SUMMEET պարի միջազգային ամառային փառատոն 2021
Ուղեցույց

SUMMEET պարի միջազգային ամառային փառատոն 2021

Օգոստոսի 23-ին Երևանում մեկնարկեց առաջին SumMeet փառատոնը։ Պատմում ենք, թե ինչ հետաքրքիր միջոցառումներ կան ծրագրում։

Ամբողջ ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ

 

Կազմակերպիչներից

Փառատոնի կարևորագույն առաքելությունն է Հայաստանում ժամանակակից պարի տարածումը։ Արվեստի այս բավականին երիտասարդ ճյուղն առայժմ այնքան էլ տարածված չէ մեր երկրի մշակութային ներկապնակում, սակայն վերջին տարիներին արդեն իսկ նկատելի են ոլորտի զարգացման միտումները։ Այդ իսկ պատճառով կարևոր է հենց սկզբից ճիշտ հիմք դնել՝ Հայաստանում ժամանակակից պարի որակային աճի համար։ Ժամանակակից պարի փառատոնը կարևոր քայլ կդառնա Հայաստանում նոր՝ յուրահատուկ և որակյալ նախագծերի առաջացման և հանրապետության մշակութային կյանքում ժամանակակից պարի կարևորման գործում։

 

SumMeet փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական հայտնի թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ Մասնագետներին և բոլոր հետաքրքրվածներին սպասում են նաև վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ, կլոր սեղաններ, եվրոպական և ռուսական համույթների ելույթներ և զանազան այլ միջոցառումներ մայրաքաղաքի բեմերում և թանգարաններում։

 

Այս տարվա փառատոնը աննախադեպ հարթակ կդառնա հայ և համաշխարհային վարպետների երկխոսության համար, որը նաև ցույց կտա Հայաստանում ժամանակակից պարի զարգացումները

 

Օգոստոսի 24 | 19:00 |

Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիա | Սայաթ-Նովայի պողոտա 1Ա

ՍԵՎ ԱՅԳԻ

Վալերիա Կասպարովայի հայ-ռուսական նախագիծը, ինչպես կարելի է ենթադրել անվանումից, ուղղակիորեն կապված է Արցախի հետ․ սա փաստավավերագրական բեմականացում է՝ ստեղծված Արցախյան առաջին պատերազմի ականատես երեխաների հուշերի հիման վրա։ Ճակատագրի հեգնանքով, ստեղծագործական խումբը սկսեց պատրաստել ներկայացումը 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Հաջորդ իսկ օրը ներկայացումը, ավաղ, նոր արդիականություն ստացավ։ 

 

Օգոստոսի 25 | 20:00 |

Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիա | Սայաթ-Նովայի պողոտա 1Ա

 

 

ԱՌՌՌ 

Խորեոգրաֆ Պավել Գլուխովի ներկայացումը, ինչպես ասվում է պաշտոնական նկարագրության մեջ, կապված է տղամարդու հոգում տիրող կենդանական բնազդի հետ։ Հեղինակը փորձում է պարի միջոցով բացահայտել, թե տղամարդուն ի՞նչն է պարտադրում հասարակությունը, իսկ ի՞նչն է տրված բնության կողմից։ Կարելի՞ է ականջ դնել սեփական զգացումներին, թե՞ պետք է փակվել դրանցից։ Ներկայացումը ոչ ակնհայտ ելքերի որոնում է վաղուց ձևավորված կարծրատիպերից։ Այս ամենը՝ ջազգային թեթև զուգակցության ներքո։ 

 

 

Օգոստոսի 26 | 18:00 | 

Փոքր թատրոն, Գեղագիտության ազգային կենտրոն | Աբովյան փողոց, 11

Dancewalk – Հետադարձ հայացք

Շվեյցարացի Ֆուֆուա դ’Իմոբիլիտեն պարի միջոցով առաջարկում է հանդիսատեսին ոչ այլ ինչ, քան ճամփորդություն՝ համատեղելով պարարվեստը, պերֆորնասն ու սպորտը։

 

«Dancewalk – Հետադարձ հայացքը» պարային զբոսանք է՝ ստեղծված բեմական տարածության համար։ Տեսապրոեկցիայով շրջապատված պարուհի Ալիզե Սուրբեն բեմում ցուցադրում է պարային աուդիովիզուալ զբոսանքները, որոնք հանրային վայրերում անցկացրել էին Ֆուֆուա դ’Իմոբիլիտեն և այլոք։ Այս ներկայացման շնորհիվ հանդիսատեսը շրջում է ամբողջ աշխարհով՝ երաժիշտների, պարողների, արտիստների, մասնագետների և հետաքրքրվողների, երեխաների և տարբեր մարդկանց հետ միասին աշխարհի 11 երկրից և 34 շրջանից՝ Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բոսնիայից և Հերցոգովինայից, Ռուսաստանից, Իրանից, Մալիից, Բուրկինա Ֆասոյից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Հնդկաստանից և Չինաստանից, որոնց փառատոնի օրերին կմիանա նաև Հայաստանը։

 

 

Օգոստոսի 26 | 20:00 

Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիա | Սայաթ-Նովայի պողոտա 1Ա

 

