փորձերը արվել էին դեռևս 1960-70-ականներին ու տարածվում էին հիմնականում «սամիզդատ» տարբերակով: 1983-ին լույս տեսած պաշտոնական և լիարժեք թարգմանությունը կարծես մի կում մաքուր օդ լիներ բոլոր այն երիտասարդների համար, որոնց հեգնանքով «հիփփի» էին անվանում. նրանք ազատ մտածող, ստեղծագործ, ընթերցանության պարտադիր ցանկերից զզվող, իսկ ամենակարևորը՝ «մանկական գրականության» բաժնում դրված գրքում մի ամբողջ աշխարհ բացահայտելու ունակ մարդիկ էին: Ռուսաստանում «Տիրակալը» դարձավ պաշտամունքի առարկա. թոլքինիստները բազմամարդ դերային խաղեր էին կազմակերպում՝ կոստյումներով, թրերով ու կռիվներով, տարատեսակ ֆանֆիքներ գրում: Վերջիններիցս մեկը՝ Նիկ Պերումովի (ի դեպ, հայկական ծագում ունի) «Խավարի մատանին» եռագրությունը, նույնիսկ հրատարակվեց և բավական հայտնի դարձավ, Թոլքինին ցիտում էին հայտնի երաժիշտներ, արվեստագետներ:

 

Հայտնի է, որ հայերը թերահավատորեն են վերաբերվում ֆանտաստիկային, ֆենթըզիին ու, առհասարակ, «ոչ իրական» գրքերին. գրախանութում աշխատելիս ես անգամ շատ կարդացած ու կիրթ մարդկանցից էի լսում՝ «ես տենց բաներ չեմ կարդում», ու երբ հարցնում էի՝ ի՞նչ «տենց բաներ», երբեք համոզիչ բացատրություն չէի ստանում:

 

Չենք սիրում, ու վերջ: Սակայն Սովետին արդեն քիչ էր մնացել, երիտասարդները զգացել էին ազատության շունչը, և «Տիրակալն» այստեղ էլ ձեռք բերեց սիրահարների մի ամբողջ բանակ, հատկապես՝ 1980-ականներին մեծացած սերնդի հայ «հիփփիների» շարքերում: «Հոբիթն» ու «Պահապանները» նույնիսկ թարգմանվեցին հայերեն, թեև թարգմանությունը ռուսերենից էր արված ու ահագին տարօրինակ պահեր ուներ, օրինակ՝ անգլերենից ռուսերեն թարգմանված որոշ տեղանուններ ու անուններ հենց այդպես էլ թողել էին հայերենում:

 

Անցավ գրեթե երկու տասնամյակ: 2000-ականների սկզբին ֆենթըզին ու ֆանտաստիկան նորից սկսեցին պոպուլյար դառնալ Հայաստանում: Գրախանութներում հայտնվեցին «Մատանիների տիրակալն» ու «Հարրի Փոթերը», կինոթատրոնում դրանց ավելացավ նաև «Մատրիցան», իսկ ինտերնետի տարածման շնորհիվ, երբ դեռ չկային սոցցանցերը, մենք՝ Թոլքինի սիրահարներս, անվերջ հոլիվարների էինք մասնակցում՝ այսօր վաղուց մոռացված ռուսական ֆորումներում: Եվ հենց առցանց շփումից է սկիզբ առնում հայկական թոլքինիստական խմբակի պատմությունը:

 

 

Հայ թոլքինիստները

Մեր խմբակը ստեղծվեց 2015 թվականի սկզբին, երբ ընկերներով՝ Ֆրունզը, Տիգրանն ու ես,  որոշեցինք փորձել Թոլքինի ընթերցանության օր կազմակերպել «Ականաթ» գրադարանում: Ընթերցանության ավանդույթը գալիս էր Անգլիայում գործող Tolkien Society-ից՝  թոլքինիստների միջազգային միությունից, որը հիմնադրվել էր 1969թ. և որի պատվավոր նախագահն առայսօր էլ համարվում է հենց ինքը՝ պրոֆեսոր Ջ.Ռ.Ռ. Թոլքինը: Միջոցառումը շատ հստակ ձևաչափ ունի. ամեն տարի միությունը որոշում է մեկ ընդհանուր թեմա (այս տարվա թեման՝ «Հույս և արիություն»), թոլքինիստները հավաքվում են մարտի 25-ին՝ «Մատանիների տիրակալում» Սաուրոնի պարտության և բարի ուժերի հաղթանակի օրը, ընթերցում տարբեր հատվածներ, քննարկում դրանք:

