Մենք անկախական ենք
Անկախություն

Մենք անկախական ենք

Արմեն Հայաստանցին պատմում է Շարժման գլխավոր իրադարձությունների ու մարդկանց մասին՝ վերհիշելու կամ վերջապես ճանաչելու համար։


Տեքստը՝ Արմեն Հայաստանցու


Լուսանկարները՝ Մաքս Սիվասլյանի, Արմենպրես | Մարտին Շահբազյանի, Ռուբեն Աթայանի, Մխիթար Խաչատրյանի

 

ԵՐԵՎԱՆ #64 | 2020

 

* Չմոլորվելու համար ուշադրություն դարձրեք հեղինակային ծանոթագրություններին

#ՄերՀայրենիք

Արմեն Հայաստանցի

 

 

Ծանոթագրություններ

 

1․  Երևանի երկնքում հայտնված ռազմական ուղղաթիռներին ժողովուրդը սրամտորեն կնքեց այս անունով։ Հանրահավաքը չեղարկելու համար առաջին անգամ մեծաքանակ զորք մտցվեց մայրաքաղաք։  


2․  Չնայած հուշահամալիրը կառուցվել է 60-ականներին, բայց Ապրիլի 24-ը պաշտոնապես չէր նշվում, միայն 88-ին համաժողովրդական ճնշման ներքո Հայաստանի կոմունիստական իշխանությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ ՀՀՇ-ն իր ծրագրի հրապարակումից երեք ամիս անց առաջինը հասավ հենց ՀԽՍՀ ԳԽ կողմից ցեղասպանությունը դատապարտող որոշման ընդունմանը՝ նոյեմբերի 22-ի նիստում։ 


3․  Մինչև «Հայաստանի Ղարաբաղ կոմիտեի» 11 հոգանոց վերջնական ցուցակի հաստատումը (88-ի մայիսի 31), նախաձեռնող խմբի կազմն անընդհատ փոփոխվում էր, ինչի շնորհիվ այս ժողովները ստացել էին «Պուգաչովի վրան» անվանումը։ 


4․  Զորի Բալայանի հետ Կոմիտեի հարաբերությունները վերջնականապես խզվեցին 88-ի հունիսին, երբ վերջինս առաջարկեց հանրահավաքներն ավելի թեժացնելու համար «ինքնահրկիզում» կազմակերպել, ինչին ի պատասխան՝ առաջ քաշվեց հենց նրա թեկնածությունը։   


5․ Կարեն Դեմիրճյանին աշխատանքից հեռացրին 88-ի մայիսի 21-ին։ Թեև նա չէր սատարում համազգային շարժմանը, բայց հետմահու Ազգային հերոսի կոչման արժանացավ ի թիվս այլ արժանիքների՝ նաև այն բանի շնորհիվ, որ այս լարված օրերին Երևանում արյուն չթափվեց։  


6․ Բաբկեն Արարքցյան (Պետհամալսարանի դասախոս, դոցենտ, ֆիզմաթ գիտ․ թեկնածու), Համբարձում Գալստյան (պատմ․ գիտ․ թեկնածու, ազգագրագետ), Սամվել Գևորգյան (հեռուստալրագրող), Ալեքսան Հակոբյան (պատմ․ գիտ․ թեկնածու), Ռաֆայել Ղազարյան (Ակադեմիայի թղթակից անդամ), Սամսոն Ղազարյան (ուսուցիչ), Վազգեն Մանուկյան (Պետհամալսարանի դասախոս, դոցենտ, ֆիզմաթ գիտ․ թեկնածու), Աշոտ Մանուչարյան (դպրոցի ուսմասվար), Վանո Սիրադեղյան (արձակագիր), Դավիթ Վարդանյան (լաբորատորիայի ղեկավար, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու), Լևոն Տեր-Պետրոսյան (Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտ․ դոկտոր)։ 12-րդ անդամը՝ Մանվել Սարգսյանը, մեկ ամսից հրաժարվեց անդամակցությունից։


7․ Շանթ Հարությունյանին միացան ևս 12 հացադուլավոր, իսկ հունիսի 7-ին՝ սոցիալիստական աշխատանքի հերոս Գառնիկ Մանասյանը։ 300-ից ավել նստացույցավորներ սպառնում էին, որ իրենք էլ հունիսի 10-ից կմիանան հացադուլին։ Հունիսի 12-ին հյուծված Շանթ Հարությունյանը դադարեցրեց հունիսի 15-ի նստաշրջանին պահանջներ ներկայացնող հացադուլը Կենտկոմի քարտուղար Սուրեն Հարությունյանի հավաստիացումներից հետո։ Ոմանք դադարեցրին հունիսի 15-ին, երբ նստաշրջանը պահանջները բավարարող որոշումներ ընդունեց, մասնավորապես ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի մաս ճանաչելու, Սումգայիթի դատապարտման և այլ հարցերով, սակայն շուտով՝ հուլիսի 18-ին, որոշումները չեղյալ հայտարարվեցին։ 


8 Վահագն Դավթյանի՝ Շանթ Հարությունյանին նվիրված բանաստեղծությունից։ 


9․ 88-ի նոյեմբերի 13-ին Կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և «Գթություն» բարեգործական կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը թափուր մնացած ընտրատարածքներում ընտրվեցին ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։ 


10․ Նոյեմբերի 22-ին սկսված ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը մի երկու որոշում ընդունելուց հետո ընդհատվել էր։ 24-ին Օպերայի թատրոնի շենքում համաժողովրդական ճնշմամբ պարտադրվեց ԳԽ պատմական նիստը: Նստաշրջանը տապալելու համար նոյեմբերի 24-ի կեսգիշերից մտցվեց հատուկ դրություն և պարետային ժամ։   


11․ Գրողների միության շենքում  անմիջականորեն գեներալ Մակաշովի գլխավորությամբ դեկտեմբերի 10-ին ձերբակալվեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Գևորգյանը, Ալեքսան Հակոբյանը։ Ընդհատակ անցած Կոմիտեի մյուս անդամներին նույնպես շուտով ձերբակալեցին. Վանո Սիրադեղյանին և Սամսոն Ղազարյանին՝ դեկտեմբերի վերջին, իսկ հունվարի 7-ին՝ մյուսներին, երևանյան բնակարանում ընդհատակյա հավաքի ժամանակ։ Միայն բոլորին ձերբակալելուց հետո հայտարարվեց քրգործի մասին։ Քաղբանտարկյալներին տեղափոխեցին մոսկովյան «Բուտիրկա» և «Մատրոսսկայա տիշինա» բանտեր։ Կոմիտեի ձերբակալման վեց ամիսների ընթաքում շարժման առաջնորդությունը ստանձնեց հոկտեմբերի 23-ի գաղտնի որոշմամբ հաստատված փոխարինող կազմը։  


12․ Եթե 2018-ի Սիրո հեղափոխությունը «ֆեսյբուքյան» էր, իսկ 2008-ի շարժումը կոչվում է նաև «DVD» հեղափոխություն, ապա 1988-ի Շարժման տեղեկատվության տարածման համար նման միջոց էին թռուցիկները, որոնք ճեղքում էին ինֆոբլոկադան։ 


13․ Հունիսի 17-ին Պետհամալսարանում տեղի էր ունեցել ՀՀՇ հիմնադիր ժողովը։ Հունիսի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ՀՀՇ-ն գրանցելու որոշում կայացրեց, որն ի կատար ածվեց միայն նոյեմբերի 1-ին՝ ՀՀՇ առաջին համագումարի նախօրեին։ ՀՀՇ-ն իսկապես համազգային ընդգրկում ուներ և միակուսակցական ԽՍՀՄ-ում այլ կերպ, քան իբրև հասարակական կազմակերպություն չէր կարող գրանցվել։ Ըստ էության ժամանակի հայաստանյան գրեթե բոլոր կուսակցական-քաղաքական միավորները 90 թ․ հայտնվեցին խորհրդարանում ՀՀՇ-ի միջոցով։ ՀՀՇ անդամ կամ համակիր թեկնածուները դարձան պատգամավոր, ապա նոր ձևավորվեցին ֆրակցիաներ, այդ թվում՝ դաշնակցությունը, որի ՀՀՇ ցուցակներով ընտրված անդամները շուտով ինքնաբացահայտվեցին։ Այս ճանապարհով ունեցանք բազմակուսակցական խորհրդարան։  


