Սուրբ Կաթողիկե Աստվածածին/Լեզվի ինստիտուտ | 2007
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Նարեկ Վան Աշուղաթոյանի, Արմենպրես
ԵՐԵՎԱՆ #68 | 2021
ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակա տարածքի պատմությունը ճարտարապետական առումով բավական բազմաշերտ է։ Նախ այժմ կանգուն եկեղեցին Երևանի կենտրոնի (նախկին Հին թաղ կամ Շահար կոչված մաս) եզակի, եթե ոչ միակ միջնադարյան քրիստոնեական հուշարձանն է: Այդ եկեղեցու պատերին եղած արձանագրություններից ամենահինը թվագրվում է 1264-ով: Եկեղեցին ավերվել է 1679-ի երկրաշարժից հետո, իսկ 1693-ին տեղում կառուցվել է մի նոր եկեղեցի` իր մեջ ներառելով այսօրվա կանգուն փոքր եկեղեցին:
Սուրբ Կաթողիկե Աստվածածին կրկնակի անվան և կառուցման տարօրինակ առանձնահատկությունների պարզաբանումն իրականացավ 1936-1937-ին, երբ տեղում արական դպրոց կառուցելու պատճառաբանությամբ քանդվում էր եկեղեցին։ Քանդման աշխատանքները սկզբից մինչև վերջ կատարվել են հնագետների հսկողության ներքո` Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ: Հենց այդ քանդումների արդյունքում էլ արևելյան հատվածում բացվել է 13-րդ դարով թվագրվող կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին` Սուրբ Աստվածածինը, որն ամբողջությամբ ընդգրկվելով մեծ եկեղեցու մեջ` դարձել է նրա համար ավագ խորան և պահպանել իր անունը: Դժվար էր պատկերացնել, որ 17-րդ դարի եկեղեցու մեջ կարող էր թաքնված լինել 13-րդ դարի եկեղեցի:
Այս կառույցը հաջողվում է պահպանել մի խումբ մտավորականների՝ Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Հակոբ Մանանդյանի և այլոց շնորհիվ միայն այն պայմանով, որ եկեղեցին չպետք է երևար քաղաքի որևէ կետից։ Նորոգվում է եկեղեցու գմբեթը, կամարները, վեղարային հատվածի քիվերը և այլն, մաքրվում և բարեկարգվում է շրջապատը: 1938-ին ի վերջո կառուցվեց արական դպրոցը, որը հետագայում զբաղեցրին Գիտությունների ակադեմիան, Լեզվաբանության և տնտեսագիտության ինստիտուտները:
Շենքի ճարտարապետը Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանն էր: Շենքի ճարտարապետական լուծումների համար նա Փարիզում և Մոսկվայում արժանացել էր ոսկե մեդալների: 2003-ին կառավարության որոշմամբ այս շենքը հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և շենքը քանդելու մասին որոշում կայացվեց:
Ինստիտուտի շենքի քանդումը, 2007թ․
Շենքը քանդելուն դեմ արտահայտվեցին ինստիտուտների բազմաթիվ գիտաշխատողներ` գտնելով, որ այն Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր շենքն է, որը պատմամշակութային արժեք է։ Նրանք բողոքի ցույցեր էին կազմակերպում շենքի առջև՝ իրենց վրդովմունքն արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքի քանդման և վեհարան կառուցելու դեմ, ինչպես նաև դիմումներ էին հղել տարբեր բարձր ատյանների: Աշխատակիցները որոշել էին «չհանձնել» այն, ամեն օր գալ ու աշխատել այնտեղ, «լինի վեհարան թե ռեստորան»: Երկար պայքարից հետո, այնուամենայնիվ հնարավոր չեղավ պահպանել շենքը։
Շենքի քանդման աշխատանքները սկսվեցին 2007 թվականին, իսկ արդեն 2015-ից այս տարածքում կանգնած են հայրապետական նստավայրի շենքն ու նորակառույց Սուրբ Աննա եկեղեցին:
ՆԱՐԵԿ ՎԱՆ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ
Իրավաբան
Էմոցիոնալ կապ տարածքի հետ
Միշտ ապրել եմ Կենտրոն համայնքում։ Կաթողիկեի հետ կապը սկսվեց 1999-ին, երբ ընտանիքով տեղափոխվեցինք նոր բնակարան, որը գտնվում էր Սայաթ-Նովա փողոցում՝ Լեզվի ինստիտուտի ճիշտ դիմաց։ Ես դեռ դպրոցական էի և ինձ շատ հետաքրքիր էր այդ նոր տարածքը, որում հայտնվել էի և սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել այն։ Ամենահետաքրքիր հուշարձանը Սուրբ Կաթողիկե եկեղեցին էր, այն բացառիկ էր թե՛ թվագրությամբ, թե՛ պահպանվածությամբ ու թե՛ մեր քաղաքի համար իր նշանակությամբ։ Այն թաքնված էր ու շատերը նրա մասին նույնիսկ չգիտեին։ Ես սկսեցի հաճախ այցելել եկեղեցի: Այդ ժամանակ եկեղեցին արդեն գործում էր և նույնիսկ հրավեր ստացա մասնակցելու պատարագներին և օգնելու սարկավագներին և քահանային։ Այդպես սկսվեց իմ էմոցիոնալ և հոգևոր կապն այդ տարածքի, միջավայրի ու եկեղեցու հետ։ Աստիճանաբար, որքանով որ գիտելիքներս ինձ թույլ էին տալիս, փորձում էի կարդալ, հասկանալ, պեղել-գտնել ինչ-որ վավերագրեր, փաստաթղթեր, որոնք վերաբերում էին այդ եկեղեցուն։ Բնավորությունս է այդպիսին, երբ ինչ-որ բանի հետ հոգևոր կապի մեջ եմ լինում, ցանկանում եմ հասկանալ այն խորությամբ։
Հիշում եմ, որ հավաքած գումար ունեի և դրանով գնեցի Կարո Ղաֆադարյանի «Երևան. միջնադարյան հուշարձանները» գիրքը: Առաջին անգամ լեզուս կապ ընկնելով փորձեցի կարդալ Կաթողիկեի արձանագրությունները և գտնել որոշ այլ տեղեկություններ, որոնք ինձ համար նորություն էին։ Չհասկանով, թե որտեղ և ինչ ձևաչափով դրանք պիտի օգտագործեմ, սկսեցի լուսանկարել բակում ցրված քարերը, որոնց վրա կային արձանագրություններ և զարդեր հիշեցնող բեկորներ: Հիմա նոր գիտակցում եմ, որ այդ ժամանակ արված լուսանկարներս, որքան էլ, որ սիրողական էին, այսօր կարող են ունենալ գիտական նշանակություն, քանի որ բեկորներից շատերն այլևս չունեն նույն պահպանվածությունը։
Ղաֆադարյանի գրքում մի հատակագիծ կար, որը ես փորձեցի համադրել եկեղեցու այժմյան դիրքին, հասկանալու համար, թե քանդված եկեղեցին ինչպիսի դիրք է ունեցել քաղաքի նկատմամբ: Հասկացա, որ բավական մեծ եկեղեցի է եղել, որն անշուշտ պիտի ունենար իր գերեզմանոցը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ ունեի մի քանի վարկածներ:
Ինձ նաև սկսեց մի հարց տանջել․ մեծ եկեղեցին քանդելուց հետո արդյոք սրբատաշ քարերը օգտագործվել են նոր շենքի շինարարության մեջ։ Նաև հետարքիր էր, թե արդյոք ես ճիշտ էի ենթադրում եկեղեցու գերեզմանատան դիրքը։
Մի շատ կարևոր դրվագ ևս կար։ Երեսնականներին, երբ այդքան մոտ էին կյանքի և մահվան սահմանները, հայ մտավորականներն օգտագործել են իրենց հեղինակությունն ու պայքարել են եկեղեցու պահպանության համար` վտանգելով իրենց կյանքը։ Արդյունքում եկեղեցին «շրջափակվեց» նոր շենքով, անգամ գմբեթը տեսանելի չէր, սակայն եկեղեցին մնաց կանգուն: Ես շատ լավ հիշում եմ, թե որքան մոտ էր լեզվի ինստիտուտի շենքը եկեղեցուն. անգամ արևի շող չէր ընկնում եկեղեցու հարավային պատի վրա։ Այդ խոնավության պայմաններում եկեղեցին ինչպես է կանգուն մնացել, չգիտեմ։
Նարեկ Վանը (ձախից երկրորդը) և Լեզվի ինստիտուտի շենքն ապամոնտաժող բանվորները
Ամեն գնով փրկել քարերն ու ոսկորները
Սկսվեցին խոսակցություններ, որ լեզվի ինստիտուտի շենքը պետք է քանդվի և տեղում մի այլ մեծ եկեղեցի կառուցվի։ Ինքս լինելով այդ եկեղեցու համայնքի ներկայացուցիչ` կարող եմ փաստել, որ ավելի մեծ եկեղեցու կարիք իսկապես կար։ Կաթողիկեի Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ ձևավորվել էր այնպիսի կազմակերպված համայնք, որ պատարագների ժամանակ անհնար էր այդտեղ տեղավորվել։ Միշտ երեք անգամ ավել մարդ կանգնած էր մնում դրսում։ Այդ եկեղեցին նախատեսված չէր շատ մեծ թվով մարդկանց համար։ Միշտ մտածում էի, որ եթե այդ տարածքում քաղաքաշինական միջամտություն լինի, ապա ելակետը հենց Սբ. Կաթողիկե Աստվածածին եկեղեցին պետք է լինի, քանի որ այդ տարածքում նա բացառիկ հուշարձան է։
Մի առավոտ իմացա, որ սկսվել են Լեզվի ինստիտուտի քանդման աշխատանքները։ Տեղում աշխատող բանվորների հետ ձևավորած լավ հարաբերությունների շնորհիվ կարողացա լուսանկարչական խցիկով մտնել շինհրապարակ։
Շենքի քանդման բողոքների ֆոնին իմ այդ մուտքը կարող էր այլ կերպ ընկալվել, բայց ինձ համար կարևոր էր հասկանալ, թե արդյոք օգտագործվել էին քանդված եկեղեցու քարերը նոր շենքը կառուցելիս։ Ես հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ վազեցի ու արձանագրեցի շենքի տանիքից դուրս բերված ջարդված խաչքարի մի կտոր, նրա դիրքը և այն գտած աշխատակցին։ Հետո արդեն այդպիսի քարերի քանակն այնքան շատ էր, որ ստիպված էի անընդհատ գտնվել տարածքում. նույնիսկ այդ պատճառով համալսարանի մի քննությունից «բացակա» ստացա։ Ամեն րոպե հետևում էի աշխատանքին, թե որ ժամին, որ հատվածից, ինչ է դուրս գալիս, արձանագրում և լուսանկարում էի։ Դա տևեց մի քանի ամիս։ Իմ աչքի առջև շենքն իջնում էր, դուրս էին գալիս սրբատաշ քարեր, որոնք ակնհայտ եկեղեցու քարեր էին։ Ես իմ առջև խնդիր դրեցի առանձնացնել բոլոր այն բեկորները, որտեղ կան արձանագրություններ և զարդանախշեր, լվանալ, տեղավորել եկեղեցու բակի մի ապահով անկյունում` հետագա ուսումնասիրության համար։
Շենքը քանդվեց: Տարիներ անց տրվեց ճարտարապետական այն լուծումը, որը կա այսօր: Նոր կառուցվող մեծ եկեղեցու համար փորված փոսորակից, ինչպես որ ես կանխատեսել էի, գտնվեցին մարդկային ոսկորներ, ինչը փաստեց, որ հենց այդ մասում էլ եղել է գերեզմանատունը։ Ի դեպ, քահանայի օրհնությամբ ոսկորների մի մասը հավաքվեց ու վերաթաղվեց եկեղեցու բակում։
Առավել հետաքրքիր էր եկեղեցու պատի տակ` մոտ երկու մետր խորության վրա գտնված երկու մեծ կարասները, որոնց նշանակությունն անհայտ է ինձ։ Հնագետներ եկան, չափագրեցին, բայց հետագայում որևէ ուսումնասիրություն այդ մասով չեմ հանդիպել:
Կաթողիկեից հետո
Կաթողիկեն ինձ համար առանձնահատուկ դեր ունեցավ։ Այն եղավ առիթ, որպեսզի ինքս ինձ համար սկսեմ ուսումնասիրել մեր քաղաքի պատմությունը, նրա պատմական շերտերը։ Երևանն ինձ համար շատ թանկ է: Նրա դեռ կանգուն հուշարձանների հանդեպ անտարբեր լինել չեմ կարող։ Անտարբեր չեմ եղել նաև Արամի 30 հասցեում գտնվող շենքի, Աֆրիկյանների «տան», ԱՕԿՍ-ի ետնամասի պաշպանության հարցերում։ Ստիպված եղանք փողոցային ակցիաներով կանգնեցնել այդ շենքերի քանդումը։ Ցավոք, հաջողվեց միայն ժամանակ երկարաձգել։ Այդ պայքարում ծանոթացել եմ իմ լավ ընկերոջը` Հայկ Բիանջյանին, ով ավելի մեծ փորձառություն ունի ֆիքսելու և ականատեսը լինելու քաղաքային մի շարք կորուստների։
ԱՐՍԵՆ ՇՈՒՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ճարտարապետ
Խնդիրը էն չի, որ ինստիտուտը քանդվեց ու տարածքում եկեղեցի կառուցվեց, այլ էն, որ քաղաքային միջավայրը չհասկացող մարդիկ իրականացրեցին նախագիծը։ Նույն Կաթողիկեն, եթե այլ մեկնաբանությամբ ներկայացվեր, մնալով բակում՝ կարող էր իրոք դառնալ մի էնպիսի գոհար, որ հատուկ ուխտագնացության գնային մարդիկ։ Հիմա ունենք ի՞նչ՝ անհասկանալի մենակ մնացած փոքրիկ գոհար, որը իսկապես հրաշալի հուշարձան ա, ու շատ անհաջող նախագծած, խղճուկ, անկերպար կառույց՝ նոր եկեղեցին ու նստավայրը։
Բայց եկեք մի հատ էլ հստակեցնենք՝ եկեղեցուն ոչ մի վատ բան չեմ ասում, ասում եմ, որ շենքն ա վատը։ Շատ կարևոր ա միշտ հիշել, որ դա, իվերջո, շենք ա, որը նախագծվում ա, ու էս դեպքում նախագծվել ա շատ վատ։ Նույնիսկ չգիտեմ, թե ով ա գծել, չեմ հետաքրքրվել մինչև հիմա։
Պնդում եմ, որ կարելի էր ու պետք էր պահպանել ինստիտուտի շենքը։ Իմ ճարտարապետ ընկերներից շատերն իրենց լուծումներն էին առաջարկել։
Կարելի էր հեշտացնել ճանապարհը դեպի եկեղեցին, ավելի տեսանելի դարձնել, բայց չզրկել ինստիտուտի շենքով նրա գրկված, փայփայված լինելուց։ Շենքն էլ կարող էին տրամադրել եկեղեցուն, նստավայրը թող լիներ ներսում։ Բայց նորից՝ ոչ թե կուտակում ենք, այլ փոխարինում ենք, նորից ու նորից։
Աննա Տեր-Ավետիքյանի գծած երկրորդ շենքն էր, որ քանդվեց իր կենդանության օրոք (առաջինը Սասունցի Դավիթ կինոթատրոնն էր դեռ 80-ականներին)։ Կարծեմ, իրեն չէին ասել, որ վատ չզգա։ Իհարկե տխուր ա ճարտարապետի համար, բայց մյուս կողմից էլ, հենց շենքը կառուցվեց, էլ արդեն ճարտարապետինը չի, քաղաքինն ա։ Ողբերգություն չի, երբ քանդում են քո արած շենքը, մենակ թե պետք ա հասկանալ, թե ինչու, ի՞նչ նպատակով։ Ասում են, որպեսզի ավելի լավ երևար Կաթողիկեն։ Բայց հիմա կարող եմ հարյուր հատ օրինակ բերել, թե օրինակ Հռոմի կորած բակերում ինչ թաքնված հրաշքներ կան ու էդ թաքնված լինելը շատ ավելի հետաքրքիր ա դարձնում դրանք։ Շատ ավելի սեր ա պարունակում։ Ժամանակին մենք հատուկ, նպատակային էինք գնում Կաթողիկե, մեր հյուրերին էի միշտ տանում։ Բոլորը շշմում էին՝ բակերով, նեղ նրբանցքներով, մեկ էլ՝ հայտնվում էին էդ հրաշքի առաջ։ Ուրիշ ազդեցություն էր։
Բայց քանդելու դեմ շատ մարդ չխոսեց։ Քաշվում էին, մտածում էին, որ դա կընկալվի որպես եկեղեցու դեմ խոսել։ Լուռ հետևեցինք։ Կինո Մոսկվայի դեպքում՝ մի խաչմերուկ ներքևում, արդեն իրավիճակն ուրիշ էր։