 

Ֆրունզի հետ ծանոթացել էինք հեռավոր 2009 թվին՝ դեռևս Օդնոկլասնիկիով: Երկու թոլքինասերով գրեթե միանգամից լեզու գտանք, հետո կորցրինք կոնտակտը (երբ Օդնոկլասնիկից գաղթեցինք Ֆեյսբուք), հետո նորից ծանոթացանք՝ արդեն օֆլայն: Ֆրունզը ֆենթըզիի մեծ սիրահար էր, հետաքրքրվում էր արևելյան ուսմունքներով և համատեղությամբ գինեգործ էր: Նա իմացածս միակ մարդն է, որը Թոլքինից կարդացել է ԱՄԵՆ ԻՆՉ, ներառյալ սևագրերը, նամակները, նամակների սևագրերը, և այդպես շարունակ: 

 

 

Թոլքինական քուիզ՝ երևանյան հավաքներից մեկի ժամանակ

 

Տիկոյի հետ ծանոթացանք երջանկահիշատակ «Բյուրոկրատ» գրախանութում աշխատելուս տարիներին, երբ նա մտածկոտ հայացքով նայում էր ֆենթըզիի դարակին (որն իմ սիրած դարակն էր, իհարկե), և որոշ ժամանակ անց ստեղծեցինք «J.R.R. Tolkien's Fans of Armenia» ֆեյսբուքյան էջը, որն հիմա էլ վարում է հենց Տիկոն:

 

Մեր առաջին հավաքի միտքը լրիվ սպոնտան էր. իսկ ինչո՞ւ Թոլքինի թեմայով ինչ-որ թույն բան չկազմակերպել: «Ականաթը»` մի այլ շատ հավես, ու, ցավոք սրտի, վաղուց փակված վայր, սիրով ընդունեց մեզ, ու հավաքն այնքան հաջող անցավ, որ առանց երկմտելու որոշեցինք ավանդույթ դարձնել այն: Նույն տարվա սեպտեմբերի 22-ին՝ Բիլբոյի ու Ֆրոդոյի ծննդյան առթիվ, նշեցինք Հոբիթների միջազգային օրը, ու այդպես էլ շարունակվեց. տարին երկու անգամ հավաքվում էինք, մի անգամը ընթերցում, մյուսը՝ շփվում, գարեջուր խմում, խաղեր, quiz-եր ու համերգներ կազմակերպում:

 

Թեև մեր հավաքները մեծ չեն՝ միջինում 15-20 հոգանոց, սակայն, սմմ-շիկների լեզվով ասած, բավական հետաքրքիր դեմոգրաֆիա ունեն: Տարիների ընթացքում պարզ դարձավ, որ մերոնց մեծ մասը ստեղծագործող մարդիկ են, շատերը՝ գիքեր (ֆանտաստիկայի ու կոմիքսների ֆանատներ), ինչը հեչ զարմանալի չէ: Եվ, իհարկե, հնարավոր չէր շրջանցել ամենակարևոր հարցը՝ մեծ մասը, նույնիսկ կազմակերպչական խմբում, սկզբից ֆիլմն էր տեսել և միայն դրա միջոցով իմացել գրքի մասին:

 

 