14․ Հուլիսի 21-ից սկսվեց ամբողջական շրջափակում։ Հայաստան մտնող բեռների 85%-ը գալիս էր հյուսիսից՝ Ղազախով, հարավից՝ Նախիջևանով։  Գնացքներն ամիսներով կամ տեղ չէին հասնում, կամ գալիս էին թալանված։ Բողոքի ալիքի շնորհիվ սեպտեմբերի 25-ից կարճ ընթացքով ճանապարհները բացվեցին, բայց բեռների նույնիսկ կեսը տեղ չէր հասնում։ Գրեթե ամբողջովին փչացվում էր նաև Աղետի գոտու վերկանգման համար նախատեսված գույքն ու շինանյութը։


15․ Օգոստոսի 27-ին ՀԽՍՀ ԳԽ-ում թափուր մնացած տեղերի համար արդեն պաշտոնապես ճանաչված ՀՀՇ-ն իր թեկնածուներն առաջադրեց։ Հինգ տեղից չորսում հաղթանակ տարան Կոմիտեի անդամներից Լևոնը Տեր-Պետրոսյանը, Ռաֆայել Ղազարյանը, Արցախի «Կռունկից» Ռոբերտ Քոչարյանն ու քաղբանտարկյալ Արկադի Մանուչարովը։ Մինչ այդ Շարժման ներկայացուցիչներից ԳԽ պատգամավոր էին ընտրվել Ա․ Մանուչարյանը և Խ․ Ստամբոլցյանը։

 

16.  Դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն միաձայն որոշում ընդունեց Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ 

 

17․  Արցախում և հարակից տարածքներում արտակարգ դրություն մտցվեց հունվարի 15-ին, իսկ Բաքվում հունվարի 20-ին։ 

 

18․  90-ին Հայաստանում արձանագրվել է շուրջ 230 հազար բռնագաղթածների առկայություն, իսկ աղետի գոտում մոտ 530 հազար մարդ շարունակում էր մնալ անօթևան։

 

19․  Առաջացած իրավիճակում Կենտրոնն ապրիլի 3-ին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին օրենք ընդունեց, որով սահմանվում էր խնդրահարույց մի կարգ՝ մասնավորապես հանրաքվե և 5-ամյա անցումային շրջան։ Օրենքն ամբողջ ուժով այդպես էլ չկիրառվեց, քանի որ հաջորդ տարեվերջին ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ։

 

20․  90-ի ՀԽՍՀ ԳԽ ընտրությունները եռափուլ էին։ Եթե թեկնածուներից մեկը չէր ստանում մասնակիցների կեսից ավելիի ձայներ, նշանակվում էր կրկնական քվեարկություն (առավել ձայներ ստացած երկու թեկնածուներով): Եթե ընտրատեղամասում քվորում չէր ապահովվել, կամ ընտրությունները անվավեր էին ճանաչվել, նշանակվում էր նոր օր, և կարող էին առաջադրվել նոր թեկնածուներ։ Ընտրությունների առաջին օրը մայիսի 20-ն էր (կրկնական քվեարկությունների օրը՝ հունիսի 3-ը), արդյունքում ՀՀՇ-ից ընտրվեց 72 պատգամավոր, ընդ որում՝ 11-ը՝ ԼՂՀ-ից, իսկ կրկնական ընտրության օրը՝  հուլիսի 15։ Հուլիսի 20-ին տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։

 

21․  ՀԽՍՀ ԳԽ-ն հունիսի 20-ին որոշում կայացրեց, որ ԽՍՀՄ ներքին զորքերին և բանակին արգելվում էր հանրապետությունում որևէ պատժիչ գործողություն կատարել առանց մեր խորհրդարանի թույլտվության։

 

22․  Հուլիսի 25-ին հրապարակվեց Գորբաչովի հրամանը ԽՍՀՄ-ում օրենքով չնախատեսված զինված կազմավորումներն արգելելու և անօրինական զենքը բռնագրավելու մասին։ Հուլիսի 30-ին ՀԽՍՀ ԳԽ-ն որոշում կայացրել Հայաստանում և Ղարաբաղում հրամանագրի կասեցման վերաբերյալ։ ԳԽ պաշպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ դարձավ Վազգեն Սարգսյանը, որն արդեն ի պաշտոնե շարունակեց մինչ այդ կենտրոնացված որևէ հրամանատարության չենթարկվող աշխարհազորի հավաքագրումը մի դրոշի տակ։  

 

23․  Հայաստանի Ղարաբաղ կոմիտեի վերջին ժողովին մասնակցել է 8 հոգի (բացակա էին Ալեքսան Հակոբյանը և Համբարձում Գալստյանը, իսկ Սամսոն Ղազարյանը մի քանի ամիս առաջ դուրս էր եկել կազմից)։ Առաջադրված թեկնածուները Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Մանուկյանն էին, որոնք և չմասնակցեցին գաղտնի քվեարկությանը։ Հետագայում մասնակիցները բացահայտել են, թե ում են տվել իրենց ձայնը․ Լևոն Տեր-Պետրոսյան՝ 4 ձայն (Ռաֆայել Ղազարյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Սամվել Գևորգյան), Վազգեն Մանուկյան՝ 2 ձայն (Դավիթ Վարդանյան, Աշոտ Մանուչարյան)։

 

24․  ԳԽ 260 պատգամավորից մոտ 40-ը դեռ չէր ընտրվել, իսկ նախագահի ընտրության համար պահանջվում էր ընդհանուր թվի կեսից ավելին՝ 131 ձայն։ Օգոստոսի 3-ի նիստն ընդհատվեց գիշերվա ժամը 3-ին։ Առաջին քվերակությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյան - 110 ձայն, Վլադիմիր Մովսիսյան - 93 ձայն։ Երկրորդ քվեարկությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյան - 124 ձայն, Վլադիմիր Մովսիսյան - 83 ձայն։ Օգոստոսի 4-ին նիստը վերսկսվեց ժամը 14-ից։ Երրորդ քվերակությանն առաջադրվեց նաև Պարույր Հայրիկյանը (որն ԱՄՆ-ից տվել էր իր համաձայնությունը), և ստացավ 8 ձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը՝  123 ձայն, Վլադիմիր Մովսիսյանը՝ 81 ձայն։ Միայն չորրորդ քվեարկությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացավ 140 ձայն և ընտրվեց ՀԽՍՀ ԳԽ նախագահ (Վլադիմիր Մովսիսյան - 76 ձայն)։

 

25․  Մինիստրների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր նախընտրական ելույթում նշել էր․ «Ոչ մի բան մեզ այնքան չի հեռացնում մեր երազանքից, անկախ պետության վերականգնումից, ոչ մի բան այնքան չի խանգարում մեր տնտեսության զարգացմանը, որքան անօրինական գործող զինված ջոկատների ստեղծած ապակայունացումը» (13.08.90 թ․)։ Որոշում էր կայացրել ՆԳ նախարարությանը կից հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին, որին կարող էին անդամագրվել աշխարհազորականները։ Նախորդիվ՝ դեռևս հուլիսի 30-ին, 1 114 հոգուց բաղկացած Միլիցիայի օպերատիվ հակազդեցության ջոկատի ձևավորման սկիզբն էր դրվել, որը մասնակցում էր սահմանների պաշտպանությանը։ Մինչդեռ ՀԱԲ-ը հրաժարվում էր կառավարության ենթակայության տակ մտնելուց՝ համարելով, որ հենց ինքն է Հայոց ազգային բանակը։

 

26․  Չնայած պնդումներին, որ շուրջ 160 հազար զինվորագրված անդամ ունեն, ՀԱԲ-ը լուծարման պահին ունեցել է 385 անդամ, առգրավվել է 20 ինքնագիգ, 19 ատրճանակ, 28 հակակարկտային հրանոթ, 4 850 փամփուշտ։ Հատկանշական է, որ հանձնվելուց առաջ ՊԱԿ-ի նախագահ Բադամյանցի գլխավորությամբ ՀԱԲ-ի զորակայանից երեք խոշոր բեռնատարներով «ապրանք» է դուրս բերվել։

 

