Նորայր Սարգսյան․ «Պոնտացի Պիղատոսը, կամ սկիզբը»
Ընթերցանության ժամ

Նորայր Սարգսյան․ «Պոնտացի Պիղատոսը, կամ սկիզբը»

Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի 2019 թվականի դափնեկիր Նորայր Սարգսյանի նոր պատմվածքը՝ հատուկ ԵՐԵՎԱՆի Կարդալու համարի համար։

Տեքստը՝ Նորայր Սարգսյանի


ԵՐԵՎԱՆ #59, 2019

 

Ռոմարիոյի մայկեն հագած, կապույտ շորտերով, ֆուտբոլիստի դանդաղ ու ծանր քայլքով, առավոտ բարլուսով ամառային ամիս հունիսին՝ արձակուրդների 14-րդ օրը, առաջին մուտքից գոլերի միջով դաշտ դուրս եկավ Ներկած քուչի ամենաուժեղ ու հաջողակ ղումար խաղացողը՝ համալիրցի Նավապետը։

 

Նավապետը ամենաշատը զզվում էր տարվա էս շրջանից, երբ իր մոտ ուժեղ ալերգիա էր սկսվում, բայց մյուս կողմից էլ սա գրազի ամենաթեժ ժամանակն էր։ Չիպսին ու Զեյթունին կրածները միասին համարյա հասնում էին հարյուր հազար դրամի, բայց նոր թիրախ էր հայտնվել՝ Ցեցը։

 

- Ի՞նչ ենք խաղում, — բասկետբոլի շիթի մոտ կանգնած էին Ցեցն ու Պուհայը։

 

- Շիթ չքցե՞նք, ախպե՛րս։

 

- Քցենք, Ցեցո՛։

 

Ամեն ինչ սկսվեց առավոտ բարլուսով ընդամենը 5000 դրամից: Արդեն ժամը մեկին, երբ արևը վառում էր ամբողջ դաշտի երկայնքով, իսկ Նավապետը երկու վայրկյանը մեկ փռշտում էր, թիվը տատանվում էր քառասունից հիսուն հազարի միջև։ Բայց Նավապետը դեռ իր զինանոցում ուներ գլխավոր հաղթաթուղթը՝ իր հորինած խաղը՝ շիշը։ Երբ հասկացավ, որ արդեն թիվը պակասում է, առաջարկեց շարունակել շշով։ Շիշը դրվում էր գոլերի պլանկայի աջ մասում, և խաղացողները մոտ 10 մետրից հերթով հարվածում էին։ Պետք է հողով լցված շիշը ընկներ գետնին։ Նավապետը այս խաղը հորինել էր այն ժամանակ, երբ Չիպսի հետ արդեն հասել էին ուղղակի հինգհարյուրանոց կոպեկով ղուշ-գիր խաղալուն կամ, օրինակ, քարով մի քանի մետրից ծառին խփելուն։ Նավապետը շշով ավելի շատ փող էր աշխատել, քան շատերիս ծնողները։ Զեյթունը Ներկած քուչում ֆիզիկա էր պարապում, մենք բոլորս գիտեինք նրա վարձի տալու օրը, որովհետև էդ օրը Նավապետին թավանները փակվելու ժամանակն էր։ Փողի վրա խաղալը արդեն անհետաքրքիր էր դառնում, ու Նավապետը նրան կրում էր, ասենք, խանութի բոլոր պաղպաղակները: Մենք հոգնում էինք ուտելուց, կանչում էինք մեր քուչի երեխեքին, հետո կողքի բակերին էին հասնում այդ լուրերը, և նոր միայն պաղպաղակները ավարտվում էին։ Մի խոսքով՝ Զեյթունի ֆիզիկայի պարապմունքի փողը հասնում էր բոլորին՝ բացի նրա ֆիզիկայի դասատուից։

 

Չիպսը ևս դրամական կայուն մուտքեր ուներ. նա դպրոցում ամեն հինգի համար հինգ հազար դրամ էր ստանում հորից։ Իսկ Ցեցի պատմությունը լրիվ ուրիշ էր, Ցեցը չուներ այդ փողերը, որոնք հաճախ պարտվում էր, այսինքն՝ շատ մեծ էր հավանականությունը ֆուֆլու մնալու։

 

Նավապետն ու ղումարը

Նավապետը համարյա երբեք չէր պարտվում, նա իսկական սպորտսմենի հոգեբանություն ուներ, խաղում էր այնքան, որ միշտ հաղթող դուրս գա։ Մի անգամ Պուհայը 60000 դրամ հաղթել էր առավոտվա շիթով ու ցերեկվա նարդով, հետո գնացել էր տուն։ Առավոտը՝ շիթ խաղալու ժամանակ, Սնիժոկը չգիտեմ կոնկրետ ինչ էր ասել Նավապետին, բայց նա գժվել էր ու իր հայտնի բացովի դանակը ջղայնացած շպրտել էր Սնիժոկի ուղղությամբ, կիսաբացված դանակը ճանապարհին լրիվ բացվել էր ու տնկվել նրա ոտքին։ Պուհայը ուզել էր գնալ ու օգնել, բայց հետո տեսել էր Նավապետի սպասողական ու ջղային հայացքը ու կանգ առել:

 

- Խաղա՛, ապե՛:

 

Նավապետի այս խոսքերից հետո էլ շարունակել էր խաղալ։ Էդ օրը Նավապետի բախտը ընդհանրապես չէր բերել։ Գիշերը 12-ն անց էր արդեն, երբ նա կազմակերպեց բեսեդկում լույս քաշելը: Դրել էր նարդին ու սպասում էր, մինչև Պուհային կկանչեն։ Պուհայը վախեցած եկավ, արագ հետ կրվեց 60000, մի բան էլ՝ վրայից, Նավապետը ջրեց Պուհայի պարտքը ու գնաց տուն։

 

Շարունակություն

 

Եվ ուրեմն հունիսի 14-րդ օրը ամեն ինչ լավ էր գնում՝ չհաշված ալերգիան։ Մենք կանգնած նայում էինք, թե ինչպես է շիշը մեկը մյուսից հետո ընկնում գետնին Նավապետի թեթև, բայց նպատակային հարվածներից։ Թիվը արդեն գերազանցում էր հարյուր հազարը, ու Ցեցը ազարտի ընկած ավելի ու ավելի էր մեծացնում խաղացվող փողը՝ հույս ունենալով միանգամից հետ բերել գումարը։ Փողը խոսացված էր հաջորդ օրվա վրա, այսինքն՝ Ցեցի ուղեղում չէր կարող անընդհատ չֆռալ ֆուֆլու բառը։ Նա մի կերպ համոզեց նորից հետ գնալ բասկետբոլի շթի վրա, բայց այստեղ էլ արդեն ոչինչ չէր հաջողվում նրան, ընդհանուր առմամբ՝ 180000 դրամ։ Ցեցը պանիկայի մեջ էր։

 

Եկավ այդ վախենալու հաջորդ օրը: Մենք նստած էինք Շալախենց պատուհանների դիմաց ու սպասում էինք Ցեցին, խաբար արեցին, որ փողը դեռ չկա։ Իհարկե, առաջ եկավ մանկապարտեզի բակ գնալու անհրաժեշտությունը։ Ներկած քուչեն խառն էր, Ցեցի ընկերներից մի քանիսը դեռ հույսները չէին կորցրել ու, այս ու այն կողմ ընկած, փող էին հայթայթում։ Անգամ դիմել էին Հողոտ քուչի երկվորյակներին, որոնք հարուստ էին իհարկե, բայց դեռ երբեք ոչ մեկին պարտքով փող չէին տվել։

 

