Սարոյանական օրեր Երևանում
Սեպտեմբերի 5-11-ը Ուիլյամ Սարոյանի շունչը գալիս է Երևան. Ուիլյամ Սարոյանի հիմնադրամը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ ներկայացնում է «Սարոյանական օրեր» խորագրով միջոցառումների շարք։ ԵՐԵՎԱՆ-ը պատմում է ինչ տեսնել, լսել և ուսումնասիրել այդ օրերին։
«Սարոյանական օրերի» Facebook և Instagram էջերին՝ նորություններին ծանոթանալու և միջոցառման հետնաբեմը տեսնելու համար
«Սարոյանական օրեր» նախագիծը նախ և առաջ ներկայացնելու է Սարոյանի գրական ժառանգության ուսումնասիրության ոլորտում վերջին քսանամյակի ամենամեծ արխիվային բացահայտումները։ Տասնամյակներ շարունակ գրականագետներն ու Ուիլյամ Սարոյանի սիրահարները նրան ճանաչել են հիմնականում իր հանրահայտ երկերի միջոցով՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» վիպակի դառը հումորով, «Մարդկային կատակերգության» ջերմությամբ, «Քո կյանքի ժամերը» ստեղծագործության յուրօրինակ թատերական հմայքով։
Բայց այս սեպտեմբերյան սարոյանական տոնախմբությունը խոստանում է բացահայտելու է Պուլիտցերյան մրցանակակիր այս հեղինակին բոլորովին նոր կոմղից։ Ուիլյամ Սարոյանը ոչ միայն բառերի վարպետ էր, այլ նաև վիզուալ արտիստ։
Սարոյանի 100 երբևէ չցուցադրված նկարչական աշխատանքները ցուցադրվելու են սեպտեմբերի 5-ից Գրականության և արվեստի թանգարանում «Սարոյանական գույներ. Բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում։։ Ցուցահանդեսը կընթանա մինչև 2026-ի հունվարի 30-ը։ Կցուցադրվի նաև Սարոյանի հեծանիվը, որը նա Հայաստանի ճանապարհներով շրջելուց հետո նվիրել է թանգարանին։
Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի խոսքով՝ Սարոյանն իր յուրաքանչյուր աշխատանքի վրա նշում էր՝ երբ ու որտեղ է նկարել։ Որպես արդյունք, ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն թե՛ նկարները, թե՛ գրողի մտքերը՝ այդ ժամանակ իր կյանքում կատարվող իրադարձությունների մասին։
Արդեն Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Քսաներկու անտիպ պատմվածք» գրքի շնորհանդեսը Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սթենֆորդի համալսարանի հետ համատեղ։ Այն ներառելու է հեղինակի 1930-70 թվականներին գրված քսաներկու պատմվածքմներ, որոնք երբևէ չեն հրապարկվել և ավելի քան քսան տարվա ընթացքում Սարոյանի առաջին լույս տեսած աշխատանքներն են։
Ժողովածուն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության կողմից՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ։


Շաբաթվա ծրագիրն ընդգրկում է նաև թատերական ներկայացումներ Հ. Մալյանի անվան թատրոնում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ Հայաստանի ամերիկյան համալսարանում և Ազգային գրադարանում։ «Գրքի երևանյան փառատոնի» շրջանակներում էլ կանցկացվի կարճ գեղարվեստական վեպերի մրցույթ, որի հաղթողը կստանա Ուիլյամ Սարոյանի նկարներից մեկը։ Բացի այդ, ՀԲԸՄ-ում Creative Armenia-ի կողմից կանցկացվի քննարկում նոր սերնդի հայ արվեստագետների մասնակցությամբ։
Հենց հեղինակի կողմից 1966-ին հիմնադրված Ուիլյամ Սարոյանի հիմնադրամի առաքելությունն է վերջինիս գրական, թատերական և գեղարվեստական ժառանգության պահպանումն ու տարածումը՝ միևնույն ժամանակ օգնելով երիտասարդ հեղինակներին և զարգացնելով կրթական ծրագրեր Հայաստանում ու սփյուռքում։ Երբ Սարոյանը մահացավ 1981 թվականին, նա իր ամբողջ գրական ու գեղարվեստական ժառանգությունը թողեց հիմնադրամին, և ավելի քան չորս տասնամյակ է, ինչ հիմնադրամը հանդես է գալիս որպես Սարոյանի ստեղծագործությունների պահապան։
«Շատ ուրախ ենք, որ այս նշանակալի նյութերը բերում ենք Հայաստան», - ասում է Ուիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը: «Վերջին քսան տարվա մեջ առաջին անգամ ենք հրապարակելու Սարոյանի չտպված աշխատանքները, իսկ նրա նկարչական ցուցահանդեսը կբացահայտի նրա տաղանդը նոր հարթության մեջ»։