27․  Վազգեն Առաջին կաթողիկոսը նորընտիր ԳԽ բացման նիստին նույնպես մասնակցել էր իր հայրապետական օրհնանքով։ Անկախացման ողջ գործընթացում Հայաստանյաց առաքելական եկեղեցին և անձամբ Վեհափառն անուրանալի դեր ունեցան։ Մեր ազգային հերոսների ցանկում միակ հոգևոր առաջնորդն առայսօր Վազգեն Առաջինն է։ Նրան շնորհվեց նաև ՀՀ քաղաքացու առաջին անձնագիրը։  

 

28․  Երդումը սկսվում էր հետևյալ տողերով․ «Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, զորագրվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումների շարքերը, Աստծո և ազգիս առջև երդվում եմ՝ անմնացորդ նվիրվել Հայրենիքիս պաշտպանության և վերածնման սուրբ գործին, դառնալ նվիրյալ զինվորը Հայաստանի վերականգնվող պետականության․․․»։

 

29․  ԳԽ հոկտեմբերի 17-ի որոշմամբ կասեցվեց համընդհանուր զինապարտության մասին ԽՍՀՄ օրենքի գործողությունը հանրապետության տարածում։ Հետայդու ծառայելու էինք միայն Հայաստանում, թեև նրանց համար, ովքեր այլ վայրերում ծառայելու ցանկություն էին հայտնում, սահմանվում էր կարգ։ Դեռ 89-ից Մոսկվան պահանջում էր «դասալիքներին» քրեորեն հետապնդել։ Հայաստանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի զինվորական դատախազ Միքայել Սևյանը ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չհարուցեց, մինչև որ 90-ի հունվարից Հայաստանի ԳԽ-ն ապաքրեականացրեց պահանջը (մայիսին չեղարկվեց գարնանային զորակոչը)։ 90 թվականին խորհրդային բանակի զորակոչը Հայաստանում իրագործվեց ընդամենը 7 %-ով։ Բայց միևնույն է, Գլխավոր շտաբը մինչև 91-ի գարնանային զորակոչ սպառնալից նամակներ էր ուղարկում Հայաստանի իշխանություններին։  

 

30․  91-ի հունվարի 16-ին որոշվեց ԽՍՀՄ-ի պահպանության հարցը դնել հանրաքվեի, նշանակվեց օր՝ մարտի 17։ Հանրաքվեին չմասնակցեցին 6 հանրապետություն` 3 Մերձբալթյան հանրապետությունները, ինչպես նաև Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան: Սովետի պահպանմանն «այո» ասաց ընտրողների 80 %-ը: 

 

31․  91-ին 90-ի համեմատ գյուղոլորտում գրանցվեց 11․3% աճ։ Հայաստանի հողային ռեֆորմը միջազգայնորեն համարվում է բացառիկ հաջողված տնտեսական նորարարություն, ըստ էության՝ սեփականաշնորհման այս գործընթացի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել անկախության առաջին տարիներին վերահաս սովից։

 

32․  91-ի մայիսի դրությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերքների գները նախորդ տարվա համեմատ ավելացել էին 2-4․5 անգամ։

 

33․  Երևանի գործկոմի նախագահ (այսինքն՝ քաղաքապետ) էր ընտրվել Կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը։ Քաղաքագլուխը թեև ձեռնպահ էր քվեարկել որոշմանը, բայց արձանը հանելիս հայտարարեց. «Մենք քաղեցինք մոլախոտը», իսկ ապամոնտաժման աշխատանքներին եկել էր տոնական սպիտակ պիջակով, աշխատողներին ցուցումներ էր տալիս։ 

 

34․  91-ի հունիսի 14-ին ՆԳՆ Երևանի պետավտոտեսչության հսկիչ ՄԻ-8 ուղղաթիռն իր հերթական թռիչքը կատարելիս վթարի է ենթարկվում և ընկնում Երևանի կենդանաբանական այգու մեջ։

 

35․  91-ի հունիսին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց իր կողմից նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին։ 

 

36․  «Այո» քվեարկած քաղաքացիների թիվը՝ 2․042․262 մարդ (94.39 %), «ոչ» քվեարկածներինը՝ 10․002 մարդ (0.46 %):

 

37․  Ինչպես 90-ի օգոստոսի 23-ի հռչակագիրը, այնպես էլ այս որոշումը Արամ Մանուկյանին հանձնարարելը խորհրդանշական կապ էր ստեղծում Առաջին հանրապետության հետ։ Եռագույնն արդեն օրենքով հաստատված էր (24.08.90 թ), իսկ ՀՀ օրհներգն ու զինանշանը հաստատվեցին հաջորդ տարիներին՝ նույն տրամաբանությամբ։   

Սկզբում 88-ն էր, Բեռլինի պատը Հադրութում ճաքեր տվեց, Երևանի սրտում փլվեց։ 

 

Ձյուն-ձմեռ էր, իսկ մեզ համար՝ գարնանամուտ․ «Ղարաբաղը մերն է» ասինք, ելանք ցույցի։ «Լենին-պարտիա-գորբաչով»-ը պաստառ շինած հայ հայցվոր էինք, թղթի շերեփն էլի առած՝  էս անգամ էլ Մոսկով գնացինք, ստացանք ապտակ Սումգայիթով։ Մարտի 8-ի Կանանց տոնը լուռ երթ դարձավ․ ելանք կրկին Ծիծեռնակի բլուրն ի վեր՝ թարմ ծաղիկներ նոր զոհերի հիշատակին խոնարհելու։ Կինոյի տան մեծ հավաքին որոշեցինք՝ կրկին ցույցի։ Ի պատասխան՝ լուրթ երկնքում «պերեստրոյկայի ծիծեռնակները» [1] ճախրեցին, հանրահավաքի փոխարեն մարտի 26-ին մի մարդու պես տանը մնացինք՝ Երևանը դարձնելով «մեռյալ քաղաք»։ Ապրիլ 24-ին [2] մեր ուսերին մի նոր խաչքար դրած տարանք, հասցրինք Ծիծեռնակաբերդ։ Չէ՛, հետդարձի ճամփա չկար, հա՛, տունդարձի ուղին մեկն էր՝ սգավորից պայքարողի պիտ վերածվեինք, խնդրարկուից՝ քաղաքացու։ Ծիծեռնակը բույն էր շինում, «Պուգաչովի վրաններում» [3] շարժման գլուխն էր խմորվում։ Ու մի օր էլ Լուսաշխի շենքում (ասել է թե՝ լուսավորության աշխատողների) ժողով արեցին: Էդ հավաքին Բալայան Զորին [4] էնքան տոչորվեց, որ հերթական կոմիտեի կազմից դուրս մնաց, բայց պատմական մի հանդիպում էլ գրանցվեց․ ծանոթացան Տեր-Պետրոսյան Լևոնն ու Արարքցյան Բաբկենը։ 

 

Շեփորածաղկի գարունն էր, ձյուն չարեց, մայիսն էնքան սրտեր վառեց, որ չգիտեմ՝ որը պատմեմ, որը թողնեմ։ Մայիսմեկյան վերջին կարմիր շքե՞րթը (Ղարաբաղն իր գրպանում էդպես էլ չգտած Դեմիրճյանի աչքի առաջ «Ղարաբաղը վերակառուցման հայելին է» գրությամբ պաստառ պարզեցինք) [5], թե՞ ամսի 7-ին Ակադեմիայի շենքի դիմաց հազարավոր «Պրավդաների» հրկիզումը, գուցե՞ երգեմ՝ ոնց էինք ծովում շրջափակված Օպերայի շուրջբոլորը․ մեկ Թամանյանի առաջ ժողովվում (մայիս 12), մեկ Մատենադարանի բարձունքին գգվում (մայիս 17), մինչև մի օր՝ երկու ամսվա պաշարումից հետո, նորից նվաճեցինք Օպերայի հրապարակը (մայիս 19)։ Ո՞րը պատմեմ, ո՞րը թողնեմ․ ուսանողական նստացո՞ւյցը, որ մեկնարկեց մայիս 26-ին, թե՞ մայիս 28-ի ինքնաբուխ տոնը, երբ Առաջին հանրապետության 70-ամյակի առթիվ Գորգիսյան Մովսեսը Եռագույնը ծածանեց։ Շեփոր Աշոտի շեփորակա՞նչը, որ ասես «Ինչո՞ւ է աղմկում գետը» հարցի գտնված պատասխանը լիներ, «Պայքար, պայքար, մինչև վե՞րջ»-ը, որ վանկարկվում էր անվերջ ու առայսօր արձագանքում։ Գարունն էնպես պայծառ էր կրկին, ու մայիսը վարդագույն էր, ոչ թե կաս-կարմիր։ Իսկ փառահեղ էս մայիսի օրացույցը վերջին օրով անմահական պտուղ տվեց․ Հայաստանի Ղարաբաղ կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վերջնական կազմը հաստատվեց [6]։ 11-ն էին Կոմիտեի տղաները՝ վերածնվող երկրի հիմնադիր հայրերը, բոլորն էլ՝ գիտուն, բանիմաց մարդիկ։ «Ղարաբաղը մերն է» ասինք, «երկրի ղեկը Կոմիտեի տղաների ձեռքն է» ասինք, ու էդ գարնան վերջին օրից մինչև 90 թվի Գերագույն Խորհրդի (այսուհետ՝ ԳԽ կամ խորհրդարան) ընտրություն, ըստ էության, երկրում հաստատվեց երկիշխանություն․ դե յուրե իշխում էին կոմունիստները, դե ֆակտո՝ Ղարաբաղ կոմիտեն, դե, Կոմիտեն էլ այլ բան չէր, քան տեղով մեկ ժողովուրդը։ 

