Մենք ենք մեր կինոն
Ապագա

Մենք ենք մեր կինոն

Ինչպես է փրկվում հայ կինոյի արխիվը, որպեսզի հետո դառնա թանգարան։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #70 | 2021

#Թանգարաններ

2020-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ջանքերի շնորհիվ վերջապես ունեցավ կինոժառանգության բաժին, որը ստանձնեց թե՛ հավաքչական և թե՛ պահպանման, վերականգնման ու վերացուցադրման բարդ գործառույթներ։ Նորաստեղծ բաժնի ղեկավարն արվեստաբան, կինոյի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանն է, որի հետ ԵՐԵՎԱՆը զրուցել է հայկական կինոժառանգության հիմնախնդիրների, «Հայֆիլմ»ի տարածքից գտնված ու փրկված ահռելի նյութի ու հայկական կինոթանգարանի ստեղծման հեռանկարների մասին։

 

Ասում ենք «Հայֆիլմից» փրկված նյութեր, իսկ ի՞նչ է դա նշանակում, ինչու՞ փրկված։ Իրոք դժվար է պատկերացնել աղետի ծավալը, մինչև որ սեփական աչքերով չես հասնում այն վայրը, որտեղ ժամանակին բաբախել է հայ կինոյի սիրտը։ Հենց մուտքի մոտ՝ ստուդիայի գլխավոր շենքի ֆասադից դիմավորում է լղոզված մի հետք՝ միանգամից ճանաչելի Սասունցի Դավթի արձանի պատկերից է մնացել։ Դա «Հայֆիլմ» կինոստուդիայի տարբերանշանն է, որով սկսվում են մեր և ձեր սիրելի, հայտնի ու ոչ այնքան հայկական կինոնկարները։ Հայ կինոյի ուրվական։


Բայց հետոն շատ ավելի վախենալի է։ Առաջին հարկը դեռ ոչինչ, իսկ այ մոնտաժի ու ձայնագրման բաժինները կարծես հոլիվուդյան աղետ-ֆիլմերից դուրս պրծած լինեն, պարզապես շատ ավելի իրական են։ Փայտե դռան մեծ ծխնիների ճռռոցի ներքո մտնում ես ներս ու ակամայից մտածում՝ երկրաշարժ չի եղել, չէ,՞ ու ոչ էլ պայթյուն։ Երկար միջանցքի աջ ու ձախ կողմերում նախկին կինոստուդիայի լքված ու աղբակույտի վերածված աշխատասենյակներն են։ Հատակին՝ փոշու մեջ, մի կարճ, վնասված ժապավեն գտա, կադրում Կարպ Խաչվանքյանն էր (պահել եմ ինձ, ոչ մեկին չասեք)։ Որոշ սենյակներում դեռևս պահպանվել է աշխատանքային դասավորությունն ու տեխնիկան։


Համատարած փոշու և աղբի մեջ այնուամենայնիվ կային սենյակներ, որտեղ ժապավենները ոչ թե լցված էին մի կույտի մեջ, այլ խնամքով դասավորված էին։ Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի աշխատանքի արդյունքն է։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր եղել աշխատել այդ պայմաններում, բայց մեր կինոյի փրկարարներն իրենց գործը լավ գիտեն։

 

 

Կինոժառանգության նորաթուխ բաժինը

Վիգեն Գալստյանը երկար տարիներ զբաղվել է կինոյի պատմությամբ և կինոյի ժառանգության հարցերով։ Տարիների փորձը ցույց է տվել հայկական կինոյի պատմության ու ժառանգության պահպանման համար ինստիտուցիոնալ մոտեցման անհրաժեշտությունը։ Ըստ Վիգենի՝ կինոն ամբողջացնում է ինքնության հավաքական կերպարներ, օգնում հասկանալ, թե ով ենք մենք և թե ինչ արժեքների շուրջ է կառուցված մեր հասարակությունն առհասարակ։ Եվ, ինչպես Վիգենն է ասում, եթե ազգային կինոն մեր արդի ինքնության մասը չի կազմում, ուրեմն ինչ-որ մի բան այն չէ ու պետք է աշխատել այն ուղղությամբ, որ մեր հասարակությունն իրապես ճանաչի և ընդունի հայկական կինոն։


