Պատերազմ և արվեստ
Թիկունք 2020

Պատերազմ և արվեստ

Ի՞նչ է լինում, երբ արվեստի դաշտ է բերվում մարդկության պատմության ամենադեստրուկտիվ երևույթը՝ պատերազմը։ Ինչպե՞ս են հարաբերվում արվեստն ու պատերազմը և ի՞նչ է լինում արվեստի հետ պատերազմից հետո։ Փորձում ենք հասկանալ երկրորդ Արցախյանի օրինակով։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Դավիթ Գալստյանի

 

ԵՐԵՎԱՆ #66 | 2020

#Դիզայն #Թիկունք2020

Պատերազմի արհավիրքը հավերժական թեմա է արվեստում

Եվ խոսքը ոչ միայն մարտի դաշտում տեղի ունեցած բախումների մասին է, այլև ինչպես է պատերազմի արդյունքում տառապում խաղաղ բնակչությունը, ինչպիսինն է մարդու՝ անհատի պայքարը, ինչպես է ողջ մնում մարդն ու ինչպես է շարունակում ապրել, հաղթահարել պատերազմը թե՛ ֆիզիկապես ու թե՛ հոգեբանորեն։ Որպես կանոն դրանք անդրադարձներ են պատերազմի մասնակից կամ ականատես արվեստագետների կողմից, ովքեր տեսել ու զգացել են պատերազմի արհավիրքը, ապրել ու ստեղծագործել պատերազմական ու հետպատերազմական շրջաններում։


Ընդ որում, միշտ չէ, որ դրանք ուղիղ անդրադարձներ են։ Շատ հաճախ նույնիսկ միջնորդավորված, կցկտուր հղումներով, երբեմն էլ՝ ընդհանրապես փախուստ իրականությունից։ Այս ամենը կա թե՛ Բոսխի ու Ժակ Կալոյի և թե՛ Գոյայի մոտ, թե՛ Պիկասոյի, Կիրխների ու Բոյսի մոտ։ Ցավի, կորստի և պատերազմի արհավիրքի թեման զարմանալիորեն քիչ, բայց առկա է նաև հայ արվեստում (Սուրենյանց, Խանջյան, Քոչար և այլն), չնայած որ ասել, թե նման գեղագիտություն մեզանում ձևավորվել է, սխալ կլիներ։ Ի տարբերություն, օրինակ, 20-րդ դարում հատկապես առաջին աշխարհամարտի ազդեցությամբ արևմտյան արվեստ ներթափանցած տագնապային ու հոռետեսական զգացողությունների և համանման գեղարվեստական լեզվի՝ էքսպրեսիոնիզմի ի հայտ գալուն, հայ արվեստում պատմական ողբերգական և նույնիսկ հաղթական դրվագները որպես կանոն արտահայտվում են խիստ ընդհանրացված և այլաբանորեն՝ առավել շեշտադրելով հավերժի, նկրտումի և վերածննդի գաղափարները (Սարյան, Գալենց, Աբեղյան և այլն)։

 

  

Ալեքսանդր Մելքանյան, 1996

 

Այս համատեքստում առանձնանում է արցախյան պատերազմը

Այս թեմային հայ ժամանակակից արվեստագետները, որքան էլ զարմանալի է, գրեթե չեն անդրադարձել։ Առհասարակ, չնայած որ Պերեստրոյկայից ընդհուպ մինչև 2000-ականներ՝ սկսած խորհրդահայ ուշ մոդեռնիզմից՝ հայ ժամանակակից արվեստի ինքնահաստատման կարևորագույն շրջանում, արվեստագետները երբեմն արժանին էին մատուցում ազգայինին՝ կոնցեպտուալ իմաստով, այնուամենայնիվ նկատելի է արվեստի՝ որպես ազգային մշակույթի գաղափար ընկալման մերժողականության, ինչպես նաև պատմության մերժողականության միտում։ Այս ծայրահեղ մերժողականությունն արտահայտվում էր նույնիսկ ամենափոքր խորհրդանշանների, ասենք՝ «Մալբորո» ծխելու տեսքով։ Հավանաբար հենց այս կոնտեքստում Արցախյան պատերազմը շատ անդրադարձներ չունեցավ այդ շրջանի արվեստում, քանի որ արցախյան հարցն ինքնին ընկալվում էր որպես պատմական ու ազգայնական դիսկուրս, ինչն էլ հակասում էր ժամանակակից արվեստագետների հակապատմական, արևմտամետ ռոմանտիկ մղումներին։

 

Սակայն որոշ անդրադարձներ այնուամենայնիվ եղել են Նախ շատ կարևոր էր լուսանկարիչների (Ռուբեն Մանգասարյան, Զավեն Խաչիկյան, Հ. Պողոսյան, Հ. Բերբերյան և այլն) կատարած աշխատանքը, ովքեր գտնվել են մարտի դաշտում և նրանց գործերը, որքան էլ վավերագրական էին, այնուամենայնիվ նրանց խորթ չէ գեղարվեստականացումը։ Պատերազմի ազդեցությամբ ստեղծված արվեստից խոսելիս անհնար է շրջանցել Արցախյան պատերազմի մասնակից Ալեքսանդր Մելքոնյանի արվեստը, որն ինքն անվանում էր միլիթրի-արթ՝ ռազմական գեղարվեստ, որի մանիֆեստը հրապարակվեց 1995-96 թթ. և որը ձևավորվել էր հենց պատերազմի ընթացքում ու շարունակվել հետպատերազմական շրջանում։ Անշուշտ, բարդ է ստեղծագործել, երբ գտնվում ես հենց պատերազմի դաշտում, շատ արվեստագետներ այդ ընթացքում դադարեցին ստեղծագործել, բայց ոչ Ալեքսանդրը, ով երբեմն, երբ հաջողվում էր լինել Երևանում, միշտ որևէ բան ձեռնարկում էր։

 

 

Մկրտիչ Տոնոյան, «Ռազմական պատմություններ», 2003


1996-ին էլ «Գոյակ» կենտրոնում նա ներկայացավ մի ցուցահանդեսով, որտեղ զինվորական քողարկող ցանցով էր պատել ողջ ցուցասրահն ու դրա ֆոնին ներկայացրել իր աշխատանքները։ Նա միակն էր, ով շարունակական կերպով առաջ մղեց իր ուղղությունը՝ միլիթրի-արթը՝ այն հասցնելով ինստալյացիաների, ֆոտոինստալյացիաների, վիդեո-արթի: Դրանք ոչ թե ուղիղ անդրադարձներ էին կոնկրետ պատերազմի, այլ ռազմական մտածողության հայեցողական կիրառություններ արվեստում։ 

 

Ալեքսանդրի հետ միասին մարտական դիրքերում էր Մկրտիչ Տոնոյանը, ով դեռևս ուսանող էր, երբ առնչվեց Ալեքսանդրի արվեստին, ինչը հանգեցրեց հիբրիդային ժանրերի՝ ռազմական նատյուրմորտի, ռազմական դիմանկարների, ռազմական բնապատկերների։  Ավելի ուշ՝ 2012 թվականին, Արցախյան պատերազմին անդրադարձների մի ամբողջ շարք եղավ «Շուշի արտ փրոջեքթ» նախագծի՝ «Հող և տեխնոլոգիա» անվամբ ծրագրի շրջանակում։ Այս դեպքում էլ անհնար է շրջանցել կրկին պատերազմի մասնակից Աշոտ Ավագյանին, ով իրականացրեց մի իրական մեգալիթյան ծիսակարգ, որով նա որոշել էր ընդմիշտ հրաժեշտ տալ պատերազմին ու զոհասեղանին դրեց իր իսկ կտավներից՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների։

 

Սահակ Պողոսյան, «Ականապատված դաշտեր և պեչենու բաղեր» ինստալյացիա, 2012


Այս շարքի ցայտուն գործերից է Սահակ Պողոսյանի «Ականապատված դաշտեր և պեչենու բաղեր» ինստալյացիան, որտեղ պայթյունավտանգ ականները հանդես են գալիս պեչենիների տեսքով՝ ցույց տալով բանակցությունների ձախողումն ու դրա պայթյունավտանգ լինելը։ Մեկ այլ աշխատանք էլ ներկայացրել էր Սամվել Սաղաթելյանը, ով իր ձեռքով արցախցի կանանց հետ միասին բուրդ էր մշակել, կարել մի ընդարձակ վերմակ, որն իր վրա կրում էր Արցախի քարտեզը՝ հատված առ հատված, կտրատված-կարկատված, բայց հարազատ ու ջերմ, ինչպես հենց այդ հողը։ Հետաքրքիր է, որ Սաղաթելյանը, չլինելով պատերազմի մասնակից, դեռևս 90-ականներից՝ ստեղծագործական ուղու մեկնարկից ի վեր, իր գործերում արտացոլել է պատերազմ գնացած ու վերադարձած մարդու ապրումները, նրա հարաբերությունները կնոջ ու ընտանիքի հետ՝ այդ ամենը գուցե վերցնելով իր ազատամարտիկ ընկերների (հատկապես Ալեքսանդր Մելքոնյանի) հետ շփումներից և իրականության կտրուկ փոխակերպումներից, որ ինքն էլ զգում էր այդ շրջանում։ Ստեղծվեց «Գրոտեսկային իրականություն» շարքը, որտեղ արտացոլվեց հատկապես հետպատերազմյան շրջանն ու որտեղ կենտրոնական կերպար էր նաև կինը՝ որպես այդ մեկը, ով իր վրա է վերցնում բոլոր դժվարությունները, ով ադապտացվում է բոլոր իրավիճակներում և ում ներքին ուժն արտահայտվում է տղամարդու բացակայության կամ անկարողության պարագայում։

 

Սամվել Սաղաթելյան, «Օկուպացիա», 2003


Պատերազմից վերադարձողի համար խաղաղությունը կարող է կազմաքանդող ու ավերիչ լինել։ Երբեմն շատ ավելի դաժան իրականություն կարող է լինել խաղաղությունը պատերազմից հետո, քան ինքնին պատերազմը։ Պատերազմում հաղթանակածը պարտվում էր կենցաղում, հասարակական կյանքում, երբ ինքն իրեն չէր գտնում այդ նոր իրականության մեջ, երբ հիմք էր դրվում ոչ թե ամուր պետականությանն, այլ գողապետությանը և երբ ինքն օտարված էր այդ նոր իրականության ձևավորած հասարակությունից։

 

Երկրորդ արցախյանը

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Սաղաթելյանը ևս կտրուկ արձագանքեց իրադարձություններին։ Այս անգամ շեշտադրվեց գոյատևման, մաքառումի գաղափարը, որն իր արվեստում արտահայտվեց սիրո միջոցով։ Ի վերջո դրան է հանգեցնում արարելու, ստեղծելու, շարունակություն ունենալու վճռականությունը։ Ստեղծվեց փոստային քարտերի շարք՝ 20-րդ դարի պատերազմական ռոմանսի տրամադրությամբ, որն իր մեջ խտացնում է ռոմանտիզմը դեպի զինվորը, դեպի ցեղի գոյության իրավունքի պաշտպանը։

 

Սամվել Սաղաթելյան, «Նրա հերոսը ողջ է», «Պատերազմական ռոմանս» շարքից, 2020


Արցախյան երկրորդ պատերազմի վավերագրության առումով անհնար է շրջանցել լուսանկարիչների՝ Վահան Ստեփանյանի, Ասատուր Եսայանցի, Արեգ Բալայանի, Նարեկ Ալեքսանյանի և այլոց աշխատանքը։ Այստեղ կրկին, որպես կանոն, զուտ վավերագրումից բացի գործ ունենք պատերազմի ռոմանտիզացման, առասպելականացման հետ։


Պատերազմի ընթացքում ֆեյսբուքի միջոցով հնարավոր եղավ տեսնել Տիգրան Առաքելյանի՝ հենց ռազմի դաշտում արված գծանկարները, որտեղ թռչող հրթիռները կրում են այդ նույն ֆեյսբուքի, նավթի, փողի ու տեռորիզմի դեմքը։ Առավել կտրուկ ու էքսպրեսիվ արձագանքեց Վիլյամ Կարապետյանը պաստառների իր շարքով, որտեղ նա դիսկուրս ծավալեց երկու հիմնական ագրեսորների՝ Ալիևի և Էրդողանի կերպարների շուրջ՝ տալով վերջիններիս ոչ թե քաղաքական, այլ հենց բարոյական գնահատականը։ Առանձնահատուկ էքսպրեսիվությամբ են աչքի ընկնում նաև Արցախի ճանաչման կոչ պարունակող պաստառները, որտեղ արվեստագետը կոչ է անում բացել աչքերը և խոսել, անկախ նրանից, թե որքան բարդ կլինի դա։

 

  

Տիգրան Առաքելյան

 

 

Վիլյամ Կարապետյան

 

Ռուբեն Մալայան

 

Մենք ենք


Պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ Երևանում բացվեց պատերազմի, իսկ ավելի ճիշտ՝ խաղաղության մասին առաջին Մենք ենք/We stand խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ մասնակից 27 արվեստագետներ Հայաստանից, Արցախից, Բելգիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից և Իտալիայից (Լիլիթ Ալթունյան, Սարգիս Անտոնյան, Տիգրան Արթենյան, Արեգ Բալայան, Էդիկ Պողոսյան, Մաիդա Շավաք, Արևիկ Դոր, Սիրանուշ Դանիելյան, Դավիթ Գալստյան, Կարինե Կոկչյան, Աննա Հակոբյան, Ագաթա Հարությունյան, Անահիտ Հայրապետյան, Լուսիա Կագրամանյան, Թենի Խաչատուրով, Ռուբեն Մալայան, Պետո Միշոյան, Վահրամ Մուրադյան, Սերգեյ Նավասարդյան, Վահրամ Մուրադյան, Արմինե Շահբազյան, Սուրեն Սարգսյան, Մելիք Սոֆոյան, Գայանե Սոֆոյան, Հարություն Թումաղյան, Նվարդ Երկանյան, Դավիթ Յուխանյան, Վիլյամ Կարապետյան) հանդես եկան խաղաղության, միասնականության, ազգային նոր էպոսի կերտման ու վերածննդի գաղափարը կրող պաստառներով։

 


Համադրող, արվեստաբան Նաիրի Խաչատուրյանն ու գրաֆիկ դիզայներ Նվարդ Երկանյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ազդագրերի բարեգործական ցուցադրություն կազմակերպելու համար արվեստագետներին խնդրեցին նոր գործ ստեղծել։ Արդյունքում ստեղծվեցին 30-ից ավել աշխատանքներ, մեկական գործեր, դիպտիխներ, տրիպտիխներ ու նույնիսկ ամբողջական շարք։ Ոմանք էլ աշխատեցին միասին։ Ցուցադրվեց ֆրանսահայ արվեստագետ Վահրամ Մուրադյանի «La Paix (Խաղաղություն)» դիպտիխը, որն արտահայտում է ոչ միայն խաղաղության փխրունությունը, այլև այն, թե որքան հեշտ է կորցնել այդ խաղաղությունը՝ կորցնելով ուժերի հավասարակշռությունը։ Մեկ այլ աշխատանքում Սուրեն Սարգսյանը ցույց է տալիս արթնացող ու պայքարող մարդկանց ալիքը։ Կոլաժային դիպտիխով էր ներկայացել նաև գեղագիր Ռուբեն Մալայանը, ով այդ երկու պաստառներում բուռն էմոցիոնալությամբ համատեղել էր պատերազմի ընթացքում իր ստեղծած գրերն ու կոչերը։ Դավիթ Յուխանյանի պաստառում հողի մեջ մխրճված հրթիռը ծիլ է տալիս, ծաղկում ու վեր խոյանում։ KolektivRoom-ի ներկայացրած պաստառում էլ վեր է խոյանում դարեր ի վեր մեր կանգուն լինելու հավաստիքը՝ վիշապաքարը։ Ի վերջո՝ ցուցահանդեսը հաստատում է՝ Մենք ենք. 

 

Մենք ենք՝ միասին, աննկուն, վճռական,
Մենք ենք՝ ապրելու իրավունքի համար,
Մենք ենք՝ սգավոր հոգիների հետ,
Մենք ենք՝ ոգեկոչ ձայների կողքին,
Մենք ենք՝ բառ ու գույնով,
Մենք ենք՝ հարգանքով,
արժանապատիվ, խաղաղ։

 

Դավիթ Յուխանյան, Լուսիա Կագրամանյան. նկարազարդումն իրականցվել է Բեթղեհեմյան ռադիոհաղորդման համար՝ նվիրված Արցախյան պատերազմին, հետագայում նաև ցուցադրվել է ՄԵՆՔ ԵՆՔ նախագծի շրջանակում


Անշուշտ դեռ վաղ է խոսել Արցախյան երկրորդ պատերազմի ազդեցությամբ ստեղծված արվեստի միտումներից ու տալ գնահատականներ, հատկապես, որ ունենք պատերազմի մասնակից արվեստագետներ, ինչպես Արթուր Պետրոսյանը, Արա Պետրոսյանը, Դավիթ Քոչունցը, Նարեկ Քոչունցը և այլոք։ Պատերազմի ազդեցությունը երկարատև է, ինչպես և դրա թողած հետքը։