 

 

88-ի թեժ ամառվա արևի տակ հասունացավ համազգային շարժման պլանը, որ պիտի դառնար քաղաքական մի նոր ակոս կամ ուղեծիր («անկախություն» բառը չկար, ոգին էր սոսկ դեռ թևածում, տողատակից աչքով անում)։ Միացում էինք ուզում, Արդարություն էինք ուզում, իսկ Անկախությո՞ւն․ երազում ու չէինք վանկարկում, որ արյան լճում չխեղդվի մեր վերածին երազանքը։ Շանթը [7] եղավ Շարժման առաջին հացադուլավորը, որին միացան շատերը։ «Որտեղի՞ց եկար, որտեղի՞ց ելար, դու Շանթ անունով մի շանթ պատանի, թող քո աչքերի փայլը խելագար անարդարության դատաստանն անի․․․» [8]։ 

 

- Դուք չեք հաղթի, քանի դեռ ձեր շարքերում ձեզ վրա ծիծաղողներ ունեք,- հունիսյան մի օր, հայտնվելով Ազատության հրապարակում (հա՛, ամռան սկզբից Օպերան արդեն մենք կոչում էին Ազատության հրապարակ), ասաց ճապոնացի մի հոգեբան: Բայց արի ու տես, որ հունիսի 15-ին Շարժումը գրանցեց իր առաջին հաղթանակը․ հանրապետության կոմունիստական իշխանությանը ստիպեց ընդունել իր պահանջները (ընդունելը՝ ընդունեցին, իսկ մեկ ամսից՝ հուլիս 18-ին, Մոսկովներում որոշումները ջրեցին)։ Ի՛նչ խոսք, դեռ կային ծիծաղողներ, բայց երբ գործադուլավոր մի ողջ ժողովուրդ, Հայաստանի սրտում հուլիսի 5-ին սպանված իր առաջին անմեղ զոհին՝ Խաչիկին, հողին էր հանձնում (Կարմիր բանակի սպայի նկատմամբ հավատն էլ էր հետը թաղում), անթաքույց ծիծաղող այլևս չկար։ Քսաներկուամյա լույսի պես տղուն՝ լուսանկարիչ, անզեն ջահելի օրը ցերեկով մի կրակոցով «Զվարթնոցի» ճամփին նահատակեցին։ (Աշոտի շեփորը թանգարանային նմուշի է վերածվել, իսկ Զաքարյան Խաչիկն անհուշարձան է մնացել, լուսանկարները սոսկ ընտանեկան մասունք են դարձել)։ Երեք անչու օր, մակաշովյան ջարդ օդանավակայանում, Օպերան՝ լցված մղկտացող ծեծվածներով։ Հետո՝  նոր թափ, ինչեր, ինչեր, ինչեր ասես, որ չեն եղել էդ օրերին․ գողերն անգամ չէին գողանում, Սիրադեղյան Վանոն կարդաց հրապարակում. «Հանրապետության ողջ տարածքում հանցագործ ամեն գործողություն դադարեցնում ենք: Կարող եք վստահել մեզ, և դռները բաց թողած՝ ամբողջ օրն անցկացնել Ազատության հրապարակում: Ձեր տների ապահովությունը երաշխավորում ենք, այո, մենք` գողերս»:  Էլի ճնշումներ, էլի կեղծումներ, էլի կալված Ազատության հրապարակ։ Չենք ընկրկում, ամեն ուրբաթ Մատենադարանն ենք մեզանով անում։ Օգոստոսի 19-ին Կոմիտեն հանդես եկավ «Հայոց համազգային շարժում» ծրագրով։ 

 

Աշունը մեզ առատ բերք էր խոստացել։ Նոր ուստարի՞, եղա՛վ, բարի, սեպտեմբերի մեկին ևեթ հարյուր ուսանող Ազատության հրապարակն իր համար շուրջօրյա լսարանի վերածեց․ նստել ենք «դասի» ու տուն չենք գնում։ Աշուն է, ճուտ ենք հաշվում։ Կարմիր մեծ տոնին՝ նոյեմբեր 7-ին, հրապարակում Կոմիտեի տղաներին տրիբուն կանչեցին, բայց մերժում ստացան, քոռ ու փոշման թողին հեռացան։ Ահեղ իշխող էին, իսկ էս աշուն կուռկուռի ձագ էին դարձել․ Կոմկուսը ճաք էր տվել [9]։ Ինչ արին-չարին՝ մեր ատամները ոչ համրեցին, ոչ ջարդեցին։ Եվ ճարահատ աշնան վերջին հատուկ դրություն, պարետային ժամ մտցրեցին [10]․ երեկոյան տասից հետո դուրս գալ չկա, Երևանում հավաքվել չկա։ Դա էլ հոգ չի, Էջմիածին, Լենինական, Կիրովական, հազար ու մի քաղաքներ կան։ Ձմռան նման ձախորդ օրերը կգան ու կերթան, ու չենք տխրի մենք մեր երկրում, բայց ձմեռը մեր շտկված մեջքը կոտրեց․ դեկտեմբեր 7-ը սև օր բերեց մեր գլխին․․․ Բռունցք դարձած մեր ձեռքերը խոնարհվեցին, մի օրվա մեջ հիսուն տարվա մեռել վերցրին ու թաղեցին, ու շվարած, դեռ պապանձված՝ փլատակված մեր տան բակում լուրը առանք․ Կոմիտեի տղաներին բանտարկել են։ Դեկտեմբեր 10-ին, երբ աշխարհը Մարդու իրավունքների օրն էր նշում, երբ Սովետով մեկ սգո օր էր հայտարարվել մեր երկրաշարժի զոհերի համար, Գորբաչովը հրաման տվեց Կոմիտեին մեկուսացնել [11]։ «Լենին-պարտիա-գորբաչով»-ը դարձավ անեծք։ 

 

***

89-ի ամենատխուր Նոր տարին՝ անձմեռպապ, անտոնածառ, անտերուդուրս Ամանորը։ Գարնանամուտին նորից պիտի մեջքներս շտկեինք, և արեցի՛նք. Սումգայիթի տարելիցը դարձավ մի նոր զարթոնքի օր. փետրվարի 28-ին մի միլիոն մարդ Ծիծեռնակի բլուրն ի վեր ելավ կրկին։ 

 