 

ԲԱԲԵԼՈՆ

Խորեոգրաֆ-բեմադրիչներ Արման Բալմանուկյան (Հայաստան) և Վալերիա Կասպարովան (Ռուսաստան, Հայաստան)՝ օգտագործելով Մաքս Ռիխտերի, Հողի, Գուրջիևի և այլոց երաժշտությունը, ուսումնասիրում են փոխընբռման ֆենոմենը։ Ո՞րն է դրա իմաստը ու ինչպե՞ս հասնել դրան, հարցնում են հեղինակները, պատասխանելով պարով։ Կգա՞ արդյոք ժամանակ, երբ մարդիկ իսկապես կկարողանանք հասկանալ իրար․ պատասխանի գոնե մի փորձ կարելի է տեսնել բեմում։ 

 




 

Օգոստոսի 27 | 18:00 

Փոքր թատրոն | Աբովյան 11

LA VIE EN ROSE

Armenian Dance Showcase եթնածրագրի գլխավոր միջոցառումներից մեկը Հայաստանում այն հազվագյուտներից է, որտեղ պրոֆեսիանոլ պարողների կողքին բեմում հանդես են գալիս հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Ինչպես հիշում է բեմադրող Վահան Բադալյանը, թատերախումբ ձևավորելու և փորձերը սկսելու համար պետք եղավ շուրջ մեկ տարի․ «Մեր ներառական պարողներից ոմանք կյանքում ոչ մի անգամ թատրոնում չէին եղել, մինչդեռ արդեն երեսունն անց մարդիկ էին։ Որովհետև Հայաստանում մարդիկ շատ տարօրինակ վերաբերմունք են ցուցաբերում հաշմանդամների հանդեպ։ Դուք նրանց շատ հազվադեպ կտեսնեք փողոցում, հասարակական տրանսպորտում, և էլ ավելի տարօրինակ էր նրանց տեսնել բեմում՝ պարելիս։ Ես ուրախ եմ, որ մեր նախագիծը մեր հայրենակիցներից շատ-շատերի աշխարհընկալումը փոխեց»։

 

Ներառական թատերախմբի առաջին Ne me quitte pas («Մի լքիր ինձ») ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ 2014 թվականին՝ HighFest XII միջազգային թատերական փառատոնի շրջանակում, և նույն տարի այն ճանաչվեց Հայաստանի լավագույն թատերական նախագիծ, ցուցադրվեց Մեծ Բրիտանիայում, Վրաստանում, Ուկրաինայում և Կազախստանում։ Դա եռագրության առաջին մասն էր միայն, որին 2018 թվականին հաջորդեց LaVieEnRose («Կյանքը վարդագույնով») ներկայացումը։ Այժմ թատերախումբն աշխատում է եռագրության եզրափակիչ մասի վրա։ 



 

Օգոստոսի 27 | 16:00 |

Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիա | Սայաթ-Նովայի պողոտա 1Ա

 

 

#44

Armenian Dance Showcase #5-ի (բեմադրությունը՝ Արման Ջուլհակյանի և Արա Ասատուրյանի) մտահաղացման հիմքում ընկած են այն բոլոր զգացմուքներն ու ապրումները, որոնք մենք ունեցանք երկրորդ արցախյան պատերազմի 44 ողբերգական օրվա ընթացքում: Խորհրդանշական 44 րոպե տևողությամբ ներկայացման մասնակիցներն են «Նարեկ» պարային համույթը, Մելինե Առաքելյանն ու Նարեկ Ջուլհակյան, իսկ օգտագործված երաժշտությունը ներառում է Կոմիտասի, Տիգրան Համասյանի ու Նորայր Քարտաշյանի աշխատանքները։ 



 

Օգոստոսի 29 | 15:00 

Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիա | Սայաթ-Նովայի պողոտա 1Ա

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՍԻՍ

Փառատոնը եզրափակում է Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության 2017 թվականի՝ «Ժամանակակից պար / Լավագույն ներկայացում» անվանակարգի դափնեկիրը (կատարում է «Բալետ Մոսկվա» պարային ընկերության, թեև բեմադրող Կարին Պոնտյեսը բելգիացի է, իսկ կոմպոզիրտո Դավիդ Մանսոն՝ ֆրանսիացի)։

 

Բեմականացումը ստեղծված է կատարողների իմպրովիզների հիման վրա, սակայն անհնար է չնկատել պարային ընդհանուր՝ մեղմ և միևնույն ժամանակ հեգնական ու սենտիմենտալ տոնայնությունը, որ ներմուծել է խորեոգրաֆը։ Գործողության վայրը հազիվ է նշմարվում և անընդհատ փոխվում է՝ վերակառուցվելով ընդհանուր կաղապարներից։ Պայմանական են և զգեստները, որոնք հիշեցնում են 20-30-ականների հոլիվուդյան հին ֆիլմերի կերպարները։ Այստեղ տիրում են մրցակցությունն ու եղբայրությունը, դաժանությունն ու փոխօգնությունը, և տղամարադկային հիերարխիաների այս շրջապտույտում շատ դժվար է չկորցնել սեփական ես-ը։