Ուղղությունը՝ Ֆիզիկա
Գիտավան

Ուղղությունը՝ Ֆիզիկա

1950-ականներին Երևանում Ֆիզիկայի ինստիտուտի կողքին կառուցվեց աշխատակիցների համար նախատեսված թաղամասը, որ շատ չանցած ստացավ ոչ պաշտոնական Ֆիզգառադոկ անվանումը։ Թաղի բնակիչ, լրագրող Նունե Մելքումյանը բացատրում է, թե ինչու է գիտավանը բացառիկ նույնիսկ այսօր։

Տեքստը՝ Նունե Մելքումյանի

 

Լուսանկարները՝ Արթուր Լյումեն Գևորգյանի

 

ԵՐԵՎԱՆ #65 | 2020

 

#Ճարտարապետություն #Գիտություն

- Ո՞ր կողմ ենք գնալու։

- Մարգարյան նրբանցք։

- Ու՞ր։

- Ֆիզիկա։

- Բա տենց ասեք։ Չորրորդին՝ ուղղությունը Օպերայից Ֆիզիկա։

 

 

***

Ես ֆիզգառադոկում չեմ ծնվել։ Ծնողներս էլ ֆիզիկոս չեն։ Մենք այստեղ ենք տեղափոխվել տարիներ առաջ, երբ նոր բնակարանի երկար փնտրտուքներից հետո մայրս մի օր հիշեց, որ համալսարանական տարիներին ընկերուհիներ ուներ՝ հենց ֆիզգառադոկից։ Ու ծնողներս սկսեցին հետաքրքրվել։

 

Մի երկու բնակարան կար վաճառքի, բայց ասում էին՝ ֆիզգառադոկցիները դժվար են որոշում կայացնում։ Ուզում են աշխարհայացքներով հնարավորինս իրենց համայնքին մոտ բնակիչ գտնել։ Համենայն դեպս այդ տարիներին այդպես էր։ Ամառ էր, շաբաթ կամ կիրակի։ Հայրս ու մայրս նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին բնակարաններից մեկի տերերի հետ, որից հետո ողջ ընտանիքով պետք է գնայինք ծանոթանալու։ Երբ եկանք, սկզբում ծնողներս բարձրացան, ես և քույրս մնացինք բակում, մուտքի մոտ, մինչև որ կանչեին։ Դա իմ առաջին այցն էր ֆիզգառադոկ։

 

 

Ֆիզգառադոկը մարդկանց մոտ առաջին հերթին կանաչ տարածքների հետ է ասոցացվում։ Եվ դա տրամաբանական է՝ Երևանում մեկ ամբողջ բնակելի թաղամասի նման հիմնարար կանաչապատման օրինակ դժվար է գտնել։ Բայց այդ օրն ինձ՝ տասնհինգ տարեկան դեռահասիս, մարդիկ էին հետաքրքիր։ Աննկատելիորեն ուսումնասիրում էի մեր ապագա հարևաններին, ովքեր տիպիկ հանգստյան օրվա առօրյայով էին զբաղված՝ ով զբոսնում էր, ով խաղում, ով պատրաստվում քաղաքից դուրս գնալ։ Բարձրահասակ ու գեր մի մարդ փորձում էր մանկական լոգարանն ապարդյուն տեղավորել մեքենայի բեռնախցիկում. զուգահեռ երկար սպիտակած մազեր ունեցող իր կարճահասակ ընկերոջը հուզված ինչ-որ բան էր պատմում։ Լսեցի, որ ռուսերեն էին խոսում։

 

Հետո հայրս եկավ, մեզ վերև կանչեց՝ բնակարանի տանտերերի հետ ծանոթանալու։ Այդ օրը, այդ մարդիկ, այդ կարմիր մանկական լոգարանը, որ բեռնախցիկում այդպես էլ չտեղավորվեց, մխրճվել են հիշողությանս մեջ։ Ուղիղ մեկ տարի անց դարձանք ֆիզգառադոկցի։ Եվ խոսքը պարզապես բնակության վայրի մասին չէ։

 

Այստեղ

Հալաբյան փողոցի կանգառը (որին երևանցիները ռոմանտիկ անվանում են Ֆիզիկայի կանգառ) ու ֆիզիկայի ինստիտուտի դիմացի հրապարակն իրար է միացնում կանաչապատ մի փողոց և մի 5 րոպե քայլելու ժամանակ։ Երեք րոպե, եթե ուշանում ես։ Երկու րոպե, եթե ուշանում ես քննությունից։

 

Այս փողոցում ես նույնիսկ սիրած ծառ ունեմ՝ փոքրիկ ծիրանենին։ Միշտ կենտրոնի ծառերից մի քանի օր ուշ է ծաղկում։ Ասում են՝ ֆիզիկայի գիտավանի հիմնադիր, ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանն ուզում էր, որ այստեղի բոլոր ծառերը պտղատու լինեին, բայց կանաչապատմամբ զբաղվող մասնագետներն Ալիխանյանին հետ համոզեցին՝ ասում էին, կողքի Դավթաշեն գյուղի էրեխեքը մրգերը քաղելիս անզգույշ կլինեն, ծառերի ճյուղերն էլ հետը կջարդեն, ափսոս է։ Փոխարենը որոշեցին, որ պտղատու ծառերը կլինեն, բայց տեղ-տեղ։

 

 

 

Առհասարակ այսօր արդեն անհնար է պատկերացնել, որ հիսունականների վերջին, երբ ակադեմիկոս Ալիխանյանը մոտեցավ իր կյանքի ամենաամբիցիոզ նպատակի իրականացմանը, այժմյան ֆիզիկայի գիտավանի փոխարեն չկար ոչինչ, հայաստանյան անապատ էր՝ չոլ։ Չոր խոտ, ավազ, քարեր, ու բնակվում էին այստեղ ոչ թե ֆիզիկոսները, այլ օձերն ու կարիճները։

 

Արտեմ Իսահակովիչի գործընկերները պատմում էին, թե ինչպես մի ուշ երեկո Ալիխանյանն իրենց առաջին անգամ այստեղ բերեց՝ տարածքը ցույց տալու։ Ասում էր, ինստիտուտ է լինելու՝ արագացուցիչ, այգիներ, 3-4 հարկանի շենքեր, հյուրանոց, մանկապարտեզ…  Եվ դա այն ժամանակ, երբ Հալաբյան փողոցը դեռ ասֆալտապատ չէր, Դավիթաշենը գյուղ էր, Ծիծեռնակաբերդի կառուցմանը տասը տարի կար, իսկ Համալիրին՝ երեսուն։ 

 

Ալիխանյանը կիսվեց նպատակներով, բոլորը լուռ էին։ Այդ պահին վարորդը մի քար բարձրացրեց գետնից՝ տակն օձերի կծիկ էր։ Գործընկերները մտածում էին, որ այս անգամ Ալիխանյանն անհնարին բան է նախաձեռնել։ Ալիխանյանը մտածում էր, թե ինչքան լավ տեղ է լինելու ֆիզգառադոկը։ 

 

Հիմա Ալիխա՞նով, թե Ալիխանյան

Ելիզավետպոլցի Իսահակ Ալիխանյանը երկու որդի ուներ։ Երբ ֆիզգառադոկի հիմնադիր Արտեմ Ալիխանյանի ավագ եղբայրը՝ Աբրահամ Ալիխանյանը (Ալիխանովը), ուսանում էր Լենինգրադում և պատրաստվում ֆիզիկոս դառնալ, կրտսեր Արտեմը դեռ նոր պետք է որոշեր, թե որ ուղղությամբ շարունակի ուսումը դպրոցից հետո։ Պատմում են, թե ապագա ֆիզիկոսը միանգամից երեք բարձրագույն ուսումնական հաստատություն էր դիմել Լենինգրադում՝ համալսարան, պոլիտեխնիկ ինստիտուտ ու ծովային դպրոց։ Ծովի և գիտության բարդ մենամարտում հաղթեց գիտությունը՝ մաթեմատիկան, իսկ այնուհետև արդեն ֆիզիկան։

 

 

Երեսնականներին Արտեմ Ալիխանյանը սկսում է իր կյանքի «մոսկովյան» փուլը՝ գիտական արդյունքներ, մրցանակներ, փայլուն կարիերա մայրաքաղաքում, ծանոթություն և ջերմ ընկերական հարաբերություններ տեղի մտավորականների հետ։ Եղբայրները՝ Աբրահամն ու Արտեմը, երկար տարիներ միասին են աշխատել և նույնիսկ միասին հիմնել տիեզերական ճառագայթների՝ ԽՍՀՄ-ում առաջին բարձրլեռնային կայանն Արագած լեռան վրա։ Բայց եթե Աբրահամ Ալիխանովի կենսագրության ամենափառահեղ էջերը Մոսկվայում էին, Արտեմ Ալիխանյանը դեռ պետք է կանգներ հայաստանյան գիտական ծաղկունքի ակունքներում՝ դառնալով այն մարդկանցից մեկը, ում շնորհիվ ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունն ու ֆիզիկայում հայ գիտնականների ունեցած ձեռքբերումները վերջինս դարձրեցին «ազգային» գիտություն։