Գարուն եկավ՝ թռուցիկների չքնաղ գարունը [12]։ Մարտի 8-ին երթի ելան մեր մայրերը, արդեն անթաքույց՝ Եռագույններով։ Ապրիլ 24-ն առաջին անգամ պաշտոնապես հիշատակվեց։ Ֆուտբոլային խաղերն անգամ երթ ու ցույցի ենք վերածում, չկա բազմամարդ մի միջոցառում, որ ընդվզման նոր ալիքներ չբարձրացնի։ Ու մայիսը՝ մեր պայքարի զիլ ամիսը, մեզ նոր ծաղկունքով պսակեց: Նրանք մեզնից սարսափած են, այ քեզ հրաշք՝ անգամ մայիսմեկյան շքերթ չարեցին, որ Սովետի ամենամեծ ու հաստատված տոներից էր, անգամ մայիս 11-ին ստիպված եղան հանրահավաքն արտոնել ու քաշվեցին (եկան խոսելու, աղմկեցինք, հետ չքվեցին), անգամ  մայիսի 14-ին նախատեսված՝ Երևանի «Արարատի» ու Թիֆլիսի «Դինամոյի» ֆուտբոլային հանդիպումը չեղարկեցին, բայց էդ օրը մենք հաղթանակ գրանցեցինք․ Շարժման երեք թեկնածու ԽՍՀՄ ժողպատգամավոր ընտրվեց, որոնցից մեկը՝ Ստարավոյտովա Գալինան (ձայների 75․1%-ով)։

***

 

ՄԵՐ ԳԱԼԻՆԱՆ

Հեռվից դժվար է հասկանալ՝ ո՞նց պատահեց, որ 30-ը բոլորող «նորանկախ» ու «հինավուրց» Հայաստանն իր ազգային հերոսների շարքում էդպես էլ մի կին չունեցավ։ Կոմիտեի տղաներին հանգիստ խղճով կարելի է հիմնադիր հայրեր կոչել, բայց էս դեպքում արժի ամրագրել, որ մայրը Արցախն էր, ոչ թե Հայաստանը։ Ղարաբաղյան շարժումից է ծնվել Անկախ Հայաստանը։ Մինչդեռ Արցախը կին հերոս ունի՝ Ժաննան Գալստյան՝ դերասանուհի, որ բեմից իջավ ու զենք վերցրեց (անգամ «գյալմա»-ն նրան ներվեց)։ Թե ժամանակին Կապուտիկյան Սիլվան հրաժարվեր «մայր Հայաստանի» իր դերից, գուցե դառնար անառարկելի էն հերոս կինը, որ Անկախության սիմվոլը լիներ, բայց չստացվեց, դեռ 88-ի սեպտեմբերին, երբ Կոմիտեն Ազատության հրապարակում նրան խոսափող տրամադրեց, ժողովուրդը երես թեքեց, իսկ 90-ի ընտրություններում ամոթալի պարտություն կրեց․ ստացավ 60 ձայն։ Նրա «Էջեր փակ գզրոցներից» գրքում առկա է մի զղջման միտում, թեև չկա հիմնավորում։ Շատ եմ խորհել Մարգարյան Մարոյի մասին, որ էդպես էլ Կապուտիկյանի ստվերում մնաց, նրա դստեր՝ Բայանդուր Անահիտի, որ նվիրումի քայլող մարմնացում էր․․․ Պետրոսյան Մանուշակի մասին, որ 88-ին Բյուրականի աստղադիտարանի գիտքարտուղարն էր, և Ղարաբաղի հարցով բազմաթիվ դիմումներում տասնյակ տղամարդկանց մեջ մեկ էլ հանկարծ հայտնվում է մեն մի կնոջ՝ հենց իր անուն-ազգանունը. նա «Հայաստան» հիմնադրամի առաջին տնօրենն էր ու խոշոր հաշվով չգնահատվեց։ Անկախացման գործին մեծ նպաստ բերած՝ տասնյակ էջերով կանանց անուններ իմ «փակ գզրոցներից» կարող եմ հանել, բայց ուրիշ էր մեր Գալինան հենց մենակ էն պարզ պատճառով, որ հայ չէր ու կաշկանդված չէր «նախնյաց սուրբ գործը» առաջ տանելու մեր հին մարմաջով։ (Քերոլայն Քոքսն էլ հայ չէր, ոչ էլ Ցվետանա Պասկալևան, բայց նրանք փոքր ի շատե գնահատվել են): Մեր ազգային հերոսների շարքում ծագումով հայ չի միայն Ռիժկովը («մութ ու ցրտի» իրական հայր Ռիժկովը, որի որոշմամբ Մեծամորի ատոմակայանը փակվեց, երբ Կոմիտեի տղաները բանտում էին, Աղետի գոտու վերականգնումը տապալած Ռիժկովը, Փաշինյանին ծաղրող Ռիժկովը, «չինովնիկ» Ռիժկովը, որի Սովետը մինչև վերջին շունչը պայքարում էր Հայաստանի անկախացման դեմ)։ Իսկ կոմիտեական, մեր հարցի պաշտպան Գալինային դեռ պարտք ունենք չվճարված։ 89-ի տխուր Նոր տարուն կարդում էինք նրա «Հայաստանի իմ քույրերին ու եղբայրներին՝ ամանորյա շնորհավորանքների փոխարեն» թռուցիկն ու հույսի լույսով լցվում։ Ասում են՝ 90-ին, երբ Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Սովետի ներքին գործերի նախարար Բակատինի հետ, Գալինայի ներկայությունն էլ է բարերար ազդեցություն թողել, որ 2 000 «կալաշնիկով» ստանանք «Հատուկ գունդը» զինելու համար, այն դեպքում, երբ Գորբաչովը պահանջում էր մեզնից «զինաթափվել»։ Հազար ու մի գործ է արել Ստարավոյտովան մեզ համար, հիշատակը մնա անմար։ Թե Սախարովին մեր մայրաքաղաքի սրտում կիսանդրիով մի հրապարակ տվինք իբրև երախտիք, ապա Ստարավոյտովա Գալինային ըստ արժանվույն էդպես էլ չմեծարեցինք (Ավանում թիվ 177 դպրոցը նրա անունով է, բայց աշակերտներն անգամ գլխի չեն, թե ինչու)։ Երկրապահն էլ ժամանակին մի պատվոգիր է շնորհել։ Թե ինձ հարցնեք՝ Գալինան է իմ հերոսը, շատ ավելի, քան Ռիժկովը:

 

***

Հեչ էլ վայիս չի մայիսը, ամենալավ ամիսն է։ Պարետային ժամին նայող էլ չկա, տնավորվել ենք Մատենադարանի բարձունքում ու օրինիբուն էլ նստացույց, էլ հացադուլ, ինչեր ասես, որ չենք անում։ Էդ մայիսի 28-ին վերականգնված Եռագույնը ծածանեցինք․ մեր պարտադրող բռունցքի ուժով կոմունիստները կարմիր գրիչն իրենց կոտրած ձեռքն առան՝ «պատմության սխալը» շտկեցին։ Իսկ մայիսը՝ մեր պայքարի զիլ ամիսը, որ այլևս եռագույն էր, կրկին հուսախաբ չարեց, իր վերջին օրով՝ կեսգիշերին, ազատ արձակված Կոմիտեի տղաներին մեզ մոտ բերեց՝ Մատենադարան։ Ու Էդ գիշեր, նրանց հյուծված մարմինները մեր գիրկն առանք ու նշեցինք, առանց տորթի ու մոմերի, Կոմիտեի տարեդարձն ու վերադարձը։ 

 

Հետո թացը չորից զատելու, ջրբաժանների ամառն էր․ «չորս պատի» մեջ մեզ տեղավորել չի լինի, բայց Շարժումը, թե կառույցի չվերածվի, առաջ գնալ էլ չի ստացվի։ ՀՀՇ-ն իր հիմնադիր ժողովն արեց և ի վերջո գրանցվեց [13]։  Հարցերը շատ էին, առանցքը՝ մեկը․ ինքնորոշո՞ւմ, թե՞ հողի վեճ, հայդատականություն, թե՞ ինքնիշխանություն։ Այս ամառը շատ էինք երազել, մեր պայքարն էլ էր մրգի պես հասել, ու տաբու չէր Անկախություն պահանջելը։ 

 

 

Իսկ պատերազմն արդեն չոքել էր դռանը, ըստ էության՝ 88-ին մեկնարկել էր՝ չհայտարարված, ու նոր թափով ծավալվել էր շրջափակմամբ, որ այլ բան չէր, քան Հայաստանի պաշարում, ասել է թե՝ իր բնույթով կազմակերպված և ռազմական գործողություն [14]։ Մի բան էլ կար․ մեր ԳԽ-ում արդեն հինգն էինք, չհաշված մեկ պատգամավոր, որ ընտրվել, բայց բանտում էր [15]։ 

 

