Ոգելից արշավ հայոց անցյալով (ալկոպատմություն մի քանի արարով)
Ոգելից խմիչքները (և ոչ միայն խմիչքները) մարդկության պատմության անբաժանելի մասն են արդեն մի քանի հազարամյակ։ Դրանք դեռ հնուց քաջ ծանոթ են աշխարհի, ըստ էության, բոլոր ժողովուրդներին, ցեղերին և մշակույթներին։ Հայոց աշխարհն էլ հազարամյակներ շարունակ իր ուրույն տեղն ու դերն է ունեցել համաշխարհային ոգելից քարտեզում։ Պատմաբան Տիգրան Զաքարյանը պատմում է այդ զարմանահրաշ ճամփորդության ուշագրավ դրվագների մասին (ու փորձում այդ ընթացքում «չարբենալ»):
Տեքստը՝ Տիգրան Զաքարյանի
ԵՐԵՎԱՆ #84 | 2024
Գինի՞, թե՞ գարեջուր. (ան)աստվածաբանական տուրուդմփոց
Երևի ամեն լավատեղյակ հայ գիտի՝ ներկա պահին մարդկությանը հայտնի ամենահին հնձանը հայտնաբերվել է 2011 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Արենիի հարևանությամբ գտնվող Թռչունների քարանձավում։ Այն մոտ 6100 տարեկան է։ Մի քիչ ավելի լավատեղյակներն էլ գիտեն, որ ավելի հին ժամանակների գինեգործության հետքեր (բայց ոչ հնձաններ) հայտնաբերվել են Վրաստանում, Իրանի հյուսիսային մասերում և Հունաստանում։
Կարմիր բլուրում հայտնաբերված կարասները
Արենիի հնագույն գինու գործարանը
Մերձավոր Արևելքը եղել է ինչպես գինու, այնպես էլ հացահատիկի մշակման վրա հիմնված գարեջրի եթե ոչ հայրենիքը, ապա գոնե ամենալայն տարածման տեղանքը։ Մի շարք երկրներում չկար հատուկ նախընտրություն։ Մինչդեռ հին հույները, իսկ ավելի ուշ՝ հռոմեացիք հայտնի էին գարեջրի նկատմամբ իրենց արհամարհանքով։ Ըստ նրանց՝ գարեջուրը «բարբարոսների» ըմպելիք էր, ի տարբերություն գինու, որը նրանք ըմպում էին (o՜ աստվածներ) միայն ջրախառն վիճակում։
Քրիստոնեությունն իր հատուկ վերաբերմունքով սրբագործեց գինին, որի կողքին գարեջուրն ընկալվում էր ընդամենը գինու փոխարինիչ այն երկրներում և տարածքներում, ուր խաղողագործության համար բնական պայմանները հարմար չէին։ Գինին գործածվում էր և շարունակվում է գործածվել տարբեր եկեղեցիների կողմից հացի հետ զուգահեռ՝ իբրև հաղորդության խորհրդանիշ։ Միջին դարերում այդ հացն ու գինին Հայ առաքելական եկեղեցու և իր ներկայիս «քույր եկեղեցիների» միջև անհաղթահարելի աստվածաբանական վեճեր էր առաջացնում։ Բանն այն է, որ եթե մեր եկեղեցին միայն անխառն գինի էր գործածում հաղորդության ժամանակ, ապա ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներն գինուն ջուր էին խառնում՝ հին հելլենների և հռոմեացիների ավանդած սովորությամբ։
Վայելքի և խրախճանքի տեսարանները տապանաքարային քանդակում, Արատես, Հին Խոտ
Հայ ալկո-արտահանության նրբությունները
Եթե Արենիի հարևանությամբ քարանձավը պատկանում է նախապատմական ժամանակաշրջանին, ապա պատմական դարաշրջանին վերագրվող հսկա կարասներով բազմաթիվ մառաններ են հայտնաբերվել ուրարտական ամրոց-քաղաքներում:
Ուրարտուն վերացավ, բայց հայոց ոգելից նախընտրությունները մնացին տեղում։ «Պատմահոր» համբավ վայելող մ.թ.ա. V դարի հույն պատմիչ Հերոդոտոսը հաղորդում է, որ Բաբելոնում իրեն հասած «հավաստի աղբյուրներից» հայտնի է դարձել, որ Հայաստանից վաճառականները հսկա տիկերով գինին՝ ուռենու ճյուղերից և մորթուց պատրաստված նավակներով Եփրատ գետի հոսանքով դեպի վար փոխադրում էին Միջագետք, որտեղ այն վաճառում էին։ Դրանից հետո հաջողակ վաճառականները, նավակի պատյան մորթին բարձելով ավանակներին, վերադառնում էին Հայաստան՝ կրկնելու նույն շահավետ ուղևորությունը։
Նույն ժամանակներում տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության երաշխավոր Աքեմենյան Իրանի արքայից արքաները սիրահոժար ընդունում էին բացառապես անվճար հիմունքներով Հայաստանից իբրև հարկ կամ ընծա ուղարկված գինիները։ Մնում է հուսալ, որ դրանք նույնքան օգտակար գործ են արել իրենց ժամանակներում, ինչ Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը՝ ԽՍՀՄ տարիներին (այդ մասին դեռ անպայման կխոսենք)։
6100 տարվա հնության խաղողի ճյուղեր և սերմեր
Իմ հնձանը քո նախարարությանը վնաս չէ
Ինչպես հայտնի է ամեն դպրոցականի, միջին դարերը ծանր ժամանակահատված էր մարդկության պատմության մեջ։ Ալկոհոլի նկատմամբ որևէ կրոնական արգելքով չսահմանափակված տառապյալ միջնադարցիները՝ ներառյալ հայերը, իրենց վշտերը պարբերաբար խեղդում էին հիմնականում գինու մեջ։
Հնագիտական պեղումները բացահայտել են այս դարաշրջանին վերաբերող բազմաթիվ հնձաններ և գինու մառաններ՝ ինչպես բնակավայրերում, այնպես էլ երբեմնի խաղողի այգիների տարածքում։ Քանի որ խաղողի տեղափոխումը դժվար և ծախսատար գործ էր, հասարակ մարդիկ իրենց ամենօրյա գործածության ըմպելիքը պատրաստում էին հենց այդ այգիներում կառուցված հնձաններում՝ գինու խմորման և պահպանման համար գործածելով հողի մեջ մինչև բերանը թաղված մեծ տարողությամբ կավե կարասներ։
Գինին և այգիները «հատուկ կարգավիճակ» ունեին եկեղեցական հաստատությունների համար՝ հասկանալի պատճառով։ Պահպանվել են բազմաթիվ հիշատակություններ՝ վանքերին և եկեղեցիների ուղղված այգիների մասնակի կամ ամբողջական նվիրաբերման կամ էլ որոշակի քանակությամբ գինու ընծայաբերման մասին։
Բնականաբար գինեկոնծության այդ ողջ շարժումից հետ չէր մնում և հայոց աշխարհիկ իշխանությունը, որի որոշ կարկառուն ներկայացուցիչներ երբեմն կարևոր որոշումներ էին կայացնում այդ ըմպելիքների թողած ազդեցության տակ։ Մեր հայրենական պատմահոր՝ Խորենացու (հավանաբար գունազարդված) վկայությամբ Վաղարշակ Արշակունի արքան Գնունի (այս անվան հիմքը նա համարում է «գինի ունի» արտահայտությունը) տոհմին «նախարարական ազգի» կարգավիճակ է շնորհում, քանի որ արքան շատ էր հավանում տոհմի Գին անունով ներկայացուցիչի «ընտիր և համեղ գինիներից պատրաստած ըմպելիքները»։ Ըստ նույն վկայության՝ դրանցից Վաղարշակը «շատ էր զվարճանում»։ Փաստորեն, սա հայ իրականության մեջ բարմեն-մատռվակի կարիերայի թռիչքաձև աճի առաջին արձանագրված դեպքն է։
Հայկական պատվիրակությունը գինի է նվիրում Դարեհին, Պերսեպոլիս (6-րդ դար Ք.ա.)
Գինին վայել է հային և հայուհուն
Մեր ոչ այնքան մոտ նախնիները, ինչպես իրենց ժամանակակից բազմաթիվ ժողովուրդներ, իրենց ինքնության կարևորագույն մաս էին համարում կերակրի և խմիչքների գործածության կանոնակարգումը։ Իսլամի կարևորագույն պատգամներից մեկը գինուց (որը մեկնաբանվում է իբրև ալկոհոլից՝ ընդհանրապես) և խոզի մսից հրաժարվելն է։ Սակայն քրիստոնեության վարդապետությունն էլ միջին դարերում ուներ իր պահանջները սննդի և խմիչքի նկատմամբ։
Մեկ այլ պատմիչի՝ Կիրակոս Գանձակեցու (XIII դար) ավելի արժանահավատ վկայության համաձայն, երբ մեծ իշխան Ավագ Զաքարյանը հրավիրվում է մոնղոլական Չարմաղան զորապետի խնջույքին, նրա առաջ դնում են տափաստանաբնակներին հատուկ «մաքուր և անմաքուր» կերակուրներ և խմիչքներ՝ այդ թվում և կումիս (հիմնականում ձիու կաթից պատրաստված թթվաշահամ ըմպելիք՝ ալկոհոլի չնչին պարունակությամբ)՝ գինու փոխարեն։ Իշխանը հրաժարվում է ճաշակել «անմաքուր» (այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից հավանության չարժանացած) սնունդն ու ըմպելիքը՝ հայտարարելով, որ քրիստոնեական կրոնը պահանջում է մասնավորապես գինի խմել։ Հետաքրքրական է, որ ըստ Գանձակեցու՝ բազում արշավանքներում անողոք և դաժան մարդու համբավ հանած մոնղոլ զորապետը կարգադրում է քմահաճ հյուրի բոլոր պահանջները բավարարել։
Անկասկած է, որ Հայաստանում գինին մեծ ժողովրդականություն էր վայելում հասարակության ամենալայն շրջանակներում դարեր շարունակ։ XI դարում Հայաստանով անցնող պարսիկ կրոնափիլիսոփա և բանաստեղծ Նասիր Խոսրովը վկայում է, որ Ոստանում (Վանի հարևանությամբ, չշփոթել Բոստոնի հետ) «կանայք և տղամարդիկ նստած կրպակների դիմաց գինի էին խմում՝ առանց որևէ ամոթի»։
Մեկ թասը լավ է, երկրորդը բավ է, իսկ երրորդը՝ խնդրահարույց
Ինչպես գինին և այլ ոգելից խմիչքներն առօրյա կենսակերպի մաս համարող այլ հասարակություններում, հայերի շրջանում ևս եղել են չափավորության կոչեր, որոնց մի մասը, թերևս, ըստ ընդունված կարգի՝ մնացած լինեն ձայն բարբառոյ յանապատի (վերջին երկու բառը ճիշտ կարդացողներ՝ կեցցեք)։ Այդուհանդերձ, հարբեցողությունը դատապարտող հատվածներ կարելի է գտնել տարբեր գրվածքներում։ Միջնադարյան Հայաստանում և հայ գաղթօջախներում երկար տարիներ օրենսդրության հիմք հանդիսացած Մխիթար Գոշի հայտնի դատաստանագրքում մինչև իսկ եղել է մի ողջ գլուխ՝ «Վասն գինարբուաց և նոցին վնասուց» (գինի խմողների և նրանց հասցրած վնասների մասին)։ Նախատեսված են եղել նաև հարբած վիճակում պատճառված մարմնական կամ նյութական վնասների փոխհատուցում։
Իսկ Այգեկցու առակներից մեկը պատմում է, թե ինչպես մի անգամ թագավորի որդին թունդ հարբած ընկնում է աղբանոցը և մեռնում, որից հետո վշտացած հայրն արգելում է իր երկրում գինին։ Մի այրի կին, սակայն, զանց առնելով հրամանը, գաղտնաբար իր որդուն ընթրիքի հետ իր սարքած գինուց էր տալիս։ Եվ մի օր էլ, փոքր-ինչ գինովցած որդին սպանում է թագավորական առյուծին։ Թագավորը պարզում է իրավիճակը, բայց ներում է շնորհում հերոսին և կարգադրում է, որ այգիներ հիմնեն ու գինի պատրաստեն, բայց այնպես խմեն, որ առյուծ կարողանան սպանել, այլ ոչ թե հարբած մեռնեն աղբանոցներում։