Վիգենի հետ, որպես բաժնի աշխատակիցներ, նորաստեղծ բաժնում գործի անցան Սոնա Կարապետյանն ու Վարյա Հովհաննիսյանը՝ երիտասարդ, բայց արդեն իսկ բավական փորձ ունեցող մասնագետներ։ Միասին փորձ արվեց հասկանալու, թե ինչ իրավիճակ է ու ինչից պետք է սկսել աշխատանքը։ Անշուշտ, կային առաջնահերթություններ։ «Կարևոր էր ցույց տալ, որ կինոժառանգությունն ինչ-որ օժանդակ ոլորտ չէ, այլ լուրջ ֆինանսական ռեսուրսներ և ուշադրություն պահանջող բնագավառ է և որ հայկական կինոյի պահպանման հարցը մեր ընթացիկ և ապագա մշակութային քաղաքականության կարևոր մասը պիտի կազմի»,– ասում է Վիգենը։ 


Միևնույն ժամանակ, քանի որ կինոկենտրոնի գրասենյակը տեղակայված էր նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում և հնարավորություն կար ուսումնասիրելու տարածքը, պարզ դարձավ, որ հաջորդ առաջնահերթությունը պիտի լինի այնտեղից դուրս բերել լքված ու ոչնչացման եզրին գտնվող ժապավենային և վարչական արխիվների նյութերը, որոնց զգալի մասը, ցավոք, արդեն իսկ ոչնչացված կամ կորած է։


Կինոժառանգության բաժնի ղեկավարը մինչև հիմա տարակուսում է. «Դժվար է պատկերացնել, թե ինչու և ինչ պայմաններում է ոչնչացվել արխիվային նյութի մեծ մասը, քանի որ 2005-ին կինոստուդիան մասնավորեցվել էր, ընդ որում՝ մասնավոր շահառուին էր փոխանցվել նաև պետական ֆիլմերի օգտագործման իրավունքը և միայն 2015-ին, երբ արդեն տեղի էր ունեցել թալանման ու ավերման գործընթաց, այն կրկին պետականացվել է»։ Բարեբախտաբար այսօր «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը հենց Ազգային կինոկենտրոնն է։

 

Վիգեն Գալստյանը


Հայկական կինոժառանգության փրկարարական աշխատանքները

2020-ին՝ բավական բարդ ժամանակներում, սկսվեցին բաժնի աշխատանքները։ Օրեր շարունակ բաժնի աշխատակիցներն անց էին կացնում նախկին ազգային ստուդիայի սենյակներում՝ աղբի և փոշու միջից փորձելով գտնել ու փրկել այն, ինչը դեռ հնարավոր է։

 

Ի վերջո, գտնվեցին 70-ականներից ի վեր նկարահանված մի քանի տասնյակ ֆիլմերի նկարահանման ամբողջական նյութեր, այդ թվում, օրինակ՝ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա», «Տեր ողորմեա», Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», Դմիտրի Կեսայանցի «Աղետը», «Անիծվածները», Լևոն Իսահակյանի «Գիքորը» և շատ ավելին։ Հայտնաբերվեցին նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի օրիգինալ նեգատիվային հատվածներ, ինչպես նաև մի քանի վավերագրական նյութեր, օրինակ՝ երկրաշարժին կամ 90-ականների իրադարձություններին վերաբերվող։ Գտնվել են նաև արտասահմանյան ֆիլմերի հայերեն հնչյունավորումներ։ Ձայնագրման բաժնից ևս մեծ քանակությամբ նյութ է գտնվել՝ մագնիսային ժապավեններով, ինչը ևս մեծ նշանակություն ունի այդ ֆիլմերի պատշաճ վերականգնումն ապահովելու համար։


