Ռեյվի պալատ
Ինչպես նախկին Գրքի պալատում բացվեց Երևանի ամենաառաջադեմ ակումբներից մեկը։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Պոլիգրաֆի արխիվ
ԵՐԵՎԱՆ #71 | 2021
Նոյեմբերի 13-14-ը տեղի կունենա Poligraf-ի նոր նախագիծը՝ առաջին Counterport միջոցառումների շարքը, որը նախատեսվում է իրականցնել յուրաքանչյուր տարի՝ երկու անգամ, աշնանն ու գարնանը։ Counterport-ը շարքը միտված է ռեյվային փորձառությունը ավելի լայն լսարանի հասցնելուն: Միջոցառմանը կմասնակցեն Randomer-ը Բրիտանիայից, DJ Spit-ը Գերմանիայից, Sofia Rodina-ն Ռուսաստանից և մի շարք լոկալ արտիստներ: Այսպիսով՝ միջոցառումը հնարավորություն կտա Հայաստան հրավիրել ամենահայտնի և պրոֆեսիոնալ տեխնո արտիստներին։
Ինչ բարդությունների են բախվում Երևանում տեխնո ակումբ բացողները, ինչու չի կարելի ներս թողնել ամեն ցանկացողին և ինչու է կարևոր սովորեցնել նոր երաժիշտներին․ ԵՐԵՎԱՆը եղել է երևանյան կարևորագույն՝ «Պոլիգրաֆ» ակումբում ու զրուցել համահիմնադիր ու ստեղծագործական տնօրեն Դավիթ Սուքիասյանի հետ։
Անհիշելի ժամանակներում, երբ Երևանում բոլորովին այլ երաժշտություն էր հնչում, Կորյունի փողոցի մի հատվածը՝ Լենինի պողոտայի ու Տերյանի փողոցի միջև, զարդարված էր մի չքնաղ սյունաշարով։ Այն միացնում էր Գրքի պալատի (հետագայում ավելի հայտնի որպես Տպարանի շենք) երկու թևերը։ Որոշ ժամանակ անց, սակայն, սյունաշարը քանդվեց, տեղում կառուցվեց մի բավական անշուք բարձրահարկ շենք, իսկ Գրքի պալատի երկու թևերը դարձան առանձին կառույցներ, մեկը Տերյանում, մյուսը՝ Գրիգոր Քոչարում։ Այժմ դժվար է ենթադրել, որ դրանք մի ընտանիքից են եղել։ Նույնքան դժվար է պատկերացնել ապակեպատ բարձրահարկի տեղում բարձր, խոյակներով զարդարված սյուները։ Թեպետ․․․ Սյուներից մեկը պատահմամբ մնացել է մինչ օրս։ Այն միայնակ ու տխուր կանգնած է Քոչարի կողմում մնացած շենքի պատին կցված՝ անօգնական ու անգործ։ Հենց այդ սյան կողմից էլ կարելի է նկատել մի համեստ քառակուսի ցուցանակ, որի վրա պարզապես գրված է՝ Poligraf: Բայց սա ոչ թե պոլիգրաֆական ծառայությունների գովազդ է, այլ Երևանի ամենամեծ համբավ ունեցող գիշերային ակումբներից մեկի մուտքը։
Հինգ ընկեր՝ Դավիթը, Գոռը, Արթուրը, Արամայիսը և Լևոնը, երեք տարի առաջ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, լիքը վարկեր վերցնելով՝ ստեղծեցին իրենց երազանքների ակումբը։ Քանի որ այդ երազանքը շատերին էր հոգեհարազատ, նրանց միացան ուրիշներ ևս՝ հիմնադիր արտիստները, չէ՞ որ ցանկացած ակումբի դեմքն այնտեղ նվագող մարդիկ են։
Ստեղծագործական տնօրեն Դավիթը հիմա ժպիտով հիշում է, որ սկզբում բարդ էր․ «Կար շրջան, երբ քաղաքում շատ քիչ արտիստներ էին կիսում մեր մոտեցումները, բայց հիմա պատկերը փոխվել է»։ Մոտեցումների առումով, ի դեպ, «Պոլիգրաֆը» շատ սկզբունքային է։ Այստեղ երեկոյի կենտրոնում արտիստն է, ամեն ինչ կառուցված է հենց նրա շուրջ և այստեղ հնչում է բացառապես տեխնո և հաուս երաժշտություն, իր տարբեր դրսևորումներով։