ՀՀՇ-ի անդրանիկ համագումարի աշունն էր։ Վերջ, մենք ուժ ենք, «իշխողներն» ի զորու չեն հարցեր լուծել, մենք պիտի գանք իշխանության։ Թվում էր, թե մի դարավոր վախ էինք կոտրել (ռուսը հենց որ ոտքը քաշի, թուրքը կգա ու մեզ կուտի)։ Ի պատասխան էս ընդվզման՝ աշնան վերջին՝ նոյեմբերի 28-ին, Մոսկովը մեր հարցը փակեց, երկու տարվա ողջ պայքարի արդյունքները ջուրը ածեց։ Հաջորդ օրը Երևանում շատ մարտական «սգո երթ» էր։    

 

Իսկ էդ ձմռան հենց առաջին օրով ևեթ «Մի՛-ա՛-ցո՛ւմ»-ը որոշումի վերածեցինք [16]․ Հայաստանն ու Ղարաբաղը՝ մի պետություն, մենք մերն ասինք ու արեցինք, թեև պարզ էր՝ Մոսկովն էլի կբեկանի։

 

***

Ծանր ձմեռ, դաժան հունվար, 90-ի հին Նոր տարին սև օր եղավ․ Բաքվում մերոնց կոտորում են։ Յոթ օրուգիշեր անարգել՝ մորթ ու թալան։ Ոչ միայն Արցախում, անգամ Գորիսում են արտակարգ դրություն մտցրել, իսկ Բաքվում դեռ հապաղում են, որ մինչև վերջ հայաթափեն [17]։ Ինքնապաշտպանական առաջին կատաղի մարտերն են, ու չգիտեմ՝ որը պատմեմ, որը թողնեմ։ Կարմիր բանակը մեզ զինաթափում, խեղդած է պահում, հակառակորդի տեղը լենացնում։ Գուցե պատմեմ Երասխավա՞նը, ուր կորցրինք մեր ազգային հերոսներից առաջինը մարտում ընկած Գորգիսյան Մովսեսին, որտեղ տեսանք, որ արդ ունենք ռազմական մի մեծ նոր գործիչ՝ Սարգսյան Վազգեն, իսկ էս կռվին առաջինը կուլ գնացած մեր մանկամարդ մարտիկին՝ Վարդանիկին, անգամ հողին չհանձնեցինք։ Ազատության հրապարակում Եռագույնն էր ծածանում, թռուցիկներ բաժանում, դեռ 15 տարեկան էր մեր Պապիկյան Վարդանը՝ զենքը ձեռքին անհետ կորավ Երասխավանի մարտերում։ Չէ՛, չեմ երգի պատերազմը, թող կռվողները պատմեն, որ ինձանից շատ ավելի լավ գիտեն։  

 

Պակաս հերոսական չէր թիկունքի կյանքը։ Փետրվարի դրությամբ վեց միլիոն տոննա բեռ Ադրբեջանում տակով էին արել։ Մի տասնյակի չափ ապրանք «տալոնով» էր, մնացածն էլ թե ժամանակին «տակից» ճարվում էր, հիմա արդեն մի կարգին բան չէր մնացել։ Մոտ մի միլիոն մարդ տուն ու տեղ կորցրած՝ ժաժքի աղետյալ ու փախստական [18]։ Մեկ է, տանուլ չէինք տալիս, հազար ճակատով ու կուռ թիկունքով կռիվ էինք տալիս։ 

 

Անկախության ծլարձակման մեր գարունն էր: Թե Մերձբալթյան երկրները՝ մեկը մյուսին հերթ չտալով հռչակում էին անկախություն, մենք չէինք շտապում «գնացքից թռչել»․ մեր տեղը նեղ էր, պատերազմի բովի մեջ էինք, ամեն ինչ պիտի օրենքով անեինք, հազար չափեինք ու մեկ կտրեինք (ո՞ւր առաջ ընկնեինք, բա Ղարաբա՞ղը)։ Նախ պիտի գանք իշխանության, նոր հռչակենք Անկախություն։ Ուստի գնում ենք ընտրության [20]։ 

 

 

Ուշ լինի՝ նուշ լինի, երեք ամիս ուշացումով, 70 տարվա մեջ առաջին անգամ իրական ընտրություններ ենք անում․ Կոմկուսը՝ ընդդեմ ՀՀՇ-ի, դեռ ավելին՝ Արցախն էլ է Հայաստանի հետ քվեարկում։ Մեկնարկի փուլից պարզ դարձավ. հաղթել ենք ու հաղթելու ենք։ Չմարսեցին։ Իշխանություն եք ուզում, դե՛ ստացեք։ Անկախության անդառնալի ալիքի դեմ հրանոթով կրակեցին։ Հավանաբար արցունքի ծով պիտի դարձնեին Երևանը, հաջողվեց արյան լճակներ գոյացնել, քանի որ մենք զգոն մնացինք, չտրվեցինք ККБ-ի սադրանքներին։ Կայարանից սկսեցին, Էրեբունի, Նուբարաշեն, մինչև անգամ Կենտրոն հասան ու Օպերան օղակեցին։

 

Էսպես եղավ․ բոլորս գիտեինք՝ մերոնք Սովետի բանակից զենք էին վերցնում, բայց շատ հաճախ բեմադրում էին՝ իբր հարձակվել, խլել են։ Մի էդպիսի գլխանց կապած պայմանով էլ մայիսի 27-ի առավոտյան գնացել էին երկաթուղային կայարան՝ զենքի առևտրի։ Պայմանավորվածի պես օդ կրակեցինք, զինվորներին իբր զինաթափեցինք, մեկ էլ հանկարծ դավադիր մի կրակահերթով վեց երկրապահ միանգամից սպանվեցին (էն էլ ասեմ, որ պատասխան կրակոցից Կարմիր բանակը մահ չգրանցեց)։ Տանկերը մտցրին Երևան ու աջուձախ կրակում են՝ լվացք կախող տնտեսուհուց մինչև պատշգամբ ելած ծխող աչքներին զինված աբստամբ է թվում։ Երկու օր-գիշեր գարուն-սիրուն Երևանը ռազմադաշտի էին վերածել։ Մեր մայիսը՝ մեր պայքարի զիլ ամիսը, գլխներիս վայիս արեցին։ 26 զոհված, 6 տասնյակից ավելի մարդ՝ վիրավորված, ժողովուրդը՝ ահաբեկված։ Ո՞ր մեկին հիշեմ, որի՞ն մոռանամ․ մեքենայի մեջ աչքը կպցրած գետաշենցի էն սիրուն տղո՞ւն, (անօթևան փախստական էդ հեգ ջահելի անունն անգամ չիմացվեց), որ կրակի տակից փախել, տուն-տեղ կորցրած եկել հասել էր Երևան, մուշ-մուշ անուշ քնած մնաց։ Ոչ դատ եղավ, ոչ դատաստան, Երկրապահի մեր տղերքից մի քանիսի անունները հուշաքարին գրեցինք, իսկ խաղաղ բնակիչ անմեղ զոհերին մինչ օրս էլ ծաղկով հիշելու մի քար չճարվեց քարերի ամրոց մեր երկրում հայոց։

 

Բայց ամառը կարկտահար Անկախության ծիլը դարձավ դալար ցողուն ու պսակվեց անզուգական մի ալ ծաղկով՝ Անկախության հռչակագրով։  

 

Արդեն գիտենք՝ մենք ենք տերը մեր երկրի։ Հենց առաջին նիստից ևեթ պարզ էր դարձել (հունիսի 20) [21]․ մենք Մոսկովին ենթակա չենք, ձեր զորքերը մեր երկրում պիտի հաշվի նստեն մեզ հետ, իսկ օրեր անց մի կարևոր հաղթանակ էլ գրանցեցինք․ մեր զորքն ենք ունենալու (հուլիսի 30) [22]։ Մենք ենք տերը մեր գլխի, բայց դե երկրին ամեն դեպքում գլուխ պետք է։ Երկրի ղեկը Կոմիտեի տղաների ձեռքն է, թող իրենք էլ որոշեն [23]։ Օգոստոսի 3-ին վերջապես մեր ԳԽ-ն նախագահ է ընտրում։ Առավոտից մինչ ուշ գիշեր հա սպասում ենք ու սպասում «սպիտակ ծխին», ասես Հռոմի պապ են ընտրում. նիստը ձգվում, չի վերջանում։ Մյուս օրը երեկոյան նոր լուրն առանք․ վերջ, ընտրվեց՝ չորրորդ փորձից, Լևոնն է մեր ղեկավարը [24]։ Ճակատագրի հեգնանքով հաջորդ օրը երկրում սուգ էր հայտարարվել (օգոստոսի 1-ին Երևան-Ստեփանակերտ ընկած ինքնաթիռի զոհերի հիշատակին)։

