Մենք ենք մեր սարերը
Արցախ

Մենք ենք մեր սարերը

Ծանրագույն կորուստներից հետո չպարտված ու չընկճված արցախցուն միշտ ուժ է տալիս «Մենք ենք մեր սարերը» կոթողը, որը հաստատակամ ու ամուր կանգնած է մայր հողի վրա: Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդին՝ հոր մասնագիտական ձիրքն ունեցող Աշոտ Բաղդասարյանը, պատմել է իր հուշերն ու կոթողի մասին մանրամասներ ներկայացրել:

Տեքստը՝ Կարինե Տերտերյանի


Լուսանկարները՝ Աշոտ Բաղդասարյանի արխիվ, Արմենպրես, Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023

#Արվեստ #Արցախ

«Ուղղակի կոթող չէր, մի մեծ պատմություն էր»

Երբ նա կերտում էր իր նշանավոր քանդակը, մտքովն անգամ չէր անցնում, որ այն կդառնա Արցախի խորհրդանիշը, իսկ ավելի ուշ տեղ կգտնի հանրապետության զինանշանի վրա: «Դեդա-բաբոն» կամ, ինչպես ճիշտ է անվանել՝ «Մենք ենք մեր սարերը» կամ «Ղարաբաղցիներ» կոթողը, պատվանդան չունի: Հայրիկը նպատակ ուներ ցույց տալու, որ կոթողն անմիջապես հողից է սկիզբ առնում՝ ծնվում է ու շարունակվում հողի վրա ամուր կանգնելու համար:


Հայրս, ծնունդով լինելով արցախցի, անդրադարձել է Արցախի թեմային և 1965 թվականին իտալական Կարարայում տեղի ունեցող քանդակի միջազգային ցուցահանդեսին ներկայացել այս քանդակի ցուցահանդեսային տարբերակով: Քանդակն ալյումինից էր ձուլել, որպեսզի ճանապարհի համար ծանր չլինի: Կարարայի ցուցահանդեսից հետո նա որոշում է Արցախում տեղ փնտրել՝ արձանի մեծ տարբերակը կանգնեցնելու համար: Եվ իր ընտրությունը կանգ է առնում Ստեփանակերտի մուտքի բլուրներից մեկի վրա:

 

«Ըմբիշները» քանդակի վրա աշխատելիս

 

Սարգիս Բաղդասարյանն արվեստանոցում


Արձանի ցուցահանդեսային տարբերակը բավական տարբերվում էր Ստեփանակերտի բլրի վրա կառուցված «Մենք ենք մեր սարերը» կոթողից, չնայած կոմպոզիցիայով նույնն են. երկու դեպքում էլ գլուխները հիշեցնում են մեծ և փոքր Մասիսները: Քանդակի սիմվոլը հայկական ավանդական ընտանիքի սկիզբն է: Բայց քանի որ դրվելու էր լանդշաֆտում ու բավական մեծ չափերով, պետք է լրիվ փոխվեր մոտեցումը: Ֆորմաները պետք է ավելի հստակ լինեին, հեռվից կարդացվող: Ու դրա համար նա որոշեց արձանը կերտել տուֆից: 


Հայրիկը չէր մտածում, որ այն ուխտատեղի պետք է դառնա. նախատեսված էր հեռվից նայելու համար: Եթե մտածեր՝ ուխտատեղի կդառնա, աստիճաններ ու հարմարավետություն կստեղծեր այցելուների համար: Չգիտեմ՝ նոր բարեկարգումները սրտով կլիներ, թե ոչ, բայց երևի իրեն էլ կհամոզեին, որ այդպես է լավ: 

 

«Հուշարձանը հավաքական կերպար է. քանդակելիս ոչ մեկին չի նմանեցրել»

Տարբեր վարկածներ եմ լսել կոթողի մասին: Սկզբում ասում էին՝ իր տատիկին ու պապիկին է կերտել: Բայց հայրիկը հավաքական կերպար է ընտրել, հակառակ դեպքում կոթողը կկորցներ իր իմաստը: Ասում են՝ կոթողի տակ մարդիկ կան թաղված. դա էլ իրականությանը չի համապատասխանում: Ասում են՝ Բագրատ Ուլուբաբյանն (պապայի մոտ ընկերն էր) է կոթողի անվանումը տվել, թե ով է անունը կնքել. ոչ ոք, նույնիսկ ես չեմ կարող ասել:

 

Մենք ենք մեր սարերը» հուշարձանի սկզբնական էսքիզը


 

 

«Կոթողը պայթեցնելու, ճակատին կրակելու փորձեր եղել են»

Աշխատանքը տևել է մոտ երկու տարի, ապա՝ 1967-ի նոյեմբերի 1-ին Ստեփանակերտի բլուրներից մեկի վրա կանգնեցվեց «Մենք ենք մեր սարերը» արձանը: Կոթողը պատրաստելու համար տուֆ քարը բերվել է Հոկտեմբերյանից: Ես 7 տարեկան էի, երբ նա քանդակում էր դրա աշխատանքային մոդելը, որ գիպսի նմուշը տանի Արցախ և չափերը ճիշտ վերցնի: Կարծում եմ՝ Կարարայի ցուցահանդեսից առաջ նա արդեն մտածում էր քանդակի մեծ տարբերակի մասին: Ի դեպ, հայրս է հետևել կոթողի շինարարական աշխատանքներին, իսկ շինարարական ձիրքերն իր հորից էր ժառանգել: 


Կոթողի բացում հենց այդ շրջանում չի եղել. չէին ուզում շատ ուշադրություն գրավել: Պաշտոնական բացումը եղավ միայն 2014-ին։ Վստահ եմ՝ հայրիկն ուրախ կլիներ տեսնել այդ օրը:


Հայրիկին առաջարկել էին կոթողի մեջ դատարկ թողնել, հետևից դուռ բացել: Իմաստն այդպես էլ չհասկանալով՝ մերժեց: Ամրության համար մեջը բետոն լցնել տվեց: Մի անգամ նկատել էինք, որ պայթուցիկ նյութի համար տեղ է փորված: Արձանի վրա «Գորշ գայլերի» գրություն էինք նկատել, ճակատին էլ կրակոցի հետքեր: 


Շատ խնդիրներ կային. կոթողը, ըստ միջազգային հանրության ընկալման, Ադրբեջանի տարածքում էր կանգնեցվելու: Պապայի կողմից մեծ համարձակություն էր Արցախում նման կոթող կանգնեցնելը: Սկզբից ասել էր, որ պատվանդան է դնելու և հայ-ադրբեջանական բարեկամությունը վկայող արձան է կառուցվելու: Ամեն մեկին մի բան էր ասում: Ի վերջո, նրանց մոտ էլ հարց ծագեց՝ ի՞նչ է նշանակում «Մենք ենք մեր սարերը», ո՞ւմ սարն է, ովքե՞ր են «ղարաբաղցիները»: Պապան հստակ պատասխան ուներ. ասել է «Ղարաբաղցիներ», հո ազգություն չի նշել, սարերն էլ ուղղակի սար են՝ տեղում ապրողների սարերը: Հետո տատիկի կերպարի տարազի խնդիրն առաջացավ: Ես ինքս եմ հիշում, որ Արցախում այդ շրջանում նման տարազ էին հագնում, դրան էլ «ղաբա» էին ասում: Մեր տանը դրանից կար, հետո պապան թանգարան հանձնեց: 

 


Սարգիս Բաղդասարյանն իր ամենահայտնի գործի հետ

 


Աշոտ Բաղդասարյանն արվեստանոցում

 

«Երբեք չէր մտածի, որ հենց այս աշխատանքն այսքան հնչեղություն կունենա»


Պապային երկու արվեստանոց էին տվել, մեկում աշխատում էր, մյուսը բնակարան էր դարձրել: Ես հետևում էի նրա գործերին այնքանով, որքանով արվեստանոցում եմ մեծացել: Նրա ստեղծած գրեթե բոլոր գործերին ականատես եմ եղել: 


«Ղարաբաղցիները» ստեղծելու ժամանակ 8 տարեկան երեխա էի: Հիշում եմ՝ միշտ զարմանում էի, թե ոնց է միաժամանակ մի քանի քանդակի վրա աշխատում (մինչև հիմա էլ զարմանում եմ): Վստահ եմ՝ երբեք չէր մտածի, որ հենց այս աշխատանքն այսքան հնչեղություն կունենա, կդառնա պատմություն ու Արցախի խորհրդանիշ:


Ուրախ եմ, որ հայրիկն իր փառքը վայելել է։ Գիտեր, որ մարդկանց մի մասը ճանաչում էր իրեն, ինչու մի մասը, որովհետև ո՞վ է հիմա ճանաչում քանդակների հեղինակներին: Այդ նրանք են առաքելության նման պատմություն ստեղծում, իրենք՝ թողնում, գնում…

հավելյալ նյութեր