 

Երևան

Հիսունականների վերջին սկսվում է արդեն կայացած և հայտնի գիտնական, հիսունամյա Արտեմ Ալիխանյանի կյանքի նոր՝ «երևանյան» փուլը։ Նա որոշում է Երևանում հիմնել մասնիկների արագացուցիչ, որի շուրջ կկենտրոնացվեր ֆիզիկոսների մի ամբողջ համայնք։

 

Համայնքն ի սկզբանե կարևոր դեր է խաղացել Ալիխանյանի նախագծում՝ նա եռանդ ու միջոց չէր խնայում լավագույն մասնագետների համար կատարյալ գիտավան ստեղծելու համար։ Առաջին բնակիչները սկսում են գիտավան տեղափոխվել շինարարությանը զուգահեռ։ Հիշում են, որ այդ ժամանակ չկար ոչինչ՝ ոչ Հալաբյան փողոցը, ոչ էլ որևիցե տրանսպորտ։ Նույնիսկ ջուրն էին բնակիչներին ցիստեռններով բերում։ Կային նաև ավտոբուսներ, որ ամեն օր մարդկանց տանում էին Երևանի կենտրոն։ Զուգահեռ կառուցվում էր արագացուցիչն ու ԵրՖի-ի՝ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի, այժմյան շենքը։

 

 

 

Ենթակառուցվածքը ևս շատ կարևոր էր Ալիխանյանի համար։ Ֆիզիկայի ինստիտուտին առընթեր կառուցվեց հյուրանոցը, որտեղ ապրում էին ֆիզիկայի դպրոցների համար Հայաստան այցելող գիտնականները։ Գիտավանից մի փոքր վերև կար մանկապարտեզ։ Առ այսօր գործում են թենիսի կորտերը։

 

Քանի որ կար եռանդուն աշխատանք ինստիտուտում, պետք է նախատեսվեր և հանգիստը։ Այդպես կառուցվեց Ֆիզիկայի հայտնի կլուբը՝ թաղամասի գլխավոր մշակութային կենտրոնը, որտեղ ելույթ են ունեցել բազմաթիվ արվեստագետներ՝ Հայաստանից ու արտերկրից։

 

Ի դեպ, ինչ թույլատրելի է Յուպիտերին, չի թույլատրվում ցլին։ Սովետում հակառակն էր՝ իշխանության հետ խնդիրներ ունեցող արվեստագետների ելույթները Մոսկվայում անհնարին էր կազմակերպել, մինչդեռ Երևանում, ֆիզիկայի գիտավանում ելույթ էին ունենում կամ պարզապես այցելում այդպիսի «անցանկալի էլեմենտներից» շատերը։ Անձամբ Արտեմ Իսահակովիչը ծանոթ և մտերիմ էր նրանցից շատերի հետ, ոմանց նույնիսկ դժվար տարիներին օգնում էր։

 

Ֆիզգառադոկի վերջին հյուր-դիսիդենտներից մեկն Իոսիֆ Բրոդսկին էր։ Կլուբում ելույթ չի ունեցել, բայց իր ծանոթ ֆիզիկոսների մոտ էր ապրում։ Մի օր ընթրիքի ժամանակ էլ մեծ վեճից հազիվ խուսափեցին՝ Ալիխանյանն ու Բրոդսկին Լիլյա Բրիկին էին քննարկում։ Ֆիզիկոս Սերգեյ Մարտիրոսովն է իր հուշերում Բրոդսկիի մասին գրում։ Ասում է, եզակի պահ էր՝ էմոցիոնալ և համառ Արտեմ Իսահակովիչն առաջինը որոշեց վեճից խուսափել։

 

Ի դեպ, ֆիզգառադոկի կլուբի կողքին մի հետաքրքիր արձան կա՝ հայ աղջկա դիմանկարով։ Արձանի անունն «Արուս» է։ Ֆիզիկոսներն այդպես նուրբ ու մեծ սիրով իրենց արագացուցիչն են անվանել ՝ Армянский Ускоритель` АрУс, ու արձան կանգնեցրել։ Եվ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ «ֆիզիկի-լիրիկի» կոնցեպտը հասկանալու համար։

 

 

 

Այսօր

Շատ տարիներ են անցել մեր ընտանիքի՝ ֆիզգառադոկ տեղափոխվելուց, բայց ինձ մոտ դեռ կա նորեկի յուրահատուկ ընկալումը, որի շնորհիվ նկատում եմ այն, ինչ հին բնակիչների համար առօրյայի մաս է՝ հասարակ և սովորական։ Արդեն հարազատ համայնքում ես գիտակցաբար մի փոքր զբոսաշրջիկ եմ մնում՝ ավելի սուր զգալու և գնահատելու այն ամենն, ինչ ֆիզգառադոկցիներից շատերը՝ տասնամյակներ առաջ այստեղ տեղափոխված ֆիզիկոսների երեխաները, թոռներն ու նույնիսկ փոքրիկ ծոռները, երջանիկ են ընկալել իբրև բնական։