 

 

Օգոստոսի 23-ին Անկախության հռչակագիրն ընդունեցինք։ Պարզ է, չէ՞, որ այսուհետ մենք անկախ ենք։ Մեր պետական տոնացույցից ջնջված էս օրով ծնվեց Անկախ Հայաստանը, իսկ ծնունդը վավերացվեց աննախադեպ փաստաթղթով, որ թե՛ երկրի ծննդականն էր, թե՛ ազգային մեր տարաձայն ու բազմաձայն մեծ իղձերի շտեմարանը, թե՛ անկախացման ողջ գործընթացի կետ առ կետ հղացված պլանը, թե՛․․․ թե՛․․․ ու թե ինձ հարցնեք՝ 90-ի ամռանն արդեն անկախությանը «այո» էինք ասել մեր հռչակագրով։ 

 

Անկախության հռչակագի՞ր, դե՛ հիմա տեսեք։ Ու KKБ-ն մեր փառահեղ ամռան վերջը հարամ արեց։ Թե ասֆալտի ֆիդայիներն ինչ չարիքի էին վերածվել, բոլորս գիտեինք (կռվող տղու դիմակի տակ բռնանում ու թալանում էին), բայց օգոստոս 28-ի լույս 29-ի գիշերը եկանք հասանք առավել ցավոտ մի կետի, երբ մեր սրտի մայրաքաղաք Երևանում ինքներս մեր վերջը տվինք, երբ զինված ծուռն առաջին անգամ մահացու կրակ բացեց իր ազգընտիր պատգամավորի ուղղությամբ։ Եթե հարցնեք՝ Հոկտեմբերի 27-ն ինչի՞ց ծնվեց, ո՞նց պատահեց, որ մեր ազգը հենց ինքն իրեն ահաբեկող զավակ ծնեց, ապա կասեմ՝ ՀԱԲ-ի խելքից, որ թույլ տվեց գլխին սարքեն, իսկ որ վատից էլ վատթար էր՝ ստեղծվեց նախադեպ։ Էսպես եղավ․ վրաերթի ենթարկեցին մեր Ռաֆայել Իշխանյանին՝ հայոց լեզվի մեծ ջատագով, պատգամավոր և ի վերջո վարչապետի աներոջը [25]։ Բանակցելու համար ՀԱԲ-ի շտաբ մեկնած Այվազյան Վիտյան ու Գեղազնիկ Միքայելյանը սպանվեցին (երկուսն էլ՝ հետմահու ազգային հերոս)։ Մտցվեց արտակարգ դրություն, իսկ արդյունքում ՀԱԲ-ը լուծարվեց, անկախացման մեր պատմության ճերմակ էջին անջնջելի սև բիծ մնաց, ուրիշ ոչինչ [26]։ 

 

90-ի տալոնով բենզինի աշունն էր, հերթը՝ էլ չասեմ, գնա-գալիս եմ։ Հոկտեմբերի 5-ին Հատուկ գնդի շքերթը տեսանք ու հուզվեցինք։ Կաթողիկոսն [27] օրհնում է զինվորին, իսկ զինվորն Աստծու և ազգի առաջ՝ երդվում [28]։ Չէ՛, այլևս բացառված է. մեր երկրից դուրս չենք ծառայելու Կարմիր բանակին [29]։



***

91-ի Նոր տարուց հետո Սովետը պահելու մի հուսահատ փորձ էլ ծնվեց [30]․ համամիութենական հանրաքվե մոգոնվեց։ Սովետ չկա, վերջացել է, ի՞նչը պահենք։ Հազար ու մի հոգսեր ունենք։ Տարեսկզբին որոշեցինք՝ սովխոզները վերացնում ենք, հողը տալիս գյուղացուն։ Համակ աշխարհը հիացավ, մենք պոզ ու պոչ կպցրինք․ «Հողը տվին գյուղացուն, գյուղացուն տվին հողին» [31]։ Իսկ իրականում սեփականատեր դարձած գյուղացին մեզ վերահաս սովից փրկեց (մեկ էլ սիգը Սևանի, ոչ թե կոնյակն ու ջերմուկը, որ ասում էին՝ մեզ կպահի)։ Սովամահ չեղանք, ապրեցինք, թեև արդեն շատերիս ձեռքը գործ չկար, ու պարենը քառապատիկ թանկացել էր [32]։  

 

Հետո «Կոլցոյի» գարունն էր, որի հենց առաջին օրով՝ մարտի մեկին, որոշեցինք. Անկախության մեր հանրաքվեն ինքներս կանենք, բայց անօրեն Սովետի օրենքի տառը կպահենք, որ ոչ մեկը երբևիցե կպնելու տեղ չունենա։ Անկախության հանրաքվե՞, դե՛, հիմա տեսեք ձեր հալը։ Ու հոգեվարքի մեջ հայտնված Մոսկովը, Բաքվի հետ ձեռք-ձեռքի տված, հարձակվեց մեզ խեղդելու։ Ապրիլ-մայիս՝ երկու ամիս բզկտում էին․ ո՞րը պատմեմ, ո՞րը թողնեմ․ Գետաշե՞նը, որից միայն Հայկազունի երգը մնաց․ «Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ՝ փակված, երկնքում սև ու մութ ամպեր կուտակված»: Չէ, չեմ երգի պատերազմը…

 

Ապրիլյան մի կատակ-ծես կպատմեմ։ Էսպես եղավ․ Ուլյանովին արտաքսեցինք հրապարակից (ապրիլ 13) [33]։ Գիտեինք, որ ժամը 5-ին արձանը քանդելու են, շատերս գնացել էինք՝ թամաշա անենք, քչերս՝ ծպտյալ հրաժեշտ տալու: Լռված սպասում ենք, երբ պիտի կռունկը 7- մետրանոց արձանն օդ հանի, մեկ էլ տեսնենք՝ գլխատում են։ Երբ սնամեջ գլուխը պոկվեց իրանից, մի քիչ ժանգոտ անձրևաջուր թափվեց վզից՝ արյան նման, ասես հրապարակային մահապատժի ականատես էինք։ Հետո կտրած գլուխն օդում հայտնվեց, ու փռթկացինք։ Իսկ երբ անգլուխ մարմինը պատվանդանից պոկեցին, ուրախ ծափեր լսվեցին, մեկ էլ՝ շամպայնի գմփոցներ։ Բեռնատարի վարորդը, որի թափքում հայնվեց հսկա մարմինը, ասեց․ «Ժողովուրդ ջան, հետ կանգնեք, թող հարազատներն առաջ անցնեն»։ Մի քեֆը լավ ջահել փորձեց մագլցել քարշակը, որ Լենինի վրա միզի, ոստիկանները հազիվհազ հետ պահեցին, սա էլ՝ թե, չէ, չէ որ չէ, հորս գլուխը կերել է, պիտի շ․․․ ։ Ծիծաղից թուլացել էինք։ Երբ քարշակը դանդաղ և հանդիսավոր շարժվեց հրապարակով,  մարդիկ սկսեցին մեջը կոպեկներ նետել: Սովետի ուրախ թաղումն էր, իր հատած կոպեկը դեռ շրջանառում էր` СССР գիր ու ղուշով: Կոպեկները թույլ զնգում էին՝ անգլուխ մարմնի հետ զարկվելով, ու կարծես չափազանց արժեզրկված մի բան հեռանում էր՝ վերջին գրոշն ու խարջն իր հետ տանելով: Մարմինը պատկերասրահի փակ բակ շպրտվեց, գլուխը` պահեստ: 

 

 

Երկսայր սրի ու պառակտման մեր ամառն էր։ Երկնքներից ընկանք ուղիղ գազանանոց [34]։ Բաժան-բաժան էինք եղել՝ ՍԻՄ ու ԱԻՄ, ՀՔԴՄ ու ՀՀԿ, ամենքը մի բան էր գոչում, ոմանք անգամ կոչ էին անում՝ հրաժարվենք հանրաքվեից ու միանանք Գորբաչովի պայմանագրին, հա՛, հենց հանուն Ղարաբաղի (Դաշնակցություն, Կոմկուս), իսկ ամենից անսպասելին ՀՀՇ-ի պառակտումն էր [35]։ Շահումյանը՝ կրակի մեջ, մենք՝ խռովքի։