Ֆիլմը՝ 20 տարի անց

«Գիրքն ընդդեմ ֆիլմի» հարցը թոլքինիստների մշտական կռվի թեման է: Օլդ-սքուլ ընթերցողները ջանասիրաբար վերլուծում ու քննադատում են Պիտեր Ջեքսոնի արած բոլոր փոփոխությունները: Նրանց դուր չի գալիս, որ ֆիլմում չկան Թոմ Բոմբադիլն ու Դամբարանների ուրուները (Barrow-wights), նրանք քննադատում են սյուժեի կրճատումներն ու աղավաղումները և ուղղակի ատում են երկրորդ ֆիլմի վերջում չգիտես որտեղից հայտնվող էլֆերի ջոկատը, և իրոք, ո՞վ կբացատրի, թե ինչպես էլֆերն իմացան ու վերջին պահին հասան ճակատամարտի վայր: Այս խմբին մասամբ պատկանում էի նաև ես, երբ դեռ դպրոցական տարիքում տեսա ֆիլմերն ու սարսափեցի, թե ինչքան էր «հոլիվուդացրել» Ջեքսոնն իմ սիրած տիեզերքը:

 

Սակայն տարիներ անց ես սկսեցի հասկանալ նաև ֆիլմի սիրահարների փաստարկները: Ջեքսոնն անհնարին բան էր հանձն առել ու իրականացրել. երեք ֆիլմում նա կարողացել էր ստեղծել համոզիչ, շնչող ու ապրող աշխարհ՝ ֆանտաստիկ բնությամբ, առարկաների, ինտերիերի, կոստյումների, ճարտարապետության մանրակրկիտ դիզայնով: Ֆիլմն աննախադեպ էր հատուկ էֆեկտների առումով և իրական հեղափոխություն էր CGI (կոմպյուտերային գրաֆիկայի) աշխարհում: Այդ ամենն իր հերթին  համեմված էր Հովարդ Շորի հանճարեղ սաունդտրեքով, որի դիսկերն առայսօր դրված են դարակումս:

 

«Մատանիների տիրակալը» դիտելը շրջադարձային էր շատերիս համար, և այն այսօր էլ էտալոնային է մնում. 20 տարի անց ցանկացած ֆենթըզի ֆիլմ առաջին հերթին համեմատվում է Ջեքսոնի եռագրության հետ:

 

Հիմա էլ, երբ հիշում եմ տպավորություններս, առաջին հերթին ֆանտաստիկ մասշտաբն ու էպիկականությունն է երևում, ու հետահայաց եմ հասկանում, թե ինչ խիզախություն էր պահանջվում այդ գործը սկսելու համար: Հետագայում Ջեքսոնը նկարահանեց նաև «Հոբիթը», սակայն երկրորդ եռագրությունը մի շարք պատճառներով շատ ավելի թույլ ստացվեց, ու այն չհավանեցին անգամ երդվյալ ֆաներից շատերը:

 

 

Անցավ ևս մի քանի տարի, ու «Մատանու եղբայրության» 20-ամյակի առթիվ առաջին ֆիլմը վերադարձավ կինոթատրոններ՝ վերամշակված պատկերով ու ձայնով: Պիտեր Ջեքսոնը նշել է, որ նոր տեխնոլոգիաները թույլ են տվել «մաքրել» կադրը, և Youtube-ում տեղադրված թրեյլերներից երևում է, որ եռագրությունն իրոք ժամանակակից տեսք է ստացել: Ուրախալի է նաև, որ ֆիլմի երկրորդ ռելիզն անխուսափելիորեն հետաքրքրության նոր ալիք է առաջացնելու, երիտասարդները կրկին կգնան գրախանութներ՝ «Մատանիների տիրակալի» գիրքը փնտրելու, իսկ տարվա երկրորդ կեսին էլ կտեսնենք, թե ինչ է ստացվել Amazon ընկերության մոտ, որն այս պահին կես միլիարդ դոլար բյուջեով սերիալ է նկարահանում Միջնաշխարհի Երկրորդ դարաշրջանի մասին: Բայց առայժմ բոլորս ոգևորված սպասում ենք որևէ ազատ երեկոյի, որպեսզի ևս մեկ անգամ հայտնվենք Պիտեր Ջեքսոնի աշխարհում ու անցնենք Մատանու պահապանների ճանապարհը: 

 

հավելյալ նյութեր