Ուրիշ արձաններ
Ինչպիսին կարող էին լինել Երևանի ամենահայտնի արձանները։
Տեքստը՝ Անի Սմբատիի, Արեգ Դավթյանի
Լուսանկարները՝ Ղուկաս Չուբարյանի ընտանեկան արխիվ, Արա Հարությունյանի ընտանեկան արխիվ, Երվանդ Քոչարի թանգարան
ԵՐԵՎԱՆ #26 | 2014
Երևանում կան տասնյակ արձաններ, առանց որոնց դժվար է պատկերացնել քաղաքը: Ու նույնքան դժվար է պատկերացնել, որ դրանց տեղում կարող էին մի փոքր այլ կերտվածքներ լինել՝ Մայր Հայաստանը մերկ կրծքով, Կոմիտասը վիշապաքարի կողքին, Թումանյանը կանգնած… Մենք փորձեցինք գտնել այդ և մի քանի այլ արձանների մրցույթներին ներկայացված տարբերակներ ու հասկանալ, թե ինչու դրանք չդարձան իրականություն՝ առանց կասկածի տակ դնելու հաստատված ու տեղադրված արձանների արժանիքները:
Կրքոտ Մայր Հայաստանը
Արա Սարգսյանի նշանավոր գործերի թվում է Մայր Հայաստանի արձանի տարբերակը: 1962 թվականին, երբ Ստալինի անձի պաշտամունքի քննադատությունն այլևս ընդունված իրողություն էր, Մոնումենտում առաջնորդի արձանն ապամոնտաժվեց, Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած մոնումենտալ պատվանդանը պահպանվեց, և ձեռնարկվեցին Մայր Հայաստանի արձանի էսքիզների շուրջ աշխատանքները:
Արա Սարգսյանի առաջարկած տարբերակի մասին ժամանակի պարբերականները գրում են, որ «այդ քանդակում չկան Սովետական Հայաստանը մարմնավորելու կոչված նահապետական կինը, կոմպոզիցիայի մեջ ամեն ինչ ներգրավելու, ամեն ինչ ասելու անհեռանկար միտումը, ակադեմիական անկիրք պաշտոնականությունը»:
Վարպետն արձանը կերտել էր մերկացած կրծքով, ինչն ընդունելի կլիներ քաղաքային քանդակագործության շրջանակում, բայց ոչ նման մասշտաբի և նշանակության դեպքում: Դա էլ քիչ էր, արձանը մի ձեռքում բռնել էր ցորենի հասկը, իսկ մյուսում՝ Զվարթնոց տաճարի խոյակներից մեկը: Անձի պաշտամունքից հրաժարված, բայց դեռևս աթեիստական գաղափարախոսությամբ համակված երկրում դժվար թե հանդուրժեին, եթե գլխավոր խորհրդանիշը քրիստոնեական տաճարի մասին հիշեցներ:
Ի դեպ, մինչ օրս լեգենդ է պտտվում, թե արձանը հակառակ կողմից ոչ թե կին է, այլ հրեշ և որ հենց այդ կողմով այն պետք է ուղղված լիներ Թուրքիային և սարսափեցներ ոսոխին: Մայր Հայաստանի այս տարբերակն այդպես էլ մանրաքանդակի տեսքով մնաց մի ամբողջ տասնամյակ. 1969-ին քանդակագործը մահացավ, իսկ 1975-ին արձանը վերջապես ձուլվեց նախատեսված մասշտաբով և տեղադրվեց Գյումրիում: Իսկ Մոնումենտի բարձունքում, ինչպես հայտնի է, տեղադրվեց Արա Հարությունյանի կերտած հուշարձանը:
Հետ տվեք մեր հողերը
Մայր Հայաստանի մյուս տարբերակի հեղինակը Արա Հարությունյանն էր, ում առաջարկած էսքիզներից մեկն էլ հաստատվեց տեղադրվելու համար: Արձանի բնորդուհուն՝ Ժենյա Մուրադյանին ընտրելը գործի կեսն էր, ժամանակ պահանջվեց նաև արձանի կեցվածքը, հագուկապն ընտրելու, սուրը բռնելու ձևն ու վահանի տեղն ընտրելու համար: Քանդակագործի թոռան՝ Արա Հարությունյանի խոսքով՝ սկզբնական տարբերակներում արձանն ավելի շատ փափկասուն կին էր հիշեցնում, ավելի մեղմ, հանդուրժող:
«Մայր Հայաստանի ծավալային կոմպոզիցիան իրենից խաչ է ներկայացնում, ընդ որում՝ թե՛ սկզբնական էսքիզներում, թե՛ բնօրինակում: Վահանը կար, բայց սկզբում կողքից էր դրված»:
«Ի սկզբանե որոշված էր, որ արձանն այնպես պետք է կանգնեցվի, որ դեմքով դեպի Արևմտյան Հայաստան ուղղված լինի, ուստի կերպարն էլ պետք է ավելի խրոխտ ու անսասան լինի: Պետք էր հայ կնոջ հավաքական կերպար ստանալ, որը կերտելիս Արա Հարությունյանը չէր կարող չանդրադառնալ նաև իր մոր կերպարին», — պատմում է նա:
Կանգնա՞ծ, թե՞ նստած
Երևանում Արա Սարգսյանի հեղինակած աշխատանքների թվում է Հովհաննես Թումանյանի արձանը՝ Ազատության հրապարակում՝ նույն հեղինակի (Ղուկաս Չուբարյանի հետ համատեղ կերտած) Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի հարևանությամբ: Երկուսն էլ նստած դիրքում են, բայց պարզվում է, որ 1938-ին, երբ վարպետը մասնակցում էր Թումանյանի արձանի ստեղծման համամիութենական մրցույթին, նա առաջարկել էր նաև մեկ այլ տարբերակ, որում Թումանյանը կանգնած էր: Բանաստեղծի արձանի մրցույթին ներկայացվել էին նաև այլ տարբերակներ, ընդ որում, այնքան շատ, որ մեկ տարի անց մրցութային աշխատանքների ցուցահանդես կազմակերպվեց:
Ի վերջո, 1940-ին ընտրվեց բազկաթոռով տարբերակը, սակայն Հայրենական մեծ պատերազմն ընդհատեց արձանի շուրջ աշխատանքները: 1951-ին, երբ պատրաստ էր արձանի վերջին էսքիզը, նախատեսվում էր պատվանդանին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա բարելյեֆներ կերտել, ինչն այդպես էլ չարվեց: Ազատության հրապարակում արձանը տեղադրվեց միայն 1957-ին:
Գլխատված Մաշտոց
Մատենադարանի մուտքի մոտ մարդկանց դիմավորող Մեսրոպ Մաշտոցի արձանի մրցույթի ժամանակ քանդակագործ Ղուկաս Չուբարյանը մի փոքր խորամանկության դիմեց: Բանն այն է, որ մրցույթին նա ներկայացրեց դասական ոճով կատարված էսքիզ, հաղթեց, բայց, չնայած հետագայում կոմպոզիցիան գրեթե որևէ փոփոխություն չկրեց՝ Մաշտոցը, կողքին ծնկի եկած Կորյունը, թուրն ու այբուբենը կային ի սկզբանե, ոճը ի վերջո բավական տարբերվեց սկբզնական նախագծից: Խոսքը ֆիգուրների պլաստիկայի մասին է: Չուբարյանն այնքան էր տարված այդ մտքով, որ հատուկ փորձառություն ձեռք բերելու համար՝ բազալտով նմանատիպ պատկեր ստանալու, կատարեց երկու գերեզմանաքանդակի պատվեր, չնայած սովորաբար դրանով չէր զբաղվում: Ձեռքը բացեց ու անցավ գործի:
Բայց շատ չանցած պարզվեց, որ հանրությունը դեռ պատրաստ չէր դրան: Ինչպես պատմում է քանդակագործի դուստրը՝ Անուշ Չուբարյանը, երբ արդեն սկսվեց երևալ Մատենադարանի դիմացի քանդակի արտաքինը, սկսվեցին հարձակումները՝ փոխաբերական և բառացի. «Նախ՝ մի շարք հոդվածներ, այն մասին, թե ինչպես կարելի է այսպիսի փորձարկումներ անել Մաշտոցի կերպարի վրա, արձանի անունը դրեցին «պինգվին»: Բանը հասավ նրան, որ նույնիսկ Սարյանը իր մոտ կանչեց Չուբարյանին ու խնդրեց վերադարձնել նախնական, դասական տարբերակը: Հայրիկը բավական հանդուգն պատասխանեց այդ պահանջին. «Իսկ դուք, մաեստրո, ձեր նկարում փոփոխություններ կանեի՞ք՝ ըստ ուրիշների պահանջի»: «Իհարկե ոչ», — ասաց նրան մաեստրոն, նա էլ ասաց՝ «Ես էլ չեմ անի»: Ու շարունակեց սկսածը»:
Հետո հարձակումները դարձան իրական: Մոսկվայից Կոսիգինի ժամանումից մի քանի օր առաջ անհայտ մարդիկ կոտրեցին Մաշտոցի գլուխը: Հետո այն իհարկե վերականգնվեց, բայց վերևի մասն արդեն ամբողջությամբ հարթ չէր, ինչպես միշտ ուզում էր հեղինակը: Չուբարյանը նաև պետք է Մատենադարանի մյուս արձաններն էլ սարքեր, բայց Մաշտոցի շուրջ բարձրացած աղմուկից հետո սահմանափակվեց միայն Մխիթար Գոշով: Այն էլ միայն նրա համար, որ Գոշի դեմքը կերտի հոր դեմքից: «Դրա մեջ հատուկ խորհուրդ կար, — բացատրում է Անուշ Չուբարյանը, — Գոշից հետո հայկական սահմանադրությունը հենց նա էր ստեղծել: Ի դեպ, Մաշտոցի դեմքն էլ փաստորեն ինքնադիմանկար էր ստացվել»: Առաջինն այդ ոչ պատահական նմանությունը Հրանտ Մաթևոսյանն էր նկատել:
Ոչ դոմինանտ
Ի տարբերություն Մաշտոցի, Չուբարյանի Սարյանն ու Կոմիտասը այդպես էլ չկանգնեցվեցին: Պահպանվել են դրանց երկուական էսքիզներ՝ մրցույթների առաջին ու երկրորդ փուլերի համար: Կոմիտասի առաջին տարբերակում վարդապետը վիշապաքարի ֆոնին է պատկերված, երկրորդում՝ շվիով, առաջինի հետ համեմատ ավելի ողբերգական կերպարանքով: Հայտնի է, որ Չուբարյանի քանդակը պետք է զգալիորեն ավելի փոքր լիներ, քան այն, որ հիմա կա Կոնսերվատորիայի դիմացի պուրակում (հեղինակ՝ Արա Հարությունյան): Ընդհանրապես, նա չէր սիրում, երբ արձանը դոմինանտ էր դառնում և իր վրա էր վերցնում միջավայրի ողջ ուշադրությունը:
Նույնը վերաբերում էր Սարյանի արձանի էսքիզներին: Հատկապես երկրորդ տարբերակում, որտեղ մաեստրոն հենված է բարձր քարակոթողին, այսինքն՝ ինքը Սարյանը երևում էր միայն դիմացից:
Կոթողի հետնամասի պատկերները խորհրդանշում էին ամբողջ հայկական արվեստը, որի ժառանգորդն ու շարունակողն էլ Սարյանն էր: Չնայած որ երկու տարբերակներից ոչ մեկը չիրականացվեց (հաղթող ճանաչվեց Լևոն Թոքմաջյանի աշխատանքը), Չուբարյանն արդեն մաեստրոյի իր քանդակն ուներ. դա տեղի էր ունեցել այս մրցույթից մի քանի տարի առաջ՝ Պատկերասրահի պատվերով: Սարյանի այդ դիմաքանդակով քանդակագործը շատ հպարտ էր, քանի որ հռչակավոր նկարիչը պատրաստակամությամբ ժամերով կեցվածք էր ընդունում և, որ ամենակարևորն է, վերջում շատ գոհ էր մնացել արդյունքից: Ի դեպ, չուբարյանական Կոմիտասի մրցութային տարբերակներից մեկն էլ 2009 թվականին տեղափոխվեց Պատկերասրահ:
Երգի ուժը
Կոմիտասի կերպարին Արա Հարությունյանը պարբերաբար անդրադարձել է: Նրա թոռան խոսքով՝ այդ թեման քանդակագործին միշտ է հետաքրքրել, իր կյանքի գլխավոր ստեղծագործական թեմաներից մեկն է եղել: Դեռևս 1969-ին Երևանի կոնսերվատորիային հարող այգում Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար տեղադրվեց: Մրցույթը հայտարարվեց շատ ավելի ուշ՝ 1987-ին, և Արա Հարությունյանը մի քանի տարբերակ առաջարկեց: Դրանցից մեկում վարդապետը կանգնած է՝ գրեթե կրկնելով Պանթեոնում տեղադրված և նույն հեղինակին պատկանող մահարձան-կիսանդրին, բայց ընթացքում պարզ դարձավ, որ Կոմիտասը պետք է նստած դիրքով պատկերվի:
Աթոռին նստած վարդապետին պատկերելը չափազանց պարզամիտ կլիներ, այնպես որ՝ խնդիրը հեշտ չէր: Բայց մի անգամ, երբ քանդակագործը լսում է Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը, նրա մտքով անցնում է, որ հենց ծիրանի ծառի ճյուղին էլ կարող է նստած լինել երգահանը: 1988-ի հունվարին արձանն արդեն տեղադրվել էր այգում:
Գիպսե հերոսը