 

Իհարկե, այն ենթակառուցվածքային թափը, որ ֆիզիկայի գիտավանն ուներ ԽՍՀՄ տարիներին, այսօր չկա։ Չկա և ֆիզիկայի ինստիտուտի թափը՝ չնայած որ այստեղ դեռ աշխատում են գիտնականներ, այդ թվում գիտավանի տարեց բնակիչներից։ Ամեն առավոտ դանդաղ աշխատանքի են գնում, կտրում են Ֆիզիկայի ինստիտուտի մեծ հրապարակը, ողջունում իրար, Արտեմ Իսահակովիչի կիսանդրիի կողքով անցնում…

 

 

 

Ֆիզգառադոկն օժտված է փոքր բնակավայրերի շատ հատկանիշներով։ Օրինակ, բոլոր մարդիկ հանդիպելիս բարևում են՝ անկախ նրանից, իրար անձամբ ճանաչում են, թե ոչ։ Ինձ համար նոր էր, իսկ հիմա ես էլ եմ սովորել։ Իսկ երբ նոր աղջկաս առաջին անգամ բերեցի մերոնց տուն ու զբոսանքի գնացինք, հարևանները պատուհաններից ողջունում էին՝ «Բարի գալուստ, նոր մարդ»։

 

Իհարկե, բոլոր երիտասարդները ևս իրար ճանաչում են։ Գիտեն նաև ով ում երեխան է, ում թոռը՝ իմ հասակակիցների տատիկներն ու պապիկներն էին այն ֆիզիկոսները, որ այստեղ բնակարան ստացան։ Հիշում եմ, ինչպես եկավ ապահովության զգացողությունը։ Փոքր քույրս, 12-13 տարեկան երեխա լինելով, ֆիզգառադոկի այլ էրեխեքի հետ Ամանորի գիշերը բակում էր անցկացնում։ Իսկ ես Հալաբյանի ֆիզիկայի կանգառից ամեն ուշ երեկո հանգիստ տուն էի գալիս։

 

Լավ նախագծված համայնքում գոյություն ունի սեփական տան շատ ավելի լայն զգացողություն, քան պարզապես բնակարանը, մուտքը, վերելակը։ Տունը համայնքն է և դա ազդում է և՛ վերաբերմունքի, և՛ գործողությունների վրա։ Օրինակ, իննսունականների մութուցուրտի ժամանակ վառելիքի հայթայթումից ֆիզգառադոկի ծառածածկն անհամեմատելի քիչ տուժեց՝ բնակիչները փորձում էին ձեռք չտալ։ Իսկ հետո սկսվեց ֆիզիկոսների կանաչ ակտիվիզմը։ Ֆիզգառադոկցիները մեկը մյուսի ետևից կանաչապատմամբ զբաղվում են բացարձակ կամավոր հիմունքներով։ Մեր հարևան Արտավազդ Մարգարյանն այս տարի միայն 88 ծառ է տնկել։

 

 

Երևի դա ևս մեկ պատճառ է, ինչու ֆիզգառադոկցիները՝ այդ թվում ես ու ծնողներս, չեն կարողանում համակերպվել քաղաքապետարանի որոշման հետ՝ երեք և չորս հարկայնություն ունեցող շենքերի հստակ զոնավորված թաղամասում բարձրահարկ շենք կառուցել՝ շենքերին կից, հրապարակ դուրս եկող։ Պայքարն արդեն մի քանի տարի է շարունակվում։ Բայց այն միտքը, որ այսքան տարի գոյատևած, պահպանված, փայփայած ֆիզիկայի գիտավանը կարող է վերափոխվել և կորցնել իր ողջ հմայքը, ինձ անձամբ ֆիզիկական ցավ է պատճառում։

 

Եթե ԽՍՀՄ-ում լիներ visioner կոնցեպտն ու բառը, ապա Արտեմ Ալիխանյանին կասեին ոչ միայն մեծ գիտնական, այլ նաև հայ մեծ visioner, ով ստեղծեց Երևանի զոնավորման, համայնքների կառուցման, քաղաքային ենթակառուցվածքների հարմարեցման եթե ոչ միակ, ապա եզակի օրինակներից մեկը։

 

Իսկ մեզ մնում է միայն չփչացնել այն։