Ընդհանուր առմամբ, աղբակույտերից դուրս է բերվել մոտ 3000 տարաներ (բոբինաներ), որոնք պարունակում են թե՛ 35մմ պոզիտիվ ժապավեններ, թե՛ նեգատիվային հատվածներ և թե՛ մագնիսային ձայնավորումներ։ Եթե կողմնակի անձին սա չի տպավորում, Վիգենը բացատրում է. «Այս ամենն անչափ հետաքրքիր ու կարևոր է հատկապես հայ կինոյի հետազոտողների համար, քանի որ շատ ֆիլմերի նկարահանման ամբողջական նյութերի այլ տարբերակներ չեն պահպանվել, չկան դրանց նեգատիվները և գտածոները հենց աշխատանքային նյութերն են՝ դրվագներ, դուբլներ, ինչպես նաև կադրեր՝ որոնք վավերագրում են բուն նկարահանման ընթացքը»։

 

Արդեն փրկված ու դասավորված ժապավենները


Ըստ Վիգենի՝ նույնքան կարևոր են նաև գտնված վարչական արխիվի նյութերը, որոնք բառացիորեն աղբից են հանվել։ Դրանք լայն պատկերացում են տալիս ստուդիայի աշխատակազմի՝ ընդհուպ մինչև տնօրենների, գեղարվեստական խորհուրդների և հատկապես ռեժիսորների աշխատանքի մասին։ Օրինակ՝ գտնվել է տնօրեն Լաերտ Վաղարշյանի անձնական գործը, որտեղ կա իր իսկ ձեռքով գրված շատ ուշագրավ ինքնակենսագրությունը կամ ռեժիսոր Կարեն Գևորգյանի արգելված «Հրաժեշտ սահմանագծից այն կողմ» ֆիլմի գործը։ Այս նյութերն այժմ ինվենտարիզացման փուլում են, ինչը բավական ծավալուն աշխատանք է՝ հաշվի առնելով, որ կա մի քանի հազար անուն փաստաթուղթ։ Հաշվառմանը զուգահեռ դրանք թվայնացվում են ուսումնասիրողներին հասանելի դարձնելու նպատակով։


Վիգեն Գալստյանին ճանաչողները գիտեն, որ նրա ուսումնասիրությունների կարևորագույն ոլորտներից մեկն արդեն վաղուց լուսանկարչությունն է (բավական է միայն նշել նրա Լուսադարան հիմնադրամը, որը զբաղվում է հայ ֆոտոարվեստի պահպանմամբ)։ Այնպես որ Վիգենի համար հատուկ նշանակություն ուներ Հայֆիլմի հսկայական ֆոտոարխիվի բացահայտումը։ Ստուդիայում գործող լուսանկարչական բաժինը տարիներ շարունակ վավերացրել էր ֆիլմերի ստեղծման գործընթացը և հարակից իրադարձությունները։ Այժմ գտնվել են շուրջ 100 ֆիլմերի կինոկադրային պատկերներ, դերասանների լուսանկարներ, դրվագներ փորձերից, աշխատանքային կադրեր, մի խոսքով, մոտ 6 հազար լուսանկար և նեգատիվ՝ ահռելի քանակությամբ վավերագրական նյութ։ Հայտնաբերվել են նաև մի քանի տասնյակ կինոպաստառներ, որոնցից հինգը մինչ հիմա անհայտ էին և այժմ վերականգնվում են Ազգային պատկերասրահի ռեստավրացիոն բաժնում ու պատրաստվում ցուցադրության (սա էլ՝ յուրահատուկ շարունակություն Վիգենի՝ հայկական կինոպլակատներին նվիրված ուսումնասիրություններին և դրանց նվիրված «Մոռացված արվեստ» պատկերագրքին)։ 

 

