Փարաջանովի տուն-թանգարան. «Երեք հարկանի մարմարե պալատը»
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը պիտի դառնար մեծ արվեստագետի կացարանը, բայց նա կյանքից հեռացավ մինչև շինարարության ավարտը։ Այդուհանդերձ, այսօր սա Հայաստանի ամենահայտնի ու այցելվող թանգարաններից մեկն է։ Տնօրեն Անահիտ Միքայելյանը ԵՐԵՎԱՆին պատմել է թանգարանի ստեղծման պատմության ու մարդկանց՝ փարաջանովյան արվեստի բանալին տալու առաքելության մասին։
Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի
Լուսանկարները՝ Փարաջանովի տուն-թանգարանի արխիվ
ԵՐԵՎԱՆ #86 | 2024 | թողարկումը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ
Թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը
Մատաղ Գեղարդում
Թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանը մասնագիտությամբ լուսանկարիչ էր։ Մի օր՝ 1978 թվականին, ծանոթներից լուր է ստանում, որ Փարաջանովը հերթական անգամ բանտից դուրս գալու կապակցությամբ գնում է Գեղարդում մատաղ անելու։ Իհարկե, որոշում է գնալ ու տեսնել։ Այդ օրվանից սկսվում է Սարգսյանի ու Փարաջանովի երկարատև մտերմությունը։
Հաջորդ տարիներին Զավեն Սարգսյանը հաճախ մեկնել է Թբիլիսի՝ Փարաջանովի մոտ, երբեմն մեծ ընկերական խմբերով. նրան պարբերաբար միանում էին ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանն ու շատ ուրիշներ։
Զավեն Սարգսյանն ու Սերգեյ Փարաջանովը
Ժողարվեստի թանգարանի շրջադարձային ցուցահանդեսը
1985 թվականին Թբիլիսիում առաջին անգամ ցուցադրվեցին Փարաջանովի արվեստի գործերը, որոնք կինոյի հետ կապ չունեին։ Ընդ որում, ցուցահանդեսն ընդամենը երկու օր էր տևել։ Այնքան արագ էր ամեն ինչ տեղի ունեցել, որ նույնիսկ Զավեն Սարգսյանը չէր հասցրել Երևանից հասնել ու տեսնել՝ արդեն հավաքել էին։
Այդ ժամանակ Սարգսյանն արդեն Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենն էր։ Փարաջանովն էլ ամեն Երևան այցելության ժամանակ հաճույքով գալիս էր այդ թանգարանն ու շատ բարձր էր գնահատում։ Հիշում եմ, որ պարոն Սարգսյանը պատմում էր, որ երբ ցուցահանդեսի միտքը ծագեց, բարդություններ կային. 80-ականների կեսին Փարաջանովի անունը տալը դեռ ռիսկեր էր պարունակում։ Այդուհանդերձ, հերթական տարեկան պլանը նախապատրաստելիս մի տողով գրվեց՝ «Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդես»։ Վերևներում, բարեբախտաբար, չխորացան ու համաձայնություն տվեցին։
Այդպես, 1988-ի հունվարի 15-ին Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց Փարաջանովի առաջին հայաստանյան ցուցահանդեսը, որը տևեց երեք ամիս։ Ասում են՝ երեք ամիսն էլ լեփ-լեցուն է եղել այցելուներով, որոնք առաջին անգամ մի տեղում տեսան նրա երկար տարիների աշխատանքը։ Փարաջանովն ինքը շատ գոհ էր արդյունքներից, Վրաստանից հյուրեր էր հրավիրել, վայելում էր փառքը։
1988-ի ցուցահանդեսի բացմանը Երևանում
Տեղափոխություն Հայաստան
Այդ օրերին էլ առաջին անգամ հնչեցվել էր այն միտքը, որ նա կուզեր տեղափոխվել ու ապրել Հայաստանում։ Այդ միտքը որսում է պարոն Սարգսյանն ու դիմում կառավարությանը։ Կարեն Դեմիրճյանը խոստանում է, որ կմտածի և որոշ ժամանակ անց առաջարկվում է երկու շինության ընտրություն. մեկը՝ Աբովյան փողոցում՝ ներկայիս «Դալանը», մյուսը՝ Ձորագյուղ ազգագրական թաղամասի այս կիսակառույց շենքը։ Ինքն ընտրում է սա։ Հետո շատ ոգևորված պատմում էր հարցազրույցներում, որ հայերն իր համար կառուցում են «երեք հարկանի մարմարե պալատ», որի բակում պիտի անպայման լիներ ջրավազան, որի մեջ սիրամարգեր էին լող տալու։ Մի խոսքով, պատրաստվում էր իր թբիլիսյան տունը տեղափոխել Երևան։