Դավթի հետ հանդիպում ենք ակումբի համար տարօրինակ ժամի՝ ցերեկը, երբ ռեյվերները դեռ զբաղված են իրենց առօրյա խնդիրներով և Պոլիգրաֆն իր բուն գործին կանցնի ժամեր անց։
Ազատ ու անվտանգ ռեյվ
Մի քանի ժամից մուտքի մոտ կհավաքվեն լավ էլեկտրոնային երաժշտություն լսել ցանկացողները։ Ներս կմտնեն ոչ բոլորը․ տարիների ընթացքում Պոլիգրաֆում վերջապես կարողացան հասնել նրան, որ այցելուները հարգանքով վերաբերվեն դորմենին (այստեղ նախընտրում են այդ եզրը, ոչ թե բացասական երանգներ ունեցող ֆեյս քընթրոլը)․ «Խնդիրը ֆեյսերի մեջ չի, խնդիրը ով լինելու ու քուլ լինելու մեջ չի, խնդիրը հարգանքի մեջ է, «Պոլիգրաֆ» այցելելիս կարևոր է հասկանալ, որ դորմենն անում է ամեն բան, որպեսզի մարդիկ կարողանան իրենց լիարժեք ազատ զգալ ներսում, կարողանան լինել կիսամերկ, հագնվել ինչպես ուզում են, շարժվել ինչպես ուզում են և որ ոչ մեկ ուշադրությունը չկենտրոնացնի մեկ ուրիշի վրա, չկաշկանդի մյուսին, - բացատրում է Դավիթը, որը դեռ հիշում է այն տպերին, որոնք տարիներ շարունակ խցկվում էին բոլոր ակումբներն ու իրենց լպիրշ պահվածքով փչացնում մթնոլորտը։ - Մենք անում ենք այնպես, որպեսզի յուրաքանչյուրը յուրովի կարողանա վայելել միջավայրը, որպեսզի ոչ մեկը չսահմանափակի մյուսի ազատությունը»։ Ահա թե ինչու այստեղ արգելված է լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, իսկ ծխելը թույլատրվում է միայն հատուկ տարածքներում՝ պարահրապարակում չի կարելի սահմանափակել մարդկանց՝ մաքուր օդ շնչելու իրավունքը։
Այս ցավոտ թեմային անդրադառնալիս Դավիթը հպարտությամբ նշում է, որ երեք տարիների ընթացքում «Պոլիգրաֆում» դեռ երբեք ոչ մի կռիվ ու ծեծկռտուք չի եղել։
Դժվարությունների մասին
Մուտքի խնդիրը, իհարկե, միակը չէր։ Դե, հասկանալի է, նոր ակումբ, նոր միջավայր ու ձևաչափ, ուրիշ էլ ինչպես պիտի լիներ։ Նախ խնդրահարույց էր այն, որ այցելուներից շատերը հրաժարվում էին վճարել տեղական արտիստներից կազմված լայնափի համար։ Ոմանք նույնիսկ սովորել էին առանց վճարելու սողոսկել ակումբ։
Հիմա արդեն բոլորը գիտեն, որ եթե չկաս հյուրերի ցուցակում, որն ի դեպ շատ փոքր է, ապա պիտի վճարես։ Հաճախ խնդիրներից է նաև բոդիչեքը, այցելուներից շատերը, հատկապես աղջիկները հաճախ վրդովվում են, երբ ստիպված են լինում ցույց տալ պայուսակի պարունակությունը։ Բարեբախտաբար, սա ևս արդեն սովորական է դառնում։
Բայց սա դեռ ամենը չէ։ Նույնիսկ անձնակազմ հավաքելը սկզբնական շրջանում մեծ խնդիր էր։ Դե օրինակ՝ ակումբի լուսային միջավայրն ապահովելու համար պրոֆեսիոնալ և ռեյվային փորձառության սիրահար պրոֆեսիոնալի գտնելը գրեթե անհնար էր թվում։ Մյուս կողմից՝ միջազգային փորձն ուսումնասիրելով՝ տղաները հստակ գիտեին, թե ինչ աշխատակիցներ են հարկավոր նման ակումբներին, սակայն նրանց գործառույթը, ինչպես օրինակ սթեյջ մենեջերինը, դենսֆլոր մենեջերինը, ամբողջությամբ չէին պատկերացնում։ Դավիթը խոստովանում է, որ նման հարցերում իրենց մեծապես օգնել են դրսի հետ կապերը և հատկապես ընկերները Բեռլինից։