Փրկված պաստառները՝ Ազգային պատկերասրահի ռեստավրացիոն բաժնում


Աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ բաժնի աշխատանքներին օգնության էին հասնում կամավորներ հենց կինոյի ոլորտից։ Դա ոչ միայն զուտ ֆիզիկական օգնություն էր, այլև շատ կարևոր քայլ հայկական կինոյի պահպանման հիմնախնդրի հանրայնացման տեսանկյունից։ Աշխատանքների ընթացքում շնորհիվ նաև այդ կամավորների սոցիալական ցանցերում հաճախ կարելի էր հանդիպել աշխատանքային պրոցեսի մասին հրապարակումներ ու կադրեր։ «Մենք աշխատում էինք, որ հանրությունը գիտակցի, որ ժառանգություն ասվածն իրոք շատ փխրուն ու խոցելի է։ 

 

Հաճախ կինոն մեզ համար ինչ-որ վերացական բան է, որ հայտնվում է հեռուստացույցի էկրանին, հետո անհետանում, ու մեզ թվում է, թե դա հենց այդպես էլ պիտի լինի ու այն նյութականի հետ չի կապվում, իսկ իրականում կինոն շատ նյութական բան է, որը լուրջ խնամքի կարիք ունի՝ անկախ նրանից՝ ժապավենի վրա է նկարահանվել, վիդեոյի, թե թվային կրիչի»,– ասում է Վիգենն ու նշում, որ անտարբերությունն ու չիմացությունը նման դեպքերում բերում է մշակութային հիշողության աղետալի կորուստների։


Կինոթանգարան-ինստիտուտի կարևորության մասին

Հավաքված նյութն այնքան ծավալուն է, բազմաբովանդակ ու բազմապրոֆիլ, որ միանշանակ ունի ոչ միայն զուտ արխիվային նշանակություն, այլ նաև թանգարանային կարգավիճակի հավակնություն և ներուժ։ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքից փրկված նյութի մասշտաբն ու կարևորությունը թույլ է տալիս մտածել ի վերջո Հայաստանում կինոթանգարան-ինստիտուտ ունենալու հեռանկարի մասին, ինչպիսինը չունենք և չենք ունեցել երբեք։ Այն, ըստ Վիգենի, պիտի կատարի ոչ այնքան ցուցադրական, որքան հետազոտական գործառույթ։

 

«Կինոթանգարան-ինստիտուտը թույլ կտա ստեղծել ազգային կինոյի լայն պատում, թույլ կտա սահմանել, թե ի վերջո որն է հայկական կինոն։ Ուստի, մեր աշխատանքը տանում է դեպի թանգարանի ստեղծումը, որպեսզի գտնված նյութերը համակարգված կերպով ներկայացվեն հանրությանը և ստեղծվի հայկական կինոժառանգության պահպանման և հետազոտման մի էպիկենտրոն»։ Վիգենը վստահ է, որ նման ինստիտուտի բացակայությունը բերում է նրան, որ Հայաստանում փաստորեն բացակայում է կինոգիտությունն իբրև գիտակարգ։ «Կան ֆիլմեր, որոնք մենք սովոր ենք ընկալել իբրև պարզապես պատում, զվարճալի, հուզիչ պատմություն, սակայն չգիտենք, թե դրանք ինչ մշակութային և պատմական հարացույցների են վերաբերում կամ արտահայտում, այսինքն՝ բուն ֆիլմերի քննադատական նեցուկները մեզ հասանելի չեն և մնում են ֆոլկլյորի մակարդակի վրա։ Թանգարան-ինստիտուտը կարող է փոխել այս պատկերը և դառնալ այն շարժիչ ուժը, որը հնարավորություն կտա հայկական ֆիլմերի շուրջ ստեղծել դիսկուրս և հանրայնացման նոր մեխանիզմներ՝ ընդհուպ մինչև դրանց թվային տիրույթում տարածելն ու մասնագիտական փառատոներին, գիտաժողովներին ներկայացնելը»,– նշում է Վիգենը։

 