Ցավոք, 88-ի երկրաշարժը խանգարեց ընթացքին, աշխատանքները վերսկսեցին միայն 90 թվականի գարնանը, բայց այդ ժամանակ արդեն սրացել էր իր հիվանդությունը՝ թոքերի քաղցկեղը։ 90 թվականին մի անգամ հասցրեց այցելել դեռ շինարարության մեջ գտնվող շենքը, հույս ուներ, որ Ֆրանսիայում կկարողանա վերականգվել ու գալ այստեղ ապրել, արարել, բայց ցավոք, արդեն ուշ էր։ Ֆրանսիայից վերադարձավ ու նույն գիշերը Երևանում մահացավ։
«Թալերներ»
«Ես վաճառեցի ամառանոցս»
Բացել ու ապրեցնել
90-ականներին` ահավոր ծանր տարիներին, երբ մարդիկ զբաղված էին օրվա հացի խնդրով, Զավեն Սարգսյանն իր ամբողջ ջանքն ու եռանդն ուղղել էր փարաջանովյան հավաքածուի կազմակերպման վրա։ Դրա սկիզբը դրվել էր դեռ Փարաջանովի կենդանության օրոք. երբ թանգարանի գաղափարն արդեն հաստատվել էր, պետությունը նախ հեղինակից գնեց այն ցուցանմուշները, որոնք ցուցադրվել էին Ժողարվեստի թանգարանում, իսկ մնացածը Փարաջանովն արդեն նվիրեց Հայաստանին, մնում էր տեղափոխել Թբիլիսիից։
Արդեն Փարաջանովի մահից հետո հարցուփորձ էր անում ընկերներին ու ծանոթներին, փնտրում անձնական հավաքածուներում թաքնված նմուշներ։ Իսկ բուն շենքում, ցուրտումութ տարիներին, երբեմն գիշերում էր ու պահակություն անում, որ հանկարծ ոչ մի բան չկորչի։
Բացման առաջին իսկ օրվանից, որը եղավ 1991 թվականին, Փարաջանովի տուն-թանգարանը դարձավ Հայաստանի մշակութային կյանքի շատ կարևոր բաղադրիչը։ Ի սկզբանե պարոն Սարգսյանն այնպես էր արել, որ սա չլիներ պարզապես նկարներ ուսումնասիրելու թանգարան, այլ ակտիվ, կենդանի մի վայր, որտեղ մարդիկ հավաքվում էին ֆիլմեր դիտելու, քննարկելու, շփվելու։ Երևի Հայաստանում չի եղել մի որևէ բարձաստիճան պատվիրակություն, որ այստեղ ճաշած չլինի։
Եվ իհարկե, թանգարանն օգնում էր ամբողջ աշխարհում ներկայացնելու Փարաջանովի արվեստը։
«Տատիկիս ընկույզի մուրաբան»
Հավաքածուն
Մեր հավաքածուն ներառում է 1700-ից ավելի նմուշ՝ մեծամասամբ արվեստի գործեր, ինչպես նաև անձնական իրեր։ Ներկայացված են հիմնական ցուցադրությունում մոտ 800-ը, ու բոլորը անկրկնելի, սքանչելի գործեր են, դժվար է առանձնացնել մեկը։
Իհարկե, թանգարանը բավական լավ տեղեկացված է, թե որտեղ են պահվում Փարաջանովի այլ աշխատանքները։ Ցավոք, հաճախ կեղծ գործեր են շրջանառվում, մարդիկ մեծ գումարներ են ծախսում։
«Խանդի պահին հորս պատռած դիմանկարը»
«Լացող Ջոկոնդան»
«Երեք իշուկներ»
Բարեբախտաբար, փարաջանովյան իրեր ունեցող մարդիկ հաճախ նվիրաբերություն են անում թանգարանին, բացի այդ էլ, ունենք հատուկ ֆոնդ պետության կողմից՝ թանգարանային առարկաներ գնելու համար։ Հիմա, օրինակ, փորձում ենք ձեռք բերել իր մի բավական մեծ ծավալային կոլաժ, հուսով եմ՝ շուտով կկարողանանք ներկայացնել հանրությանը։
Փարաջանովի տանը՝ կոնյակով
Ուսանող էի, սովորում էի Թանգարանային գործ և հուշարձանների պաշտպանություն բաժնում։ 2005 կամ 2006 թվականն էր։ Թանգարանների միջազգային օրն էր, կարծես։ Դասախոսի հետ եկանք, շրջեցինք, գնացինք։ Հիշում եմ պարոն Սարգսյանին, որը զրուցում էր ինչ-որ պաշտոնյաների հետ, կողքից իհարկե ֆոտոխցիկն էր կախված, ձեռքերում էլ՝ կոնյակի բաժակներ։ Հետաքրքիր էր էդպիսի անմիջական պայմաններում նրան տեսնելը։
Արդեն 2009-ին, երբ մագիստրատուրայում էի, այստեղ աշխատող դասընկերներիցս մեկի՝ Խաչատուրի հետ նորից եկա, բավական երկար էքսկուրսիա ունեցա։ ԱՆկեղծ ասած, այն ժամանակ չէի պատկերացնում ինձ այստեղ, քանի որ իմ մասնագիտացումը հոգեբանամանկավարժական խնդիրներն էին թանգարաններում, բավական սպեցիֆիկ ուղղվածություն էր։ Բայց մի օր Խաչատուրը զանգեց ու ասեց՝ գործ ունենք թանգարանում, կգա՞ս։ Եկա։ Մի շաբաթ հետո առաջին հայերեն էքսկուրսիան վարեցի։ Սկզբում դժվար էր, որովհետև փարաջանովյան աշխարհ մտնելու համար ժամանակ է պետք։ Ամեն օրն ինձ համար բացահայտում էր։ Հիմա շատ եմ կարոտում էքսկուրսիաների փորձառությունը։
Պաշտոնական պատվիրակություններին ուղարկում են մեզ մոտ, երբ ուզում են, որ մարդիկ հեռանան Հայաստանից է՛լ ավելի տպավորված։ Առաջներում կարող էին երեկոյան ուշ ժամերին զանգել, ասել՝ բերում ենք, մենք էլ գալիս, էքսկուրսիա էինք վարում։ Եվրոպական դիտորդները մի օր եկան՝ հերթական ընտրությունների դիտորդություն անելուց հետո, Կաթողիկոսն ու նախագահ Սարգսյանը մի օր եկան ճաշի Իզմիրլյան ընտանիքի հետ, դե Ոսկե ծիրանին մշտապես հայտնի մարդիկ են գալիս։
Խեցեղեն Պազոլինիի «Ավետարան ըստ Մատթեոսի» ֆիլմի մոտիվներով
«Վարիացիա Պինտուրիկոյի և Ռաֆայելի թեմաներով, 1-ին տարբերակ»
Մտածել, խորհել, փնտրել
Պարոն Սարգսյանն ասում էր, որ մարդիկ լինում են երկու տեսակի՝ Փարաջանովին սիրող ու Փարաջանովին չսիրող։
Փարաջանովի արվեստը, իհարկե, միանման չի կարող ընդունվել։ Կան մարդիկ, որոնց կյանքը փոխվում է այս ամենը տեսնելուց հետո, ոմանք էլ ուսերը թափ են տալիս, թե՝ ի՞նչ է արել որ։ Իհարկե, էդտեղ նաև թանգարանի խնդիրը կա, մենք պիտի կարողանանք մարդկանց հետ երկխոսության մեջ բացահայտել էս հարստությունը, պիտի կրթենք, պիտի բանալին տանք։ Մյուս խնդիրն էլ խմբերի ուղեկցողների մեջ է, հատկապես դա վերաբերում է դպրոցականներին։ Գիտեք, երբ ուսուցչուհին մտնում է ներս ու շատ ինքնավստահ հայտարարում է, թե՝ ես բան չեմ հասկանում, էս երեխե՞քը ինչ կհասկանան, դա արդեն մեծ ազդեցություն է թողնում երեխաների ընկալման վրա։ Լավ է՝ չխառնվեն, թողեն մենք մեր գործն անենք, իսկ Փարաջանովն իր ճամփան կգտնի։
Ամենակարևոր բանը փարաջանովյան արվեստում, որ ինձ ձգել է, բազում մեկնաբանությունների հնարավորությունն է, էնպես չի, որ սա ես տեսնում ու վերջ։ Ոչ, նրա ամեն գործ ստիպում է մտածել, խորհել, փնտրել…
Երազանքներ երրորդ հարկի մասին
Ավազան ու սիրամարգ, ցավոք, այդպես էլ չեղավ։ Շենքի ճարտարապետ Արշակ Ազարյանը, որ Ամերիկայում է ապրում, վերջերս այստեղ էր, ուրախացավ, որ իր նախագիծը չի փոփոխվել, պահպանվել է։ Թեև… Վաղուց երազում ենք երրորդ հարկի մասին, քանի որ մեր ունեցած տարածքը չի հերիքում այն մեծ ծրագրերն իրականացնելուն, որ ունենք։ Ո'չ կրթական տարածք, ո՛չ ժամանակավոր ցուցահանդեսների, ո՛չ կինոդիտումների… Պարոն Ազարյանը սկզբունքորեն դեմ չէր, թեև իհարկե կուզեր ինքը վերահսկել նախագիծը։ Մյուս կողմից էլ՝ շենքն արդեն հուշարձանի կարգավիճակ ունի, էնպես որ՝ հայտնի չի, թե այս հարցն ինչպես ենք լուծելու։