Այդուհանդերձ, հայ իրականության մեջ դժվար թե հարբերցողությունն ունենար այնքան մեծ ծավալ ու այնպիսի մեծ սոցիալական չարիք լիներ, ինչպես և շարունակում է լինել մի շարք հյուսիսային երկրներում, որոնք պատմականորեն զերծ էին գինեգործական ավանդույթներից։
Պատահական չէ, որ, ըստ լիովին արժանահավատ բանավոր աղբյուրների, Երևանը խորհրդային տարիներին միութենական հանրապետությունների մայրաքաղաքներից միակն էր, որտեղ չկար «սթափարան»։
Մխիթար Գոշի դատաստանագրքում եղել է «Վասն գինարբուաց և նոցին վնասուց» գլուխը
Մխիթար Գոշի դատաստանագրքում եղել է «Վասն գինարբուաց և նոցին վնասուց» գլուխը
Կիլիկիա առանց «Կիլիկիայի», կամ Քսենոփոնից ի վեր մեր կողմերով առանձնապես չհոսած գարեջրերի մասին
Հին դարերում ալկոհոլային հատկապես թույլ խմիչքները ոչ թե շռայլություն էին, այլ կյանքը պահպանելու նախադրյալ՝ հատկապես այնպիսի վայրերում, որտեղ բնակչությունը խիտ էր, իսկ մաքուր ջրի աղբյուրները՝ բացակայող։ Կարճ ասած՝ մարդիկ դեռ մանկուց խմում էին թույլ ալկոհոլային գարեջուր կամ ջրախառն գինի՝ կասկածելի միկրոֆլորայով ջրի փոխարեն։
Գարեջուրը հատկապես գործածական խմիչք էր Հայաստանի հարևան Միջագետքում, որտեղ շատ հացահատիկ էին աճեցնում, իսկ ջուրը բնակլիմիայական պայմանների բերումով հազիվ թե խմելու պիտանի լիներ։ Հայաստանում գարեջրի մասին կարելի է վկայություններ ստանալ Ուրարտական բնակավայրերի պեղումներից։
Իսկ Քսենոփոնի և հայոց գարեջրի մասին տեղյակ են բոլորը՝ ներառյալ իրեն հարգող ամեն մի գիդ-տաքսիստ-նախկին գործարար։ Մ.թ.ա. V դարում Պարսկական համադաշնության տարածքում մոլորված, թվով մոտ 10,000՝ հիմնականում անձը չպարզված, հունական արտաքինով, մինչև ատամները զինված անձանց ուղեկցությամբ Մեծ Հայքի «կադաստրի թղթով չհաստատված» տարածքով անցած և ժամանակին հելլենական աշխարհում բարձր ռեյտինգի տեր վերոհիշյալ անձն իր հաշվետվություն-բլոգում գրում է ինչ-որ «գարուց գինու» մասին, որն Արմենիայի աբորիգեններն ըմպում էին ծղոտե ձողիկներով։ Վերջինը թերևս պայմանավորված էր ոչ թե էսթետիկական ինչ-որ նախընտրություններով, այլ այն հանգամանքով, որ այդ հեղուկի երեսին գարու հատիկներ էին լողում և հավանաբար այն նաև ուներ նստվածք։ Այս նկարագրությունը նման է այդ և նախորդ ժամանակներում գարեջրի բազմաթիվ այլ նկարագրություններին։ Քսենոփոնի նկարագրության մեջ, սակայն, արտասովորն այն է, որ այդ «գարուց պատրաստված գինին» հեղինակի վկայությամբ՝ թունդ էր և դրան պետք էր ջուր խառնել։ Բայց եթե հիշենք, որ հույներն իրենք անխառն գինի չէին խմում և դա համարում էին բարբարոսական սովորույթ, գուցե դա ավելի հասկանալի լինի։ Մյուս կողմից՝ գուցե այն դարերում հին հայերն արդեն արտադրում էին «պորտեր» կամ այլ տեսակի թունդ գարեջրեր։
«Զանգա» գործարանի «Բոկ-Բիր» գարեջրի պիտակը
