«Ռենտգեն Երևան»․ քաղաքի թաքնված շերտերը
Օպերատոր, լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանի «Ռենտգեն Երևան» ֆոտոինստալյացիաների շարքը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոնում։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Լուսինե Արուշանյանի ֆբ-էջից
Գաղտնապահ տատիկը
Օրերից մի օր, Պուշկինի փողոցով անցնելիս Սուրենը հայացք գցեց մի սպիտակ կիսաբաց դռնից այն կողմ, իսկ տատիկը, ով նստած էր դռան մոտ՝ շատ արագ փակեց այն։ «Տեսնես այդ ի՞նչ էր թաքցնում տատիկը, այդ ի՞նչն էր այդպես խնամքով պահում ներսում»,—մտածեց Սուրենն ու ինքն իր համար մի բան հասկացավ․ քաղաքը միայն փողոցներից երևացող շենքերը, դռներն ու դալանները չեն, դա քաղաքի միայն մի շերտն է։ Մյուս շերտերը ներսում են՝ պատերից ու դռերից այն կողմ ու մենք դրանք միշտ չէ, որ նկատում ենք կամ էլ միշտ չէ, որ կարող ենք բացահայտել։ Այսպես՝ քաղքը ռենտգեն անելու անհագ ցանկությունը օպերատորին ստիպեց 2019-ին ստեղծել առաջին աշխատանքները, որոնք արդեն իսկ իրենց մեջ կրում էին բազմաշերտ քաղաքն ու այդ քաղաքում ապրող մարդկանց։ Հետո ցանկություն առաջացավ պարզապես ավարտել շարքը, հանձնել այն հանդիսատեսի դատին ու շարժվել առաջ և ահա, կայացավ այս շարքն ու ցուցահանդեսը։
Քաղաքը դարձնել թափանցիկ
Համադրող Եվա Խաչատրյանն այս շարքի մասին գրում է․ «Քաղաքը վերապրելու, նորովի զգալու միջոցներից մեկն այն թափանցիկ դարձնելն է։ Ինտիմը, մասնավորը հանրային տիրույթի հետ միախառնելու միտումն իր մեջ պարունակում է թաքնված, չտեսնված պատմություններ բացահայտելու փորձը, ցանկությունը։ Սուրեն Թադևոսյանի այս նախագծում ականատես ենք լինում քաղաքի կմախքը մարմին դարձնելու պրոցեսին, որ հնարավորություն է տալիս վերագտնելու ուտոպիաները»։ Այսպես՝ շերտ առ շերտ, վիրաբույժի նման զգուշորեն Սուրենն իր ռենտգենների միջոցով բացահայտում է քաղաքի ներսը, հավաքում կմախքն ու մարմին տալիս դրան։ Աշխատանքների տեխնիկան ևս պատահական չէ ընտրված։ Պատկերներից յուրաքանչյուրը ստեղծվում է նախնական էսքիզի հիման վրա ու դրանց յուրաքանչյուր շերտը ոչ միայն լուսանկարված և մշակված է առանձին, այլև տպված է մեկ առանձին թափանցիկ պերգամենտի վրա։ Վերջնական աշխատանքը ստացվել է այդ շերտերի համադրման միջոցով։
Նույնիսկ համբուրվողները Սուրենի աշխատանքներում իրար երբեք չեն տեսել, ու հանդիպել են միայն այս երևանյան ռետգեններում։ Ինչպես և իրական ռենտգենում՝ կան հատվածներ, որ ավելի մոտ են ու ավելի հստակ, կան և այնպիսիք, որ խիտ են ու ոչ այդքան պարզ տեսանելի։ Մյուս կողմից՝ Սուրենը հավատարիմ է մնացել իր մասնագիտությանն ու նույնիսկ այս ֆոտոինստալյացիաներում կարողացել է փոխանցել քաղաքի ու մարդկանց շարժը։ Սուրենը նաև իր իսկ ոտքի նախկինում ունեցած վնասվածքի ռենտգենն է համադրել քաղքին։ Չէ՞ որ ինքն էլ քաղաքի մի բնակիչ է։ «Քաղաքը մարդիկ են, ավելի ճիշտ՝ քաղաքը մարդկանցով է քաղաք»,—ասում է Սուրենը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 25-ը։