 

ՄԵՐ ՍԱՄՍՈՆԸ

Անգամ հեռվից հեչ էլ դժվար չի հասկանալ՝ ո՞նց պատահեց, որ 30-ը բոլորող «նորանկախ» ու «հինավուրց» Հայաստանի ազգային հերոսների շարքում էդպես էլ ոչ Կոմիտեն հայտնվեց՝ իբրև մեկ ամբողջություն, ոչ էլ՝ 11 անդամներից որևէ մեկը։ Եղավ՝ ինչ եղավ․ Անկախության պատմության կեղծում, որի հետևանքով էսօրվա ջահելը մտածում է, թե Սովետը փլվեց, Անկախությունն էլ մանանայի պես մեր գլխին ընկավ։ Տեսնես աշխարհում կա՞ ժողովրդավար մեկ այլ պետություն, ուր հիմնադիր հայրերին «ազգի դավաճան» պիտակն են կպցրել։ Տեսնես աշխարհում կա՞ մի ուրիշ ժողովուրդ, որ յուր ազգակցի ձեռամբ սպանված չորս ազգային հերոս ունի։ Շատ եմ մտածել «մեր ժամանակների հերոսի» մասին (ի դեպ, համանուն մրցանակաբաշխությունն իր խորհրդով ՀՀ Քաղաքացու օրվան ավելի կսազեր, քան Անկախության տոնին և առավել ազդեցիկ կլիներ, եթե պետական մրցանակի կարգավիճակով շնորհվեր)։ Ինչ խոսք, զիլ է, որ վերջապես մենք դուրս ենք գալիս «գնա մեռի՝ արի սիրեմ» տրամաբանությունից, վերջապես ազգի կենդանի հերոս զինվորականը մեզանից մեկն է։ Վերջապես հերոսացնում ենք կյանքեր փրկող ու ապրեցնողին, ոչ թե սպանվածին կամ «ծանոթով» հերոս կարգում Էռնեկյանի պես փողին փող չասող գործարարի, որ պարզապես Հայաստանում «ռիսկային» ներդրում է արել։ Շատ եմ մտածել Կոմիտեի տղաների բախտի մասին, Սիրադեղյան Վանոյի, որին անգամ Թավշյա հեղափոխությունը հետ չբերեց, Համբարձում Գալստյանի, որի սպանությունը դարձավ Կոմիտեի անունը Հայոց պատմության էջերից ջնջելու առաջին «գործնական» քայլը։ (Երևանի թիվ 83 դպրոցը նրա անունով է, բայց աշակերտներն անգամ գլխի չեն, թե ինչու)։ Բայց ուրիշ է մեր Սամսոնը՝ Կոմիտեի հաշտարարը, որին էդպես էլ չհաջողվեց ընկերներին ի մի բերել։ 88-ին ուսուցիչ էր մեր Սամսոնը Երևանի թիվ 183 դպրոցում, որ ժողովուրդը կոչում էր Բլեի դպրոց (տնօրեն Աշոտ Բլեյանի պատվին). Շարժման կարևոր հավաքատեղիներից էր։ Էստեղ էին աշխատում Կոմիտեից ևս երկուսը․ Մանուչարյան Աշոտն ուսմասվարն էր, Գալստյան Համբարձումը՝ ուսուցիչ։ (Այս դպրոցի աշակերտներ էին  Կոմիտեից չորսի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ալեքսան Հակոբյանի, Վանո Սիրադեղյանի, Սամվել Գևորգյանի երեխաները)։ Սամսոնը Վանոյի մոտ ընկերն էր, բայց Մանուկյան Վազգենի հետ գնաց ԱԺՄ, հետո հանրային տեսադաշտից կորավ մինչև 2007։ Ինքն է կազմակերպել Լևոնի ու Վազգենի հանդիպումը, որ արդյունք չտվեց։ Վերջերս փողոցում պատահական տաքսի նստեցի, տեսնեմ՝ ղեկին Ղազարյան Սամսոնը։ Ու հիշեցի՝ «մեր ժամանակի հերոս» մրցանակ ստացած մի ուրիշ ուսուցչի, որ Երևանի մի դպրոցից դուրս էր եկել, գնացել գյուղում կոնյակի համով պանիր էր արտադրում։ Մեկը երկու անող, կյանքին ժպտացող մարդու հաղթանակն է, ազնիվ քրտինքով տուն պահողի պատիվը, բայց և պետության պարտությունը, որ իր ուսուցիչը դպրոցը թողնում, պանրագործ է դառնում։ Կեղծված պատմությամբ երկրի ցուցիչն է, որ իր հիմնադիր-ուսուցիչը չի փոխանցում սերունդներին անկախացման մեր պատմության իր անձնական գիտելիքը, փոխարենը՝ տարիներով տաքսի է քշում։ Թե ինձ հարցնեք՝ Սամսոնն է իմ հերոսը, շատ ավելի, քան Էռնեկյանը։

 

***

Ամռան վերջին օգոստոսյան պուտչը եղավ՝ ГКЧП-ն՝ մահվան գրկում ջղակծկվող կայսրության մեջ հեղաշրջման մի ձախորդ փորձ, որ ուղղակի արագացրեց գործընթացը։

 

Հետո մեր սիրո աշունն էր, որ երբեք չի կրկնվի։ Սեպտեմբերի 21-ին «այո» ասացինք ազգովին մեր ընդհանուր սիրեցյալի Անկախությանը [36]։ Երկու օրից քվեարկության արդյունքների հիման վրա խորհրդարանը միաձայն կայացրեց Հայաստանի անկախության հռչակման մասին իր պատմական որոշումը, որ կրկին ընթերցեց Մանուկյան Արամը [37]։    

 

 

Ահա և վերջ։ Հենց էսպես էլ ամեն ինչ եղավ․ 88-ին սաղմնավորված, 89-ին իբրև պտուղ հասունացած, 90-ին իր Հռչակագրով երկնված, մեր նորածին ու վերածին Հայաստանը 91-ին անկախ ճանաչվեց, աշխարհը տեսավ ու մեզ ընդունեց։ «Դե՛, արդեն անկախ ենք, հիմա էլ ազատություն ենք ուզում» ասինք։ «Ազատությո՞ւն», մեզ կրկնեց հայի բախտը վերևից, չէ մի չէ՝ Երջանկություն, ո՛հ, փշոտ է ճանապարհը․․․ դե, մնացածը՝ անգիր գիտեք։ Եվ ուրեմն՝ կեցցե՛, Ազատ, Անկախ ու Երջանիկ Հայաստանը՝ ի փառս մեզ ու մեր խոխոց, և ի հեճուկս չարախնդաց ոմանց, ասել է թե՝ չուզողների ինադու։

 

Իսկ վերջաբանի փոխարեն արժի հիշել անկախության հռչակման առիթով ԳԽ-ի ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին ուղղված պատմական դիմումը․ 

 

«Վերադարձ դեպի ինքնություն հեշտ չի լինելու, մենք դեռ նոր ենք սկսել քայլել ազատության ճանապարհով։ Քաղաքակիրթ մարդկության անցած ուղին ցույց է տալիս, որ դա մեկ օրվա հարց չէ, և, հատկապես, դյուրին ճանապարհ չէ։ Ուստի խոնարհաբար յուրացնելով առաջադեմ պետությունների փորձը՝ մենք պետք է կարողանանք պահպանել և հարստացնել մերը։ Այո՛, մենք գնում ենք դեպի համայն մարդկության ընտանիք, բայց արդեն մեր դրոշի ներքո, մեր անկախ պետականության և մեր ազգային սեփական դիմագծով։ Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ։ Դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար։ Պահպանե՛նք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»

 

P.S. Դեկտեմբերի 25-ին, երբ մարդկության զգալի մասը Սուրբ ծննդյան տոնն էր նշում, երեկոյան ժամը 19.38-ին Կրեմլի գլխից կարմիր դրոշն իջեցրեցին։

 

Վարագույր։

հավելյալ նյութեր