Մի բուռ ռեյվամոլ
Դավիթն ուրախությամբ է նշում, որ այսօր Հայաստանում 2000-ից ավելի ռեյվի սիրահար կա, ովքեր արդեն իսկ ձևավորել են յուրատեսակ մշակութային համայնք։ Իհարկե, միշտ լինում են նորեկներ։ Շատերին կարելի է տեսնել «Պոլիգրաֆում», ոմանք գրեթե ոչ մի միջոցառում բաց չեն թողնում, ոմանք հայտնվում են երբեմն, իսկ ոմանք էլ ակտիվ ռեյվային շաբաթներից հետո երկար ընդմիջումներ են վերցնում։
Դավիթը խոստովանում է, որ գիշերային կյանքը կարող է բարդ լինել թե ֆիզիկապես և թե աշխատանքի ու կանոնավոր կյանքի հետ համատեղելու տեսանկյունից։ Որպես կանոն՝ քչերին է հաջողվում ճիշտ զուգակցել։ Այս առումով Դավիթի համար օրինակելի է Լևոնը, որը պլաստիկ վիրաբույժ է ու զարմանալիորեն կարողանում է ճիշտ չափով ռեյվել ու առավոտյան, հաջողությամբ անցկացնել վիրահատությունը։
Դիջեյինգի դպրոցը
Բայց մի բան է օգտվել դաշտի տված բարիքներից, բոլորովին այլ՝ սեփական ուժերով ծաղկեցնել այն։ Պոլիգրաֆում, օրինակ, նորեկ դիջեյների համար մի ամբողջ դպրոց կա։ «Ակումբը բացվեց 2019-ի ապրիլին, արդեն սեպտեմբերին կար դիջեյինգի դպրոց հիմնելու գաղափարը, - հիշում է Դավիթը։ - Ես և ընկերս՝ Դավիթը, որը «Պոլիգրաֆի» ռեզիդենտ արտիստներից է ու ակումբային գիշերների ծրագրերի պատասխանատուն, որոշեցինք դեռ չհայտարարել դպրոցի բացման մասին, բայց սկսել աշխատանքներն ու ունենալ երկու աշակերտ»։ Ինչ խոսք, ես էլ չգիտեի, որ ակումբներում լինում են ռեզիդենտ արտիստներ՝ դրանք այն երաժիշտներն են, ովքեր կարող են նվագել տարբեր տեղեր, բայց ավելի սերտ հարաբերություններ ունեն մեկի հետ։
Ինչպես «Պոլիգրաֆը», այնպես և դպրոցն ընդունել է Նյու-Յորքի, Չիկագոյի ու Դետրոյտի դիջեյինգի փորձն իբրև հիմք ու տալիս է հիմնային գիտելիքներ բոլոր նրանց, ովքեր ունեն ցանկություն կայանալու այս ոլորտում՝ անկախ երաժշտական կրթությունից։ Դիգգինգ, սելեքթինգ և միքսինգ, ահա այն երեք հիմնասյուները, որ սովորեցնում է դպրոցը։ Երկու ամիս՝ 16 դաս անցած նորաթուխ դիջեյներին հնարավորություն է տրվում ընտրել դասվարի, ում հետ աշխատանքից հետո «Պոլիգրաֆի» բեմը մեկ գիշեր լինում է արդեն շատ առումներով հմտացած այդ դիջեյներին։ Սա չափազանց արդյունավետ փորձառություն է։ Եվ որ ամենակարևորն է, այս նորեկները հետաքրքիր են ոչ միայն պոլիգրաֆցիներին․ ակումբում հաճախ են լինում քաղաքի բոլոր այն փրոմութերները, ովքեր փնտրում են նոր արտիստների։
Մի խոսքով, Դավիթը լավատես է, վստահ է, որ հայերն ունեն ներուժ աշխարհին ներկայանալու որպես ստեղծարար ազգ․ «Ու խոսքը միայն ռեյվի կամ տեխնոյի մասին չի, խոսքն առհասարակ երաժշտության մասին է։ Մենք դրանով պիտի տեսանելի լինենք աշխարհին»,— վստահ ասում է Դավիթը։
Ես չեմ վիճում ու հեռանում եմ նախկին Գրքի պալատից․ Դավիթն ու գործընկերները դեռ ահագին բան ունեն անելու երեկոյան գիգին պատրաստվելու համար։ Գուցե վերադառնամ արդեն որպես նորելուկ ռեյվեր (ու աղոթեմ, որ դորմենն իմ մեջ չտեսնի երեկոն հարամ անելու վտանգ):