Մանկապարտեզի բակը

Շատ տարօրինակ էր ու ծիծաղելի, բայց մանկապարտեզի բակը իրիկունները շատ վտանգավոր տեղ էր։ Այստեղ տղերքը ուռում էին, աղջիկ տանում, բազառ անում: Մենք էլ, չնայած փոքր էինք, բայց թաքուն բաներ ունեինք անելու, ծխում էինք, խմում, վերջապես հոգում էինք մեր բնական կարիքները։ Մի Նոր տարի Մրջյունը խմած ժամանակ ջարդել էր մի քանի պատուհան՝ իր հերթական չստացված սիրուն ու նրա ծնողներին հիշատակելով ոչ այնքան լավ լույսի ներքո։ Դե էդ ժամանակ ընդունված էր ինչ-որ աղջկա անհույս ուզելը, ես էլ էի ուզում։ Ուզելը հատուկ հոգեվիճակ էր, ապրելակերպ, այն ոչ մի կապ չուներ սիրո կամ նման ղզիկ բաների հետ։ Ուզել հաճախ նշանակում էր ուղղակի հետևել աղջկա բոլոր քայլերին, հանդիպել ու ստոպ տալ մյուս ուզողներին, համաձայնեցնել աղջկան մոտենալու ժամանակացույցը, ծեծել ախպերներին, օգնել աղջկա տանեցիներին բարձրացնել ծանր տոպրակները։ Հաճախ աղջկա հետ նորմալ խոսելուն բանը չէր էլ հասնում։ Օրինակ՝ ես այդպես դիմացի Բոշեքի քուչից մի աղջկա էի ուզում, նրան տեսել էի ընդամենը երկու անգամ՝ տատի հետ ման գալիս։ Արագ կազմակերպեցի ինֆորմացիոն արշավը, ճշտեցի ամեն ինչ ու տեղ հասցրի բոլոր շահագրգիռ կողմերին, որ այդ աղջիկը ուզվում է իմ կողմից։ Հետո ճարեցի գունավոր կավիճներ: Մի քանի ժամում իմ սիրուն նկարող դասարանցիները՝ Միկան ու Էդմոնը, գրեցին աղջկա պատուհանի դիմացի պատին, որ ես սիրում եմ նրան, բայց թե ես կոնկրետ ով եմ ու կոնկրետ ում եմ ուզում, պարզ չէր այդ գրաֆիտիից։ Մի շաբաթ չանցած՝ ես աղջկա հայացքից հասկացա, որ էլ չեմ ուզում նրան, խմեցի իմ չորս շիշ գարեջուրը, գիշերով հինգերորդը ձեռքիս՝ եկա-կանգնեցի նորաթուխ գրաֆիտիի առաջ։ Հինգերորդ շիշը ջարդեցի պատին, հետո ավելի նվաստացնող բան արեցի, էն բանից արեցի գրաֆիտիի վրա, և այն համարյա մաքրվեց։

 

Ինձնից գոհ, սիրուց խոցված հոգովս ես հարբում էի դեռ մի երկու օր ու նայում էի աղջկա պատուհաններին։ Այդ աղջիկը երևի այդպես էլ չհասկացավ իմ «անկումների սարսափիցը», ու ես էդ վախտ մի պոետ, ու իմ անունը՝ Նորո, դեռ քայլում էի դեպի մնգո ու խմում կարմիր գինին։ Գինու շիշն էլ ջղայնացած խփում էի գետնին վերջում, իբր ավերեմ պիտի ձեր քաղաքները լուսնահար: Իբր ես սիրահարված, դժբախտ ու հիվանդ տղա եմ, և չարձակած ո՛չ մի նետ անկումների սարսափից՝ ես փախչում եմ ահա ետ, ես նահանջում եմ նորից: Հիմա, երբ հիշում եմ էս ամենը, «ես» գրելը մի տեսակ արհեստական ու սխալ է թվում, ավելի ճիշտ կլիներ գրել «մեր դասարանի Սարգսյան Նորոն» կամ օրինակ՝ «Ներկած Քուչի Նոնը»։

 

Շարունակություն

Մանկապարտեզի բակում կանգնած ենք, տղերքը ծխում են։ Ցեցը դեռ չկա, գալիս են Աղվանն ու Պուհայը՝ ասելու, որ փողի մեծ մասը չկա, ընդամենը 60000 է հավաքվել։ Նավապետը խրատական տոնով հասկացնում է նրանց, որ սա այնքան էլ խաղ ու պար չէ, ու նրանք հենց հիմա ընկեր են կորցնում, խորհուրդ է տալիս ավելի լավ ման գալ։ Աղվանը խնդրում է․

 

- Ախպե՛ր, գոնե մի քիչ ժամանակ տուր էլի, չենք կարում ճարենք։

 

- Խաղալուց ձեր ընգերը չէր մտածում էդքանը, լավ, մինչև գիշերը 12-ը փողերս մոտս լինի, թե չէ էսքան մարդու մոտ ասում եմ` ֆուֆլու կթողեմ, ես ձեռներս լվանում եմ։

 

Ցեցը ընդհանրապես չի երևում, երևի իր չգալով ուզում է ժամանակ ձգել: Հիմա, իհարկե, նրա չերևալը ճիշտ քաղաքական քայլ է։ Արդեն իրիկունը Նավապետը իմաց է տալիս, որ ուզում է խոսել Ցեցի հետ։ Առանձին խոսակցությունից հետո մենք միայն իմանում ենք, որ Ցեցը տվել է ցերեկվա հավաքած 60000-ը, և մնացածի ու հենց Ցեցի ճակատագիրը մնում է անորոշ։ Մի շաբաթ անց Ցեցը սկսեց աշխատել մոյկայում, պարզվեց՝ Նավապետն է միջնորդել մոյկի տեր Հակոբին, որ ընդունի նրան գործի։ Մոյկի տեր Հակոբի հետ կապված մի ուրիշ պատմություն եմ հիշում, որ սրա հետ կապ չունի, բայց դե պատմեմ։

 

Ո՞ր Հակոբը

Քուչի աղջիկները մեզ որոշել էին ճիշտ ուղու վրա դնել։ Իմ քույրը, Սայի քույրն ու Դոկտորի ընկերուհին ամեն կիրակի մեզ ստիպելով տանում էին եկեղեցի։ Պատարագներին մենք, հիմնականում հանգիստ կանգնած, նայում էինք։ Հետևում էինք աղջիկներին, որ ճիշտ ժամանակին խաչակնքվենք ու մյուս գործողությունները ճիշտ անենք։ Ամեն ինչ ընթանում էր աղջիկների նախանշած պլանով։ Քուչի ընդհանուր բյուջեում որոշվեց պահուստային ֆոնդ բացել կամ նորմալ լեզվով ասված՝ կաս։ Երեքլիտրանոց բանկան Համոն զակատեց, մեջտեղը ծակ բացեց ու ղումարի փողի մի մասը և ըստ ցանկության հավաքվող ինչ-որ փողեր լցվում էին այնտեղ։ Նպատակը քրիստոնեական էր. Կա՛մ եկեղեցուն կտանք, կա՛մ ինչ-որ կարիքավոր ընտանիքի կօգնենք։ Կիրակիներին մեզ արդեն ստիպել պետք չէր, համոզելը հերիք էր. ավանդույթի ուժը շատ մեծ բան է։ Հետո երևի բոլորին դուր էր գալիս, որ մենք իբր ընտրություն ունենք, ու մեզ իբր ուզում են լավ ուղու վրա դնել։ Բայց ամեն ինչ հարամ արեց Պուհայը։ Հերթական պատարագի ժամանակ, երբ քահանան սկսեց իրենց լեզվով ինչ-որ բաներ խոսել, Դոկտրը հարցրեց։

 

- Էս ո՞ր քահանան ա, առաջին անգամ եմ տեսնում։

 

- Տեր Հակոբն ա, — միանգամից պատասխանեց քույրս, որը վաղուց էր եկեղեցի գնում ու բոլոր քահանաներին գիտեր։

 

- Ո՞ր տեր Հակոբը, մոյկի՞ տեր Հակոբը։

 

Ոչ ոք չկարողացավ պահել ծիծաղը, անգամ մեր հավատացյալ աղջիկները։ Դրանից հետո չեմ հիշում մենք եկեղեցի էլի գնացի՞նք, թե՞ չէ, ու չեմ էլ հիշում՝ ինչ արեցինք էդ կասի հետ, բայց մեր հավատը խարխլվեց Պուհայի սրամտության անժամանակ պոռթկման պատճառով։

 

Բա վե՞րջը

- Թող աշխատի, բերի, փողս տա, — պատմում էր Համոյին Նավապետը։

 

Համոն քուչի երկրորդ մարդն էր, ուժային բլոկը կարելի է ասել։ Նա միակ մարդն էր, որ թե՛ բարոյական իրավունք, թե՛ բավարար խիզախություն ուներ Նավապետի հետ վիճելու։ Բարոյական իրավունք, որովհետև փոքրուց աշխատում էր ու, ի տարբերություն շատերիս, գիտեր՝ ինչ բան է փողը, իսկ դուխ, որովհետև ուղղակի ուներ, էդ անտերը չի բացվում։

 

- Արա՛, դե թարգի էլի էդ ղումարը, մի օր դու ես կրվելու, ո՞ւրդուց ես ճարելու։ Ինձ, օրինակ, խփեն, չեմ խաղա, դաժը մի հատիկ լուցկու վրա չեմ խաղա։

 

- Հա, բայց դու յանի ի՞նչ պիտի խաղաս, ո՛չ կարտ ես լավ խաղում, ո՛չ նարդի, ո՛չ էլ ֆուտբոլ։

 

- Ապե՛, լավ բան չի էդ ղումարը, թարգի, ուրիշի աշխատած փողը կրելը լավ բան չի։

 

Ցեցը սկսեց չերևալ քուչում, էլ ընդհանրապես ղումար չէր խաղում, նրան մի անգամվա էդ մեծ վախը հերիք եղավ։ Հետագայում Ցեցը աշխատեց որտեղ ասես՝ է՛լ դարբինի օգնական, է՛լ չինական ռեստորանի խոհարար, է՛լ մատուցող, է՛լ առաքիչ։ Ցեցի կյանքը կտրուկ փոխվեց։ Ու միայն էս վերջերս իմացանք, որ երբ նա բերել էր Նավապետի փողը, Նավապետը չէր վերցրել։

հավելյալ նյութեր