Քչերն այսօր գիտեն, որ կայարանին հարող հրապարակում գտնվող Սասունցի Դավթի արձանն առաջինը չէ: Ընդ որում, որքան էլ զարմանալի թվա, նախորդի հեղինակը նույնպես Երվանդ Քոչարն է: 1939-ին Երևանում պատրաստվում էին մեծ շուքով նշել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակը: Ինչպես հաճախ պատահում է Հայաստանում նույնիսկ ամենալավ գաղափարների հետ, ամեն ինչ արվեց վերջին պահին: Տոնակատարությունները ծրագրվում էին հոկտեմբերին և ամռան ամիսներին որոշվեց, որ հոբելյանի տոնումը թերի կլինի առանց էպոսի գլխավոր հերոսի արձանի: Մրցույթ հայտարարվեց. հայ վարպետներին հանձնարարվեց Սասունցի Դավթի արձանի էսքիզ պատրաստել: Սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ դրա համար 1–2 տարի ժամանակ է հարկավոր, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված:
Այդ ժամանակ Երվանդ Քոչարը նոր էր վերադարձել Փարիզից, և հենց նա էր, որ հանձն առավ իրականացնելու այդ աշխատանքը՝ դրա համար պահանջելով միայն մի քանի օգնական: Փայտե մի քանի մետրանոց պատվանդանին Սասունցի Դավթի գիպսե արձանը պատրաստ էր 18 օր անց: Արձանը տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց շուրջ 2 տարի՝ մինչև վարպետի ձերբակալումը: Քոչարին ներկայացված մեղադրանքներից մեկն այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը սուրում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», նրան մեղադրեցին ֆորմալիզմի մեջ, ինչը հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն, բանտարկեցին, իսկ արձանը ոչնչացվեց: 2 տարի և 2 ամիս բանտում անցկացնելուց հետո վարպետին ազատ արձակեցին հանցակազմի բացակայության հիման վրա: 1957-ին, երբ Քոչարն արդեն ճանաչված ու հարգված էր թե՛ արվեստագետների ու արվեստասերների, թե՛ հասարակ ժողովրդի ու իշխող շրջանակների կողմից, Երքաղսովետը նրան վերստին հանձնարարեց Սասունցի Դավթի արձան կերտել, որն էլ մինչև օրս տեղադրված է վերոհիշյալ հրապարակում:
Այլ պատճառներ
Այծեմնիկ Ուրարտուն համարվում է առաջին հայ կին քանդակագործներից մեկը: 1926 թվականինին, երբ նրա «Անապաստանը» և «Հանգիստ» ստեղծագործությունները մրցանակներ շահեցին Մոսկվայում, հայտարարվեց Ստեփան Շահումյանի հուշարձանի համամիութենական մրցույթը: Ուրարտուն ևս մասնակցում էր այդ մրցույթին և ներկայացրեց իր տարբերակը, որն էլ առաջին մրցանակ ստացավ: Այդուհանդերձ, չնայած տարած հաղթանակին, ինչպես նշվում է տարբեր աղբյուրներում, «այլ պատճառներով տեղադրվեց Սերգեյ Մերկուրովի գործը»: Այսօր այդ «այլ պատճառները» միանգամայն բացատրելի են. ըստ ամենատարածված վարկածի՝ Ուրարտուի աշխատանքը մերժվեց իր ամուսնու պատճառով: Իսկ ամուսինը պատմաբան և պետական գործիչ Աշոտ Հովհաննիսյանն էր, որի ուսումնասիրությունները հայ ազատագրական մտքի շուրջ բնավ դուր չէին գալիս խորհրդային իշխանություններին:
Պատահական չէր, որ 1937 թվականին բռնադատվածների թվում հայտնվեց նաև նրա անունը: Ուրարտուի հաղթած, բայց այդպես էլ կյանքի չկոչված տարբերակի էսքիզներ չեն պահպանվել, փոխարենը կարելի է տեսնել մեկ այլ մրցութային հայտ, որի հեղինակներն են ճարտարապետներ Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը, Գրիգոր Քոչարը և քանդակագործ Արա Սարգսյանը: