Մտածել շոշափելով․ մակետավորման դասընթացներ Ճարտարապետության գրադարանում
Ճարտարապետության գրադարանում բացվել է մակետավորման արվեստանոցը։ ԵՐԵՎԱՆի հեղինակը ներկա է եղել դասընթացներից մեկին ու նույնիսկ մի քիչ սովորել աշխատել ծավալների հետ։
Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի
Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի
Այս փոքրիկ, հարմարավետ արվեստանոցը, որն իր նախկին կյանքում ավտոտնակ է եղել, հիմա բաց է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են աշխատել նյութերի ու ձևերի հետ, գծել, կտրել, չափել ու ստեղծել։
Այստեղ յուրաքանչյուր շաբաթ անցկացվում են մակետավորման պրակտիկ դասեր, որտեղ արվեստանոցի համադրողը բացատրում է՝ ինչպես և ինչով աշխատել։ Գրադարանի համահիմնադիր, ճարտարապետ Արսեն Կարապետյանի խոսքով՝ մակետավորումը ճարտարապետական նախագծման կարևոր մեթոդներից է․ «Մի բան, որ, ցավոք, մոռացվել է Հայաստանում, մինչդեռ արվեստանոցը միտված է վերակագնելու ծավալների հետ աշխատելու հետաքրքրությունը»։
Վերջին տարիների տեխնոլոգիաների զարգացման հետ ձեռքով մակետներ սարքելու անհրաժեշտությունը զգալիորեն նվազել է. ճարտարապետի փոխարեն դա անում է ծրագիրը։ Նույնսիկ համալսարաններում մակետավորումը՝ որպես դասընթացի պարտադիր մաս, ավանդույթի կարգով մնացել է միայն առաջին կուրսում, այն էլ զուտ որևէ նախագիծ ներկայացնելու համար։ Արդյունքում արվեստանոց եկած ապագա ճարտարապետ ուսանողների համար էլ դասընթացը նորություն է, քանի որ նույնիսնիկ նրանք առաջին անգամ են փորձարկում մակետավորումը որպես մտածողության ձև։ Ու չնայած նրան, որ Երևանում եռում է շինարարությունը, բայց ճարտարապետների այսպիսի անմիջական մասնակցությունը շենքեր նախագծելիս նվազել է։ Ասել է, թե անհրաժեշտություն է առաջացել սրբել փոշին ճարտարապետական նախագծման այս կարևոր տեխնիկայի վրայից՝ ճարտարապետների միտքը վառ պահելու համար։
Արվեստանոցի հիմնական նյութերը երկուսն են՝ գիպսն ու պենոպլաստը, բայց այստեղ կան նաև շատ այլ գործիքներ ցանկացած ուրիշ նյութի հետ աշխատելու համար։ Ու անկախ նրանից՝ պրակտիկ դասին ես եկել, թե ուղղակի սեփական էսքիզներով աշխատելու, արվեստանոցը բաց է մինչև 20:00:
Կարճ ասած՝ այստեղ ոչ թե զուտ որևէ շենքի նախագծի մակետավորում են սովորեցնում, այլ ծավալների հետ աշխատել ու մտածել շոշափելով՝ երևակայությունը միացրած։ Ուրեմն գտնում ենք երևակայության կոճակը ու…
Գաղափար-էսքիզ-պենոպլաստ-մակետ. մեխանիզմը պարզ է։ «Եթե ունեք էսքիզ, լավ է, եթե չունեք, ավելի լավ է»,- ասում է արվեստանոցի համադրող Սաշա Մանուկյանը ու միացնում լարը՝ նույն ինքը foam cutter-ը։ Սկսում ենք պրակտիկ դասը։ Սկզբում գծում ենք լանդշաֆտը, կտրում ու հետո անցնում շենքներին։ Ոգևորությունը գնալով աճում է, քանի որ դիպչելով ու շոշափելով ես մտածում, զգում ես նյութը, փոխում ու նախագծում ուզածդ շենքը։ Թվում է՝ ոչ մի արտառոց բան, նույնը, ինչ պիտի սովորեցնեն ճարտարապետականում։ Միայն թե կինոն դեռ նոր է սկսվում։
Մի քիչ դուրս ենք գալիս կոմֆորտ զոնայից, քանի որ հաջորդ քայլը որևէ մեծ շենքից ոչ ճարտարապետական բան ստանալն է։ Ինչ մտքովդ անցնի, ոչ մի սահմանափակում՝ շուն, մարդու դեմք, տոնածառ, շախմատ։ Չես էլ նկատում՝ ինչպես են թռնում ժամերը, ճիշտ մտքերիդ պես, որովհետև երևակայությունդ ազատ է։ Վերջում վերցնում ես ստեղծածդ թռչող կապիկին (դու արվեստագետ ես, այդպես ես տեսնում) ու պլանավորում հաջորդ այցդ արվեստանոց։
Ֆիզիկական ձևերի ու մակետների հետ աշխատելը մի առանձին արվեստ է, ու այն պետք է վայելել։ Համալսարաններում որպես կանոն սովորեցնում են՝ ինչպես ստանալ մակետ որևէ շենքի նախագիծ ներկայացնելու համար, մինչդեռ Ճարտարապետության գրադարանի արվեստանոցում սովորում ես ինչպես մտածել շոշափելով։ Ու ամենևին էլ պարտադիր չի, որ լինես ճարտարապետ, դիզայներ կամ նախագծող, Երևանի սիրելի բակում զբոսնելիս մի օր մտիր արվեստանոց, որ երևակայությունդ ազատ շնչի։