Քսենոփոնի դարաշրջանից հետո հայոց մեջ գարեջրի փիառի գործը, մեղմ ասած, «ձախ է գնում», քանի որ այս բառն անգամ համարյա չի հիշատակվում միջնադարյան ձեռագրերում։ Եզակի բացառություն է արդեն ուշ միջնադարի, ավելի կոնկրետ՝ XV դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան» երկում։ Իր աշխատության «Խելայ պակասութիւն եւ խէվութիւն» հատվածում Ամասիացին մասնավորապես գրում է. «Մասեհն ասէ, թէ յարենէ յառաջն երակ առ ի կիֆալէն, և թէ կարես՝ ի ճակտէն այլ առ. եւ գարէջուր տուր եւ Բ նռան ջուր, որ ծծէ. կամ կակուղ հոկնայ արա»։ Կարծես թե՝ սա հենց այն դեպքն է, երբ թարգմանությունը հնարավոր էր, բայց պետք չի։ Գարեջուրը նույն հատվածում դարձյալ հիշատակվում է՝ իբրև կազդուրվող հիվանդին առաջարկվող սննդակարգի մաս՝ խնձորի «շարապի» (հյութի կամ օշարակի) հետ զուգահեռ։ Մեզ և ձեզ մնում է հուսալ, որ նման գարեջրաթերապիայի արդյունքում ոչ մի բուժառու չի տուժել։
Գարեջրի հեղինակությունը Հայաստանում վերականգնվեց ընդամենը XIX դարից սկսած՝ Արևելյան Հայաստանում։ Գործարանային արտադրության գարեջուր Հայաստանի տարածքում հայտնվում է 1892-ին՝ արդյունաբերող Հարություն Ավետյանցի՝ Երևանի Հրազդանի ձորում գտնվող «Զանգա» գարեջրագործարանում։ Գործարանի արտադրած «Բոք-Բիր» գարեջուրը մեծ հեղինակություն էր վայելում Հայաստանի և Կովկասի սահմաններից դուրս։
«Կիլիկիա» գարեջրի գործարանը
Գարեջրագործությունը նոր թափ ստացավ խորհրդային տարիներին, երբ մի կողմից բացվեցին նոր գործարաններ, մյուս կողմից էլ՝ գարեջրի սպառման մշակույթը աստիճանաբար թափանցեց հայոց կենցաղ։
Այս գործընթացն իր հաղթարշավն է շարունակում մեր օրերում ևս, երբ ականատես ենք լինում նոր «քրաֆթային» գարեջրերի ստեղծմանը և մեր աչքի առաջ վերջին մի քանի տարիների ընթացքում ստեղծվածների արտադրության և ճանաչվածության ընդլայնմանը։
Կենացները թնդանում են կաղնե տակառներում
Օղու կամ դիստիլացված սպիրտի պատմությունը բավական հին է, սակայն դրա տարածումն ու մասսայական արտադրությունն առավել ուշ շրջանի պատմություն է և դրա պատճառը հավանաբար տեխնոլոգիական բարդությունն ու արտադրանքի թանկությունն էր։ Հայկական միջնադարյան ձեռագրերում էլ պահպանվել են տարբեր տեսակի թրմօղիների բաղադրատոմսեր, որոնք, իհարկե, պետք է որ վերապահված լինեին ամենաբարձր խավի համար։
XIX դարավերջին ազգագրական հետազոտություններում արդեն կարելի է հայտնաբերել օղու մասսայական գործածություն հայոց մեջ՝ հատկապես որոշակի արարողություններին, ինչպես, օրինակ, հոգեհացի ժամանակ, ինչը մեր օրերում էլ դեռ ուժի մեջ է։ Պատահական չէ, որ այդ շրջանում արդեն գինու և զուգահեռ օղու արտադրությունն Արևելյան Հայաստանում դրվել էր գործարանային հիմքերի վրա։
Բայց նոր դարաշրջանում Հայաստանում արտադրված թունդ խմիչքներից ամենանշանավորը, իհարկե, կոնյակն էր, որը կարելի է ասել, մի շարք դեպքերում վերածվել էր ռազմավարական ապրանքատեսակի։ Այս ազնվական խմիչքի պատմությունը Հայաստանում սկսում է 1887 թվականից, երբ ձեռնարկատեր Ներսես Թաիրյանն իր արդեն գործող գինու-օղու գործարանում սկսում է նաև կոնյակի արտադրություն։ 1892 թվականին Թաիրյանի գործարանի ստեղծագործական համույթին է միանում ֆրանսիական Մոնպելիեի քաղաքի գինեգործության ակադեմիան ավարտած խոստումնալից երիտասարդ մասնագետ Մկրտիչ Մուսինյանը, ինչից ձեռնարկությունը մեծապես շահում է։ 1900 թվականին Թաիրյանից գործարանը գնում է «Ն. Շուստով և որդիներ» ընկերությունը։ Նույն թվականին էլ գործարանն իր արտադրանքն ուղարկում է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի «կույր համտեսին», որտեղ արժանանում է գլխավոր մրցանակին։ Շուստովների ընկերությունը, որը նաև գործարաններ ուներ Քիշնևում և Օդեսայում, 1912 թվականին դարձավ ռուսական կայսերական պալատի մատակարար, ընդ որում՝ Երևանի գործարանի արտադրանքի ծավալը գերազանցում էր մյուսի երկու գործարաններինը միասին վերցրած։
Հռչակավոր կոնյակագործ Մարգար Սեդրակյանը
Հայաստանի առաջին հանրապետության տարիներին գործարանը՝ իբրև ռազմավարական նշանակության, ազգայնացվեց և ստացավ իր «Արարատ» անունը։
Որ հայկական կոնյակն իսկապես ստրատեգիական արտադրանք էր, երևում էր դեռ այն տարիներին։ Հայտնի է, որ 1921-ին Թուրքիայի հանրապետության հետ հաշտության բանակցությունների համար Կարս ուղարկված բանագնացներ Մռավյանն ու Մակինցյանը որոշակի բարյացակամ մթնոլորտ ապահովելու համար, ի թիվս այլ նվերների, իրենց հետ վերցրել էին մեկական արկղ գինի և հայկական կոնյակ։ Թե դրանից ինչ շահեցինք, պատմականորեն, պարզ չէ, բայց որ փորձը եղել է, փաստ է։
Ինչ վերաբերում է խորհրդային շրջանին, ապա հայկական կոնյակի մասին լեգենդներ էին պտտվում ողջ ԽՍՀՄ-ով մեկ։ Չերչիլի՝ հայկական կոնյակ սիրելու պատմությունից մինչև «Արարատ» տրեստի (խորհրդային շրջանից այդպես էր կոչվում Շուստովի գործարանը) երկարամյա գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի վայրիվերումներով հարուստ կյանքը, որն ըստ բանավոր տվյալների, փրկվել է հենց իր ստեղծած կոնյակի շնորհիվ։
Հայկական կոնյակը, ինչպես վերևում ակնարկեցինք, խորհրդային տարիներին աշխատում էր իբրև «Կրեմլի բանալի». Երևանում և ընդհանրապես Հայաստանում այդ տարիներից մնացած խոշորածավալ արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտների համար «լոբբինգը» խորհրդային իշխանությունների առաջ ավանդաբար իրականացվում էր հայկական կոնյակի ուղեկցությամբ։
ARARAT թանգարանի ցուցանմուշները
Կոնյակի առաջ բացվում էին ոչ միայն Կրեմլի, այլև շատ ավելի լուրջ դռներ կոնկրետ անձերի կյանքում։ Դեռ 1990-ականներին «աղջիկ ուզելու», այլ կերպ ասած՝ խնամախոսության ավանդույթում կարևոր կամ վճռորոշ նշանակություն ուներ իհարկե կոնյակը (ինչքան խոր խորհրդային «Արարատ» պիտակով՝ այնքան լավ)։ Եթե ընտանիքի հայրը բացեց թանկարժեք կոնյակը հյուրերի համար, ուրեմն վերջ, գործը գլուխ եկավ, այլ հարց, որ գուցե տարիներ անց երբեմնի հարսնացուն կամ փեսացուն ափսոսային, որ հայրիկն այդ շշի վերջն այլ հանգամանքերում չի տվել։
Կոնյակը վերջին հարյուրամյակի ընթացքում այնքան է մտել խորհրդահայ իրականություն, որ դադարել է լինել սոսկ ալկոհոլային խմիչք։ Այսպես, ՀՀ ընտրողների ռեգիստրից պարզվում է, որ հանրապետությունում կան շատ քիչ թվով, բայց ինքնատիպ «Կանյակ» անունով մարդիկ, անկասկած՝ ի նշանավորումն հայրենի կոնյակագործության մեծ հաջողությունների։
Հետկենաց
Ոգելից ըմպելիքով լի բաժակ բարձրացնելիս սովորաբար խմում են կյանքի (կենաց) և առողջության համար։ Հնում շատ հաճախ խմել են հենց այդպիսի ըմպելիքներ, քանի որ այլընտրանքը կարող էր մահացու լինել։ Հիմա, փառք Աստծո, այլընտրանքները շատ են։ Բայց ինչպես ամեն ազատություն, ընտրելու ազատությունը ևս շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում։
Այս ենթադրությամբ էլ խմենք ուրեմն պատասխանատու ըմպելու կենացն ու թող իսկապես մեր խմածն իր հետևանքներով հանդերձ՝ անու՛շ լինի։