«Տխրության եռանկյունի». Օսթլունդի ռուբենզոնադը
Ոսկե Ծիրան կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ԵՐԵՎԱՆի խնդրանքով պատմում է այս տարվա Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմի մասին։
Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի
2006 թվականին, երբ տարբեր փառատոներին, ինչպես և յուրաքանչյուր տարի, փնտրում էինք ինչ-որ արտասուվոր ու յուրահատուկ մի բան, ինչպես ասում են ՝ «something special», շվեդ կինեմատոգրաֆիստները խորհուրդ տվեցին ուշադրություն դարձնել Գյոթեբորգի արվարձաններում ստեղծագործող Ռուբեն Օսթլունդ անունով տարօրինակ ֆիլմերի հեղինակին, որը նոր էր ավարտել ոչ պակաս տարօրինակ «Մոնղոլոիդ կիթառը» վերնագրով մոքյումենտալ ցնորքը: Անհայտ ռեժիսորի ֆիլմը հայտնվեց նաև Ոսկե ծիրան կինոփառատոնի 3-րդ թողարկման արտամրցույթային ծրագրում:
Տարիներ անց Կաննի կինոփառատոնում հայտնվեց «Ֆորս մաժոր» սև կատակերգությունը՝ հաղթելով «Հատուկ հայացք» մրցույթային ծրագրում, հեղինակն էլ ստացավ շվեդական կինոյի նոր ձայնի տիտղոսը, որը հակադրվում էր բերգմանական կղերա-գեղարվեստական ծանր ավանդույթներին, միևնույն ժամանակ շարունակելով իր ուրիշ նշանավոր հայրենակիցների՝ Բու Վիդերբերգի և Ռոյ Անդերսոնի սոցիալ-երգիծական և սև աբսուրդիստական դիտանկյունները:
Դրանից էլ երեք տարի անց հոբելյանական 70-րդ Կաննի կինոփառատոնը գրկաբաց սպասում էր Օսթլունդի նոր՝ «Քառակուսի» ֆիլմին արդեն հիմնական մրցութային ծրագրում՝ Հանեկեի, Օզոնի և այլոց կողքին: 66 տարվա դադարից հետո Ոսկե արմավենու ճյուղը ուղևորվեց Շվեդիա, հանդիսատեսի քիմքին թողնելով խելահեղ դառնաժպիտ ու հաջորդ ֆիլմի անհագ սպասում, որի համար կպահանջվեր ևս 5 տարի և արդեն մեկ այլ հոբելյանական 75-րդ Կաննի կինոփառատոն, որտեղ քառակուսին պիտի դառնար եռանկյունի, իսկ արմավենու ճյուղը՝ կրկնակի:
«Տխրության եռանկյունի» շվեդ պլաստիկ վիրաբույժներն անվանում են հոնքերի միջտեղում ձևավորված ճակատի ստորին և թքի վերին հատվածի խոժոռվածությանը. նույքան պայմանական խորհրդանիշ, որքան ինստալացիոն «քառակուսին» էր նախորդ ֆիլմում:
Նորաձևության և մեդիա ինստա-ինֆլյուենսըրական համայնքի հայտնիներ Կառլը և Յայան հրավիրվում են շքեղ նավարկության՝ մեծահարուստ ուղևորների, ռուս օլիգարխի, բրիտանացի զինավաճառի, հարբեցող նավապետի կոնտրաստային ընկերակցությամբ: Ամերիկացի սոցիալիստի ու ռուս կապիտալիստի փիլիսոփայական զրույցներն ընդհատում է փոթորիկը, բոլոր նավաբնակներին տեղափոխելով անմարդաբնակ կղզի, որտեղ հիերարխիան գլխիվայր շրջվում է, սննդային շղքայի վերևում տեղավորելով հավաքարար տնտեսուհուն, որը միակ ձուկ որսալ իմացողն է: Տխրության եռանկյունին դառնում է բերմուդյան։
Արտաքինը՝ որպես կապիտալ, գեղեցկությունը՝ որպես տարադրամ, հմտությունը՝ որպես հաղթաթուղթ, քառակուսուց ու եռանկյունուց զատ Օսթլունդը՝ որպես ձևի ու բովանդակության հմուտ կոմբինատոր, օգտագործում է մեկ այլ երկրաչափական երևույթ՝ ինվերսիան, ձևափոխելով ու խախտելով տարրեը, կարգավիճակները, կարգերը, աշխարհը դարձնելով շրջադաս մի ապակառույց:
Ոգով ու էներգետիկայով «Տխրության եռանկյունին» թերևս մոտ է մեկ ուրիշ թարմ արմավենակիր ցիկլիկ ու կարգախախտ ֆիլմ-աղետին՝ Բոն Ջուն Հոյի «Մակաբույծին»:
Տագնապալի ու գլխիվար աշխարհում համերաշխ ու համաչափ Նոյյան տապանը վաղուց սուզվել է, իսկ ժամանակակից տապանը բացառապես «Տիտանիկ» է՝ հարուստներով ու աղքատներով, սիրուններով ու տգեղներով, ձախերով ու աջերով, որոնց չի միավորում արժեք ու արյուն, կրոն կամ գաղափար, այլ միմիայն անողորմ այսբերգը մոտալուտ հորիզոնին: