PMI Science․ տեխնոլորտի գիտելիքների ու ուղեղների հավաքատեղի
Գիտություն

PMI Science․ տեխնոլորտի գիտելիքների ու ուղեղների հավաքատեղի

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գործում է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնը։

ԵՐԵՎԱՆը շրջել է շինությունով կենտրոնի էկոհամակարգի զարգացման ծրագրերի գծով կառավարիչ Մարիամ Դավթյանի հետ ու պարզել, թե որն է դրա բացառիկ կարևորությունը ժամանակակից հայ գիտության համար։

 

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի

 

Լուսանկարները՝ Արթուր Լյումեն Գևորգյանի

 

ԵՐԵՎԱՆ #65 | 2020

 

Նյութը պատրաստվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ։

 

#Գիտություն

Մասնաշենք 13

 

Վերանորոգման աշխատանքները բոլորվին վերջերս են ավարտվել։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 13-րդ մասնաշենքի մուտքի մոտ պաին դեռ հենած է շինարարական թույլտվության մասին ցուցանակը։ Առկա է նաև կառույցի նոր տեսքի գծագիրը. երկու հարկերը, դրանք եզրափակող նորակառույց երրորդը և նոր անվանումը՝ «Փի Էմ Այ Սայենս՝ PMI Science հետազոտությունների և մշակումների կենտրոն»։ Այլ կերպ ասած, սա Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի գիտահետազոտական կենտրոնն է, որը բացառիկ նշանակություն ունի ինչպես 150 տարվա պատմություն ունեցող այդ կորպորացիայի, այնպես էլ ժամանակակից հայ գիտության համար։ Բայց նախ փորձենք հասկանալ, թե ինչու է կենտրոնը տեղակայվել հենց այստեղ։ 

 

Կենտրոնի էկոհամակարգի զարգացման ծրագրերի գծով կառավարիչ Մարիամ Դավթյան


«Շատ կարևոր էր ներկառուցվել կրթական գիտական հանրույթի, գիտական միջավայրի մեջ»,– բացատրում է Մարիամը։ Մի կողմից մեզ աչքով է անում Մայր Հայաստանը, պարզ երևում են վաղուց լքված «Արագիլ» սրճարանի կամարները, ավելի ներքևում՝ Մատենադարանում, հանգստանում են դարավոր ձեռագրերը։ Այսպես, անցյալով շրջապատված ու անցյալին հենվելով՝ այստեղ կերտվում է ապագան։ Ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական բուհն էլ իր հերթին մեծ դեր ունի այս ծրագրում. «Միջավայրն ուներ և՛ սիմվոլիկ, և՛ պրակտիկ նշանակություն։ Մենք ուզում էինք, որ ինժեներները, տեխնոլոգիաներով զբաղվող մարդիկ իրենց զգան ծանոթ միջավայրում»,– ասում է Մարիամը, և մենք ներս ենք մտնում։


Մասնաշենք 13-ը եղել է Պոլիտեխնիկի ճաշարանը։ Այստեղ ժամանակին սնվել է բուհում սովորող ու աշխատող 10 հազար մարդ (80-ականներին ուսանողների թիվն անցել է նույնիսկ 25 հազարը)։ Առաջին հարկի մի սրահում դեռ կարելի է տեսնել անցած ժամանակներից մնացած կշեռքը, մոտիվացիոն ցուցանակները (դրանցից մեկը խստորեն հիշեցնում է. «Հասարակական սննդի աշխատողնե՛ր, ձեր լավագույն սպասարկումը կնպաստի ուսանողների ժամանակի խնայմանը և ուսման առաջադիմությանը»), խորհրդային 60-ականներին հատուկ ոճով ձևավորված առաստաղը, ինչպես նաև ավելի ուշ շրջանի՝ 2000-ականների հետքերը. հոթ-դոգերի, լահմաջոների, խաչապուրիների ու շաուրմաների ոչ այնքան ախորժալի պատկերներով ցուցանակները։ Եվ ահա այն շենքը, որտեղ դեռ վերջերս ուսանողների համար հասանելի գնով կարկանդակներ էին թխում, դառնում է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների գլխավոր կենտրոններից մեկը։

 


Մինչ ես ուսումնասիրում եմ արդեն թերևս թանգարանային նմուշներ դարձած ջահերը, Մարիամը կենտրոնի աշխարհագրության մասին ևս մեկ կարևոր պատճառ է բերում. կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալում հենց կրթական ոլորտում։ «Պոլիտեխնիկի հետ ունենք համատեղ ծրագիր համակարգային ինժեներության ոլորտում։ Իմաստն այն է, որ ցանկացած գադջեթ ինժեներական գիտելիքի համախումբ հարցեր է լուծում և շատ կարևոր է ինտեգրել տարբեր առարկաներն ու ուղղությունները»։ Շարունակում ենք շրջայցը։

 

 

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (EIF)

Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է։ Հիմնադրվել է 2002 թվականին Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:

Գործունեությունն ընդգրկում է ոլորտի զարգացման յուրաքանչյուր բնագավառ՝ կառավարության ծրագրերի իրականացում, մասնակցություն ՏՀՏ ոլորտում իրավական, գործարար և կրթական բարեփոխումների գործընթացին, անհատական ծառայությունների մատուցում սկսնակ ընկերություններին: Հիմնադրամը ծառայում է որպես հաղորդակցման խաչմերուկ ոլորտում գործող բոլոր կառույցների, պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և կառավարության գործակալությունների, խոշոր վերազգային կազմակերպությունների և փոքր սկսնակ ընկերությունների համար՝ համախմբելով և համատեղելով նրանց բոլորի ջանքերը մեկ գլխավոր նպատակի՝ ՏՀՏ գերազանցության հասնելու համար:

 

 

Ինչպես Շվեյցարիայում

Կենտրոնի ինտերիերը հիշեցնում է կինոներում հանդիպող առաջադեմ տեխնոլոգիական գրասենյակները՝ աչք շոյող գույներ, հարմարավետ աշխատավայրեր, ժամանակակից դիզայներական լուծումներ, զանազան տեխնիկա և լաբորատորիաներ։ Բայց ի տարբերություն սովորական ՏՏ գրասենյակների՝ սա փակ տարածք չէ. «Սա զուտ մեր գրասենյակը չէ, այլ ակտիվ գիտական կենտրոն»,– վստահեցնում է Մարիամը, երբ քայլում ենք մի քանի տասնյակ նստարան ունեցող լսարանով՝ կրթական բաց հատվածի մի մասն է։ Այստեղ անցկացվելու են հանդիպումներ, սեմինարներ ու դասախոսություններ, որոնց կարող են մասնակցել Պոլիտեխնիկի ուսանողները, գիտաշխատողները, ասպիրանտները և, ընդհանրապես, բոլոր հետաքրքրվողները։ Ընդ որում, դա չի նշանակում պարզապես դասալսում. կլինի հնարավորություն աշխատելու նաև լաբորատորիաներում։ Իսկ փակ մասը ներառում է նյութաբանության, քիմիական, չափումների և ինժեներական լաբորատորիաներն ու գրասենյակային տարածքները։

 


Այս ամենը հիշեցնում է Ֆիլիպ Մորրիսի լեգենդար Կուբը՝ ընկերության գիտահետազոտական «ուղեղը», որը գտնվում է շվեյցարական Նոշատելում ու որտեղ մինչ այս պահը կատարվում էին գլխավոր գիտահետազոտական աշխատանքները։ Այն տարբերությամբ, որ երևանյան կենտրոնը չի կարող համեմատվել չափերով։ Բայց միևնույն է, Կուբից հետո սա ընկերության նման բազմապրոֆիլ գործունեություն ծավալող երկրորդ հաստատությունն է։ Ինչպե՞ս։ Ինչո՞ւ Հայաստանում։


Ամեն ինչ սկսվեց 2017-ին, երբ ընկերությունն ամենաբարձր մենեջմենթի մակարդակով եկավ Հայաստան՝ քննարկելու ոլորտի հեռանկարային զարգացումներն ու ռիսկը նվազեցնող այլընտրանքները՝ սովորական սիգարետը վաղ թե ուշ շրջանառությունից հանելու հետ կապված իր հայտարարությունից հետո։ Քննարկումների ընթացքում նաև տրամաբանական հարց ծագեց, թե Հայաստանում է՞լ ինչ կա։ Վահե Դանիելյանին, որն այժմ զբաղեցնում է Ֆիլիպ Մորիս Հայաստանի գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարչի պաշտոնը։ Վահեն, որ պետական ոլորտում աշխատանքի ու նմանատիպ նախագծերի իրագործման տարիների փորձառություն ուներ, իր հերթին վերահասցեավորեց հարցը EIF-ին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին, որը տարիներ շարունակ զբաղվում է հայկական ՏՏ ոլորտի համակարգմամբ ու, Մարիամի բնորոշմամբ, ոլորտի «կլոր սեղանն» է։ «Դուռը թակեցին ու հարցրեցին՝ ի՞նչ կարելի է անել Հայաստանում՝ տեխնոլոգիաների գծով,– համառոտ պատմում է Մարիամը, ով այն ժամանակ EIF-ում զբաղեցնում էր ծրագրերի ղեկավարի պաշտոնը,– Մենք էլ ուսումնասիրեցինք, տեսանք, որ կա Կուբն ու առանց ավելորդ համեստության հայտարարեցինք, որ կարող ենք անել նույնը Հայաստանում»։


Իհարկե, այդ ինքնավստահությունն օդից չէր ընկել, այլ ուներ շոշափելի հիմքեր. «Հաշվի առանք սովետական հսկայական ժառանգությունը, ոչ պակաս պոտենցիալն ու իսկապես հավատացինք մեր առաջարկին։ Նրանք էլ հավատացին»,– բացատրում է Մարիամը։ Բանն այն է, որ, ի տարբերություն այլ մեծ կորպորացիաների, օրինակ՝ IBM կամ Samsung, որոնք տեխնոլոգիական ուղղությունը զարգացնելու տասնամյակների փորձ ունեն, Philip Morris-ը վերջին տարիներին է միայն սկսել բացահայտել այդ ուղղությունը, ըստ այդմ՝ բաց է ամենատարբեր առաջարկների համար։ «Իհարկե, կարող է թվալ, որ ավելի հեշտ է պարզապես վարձել աշխարհի ամենաթույն գիտնականներին, հավաքել մի տեղ ու աշխատել,– ասում է Մարիամը Կենտրոնի պատշգամբում, որտեղ դեռ շատ սուրճ կխմվի ու անլուծելի թվացող խնդիրներ կքննարկվեն աշխատակիցների միջև,– բայց մենք վստահ էինք, որ արդյունավետությունը կտասնապատկվի, եթե ստեղծվի մի միջավայր, որը սպունգի պես կհավաքի տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներն ու ուղեղները, կֆիլտրի ու կստանա այն, ինչ պետք է։ Ահա դա էլ անում է մեր գիտահետազոտական կենտրոնը»։ 

 


Իհարկե, կա Կուբը, կան լաբորատորիաներ աշխարհի տարբեր երկրներում՝ Սինգապուրում անում են նեղ մասնագիտական հետազոտություններ, Հոնգ Կոնգում էլեկտրոնիկայի մեծ խումբ է աշխատում, և այլն։ Բայց ոչ մեկ չունի այս կրթություն-գիտություն-բազմապրոֆիլ հետազոտությունների համատեղությունը, որ կա Երևանում։ Ի դեպ, որպես բիզնես Philip Morris Armenia-ն տարածաշրջանային գրասենյակի մասն է, բայց ահա Գիտահետազոտական կենտրոնն ուղղակիորեն համագործակցում է և ղեկավարվում շվեյցարական գլխամասի կողմից։ Դա էլ կարևորության ցուցանիշն է ու ևս մեկ անգամ ընդգծում է, որ գիտահետազոտական կենտրոնը շատ ավելին է, քան ընկերության բիզնես շահերը սպասարկող կառույց։ Այն Հայաստանի կրթական ու գիտական զարգացմանը նպաստող իրական ներուժ ունի։

 

Cube

Phililp Morris ընկերությունն իր գործունեության մի մասը տեղափոխել է Շվեյցարիա դեռ 1957 թվականին՝ սիգարետի եվրոպական արտադրության նպատակով։ 2015-ին այստեղ բացվեց Cube («խորանարդ»՝ ակնարկվում է կառույցի արտաքին տեսքը) գիտահետազոտական կենտրոնը, որտեղ այժմ աշխատում է 3000-ից ավելի մասնագետ։ Կուբն ունի երեք մասնաշենք՝ Հող, Ջուր և Օդ։ Բացակայում է Կրակի անունը կրող մասնաշենքը, քանի որ այստեղ նախագծվում ու մշակվում են բացառապես առանց կրակի աշխատող արտադրատեսակներ։ Անգամ մասնաշենքերի անվանումն է համահունչ ընկերության գիտական հատվածի գերնպատակին, այն է՝ մոտ ապագայում սիգարետն ավելի քիչ վնասակար այլընտրանքով փոխարինելն ու նոր սերնդի արտադրատեսակներ մշակելը։ Այս 5 տարիների ընթացքում կենտրոնը մեծ ներդրում է ունեցել շվեյցարական գիտական կյանքում։ 2019-ի տվյալներով PMI-ը ստացել էր 424 գիտական պատենտ՝ երրորդ ցուցանիշը Շվեյցարիայում և 45-րդն աշխարհում։ IQOS-ի համար նախատեսված տաքացման տեխնոլոգիան և այլ կոմպոնենտները մշակելու համար ներգրավվել է ավելի քան 60 ստարտափ։ Գումարած դրան, PMI-ը Cube-ից դուրս կատարում է ներդրումներ այն տեխնոլոգիաների ու ընկերությունների մեջ, որոնց աշխատանքը համընկնում է կորպորացիայի տեսլականին։ 

 

Կարևոր գործ երկրի համար

 

EIF-ում, իհարկե, օդից չէին վերցրել կենտրոնի նախագիծը։ Սա տարիներով կուտակված փորձի ակումուլիացիան է։ Այնտեղ շատ լավ գիտեն ոլորտում կատարվող բոլոր կարևոր քայլերի մասին կամ, ինչպես այս դեպքում, իրենք են դրանց շարժիչ ուժերից մեկը։ «Մենք գիտեինք, որ նույն Պոլիտեխնիկում կան National Instruments-ի հետ համատեղ ստեղծված ինժեներական լաբորատորիաները»– այդ շենքը, ի դեպ, երևում է նախկին Մասնաշենք 13-ի լուսավոր պատուհաններից,– «որ Synopsys-ն աշխատում է ֆակուլտետների հետ, որպեսզի ուսանողական տարիքից պատրաստի իր ապագա մասնագետներին, IBM-ն է՛լ ավելի վաղ նորարարական կենտրոն էր բացել ու առաջինը Հայաստանում ֆինանսավորել գիտական խմբերի»։ Մարիամի համոզմամբ, այս բոլոր օրինակները շատ օգնեցին, որպեսզի Կենտրոնը ձևավորվի այնպիսին, ինչպիսին որ կա ու առավել արդյունավետ է բոլոր կողմերի համար։

 

Ի վերջո, երբ նախագիծը հաստատվեց, Մարիամը տեղափոխվեց EIF-ից՝ ամբողջությամբ նվիրվելու նոր կենտրոնին։ «Ես շատ երկար էի մտորում, որովհետև ինկուբատորում դեռ շատ անելիքներ կային, բայց ի վերջո հասկացա, որ PMI Science-ը շատ կարևոր է մեր երկրի համար»։

 

Ինչու էր այդքան կարևոր գիտությանն օգնելը


ՏՏ-ն ու հայթեքը դեռ 2000-ականներից դինամիկ զարգանում են, քանի որ մի քանի խոշոր ընկերության մուտքի շնորհիվ թրենդ ձևավորվեց ու հստակ կապ ստեղծվեց բիզնեսի ու տեխնոլոգիաների միջև։ Իսկ ֆունդամենտալ գիտությունը, ինչպես ափսոսանքով հայտնում է Մարիամը, «մնացել էր առանց արդյունաբերության աջակցության»։ Հիմնական խնդիրը հին համակարգի ու պատվերների շղթայի փլուզումն էր և նորի դեռ չլինելը. «Ակադեմիան կա, գիտնականները կան, բայց բիզնեսներ չկան, որոնք այդ գիտելիքը կօգտագործեն։ Կա թյուր կարծիք, որ գիտնականը պիտի կարողանա վաճառել, ինքն իմանա, թե ինչի համար է աշխատում։ Բայց իրականում պետք է գիտնականը զբաղվի գիտությամբ, վաճառողը՝ վաճառքով։ Բիզնեսը գալիս է հստակ կարիքներով ու դրանց համար դիմում է գիտնականներին։ Այսքան բան»։

 

Կենտրոնը չի սահմանափակվում այս երեք հարկերով, այլ ներառում է ողջ գիտական դաշտը։ Եվ որպեսզի պարզ լինի, թե որքան լայն է այդ ազդեցությունը, բավական է պարզապես նշել բնական գիտությունների այն ուղղությունները, որոնց մասնագետների հետ կա ակտիվ համագործակցություն. օրգանական ու անօրգանական քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, տոքսիկոլոգիա, կենսաբանություն, մոլեկուլային կենսաբանություն՝ ինստիտուտներ, բուհեր, ֆակուլտետներ, խմբեր, անհատներ, լաբորատորիաներ։ Գումարած սրան, սերտ կապեր են պահպանվում ինժեներական ու ՏՏ համայնքի հետ. ի վերջո, ընկերության արդի խնդիրները տեխնոլոգիական լուծումներ է պահանջում։ 


Մնում է հասկանալ, թե ինչպես են կազմակերպվում կենտրոնի ու գիտնականների հարաբերությունները։ «Սովորաբար դիմում ենք կոնկրետ խնդրով, իսկ գիտական թիմերը զուգահեռ աշխատում են։ Սա ուղիղ ճանապարհն է։ Իսկ պատահում է, երբ մենք նույնիսկ չգիտենք, թե մեզ հստակ ինչն ավելի պետք կգա։ Այդ դեպքում մեզ մոտ գալիս են առաջարկներով, դրամաշնորհներ ենք տալիս, որ մարդիկ անկաշկանդ աշխատեն ու հետազոտությունների արդյունքում գուցե ստեղծվի գիտելիք ու կազմավորվեն թիմեր, որոնք մեզ հետագայում կօգնեն բարդ խնդիրներ լուծել։ Հենց հիմա պիտի հաստատենք նոր տասը թիմերի դրամաշնորհները։ Անցած տարի 28 գիտական թիմ ենք ֆինանսավորել՝ յուրաքանչյուրին տրամադրելով 15,000-ական ԱՄՆ դոլար»։

 

 

Հավաքել կենսատու ջուրը


Անցնում ենք դատա-սայնսի՝ վերջերս այդքան պոպուլյար դարձած տվյալագիտության սենյակի կողքով՝ այստեղ նստում է կենտրոնի ամենամեծ թիմը։ Համակարգիչների մեջ խրված մասնագետները միանշանակ ճիշտ ուղու վրա են. տվյալագիտությունը համարվում է դարի գլխավոր մասնագիտությունը, չնայած որ վերջերս է սկսել սրընթաց սփռվել աշխարհով մեկ։ Հայաստանն էլ, կարծես, հետ չի մնում, այդ թվում՝ Ֆիլիպ Մորրիսի ուշադրության շնորհիվ։


Այդուհանդերձ, հենց այս սենյակի մոտ նորից ուզում եմ խոսել խորհրդային ժառանգության մասին։ Այն, ինչ հասել է մեզ այդ ժամանակներից, իրո՞ք այդ աստիճան արժեք ու պոտենցիալ ունի։ Կողքից կարող է թվալ, թե փառքի տարիները վաղուց անցյալում են, շենքերը վաճառվում են, իսկ գիտնականներն արտագաղթում… Մարիամն ընդհատում է։ «Պատկերացնենք, որ տասնամյակների ընթացքում կառուցված ինստիտուտները ջրհորներ են։ Ճիշտ է, մեկը մի քիչ վատ վիճակում է, մյուսն ավելի լավ, մի տեղ ջուրը շատ է, մյուսում գրեթե չի մնացել, բայց բոլորի մեջ էլ կենսատու ջուր է։ Մեր նպատակն է հավաքել այդ հարստությունը՝ միաժամանակ շենացնելով այդ ջրհորները»։ Գիտական ոլորտի ընդհանուր զարգացումը շահավետ է ոչ միայն պետության, այլև կորպորացիայի համար։ 


Ճիշտ է, սա նաև արվում է մեծ կորպորացիայի բիզնեսի զարգացման պահանջներից ելնելով։ Բարեբախտաբար, մեծ բիզնեսի և փոքր Հայաստանի շահերը համընկել են։ Մեկը զարգացնում է իր արտադրանքն ու գիտական ներուժը, մյուսը՝ հարստացնում ֆունդամենտալ գիտությունը։


Ի դեպ, արտադրանքի մասին. վերջին երկու տարիներին Հայաստանում բավական լայն տարածում գտավ ընկերության նորարարական պրոդուկտներից մեկը՝ աշխարհի 50-ից ավելի երկրներում հայտնի ծխախոտի տաքացման համակարգը։ Սա ընկերության արտադրատեսակներից միայն մեկն է, ևս մի քանիսի վրա աշխատանքները տարվում են հենց այս պահին։ Գուցե Երևանում կատարված հետազոտությունների շնորհիվ դրանք ավելի արագ ավարտին կհասցվեն։ Ի դեպ, կենտրոնում ոչ միայն չեն ծխում, այլև չեն օգտագործում այլ նիկոտին պարունակող արտադրատեսակներ. ամեն դեպքում բուհական տարածք է, չի կարելի։

 

 

Ինչով է հիացնում Հայաստանը


Երկրորդ հարկի ադմինիստրատիվ մասում Մարիամին սպասում են հերթական ժողովի համար, ժամանակը սուղ է։ Վերջում հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին են հարաբերությունները շվեյցարական գլխամասի հետ։ Մի՞թե չեն խանդում հանդուգն հայերին։ «Սկզբում չէին պատկերացնում, թե ինչ կարող է տալ փոքրիկ Հայաստանը,– խոստովանում է Մարիամը,– բայց հետո բացահայտեցին գիտական մի ողջ մշակույթ, պայծառ ուղեղներ, ովքեր կարող են օգնել լուծել ամենաբարդ խնդիրները»։ Երևանյան կենտրոնի կայացման գործում նաև մեծ դեր է խաղացել Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության Պրոդուկտների գծով փոխնախագահ Լուկա Ռոսսին, ով պարզապես հիացած էր այն ամենով, ինչ բացահայտեց այստեղ՝ Հայաստանում։ Այն է՝ համախմբվածություն, գիտական ավանդույթներ և սրանից առաջ արդեն իսկ տեղական շուկա մտած միջազգային կորպորացիաների փորձ։ «Դե, նաև մեր թիմից շատ գոհ մնաց,– հպարտությամբ հայտնում է Մարիամը,– նախ և առաջ նրանով, թե ինչպես ենք մենք կարողանում հավաքել մեզ պիտանի գիտական նյութն ու ծառայեցնել կոնկրետ նպատակներին»։