Գտնված բազմաթիվ փաստաթղթերից ու սցենարային թերթերից


Ծրագրեր, ծրագրեր, ծրագրեր

Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի կարևորագույն գործառույթներից է նաև ֆիլմերի վերականգնումը, ինչը բավական բազմաշերտ և մեծ դրամական ռեսուրսներ պահանջող աշխատանք է։ Խոսքը մոտ 400 գեղարվեստական և մի քանի հազար վավերագրական ֆիլմերի և խրոնիկային նյութերի վերականգնման մասին է։ Սա նախ և առաջ պահանջում է բավական երկար հետազոտական աշխատանք, սկզբնաղբյուրների հայտնաբերում. բազմաթիվ նեգատիվներ էլ ոչնչացվել են, քանի որ եղել են հեշտ բռնկվող նիտրատի հիմքի վրա։ Բացի այդ, «Հայֆիլմի» ֆիլմերի սկզբնաղբյուրները գրեթե միշտ ուղարկվել են Մոսկվա՝ երևակման, նեգատիվները մնացել են այնտեղ և այժմ պահվում են աշխարհի առաջին պրոֆեսիոնալ արխիվներից մեկում՝ «Բելըյե ստոլբի» ֆիլմադարանում։ Մոսկովյան արխիվից դրանք պարզապես վերցնել հնարավոր չէ, իսկ տեղում թվայնացնելը կապված է ահռելի դրամական միջոցների հետ։ Այնուամենայնիվ, Վիգենը փաստում է, որ պետությունը փորձում է օգնել՝ օգտագործելով այլ լծակներ։


Եվ չնայած բոլոր դժվարություններին՝ արդեն իսկ հաջողվել է համագործակցել լեհական «Ֆիքսաֆիքս» ստուդիայի հետ և վերականգնել Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմն ու այն ցուցադրել բազմաթիվ միջազգային կինոփառատոներում ու գրանցել հաջողություններ։ Ծավալուն աշխատանք է տարվել նաև Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի չօգտագործված տեսարանների, դրվագների վերականգնման և թվայնացման մասով։ Առաջիկայում ակնկալվում է նաև հայ կին ռեժիսորների քանակապես սակավաթիվ, սակայն մշակութային ու պատմական տեսանկյունից չափազանց կարևոր շուրջ տասը ֆիլմերի թվայնացում ու վերականգնում։ Մեկ այլ նախագիծ, որի ուղղությամբ ակտիվորեն աշխատում է Կինոկենտրոնը՝ Համո Բեկնազարյանի կինոժառանգության ամբողջական թվայնացումն ու վերականգնումն է։ 

 


Քաջ գիտակցելով հայկական կինոն օտար հանդիսատեսին ներկայացնելու կարևորությունը՝ կինոժառանգության բաժինը պատրաստել է 10 ֆիլմի ենթագիր և նախատեսում է 10-15 ֆիլմի ենթագրեր պատրաստել յուրաքանչյուր տարի։ Պայմանագիր կնքելով անգլիական «Կինոկլասիկա» սթրիմինգային հարթակի հետ՝ արդեն իսկ երկու հայկական ֆիլմ, ինչպես Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինքը» և Ֆրունզե Դովլաթյանի «Բարև՛, ես եմ»-ը, ցուցադրվեցին անգլերեն ենթագրերով և մեծ հաջողություն ունեցան բրիտանական տիրույթում։ 2023-ին՝ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ, կիրականացվեն բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց թվում է հայկական ֆիլմերը գովազդող արտասահմանյան կինոպաստառների մասշտաբային ցուցահանդեսը, մի շարք հրատարակություններ և ցուցադրություններ։


Այսպես՝ քիչ ռեսուրսներով, մեծ էնտուզիազմի շնորհիվ Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը վստահ քայլերով իրականացնում է իր բարդ ու կարևոր աշխատանքը։ Մնում է հուսալ, որ տարեցտարի կավելանա ոչ միայն պետական աջակցությունը, այլև հանրության շրջանում ազգային կինոժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքը։

հավելյալ նյութեր