Ո՞վ է գյումրեցին․ առասպելներ և փաստեր
Ազգագրագետ, մարդաբան Գայանե Շագոյանը մեկ առ մեկ ուսումնասիրել է գյումրեցիների մասին ամենահայտնի միֆերը՝ փորձելով գտնել այն սոցիալական բաղադրիչը, որը պատճառ է դարձել դրանց ստեղծման համար:
Տեքստը՝ Լուսինե Ոսկանյանի
Լուսանկարը՝ Առնոս Մարտիրոսյանի
Նկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահ / gallery.am
ԵՐԵՎԱՆ #57 | 2020
Ի տարբերություն ապարանցիների կամ արցախցիների մասին ձևավորված ընդհանուր պատկերացման՝ գյումրեցու կերպարը շատ բազմազան է. նրանք ևʹ միամիտ են, ևʹ սրամիտ, ևʹ ժլատ, ևʹ առատաձեռն: Այս միտումի պատճառը պետք է տեսնել քաղաքի ստեղծման պատմության հիմքերում, երբ Հայաստանի հյուսիսում հավաքվեց հայաբնակ մի քանի քաղաքների բնակչություն:
Խորհրդային շրջանում արդեն տեղի ունեցավ Գյումրիում ապրող տարբեր խմբերի համահարթեցումը՝ նախկին էրզրումցու, կարինցու, մշեցու փոխարեն ձևավորվեց գյումրեցու ընդհանուր կերպարը: Եթե խորհրդային տարիներին բանվորի, տաքսու վարորդի, վարսահարդարի, սափրիչի կերպարներ էին շրջանառվում, այսօր արդեն խոսվում է ավանդապաշտ և սրամիտ կերպարի մասին:
Գերաս | Գյումրի (էսքիզ) | gallery.am
«Գյումրին ավանդապաշտների քաղաք է»
Ի՞նչ է նշանակում ավանդապահ քաղաք. մի կողմից՝ նկատի ունենք ավանդույթները պաշտողների քաղաք, իսկ մյուս կողմից՝ քաղաքային ավանդույթներ ունեցող մի բնակավայր: Սրանք իրար հակասող կոնցեպտներ են, որովհետև քաղաքը մի տարածք է, որտեղ ավանդույթները քանդվում են: Քաղաքային ավանդույթներ կարող են վերաբերել զուտ քաղաքային միջավայրին բնորոշ նորաստեղծ երևույթներին, որոնք մեկ-երկու անգամ կրկնվելուց հետո, դառնում են ավանդույթ:
«Ավանդապաշտը» 19-րդ դարում հիմնականում գյուղական ընտանիքին, պատրիարխալ հասարակությանը բնորոշ վարքերն ու արժեքային համակարգն է: Իսկ արդյո՞ք Գյումրիի բնակչությունը պետք է լիներ ավանդապաշտ և այդ ի՞նչ ավանդույթներ էին, որ այս բնակչությունը պետք է պահպաներ:
19-րդ դարում բնակչությունը սկսել է այստեղ կուտակվել՝ կենտրոնում ունենալով փոքր գյուղական համայնք՝ 70 տուն: Սրանց միանում են Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներ՝ մեծամասամբ նույն սոցիալական խավի՝ առևտրականներ, արհեստավորներ: Ըստ ռուսական հրովարտակի պահանջի՝ նրանք Գյումրիի տարբեր հատվածներում թաղամասեր են ստեղծում՝ հիմնականում ըստ կրոնական պատկանելիության: Իրենց թաղամասերի ներսում նրանք շատ կոնսերվատիվ էին, ինչպես ցանկացած միգրանտ խումբ, որը գետոյացված է ապրում: Սակայն նրանք նաև քաղաքային բնակչություն էին:
Ենթադրվում է, որ փոքր գյուղական խումբը՝ որպես տեղացի, պետք է ունենար դիրքային առավելություն: Եվ ցանկացած միգրանտ որպես նորեկ կախվածություն ուներ տեղացու իմացությունից: Այս իրավիճակում, երբ նորեկները պետք է ցույց տան տեղացի բնակչի հանդեպ իրենց առավելությունը, և միևնույն ժամանակ իրենց լոյալությունն այն արժեքային համակարգին, որ կա, ստեղծվում է հանրահռչակված արժեքների մի համակարգ, որտեղ պետք է իշխեն գյուղական հարաբերությունները:
Բայց տոկոսային հարաբերությամբ քաղաքի հենց առաջին տարիներին այդ հարաբերակցությունը կտրուկ փոփոխվում է և մնում է քննարկումը՝ թե ինչն է ճիշտ կամ սխալ, իսկ դրան զուգահեռ մարդիկ շարունակում են ապրել իրենց բերած կենցաղով: Ուրեմն կար կարծրատիպ ստեղծելու մի միջավայր և կարծրատիպին քիչ համապատասխանող իրական կյանք:
Համարվում է նաև, որ Գյումրիի մշակույթը մասկուլին է, քաղաքը՝ ուժեղ տղամարդկանց տարածք, կանայք ավանդապաշտ են: Սակայն իրականությունն այլ է: Խորհրդային Միության վերջին տարիներին քաղաքի ամբողջ ղեկավարությունը կանանց ձեռքին էր: Հարցազրույցներից մեկի ժամանակ Հասմիկ Կիրակոսյանը հիշում է այն տեսարանը, երբ Քաղկոմի նիստի ժամանակ միայն մեկ բաժնի ղեկավար էր տղամարդ, մնացածը կանայք էին: Ավելին՝ քաղաքի առաջին դեմքը Դոնարա Ասքանազովնա Հարությունյանն էր:
Ընտանիքում պատկերը նույնպես միանշանակ չէ: Ընտանիքում կամ կանայք են ղեկավարում, կամ էլ անում են դա տղամարդու հետ հավասար պայմաններում:
Մի այլ հարց էլ կա. քաղաքի հարաբերությունները հարակից գյուղերի հետ: Երբ հարս է գալիս Գյումրի, դաժան ծաղրի միջոցով նրան սովորեցնում են իրենց քաղաքային բարքերը: Սա դառնում է հասարակական սանկցիա, որի միջոցով մշակույթը հաստատվում է և տարածվում: Հաղորդակցման առումով այս խիստ տպավորության համար էլ Գյումրին անվանում են ավանդապաշտ՝ նկատի ունենալով, որ այստեղ կանոնի խախտում չի ընդունվում:
Ղուկասյան Լևոն Հմայակի | Հին տներ. Լենինական (1977) | gallery.am
«Գյումրեցու լոպազ է»
Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Գյումրին ձևավորվել էր ռուսական կայազորը սպասարկելու համար: Արհեստավորները պետք է վաճառեին իրենց ունակությունները, իրենց ապրանքը: Քաղաքը, կարելի է ասել, վերածված էր մի մեծ շուկայի:
Սոցիալական մի բաղադրիչը՝ մարդկանց մասնագիտությունը, շատ կարևոր է: Այնտեղ ապրում էին հիմնականում առևտրականներն և արհեստավորներ: Քաղաքում անընդհատ հնչում էր գովազդը՝ «էստի համեցեքի» միջոցով: Ապրանքը գովազդելու համար պետք է գտնել սրամիտ, գրավող վառ արտահայտություններով ձևակերպումներ: Սա հասնում է կարծրատիպային գլուխգովանության, որը, կարելի է ասել, ավելի շատ մասնագիտական է գուցե, այլ ոչ թե տեղային: Օրինակ, հիմա ցանկացած համակարգիչ սարքող նույն վարքն է ցույց տալիս. երկու ժամ իր գլուխն է գովում, թե ինքն ինչ կարգի բացառիկ մասնագետ է, հետո՝ գալիս փչացնում է ապրանքն ու հեռանում: Ապրանքը վաճառելու ցանկությունը նպաստում է նման կարծրատիպի ստեղծմանը:
«Գյումրեցին սրամիտ է»
Սրամտությունը չափելու գործիք չկա և ասելը, որ այստեղ սրամիտներն ավելի շատ են, քան կողքի գյուղում, անհնարին է, բայց կարող ենք հասկանալ, թե ինչի հաշվին է այդ կերպարը զարգացել:
Քաղաքի ստեղծման տարիներին եկվոր քաղաքացին հումորի, հեգնանքի, ծաղրի միջոցով կարողանում էր ցույց տալ իր վերադաս դիրքը դիմացինի հանդեպ, բայց ոչ թե մի բանով, որ ագրեսիայի կբերեր, այլ կատակի միջոցով: Շատերն են ասում, որ ծիծաղն ու ագրեսիան փոխկապակցված են:
Ձևավորվում էր մարդկանց հետ շփվելու միջոցը, որովհետև սա այլևս գյուղական միջավայր չէր, որտեղ մարդիկ հազար տարի իրար հետ ապրել են ու իրար ճանաչում են. չեն կարող ասել՝ սա Մկոյի թոռ Ավոն ա, ու դրա փոխարեն ասում են` Լոլոն ա, կամ Երկանն ա, այսինքն՝ անուն են կպցնում հիմնված բացառապես արտաքինի վրա: Սա իրար չճանաչողող մարդկանց միջոցն է շփվելու:
Այսօր հումորը դարձել է քաղաքային պրակտիկա: Դա գյումրեցիների հաղորդակցության միջոցն է: Նրանք հասկանում են, որ դրա մեջ հումոր կա, բայց խոսելու ուրիշ ձև չունեն, ու ստացվում է, որ գոյություն ունի համընդհանուր ծիծաղող քաղաք:
Աթոյան Ռաֆայել Գեղամի | Արևոտ առավոտ. Լենինական (1979) | gallery.am
«Գյումրեցիները տաղանդավոր են և ստեղծարար»
Ստեղծարարությունը ավելի բնորոշ է քաղաքներին, քանի որ դրանք ստեղծում են ազատականության, անհատականության տարածք: Քաղաքային տարածքում միշտ կա մրցույթ: Հաշվի առնելով, որ Գյումրիում արդեն կուտակված բնակչությունը քաղաքային էր, այստեղ այդ հնարավորությունները ստեղծվում են:
Կա ուրիշ կարևոր պատճառ ևս. Ցեղասպանությունից հետո Գյումրիում ստեղծված մանկատները, որտեղ սովորեցնում էին հիմնականում ամերիկացի միսիոներները: Աղջիկներին նրանք սովորեցնում էին իրենց պատկերացմամբ տնային տնտեսուհուն վայել բաներ՝ ասեղնագործություն, մուրաբա եփել և այլ «կանացի արհեստներ»:
Մանկատներից դուրս եկած աղջիկը պիտի իմանա կարել, ասեղնագործել և դա դառնում է կարևոր կարողություն և իր սոցիալական դիրքը մյուսի նկատմամբ հաստատելու միջոց: Սա դառնում է քաղաքում ընդունված ստանդարտների գաղափարի յուրացում:
Մանկատները ստեղծում են նաև ստեղծարարության տարածք, որովհետև դրա միջով անցած կրթություն ստացած մարդկանց մոտ անցումը արհեստից արվեստ շատ բնականոն է ընթանում:
Գեղանկարիչների հարուստ ներկապնակը, որ Գյումրին միշտ ունեցել է, շատ հաճախ կապում են նաև Սերգեյ Մերկուրովի անվան հետ, որը Մոսկվայի գեղարվեստի դպրոցի համար ուղարկում էր անհրաժեշտ պարագաներ: Սակայն պարագաներից զատ, շատ ավելի կարևոր էր այդ կարողությունը ինստիտուցիոնալիզացնելու մասին որոշումը: Արդյունքում Գյումրվա նկարչական դպրոցը իսկապես հնչեղ անուններ տվեց:
Առաքելյան Սեդրակ Առաքելի | Տներ. Լենինական (1927) | gallery.am
«Գյումրեցիները բռի են և կոպիտ»
Սա էլ իր ուրույն բացատրությունն ունի: Կարնո բարբառը «գ»-երի առատությամբ արդեն իսկ կոպիտ է հնչում: Ընկերուհի ունեի՝ Գյումրվա բարբառն անելու համար դեմքին ջղային արտահայտություն էր տալիս և իրեն թվում էր, թե անցել է Գյումրվա բարբառին: Սա այն կերպարն է, որ մարդկանց մոտ ձևավորվում է բարբառի պատճառով:
Բացի դրանից, երբ միգրանտները գալիս են, նրանք քիչ ռեսուրսների պայմաններում կարիք ունեն պայքարելու մեկը մյուսի հետ: Երկրորդ քաղաքներին միշտ բնորոշ է հանցագործությունների մեծ թիվ: Այստեղ չկան կենտրոնական քաղաքի վարչական ռեսուրները, որոնք օգտագործում են կառավարելու համար: Երկրորդ քաղաքները թողնված են տեղական էլիտայի հույսին: 20-րդ դարի սկզբում Գյումրիում մոտ 30 ոստիկան էր աշխատում: Բոլոր հարցերն իրար մեջ լուծում էին արհեստավորների համքարությունները: Թաղերի՝ իրար մեջ թշնամությունը շարունակում էր մնալ բավական երկար ժամանակ:
Մյուս կողմից՝ սպորտն էլ է իր դերը խաղում: Քաղաքը, որն ունի քիչ ռեսուրսներ, բայց հաջողություն ունի ուժային մարզաձևերում. սա էլ է իր հերթին ամրագրում է այդ «կոպիտ և բռի քաղաքացու» կերպարը: